ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՊ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ՄԻՋԵՎ

Փետրվարի 21-ին Արցախի ժուռնալիստների միությունում տեղի ունեցած Արտաշես Վրույրի «Անիում» գրքի երրորդ և անգլերեն հրատարակությունների շնորհանդեսին ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող-ուսումնասիրող Թաթուլ Հակոբյանի այդ կարևոր նախաձեռնության մասին դրվատանքով արտահայտվեց նաև «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանը: Նա հատկանշեց, որ «մեր մտավոր ժառանգության արդիական հնչեղություն և նշանակություն ունեցող նմուշների վերահրատարակման ԱՆԻ կենտրոնի ու, մասնավորապես, Թաթուլ Հակոբյանի նախաձեռնությունները պահանջված են։ Դրանք մեզ ոչ միայն հետ են տանում դեպի անցյալ՝ հիշարժան իրադարձությունները, հոգևոր-մշակութային երևույթներն ու հասարակական-տնտեսական հարաբերությունները վերաիմաստավորելու, պատմաճարտարապետական հուշարձանների ու դրանց ստեղծման ժամանակի մասին նորովի դատելու առումով, այլև արթուն են պահում մեր պատմական հիշողությունը։ Սա երիցս կարևոր է, քանզի, ինչպես ասված է, պատմությունը մեզ օգնում է ճիշտ ապրել ներկան և կանխատեսել ապագան։ Այս համատեքստում Թաթուլ Հակոբյանի հանրօգուտ նախաձեռնությունները ողջունելի են, մանավանդ, որ նրան հաջողվում է այդ վերահրատարակությունները համեմել նոր նյութերով՝ լուսանկարների, ծանոթագրությունների տեսքով՝ անմիջական կապ ստեղծելով մեր անցյալի և ներկայի միջև»:

Թ. Հակոբյանի խոսքերով՝ գրքի շնորհանդեսն Արցախում անցկացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ Անիի վերջին բնակիչներից մեկը՝ վանահայր Հայր Միքայելն արցախցի էր, որի մասին տեղեկություններ ստանալու ցանկություն կա:

Անահիտ Պետրոսյան

Լուսանկարները՝ Վալերի Պետրոսյանի

Leave a Reply