ՇՈՒՇԻՈՒՄ 1920 Թ. ՄԱՐՏՅԱՆ ԵՂԵՌՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

  • by

Մեկ դար առաջ Այսրկովկասի ծաղկուն քաղաքներից, հայ հոգևոր-մշակութային ու  քաղաքական կենտրոններից մեկը՝ Շուշի քաղաքը դարձավ ինքնահռչակ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության (այսուհետև` ԱԴՀ)  կանոնավոր զորքերի և թուրք-քրդական զինված հրոսակախմբերի ռազմական հանցագործության զոհը: Մի քանի օրում հրո ճարակ դարձան Շուշի քաղաքի ոսկեդարի (1820-1920 թթ.) ընթացքում արարված համամարդկային նշանակություն ունեցող արժեքները, հայ ժողովրդի մշակութային ժառանգության բացառիկ գոհարներ, ճարտարապետական կոթողներ, իսկ այդ ամենն արարած հայ ազգաբնակչությունը ցեղասպանության ենթարկվեց. գազանաբար հոշոտվեցին հազարավոր խաղաղ քաղաքացիներ, առևանգվեցին և հետագայում մահմեդականացվեցին հարյուրավոր աղջիկներ ու երեխաներ, զնդաններում տանջամահ կամ սրախողխող արվեցին հարյուրավոր երևելի ու անմեղ մարդիկ: Մարդկության դեմ իրագործված այդ ոճրից ու ռազմական հանցագործությունից անգամ 100 տարի անց հայ պատմագրությունն այդպես էլ սպառիչ պատասխաններ չի տվել Արցախում 1920 թ. ռազմաքաղաքական զարգացումների և թուրք-ադրբեջանական զավթիչների դեմ պայքարի, Ալեքսանդր Խատիսյանի կառավարության քաղաքականության, ընդհանրապես Արցախի և, մասնավորապես, հայ դիմադրական շարժման կենտրոն Շուշիի ինքնապաշտպանության հետ առնչվող բազմաթիվ հարցերի:

Ձեռնարկելով սույն հոդվածը՝ նպատակ ենք ունեցել քննական վերլուծության ենթարկել 1920 թ. գարնանային ռազմարշավում Շուշի քաղաքի ինքնապաշտպանության ձախողման պատճառների վերաբերյալ հայ պատմագրության գնահատականները և արդի մարտահրավերների հետ համադրմամբ կատարված համապատասխան հետևությունների ու անհրաժեշտ եզրահանգումների վրա հրավիրել ուսումնասիրողների ուշադրությունը:

Առաջադրված նպատակն իրագործելու համար հետամուտ ենք եղել հետևյալ կոնկրետ  խնդիրների լուծմանը.

ա) ներկայացնել թեմայի ուսումնասիրության աստիճանը, ինչը թույլ կտա որոշարկել սույն հոդվածի հեղինակի տեղն ու դերը հիմնախնդրի ձևակերպման ու գիտականորեն պարզաբանման գործում,

բ) սահմանել Շուշիի ինքնապաշտպանության ձախողման պատճառների շուրջ հայ պատմագրության առաջադրած գաղափարների ու տեսակետների վերլուծության ռազմագիտական բաղադրիչները,

գ) վերհանել թույլ տրված սխալների ու բացթողումների իրական, հաճախ լռության մատնված, չքաղաքականացված ու չնենգափոխված պատճառները՝  պատմության դասերը սերունդներին ավանդելու, հետևաբար՝ պատմագիտության հիմնական գործառույթներից մեկն իրականացնելու նպատակով:

գ) զուգահեռներ անցկացնել հարյուր տարի առաջ տեղ գտած ռազմաքաղաքական դեպքերի ու արդի մարտահրավերների միջև, որպեսզի անհրաժեշտ եզրահանգումներով նպաստենք ժամանակակից պետական-քաղաքական ու անվտանգային-պաշտպանական ճիշտ օրակարգի և ապագա զարգացումների  ինտեգրելի տեսլականի ձևավորմանը:

