ՎԵՐՍՏԻՆ ԴԱՎԱԴԻՐ ԳՈՐԾԱՐՔԻ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԳՆՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 99-րդ տարեդարձի օրը, հաշվի առնելով թեմայի կարևորությունը, նպատակահարմար գտանք մի շարք հրատապ հարցերի պատասխաններն ստանալ Կաճառ գիտական կենտրոնի ղեկավար Մ. Հարությունյանից:

–  Անցած հարյուրամյակի առաջին քառորդին Հայաստանը բազմիցս հայտնվել է միջազգային դիվանագիտության սարդոստայնում: Մի շարք երկկողմանի ու բազմակողմ պայմանագրերում արծարծվել են հայ ժողովրդի համար կենսական նշանակության հարցեր: Կարող ենք համեմատության եզրեր գտնել Մոսկվայի և մյուս պայմանագրերի միջև: 

– Մոսկվայի պայմանագիրը Հայաստանի մասով, թերևս, ամենաաղետալին էր: Դրա հետևանքով Հայաստանը տարածքային ծանր կորուստներ ունեցավ, որոնց նախադրյալները ստեղծվել էին 1918 թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի, հունիսի 4-ի Բաթումի, 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրերով: Եթե վերջինս գոնե վիճելի տարածք էր ճանաչում Կարսի մարզը, Սուրմալուն և Շարուր-Նախիջևանը՝ իրավունք վերապահելով Հայաստանի կառավարությանը երեք տարվա ընթացքում վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել այդ տարածաշրջաններում, ապա Մոսկվայի պայմանագիրը ոչ մի հնարավորություն չէր տալիս: Սուրմալուի գավառը, որը երբեք Օսմանյան կայսրության մաս չէր կազմել, հանձնվեց Թուրքիային, ավելի ճիշտ փոխանակվեց Բաթումի և շրջակա տարածքների հետ: Փաստորեն, Թուրքիան ու Խորհրդային Ռուսաստանը իրար մեջ բաժանեցին Հայաստանի տարածքները: Նախիջևանի հանձնումը Ադրբեջանի պրոտեկտորատին, Հայաստանի համար ոչ միայն տարածքային, այլև ռազմավարական դիրքերի վտանգավոր կորուստ էր: Բրեստ-Լիտովսկի չարաբաստիկ պայմանագրում չէր արծարծվել Շարուր-Նախիջևանի պատկանելության հարցը, մինչդեռ Մոսկվայում քեմալականներն ուղղակի թելադրեցին Խորհրդային Ռուսաստանին, թե ինչ կարգավիճակ պիտի ունենա Նախիջևանը:

Արաքսի ձախ ափին այդպես հաստատվեց մի ռազմական հենակետ, որն, Իրանի հետ տարածքային փոխանակությունից հետո, անմիջական ցամաքային կապ էր ապահովում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև և մշտական սպառնալիք էր ոչ միայն Զանգեզուրի, այլև հայկական պետականության համար: Արցախյան ազատագրական պատերազմի ընթացքում և 1994-ի հրադադարին հաջորդած տարիներին Նախիջևանը վերածվել է թուրք-ադրբեջանական ռազմական հենակետիª ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Արցախի£:

Ինչ փաստարկներ կան Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի անօրինականությունն ապացուցելու համար :

– Դրանք շատ են: Հատկանշելի է այն, որ Մոսկվայի պայմանագիրը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու նորմերի կոպիտ խախտման դասական օրինակներից է: 1920 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով խորհրդայնացած Հայաստանն անկախ պետություն էր և Հայաստանի հանրապետության իրավահաջորդը: Մինչդեռ Խորհրդային Հայաստանի պատվիրակությունը, թուրքերի պահանջով, հնարավորություն չստացավ մասնակցելու բանակցություններին: Այսպիսով, զավթողական նկրտումներ ունեցող երկու կազմավորումներ գիշատչաբար բաժան-բաժան  արեցին երրորդ պետության տարածքները, առանց վերջինիս մասնակցության ու համաձայնության: Թուրքերը, բոլշևիկների օգնությամբ, հետամտում էին անբարենպաստ, ցամաքային ու ծովային տարանցիկ ճանապարհներից զուրկ տարծքում Հայաստանին ներփակելու  և դրանով իսկ հայ ժողովրդին կենսունակ, բարգավաճ ու հզոր պետություն կերտելու հեռանկարներից  զրկելու չարանենգ նպատակին: Ուստի միայն համազգային ջանքերի գերագույն լարումով ու համախմբվածությամբ կհաջողվի ի չիք դարձնել մեր ոսոխների հայատյաց ու դավադիր գործարքի հետևանքները£

Ինչ հանգամանքներով էր պայմանավորված Խորհրդային Ռուսաստանի թվացյալ հայանպաստ քաղաքականության կտրուկ փոփոխությունը :

– Նախ,կարծում ենք, որ աղետալի հետևանքներ ունեցան հեղափոխությունը մոսուլմանական Արևելք արտահանելու բոլշևիկների սին նպատակը և հանուն դրա փոքր ժողովուրդներին զոհաբերելու որոշ  գործիչների պատրաստակամությունը: Երկրորդ, ինչպես պատմության մեջ հաճախ է պատահել Եվրոպական և Ռուսական շահերի բախումներից ու հակասություններից օգտվելու Թուրքիայի հմտությունը: Երրորդ, հայության ներուժի ու հնարավորությունների անբավարար օգտագործումը: Չորրորդ, ինչքան էլ դժվար լինի ընդունել, պետք է փաստենք, որ բացասական ազդեցություն ունեցավ նաև փետրվարյան ապստամբությունը, ինչն, ակներևաբար, Թուրքիայի սրտովն էր: Պատահական չէր, որ վերջինիս պատվիրակները հայկական բանագնացների հետ շփումներից հրաժարվելը պատճառաբանեցին Անգորայի համապատասխան լիազորությունը չունենալով՝ «նրբանկատորեն» շրջանցելով Հայաստանում իշխանափոխության փաստը: Անտանտի երկրների գրեթե զուգահեռաբար ընթացող Լոնդոնի, ապա 1922-23 թթ. Լոզանի խորհրդաժողովները Միացյալ ու Անկախ Հայաստանի գաղափարին, դրա մարմնացումը դարձած Սևրի պայմանագրին թիկունքից հարվածելու Մոսկվայի  և նրա կրկնությունը հանդիսացող Կարսի դավադիր գործարքների շարունակությունն էին:  

-Ինչ պետք է անենք մենք այսօր, երբ Թուքիան բացահայտ ագրեսիվ քաղաքականություն է վարում հարևանների նկատմամբ, հմտավարժ կերպով խաղում Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների զգայուն լարերի վրա, ոչ միայն փախստականների գործոնը շահարկելով, այլև Նախիջանի և Ադրբեջանի վրա հենվելով՝ Արցախի խաղաքարտն է փորձում օգտագործել Ռուսաստանի ու Մինսկի խմբի համանախոգահող մյուս երկրների վրա ճնշում գործադրելու համար…

– Կարծում ենք, որ Մոսկվայի ու Կարսի պայքանագրերը վաղուց սպառել են իրենց թե պատմական նախընթաց, գրեթե մեկդարյա ժամանակաշրջանում, թե միջազգային-իրավական ու աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում, քանի որ դրանք լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության համար նաև այն տեսանկյունից, որ ազատ են արձակում ցեղասպան Թուրքիայի արյունոտ ձեռքերը մարդկության դեմ նոր հանցագործություններ կատարելու Սիրիայում և քրդաբնակ շրջաններում: Անհրաժեշտ է բոլոր հնարավորություններն օգտագործել ստիպելու համար Թուրքիային հետ վերադարձնելու 1920 թվականին օկուպացրած Հայաստանի հանրապետության բոլոր տարածքներն անխտիր և հատուցելու հայկական պետականությանը հասցրած նյութական և այլ վնասների համար:

                                                                                                   Զրույցը վարեց՝ Նանե Հարությունյանը

Leave a Reply