Նմանօրինակ հարցադրումը և շրջանառվող ու նորահայտ փաստերի ռազմագիտական-քննական վերլուծության հիման վրա միանգամայն նոր եզրահանգումները և, ընդհանրապես, հետազոտական արդյունքները կազմում են սույն հոդվածի գիտական նորույթի առանցքը:  

Հիմնախնդրի երկարատև ուսումնասիրությունների արդյունքում մենք հանգել էինք այն եզրակացությանը, որ Շուշիի մարտյան եղեռնագործությունը պետք է դիտարկել արևմտահայության զգալի մասի բնաջնջումից կամ իր բնօրրանից` Արևմտյան Հայաստանից նրա դեպորտացիայից հետո նաև Արևելյան Հայաստանում և Այսրկովկասի հայաբնակ այլ վայրերում հայ ժողովրդի ցեղասպանության` Թուրքիայի շարունակական քաղաքականության համատեքստում[1]: Այդ գաղափարը տարիներ անց դարձել է առանձին հոդվածների վերնագրեր[2]:

Թեև Շուշիի մարտյան եղեռնագործության թեման անկախության շրջանի հայ պատմագրության ուշադրությանն է արժանացել, սակայն Շուշիի ինքնապաշտպանության գործում լուրջ թերացումների ու կոպիտ սխալների, ժամանակի քննությանը չդիմացած մարտավարության ողբերգական հետևանքների և հարակից այլ հարցերի մասին  առանձին ու ընդհանրացված գիտական ուսումնասիրություն դեռևս չկա: Կարծում ենք, որ հիմնախնդրի պատմագրության համառոտ տեսության ներկայացումը հնարավորություն կընձեռի պատկերացում կազմել ինչպես հիմնախնդրի լուսաբանման նախորդ փորձերի, այնպես էլ դրա գիտական մշակման ասպարեզում տողերիս հեղինակի տեղի մասին:

Արցախյան շարժման տարիներին հակամարտության ակունքների հանդեպ հետաքրքրության աճին զուգընթաց ստեղծված մեծածավալ գրականության էջերում արծարծվել են 1918-1921 թթ. իրադարձությունների ամենատարբեր կողմերն ու տեսանկյունները[3]: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խիկար Բարսեղյանը ավելի քան երեք տասնամյակ առաջ էր նշել Շուշիի եղեռնագործությունն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին՝ գրելով, որ այն «իհարկե, սպասում է իր գիտակ հետազոտողին[4]: Թեև Շուշիի ողբերգությանը հաջորդած տարիներին և մինչև Արցախյան շարժման քաղաքական փուլի մեկնարկը ևս անդրադարձներ եղել են 1920 թ. մարտյան ոճրագործությանը, սակայն մնալով 1918-1921 թթ. իրադարձությունների ետնախորշում` այն առանձնահատուկ ուշադրության չի արժանացել:

Ականատեսների՝ պարբերական մամուլում հրապարակված հավաստի վկայությունները որոշակի լույս են սփռել 1920 թ. մարտյան դեպքերի վրա[5], սակայն շրջանցել են Շուշի քաղաքի ինքնապաշտպանության հիմնախնդիրները, դրանց հետևանքով ունեցած անհաջողությունների խորքային պատճառները:

Դրանք առանձին ուսումնասիրության նյութ է դարձրել տողերիս հեղինակը[6]: Այնուհետև, լայն քննարկման նյութ դարձնելու մտադրությամբ հրապարակումներ ենք ունեցել նաև պարբերական մամուլում[7]: Ինքնապաշտպանության կազմակերպման թերությունները և հատկապես «ապստամբության» առասպելի խնդիրը քննվել ու արդյունքները հրապարակվել են նաև գիտական հրատարակություններում[8]: Իհարկե, մինչ այդ էլ եղել են տարբեր հեղինակների առանձին հրապարակումներ, սակայն, դրանցում, ակներևաբար, կոնկրետ հարցադրումների պատասխանները դժվար է գտնել[9]:

Քննարկվող թեմայի լուսաբանման համար առավել արժեքավոր հրատարակություններից հատկանշելի են Հայաստանի Ազգային արխիվի լույս ընծայած փաստաթղթերի ժողովածուները[10]: Թեմային առնչվող հետաքրքիր փաստաթղթեր ու նյութեր կան Արցախի թեմին նվիրված «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» մատենաշարի իններորդ գրքում[11]: Մեզ հետաքրքրող հարցերի լուսաբանման համար հետաքրքրություն ներկայացնող առանձին փաստաթղթեր հրապարակվել են տարբեր պարբերականներում[12]:

Զգալի փաստական նյութ են պարունակում պարբերական մամուլում հրապարակված դեպքերի մասնակիցների և ժամանակակիցների օրագրություններն ու հուշագրությունները, ինչպես նաև դրանց հիման վրա կազմված և վերջին երկտասնամյակի ընթացքում լույս ընծայված կամ վերահրատարակված գրքերը[13]:

Վիճահարույց որոշ հարցերի պատասխանների բազմազան տարբերակների ու առանձին վարկածների կարելի է հանդիպել 1918-1921 թթ. իրադարձությունների մասին պատմող տարաբնույթ հրապարակումներում, երկերում ու գրքերում[14]:

Հայ պատմագրության մեջ այս կամ այն կերպ արծարծված, բայց դեռևս միասնական կարծիքի չարժանացած հիմնահարցերից կարելի է հատկանշել Շուշիից նահանջող ռուսական ստորաբաժանման հանդեպ վերաբերմունքը, զենքի և զինամթերքի, կռվող ուժի պակասը, նախանշանակման վայր Շուշիի գնդի տեղափոխումը, ռազմավարական նշանակություն ունեցող Բերդաձորի անկումը, հայերի դիմադրության կարևոր կենտրոններից մեկի՝ Բաքվի կորուստը, զորավար Անդրանիկի արշավանքի ընդհատումը, կառավարման ու անվտանգության ապահովման ոլորտներում թույլ տրված կոպիտ սխալները, հատկապես` ինքնապաշտպանության սխալ ռազմավարությունը, նախահարձակ մահմեդականների հետ գոյակցության հնարավորության մասին պատրանքները, ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական մի շարք գործոնների անտեսումը և այլն: Սակայն, մեր կարծիքով, ամենահրատապ խնդիրը այսպես կոչված «ապստամբության» առասպելի և հայկական կողմին նախահարձակ ներկայացնելու ադրբեջանական նենգափոխման բացահայտումն է: Այս խնդրին վերստին անդրադառնալը հրատապ է այն ցավալի իրողության առումով, որ թեև վերոհիշյալ գիտական հրապարակումներում բազմիցս ցույց ենք տվել «ապստամբության» առասպելի անհարկի շրջանառության ռազմաքաղաքական ու գիտաճանաչողական բացասական հետևանքները, սակայն հայ պատմագրության մեջ համառորեն շարունակում են նախորդների սխալների վերարտադրության ակամա կամ միտումնավոր փորձերը[15]:

Մեր կարծիքով՝ հիմնահարցի ճշգրիտ գնահատմանը խանգարում էր այն հանգամանքը, որ ողբերգական իրադարձություններին հաջորդած առաջին մի քանի տարիներին՝ կապված «նոր կարգերի» հաստատման, դրանց «առավելության» առասպելի հաստատման և նախկին իշխանությունների վարկաբեկման որդեգրված ուղեգծի հետ, հնչել են միայն փոխադարձ մեղադրանքներ: Ժամանակի հայազգի գործիչների ու հեղինակների անսկզբունքային մոտեցման պատճառով երկրորդ շնչառությունն ստացավ հրեշավոր եղեռնագործությանը զուգընթաց   դիվանագիտական խողովակներով ԱԴՀ-ի շրջանառության մեջ դրած հայերի «ապստամբության» մասին ստահոդ վարկածը, ըստ որի մուսավաթական կառավարության կազմակերպած ոճրագործությունը ներկայացվում էր որպես հայերի հուսահատ ընդվզման հետևանք:

Շուշիում կատարված ոճրագործությունների վերաբերյալ դեռևս 1920 թ. մարտի 30-ին «մուսավաթի» խորհրդի ընդհանուր ժողովի, իսկ ապրիլի 1-ին Ադրբեջանի պառլամենտի ընդունած բանաձևերում լկտիաբար մեղադրվել են հայերն ու Հայաստանի կառավարությունը: Փորձելով քավության նոխազ դարձնել մի խումբ ապստամբների` ԱԴՀ-ն չի մոռացել նաև սպառնալու, որ «հետագայում ավելին կարվի, եթե Ղարաբաղի հայությունը խոհեմ ու հնազանդ չպահի իրեն[16]», ինչն աներկբա բացահայտում է մուսավաթական կառավարության հանցագործ ու ֆաշիստական բնույթը (ընդգծումը մերն է.- Մ. Հ.): Նման մերկապարանոց մեղադրանքներով հեղեղված էին նաև այն ժամանակվա պաշտոնական հաղորդագրությունները, դիվանագիտական գրագրությունները և պարբերական մամուլի էջերը: Սակայն, անհերքելի փաստերի ծանրության տակ ակնհայտ է դառնում Թուրքիայի ծրագրած և ԱԴՀ-ի պետականորեն կազմակերպած ու իրագործած ցեղասպանության քաղաքականությունը, որի հերթական զոհը դարձավ նաև ծաղկուն Շուշի քաղաքը:

Ալեքսանդր Խատիսյանի կառավարության ու ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Միքայելյանը, որի խղճին, դատելով ժամանակակիցների արժանահավատ վկայություններից ու գնահատականներից, ծանրացած է Շուշիի ինքնապաշտպանության աղետաբեր ձախողումը[17], թվարկելով հակառակորդի ագրեսիվ գործողությունները և ներկայացնելով վճռական բախման անխուսափելիությունը` ջանում էր ապացուցել, որ բավարար ուժեր կային բնակչության ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովման համար, սակայն առկա հնարավորությունները չօգտագործվեցին[18]:

Մեր հայրենակից Լեոն, ծանր տանելով հարազատ ծննդավայրի կորուստը, դառնաղի խոսքերով է գնահատում ողբերգությունը՝ մեղադրելով Դաշնակցություն կուսակցությանը և ՀՀ կառավարության ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արսեն Միքայելյանին աններելի արկածախնդրության ու «տղայամտության» համար[19]: Անշուշտ, տեղի սղությունը հնարավորություն չի տալիս անդրադառնալ բոլոր կարծիքներին, բայցևայնպես, այս երկուսը, թերևս, տիպական են շրջանառվող երկու հիմնական տեսակետների համար: Ի դեպ, «ապստամբության» մասին պնդող խնդրո առարկա դեպքերին ժամանակակից ամենահայտնի հայ հեղինակները, որպես կանոն, մարտի 23-ին Շուշի քաղաքից բավական հեռու են եղել (Հարություն Թումյանը` Ասկերանում էր, Աբրահամ Կիսիբեկյանը` Հադրութում, Եղիշե Իշխանյանը` Հայաստանի հանրապետությունում, Լեոն` Թիֆլիսում և այսպես շարունակ):

Այս հիմնախնդիրն արծարծելով՝ չենք կարող անտեսել 1922 թ. հունիսին Արցախի և Զանգեզուրի գործիչների մասնակցությամբ Թավրիզում տեղի ունեցած ժողովի նախագահ Գերասիմ Բալայանի և քարտուղար Զաքար Յոլյանի ստորագրությամբ «Ղարաբաղի դէպքերի պատմութիւն» խորագրով զեկուցագիր-տեղեկագրի[20] արձանագրումները, որոնք փաստում են Շուշիի կործանմանը  ՀՀ կառավարության և ՀՅԴ բյուրոյի մեղսակցությունը: Այդ փաստը չեն անտեսել ՀՅԴ հայտնի գործիչ, անաչառ հուշագրող Եղիշե Իշխանյանը[21] և պատմաբան Համլետ Գևորգյանը[22]: Վերջինս, մասնավորապես, գրել է. «Արցախում տեղի ունեցած իրադարձությունները ներկայացնող վավերագրերի հավաստմամբ՝ այդ գործում հիմնական մեղավորները Արցախ գործուղված ՀՅԴ բյուրոյի գործիչներն էին»[23]: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ ժամանակին այդ կուսակցության ապիկար գործիչները կամ լիազոր-ներկայացուցիչները ոչ միայն գործիք դարձան Ադրբեջանի մուսավաթական իշխանությունների ձեռքին Արցախի ինքնապաշտպանությունը ձախողելու և Շուշի քաղաքը կործանելու գործում, այլ նաև հետագայում իրենց անպատասխանատու շաղակրատություններով ջուր էին լցնում ադրբեջանական քարոզչության ջրաղացին՝ հայերին որպես սադրիչներ մեղադրելու և Ադրբեջանի ռազմական հանցագործությունները պարտակելու չարանենգ ձեռնարկումներում:

Հարկ է նշել, որ տարաբնույթ ու զանազան ծագում ունեցող փաստաթղթերում հանդիպող տեսակետները, իրար հակասող տեղեկություններն իսկական խառնաշփոթ են ստեղծել և գրեթե անհնար դարձրել միանշանակորեն որևէ վարկած պնդելը, մանավանդ` ապացուցելու հաջողությունը: Այս խառնիճաղանջությունը, ցավոք, նկատելի է նաև հետագա ուսումնասիրողների աշխատություններում: Այն տպավորությունն է ստեղծվում, որ արխիվային փաստաթղթերը հաճախ օգտագործվել են ոչ քննադատաբար, առանց դրանց ծագման բնույթի հաշվառման (խոսքը, օրինակ, փաստաթղթի միտումնավոր կամ վարկաբեկիչ, քաղաքական պատվեր, ոչ իրազեկ կամ աչառու հեղինակի ձեռքի գործ լինելու մասին է) և բանաքաղված տեղեկությունների ստուգման:

Ուսումնասիրելով այդ շրջանին վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր ու վավերագրեր, որոնց մեծ մասը հրապարակվել է առանձին ժողովածուներում, գիտական հանդեսներում ու աշխատությունների հավելվածներում` կարելի է գալ այն եզրահանգման, որ դրանցում ապակողմնորոշող ու գիտականության պահանջները չբավարարող, ինչու չէ` նաև անարժանահավատ տեղեկություններ շատ կան, որոնց սարդոստայնում չխճճվելու համար հարկ է քննախույզ մոտեցում ցուցաբերել և դրանք օգտագործել զգուշորեն, կիրառելով պատմահամեմատական մեթոդը և, որ կարևոր է` իրադարձությունների զարգացման տրամաբանությանը համապատասխան: Անշուշտ, դրանով չենք ուզում ասել, թե նախորդ ուսումնասիրողներն այս ամենը չեն նկատել և, առավել ևս` մտադիր չենք նշույլ անգամ նսեմացնելու կամ ստվեր գցելու նրանց կատարած շնորհակալ ու տքնաջան աշխատանքի վրա: Բայց նաև չենք կարող չարտահայտել նրանց երկերից մեր ստացած տպավորությունը, որոնց ընդհանուր թերությունը, մեր կարծիքով, քաղաքագիտական մտքի ու գնահատականների պակասն է: Սա հատկապես ակնհայտ է, այսպես կոչված «ապստամբության»  առասպելի տարփողման ու անհարկի ուռճացման պարագայում, մինչդեռ չենք կարծում, թե ամեն ինչ եղել է այնպես, ինչպես հաճախ ներկայացվում է՝ ակամա տրվելով հակառակորդի ասպարեզ հանած հերթական քաղաքական սադրանքին: Պատահական չէ, որ ուսումնասիրողներից, օրինակ, Բագրատ Ուլուբաբյանը, փորձել է խուսանավել երկու տեսակետների միջև[24] (այսինքն` ապստամբությու՞ն, թե՞ զինված ինքնապաշտպանություն նախահարձակ եղած ադրբեջանական զորքերից): Ընդհանուր մտայնությունն այն է, որ էլեկտրականացված (լարված) մթնոլորտում Սուլթանովը և մյուս դահիճներն առիթի էին սպասում վաղուց ծրագրված հայերի բնաջնջումն իրականացնելու համար: Սա ևս կարելի է ընդունել: Սակայն, ոչ համոզիչ ու անտրամաբանական է ադրբեջանական կողմի շրջանառության մեջ դրած այն թյուր վարկածը, թե իբր «հայկական կողմն է տվել այդ առիթը»: Այդ քարոզչական վարկածը որևէ կերպ չի տեղավորվում այն ակնհայտ ու անհերքելի փաստի մեջ, որ մուսավաթական Ադրբեջանի կանոնավոր զորքերի և թուրք-թաթարներից ու քրդերից կազմավորված ավազակախմբերի հարձակմանը հայերը պատասխանել են զինված ինքնապաշտպանությամբ, ինչը Ադրբեջանի քարոզչական մեքենան ներկայացրել է որպես ապստամբություն՝ հետևանքը պատճառի նենգափոխելու միջոցով միջազգային հանրությանը մոլորեցնելու և երբեմնի ծաղկուն Շուշի քաղաքի ավերումն ու հայ բնակչության ցեղասպանությունն արդարացնելու նպատակով[25]:

Ուսումնասիրելով խնդրո հարցի վերաբերյալ բազմաթիվ վավերագրերն ու վկայությունները` կարելի է համոզվել, որ հայ ժողովրդին այդպես էլ չհաջողվեց լիարժեքորեն ինքնակազմակերպվել և ամբողջովին չեզոքացնել բնիկների դանդաղ ոչնչացման կամ ուծացման թուրքական քաղաքականությունը:  Այս տեսանկյունից մանավանդ վերաիմաստավորման կարիք ունի բախտորոշ ժամանակներում ժողովրդի ղեկավարման ղեկը ստանձնած քաղաքական կուսակցությունների ու առանձին գործիչների գործունեությունը: Սա դյուրին խնդիր չէ, որովհետև նրանք հասցրել են տասնամյակներ շարունակ հեղեղել հայ տեղեկատվական ու գաղափարական ամբողջ տարածությունն իրենց երևակայական ու մտացածին պատմություններով՝ ինքնարդարացման և քաղաքական ընդդիմախոսներին մեղադրելու (ավելի ճիշտ՝ մեղքը նրանց գլխին բարդելու), մի խոսքով՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակներով: Սակայն, ակներև է, որ ոչ ոք չի կարող խուսափել պատասխանատվությունից և յուրաքանչյուր գործիչ  վաղ թե ուշ  կանգնելու է պատմության դատաստանի առաջ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մուսավաթական պարագլուխների ցեղասպանական քաղաքականությանը, որին զոհ գնած նաև Շուշի քաղաքը, ապա այդ մասին վկայող փաստերը շատ են: Ըստ այն ժամանակվա վավերագրերի՝ արդեն 1920 թ. սկզբներին Ադրբեջանում գլուխ էին բարձրացրել իթթիհատականները և ագրեսիվ քարոզչություն ու տրամադրություններ էին տարածում և՛ կառավարության, և՛ ողջ մահմեդական բնակչության շրջանում[26]: Սա նաև Արևելյան Այսրկովկասում հայ ազգաբնակչության ցեղասպանության, այդ թվում` Շուշիի կործանման թուրք-ադրբեջանական նախապատրաստությունների մասին մեր տեսակետը հաստատող ևս մեկ փաստարկ է:

Ուսումնասիրելով այն ժամանակվա վավերագրերը և ականատեսների ու մասնակիցների վկայությունները՝ ընդունելի ենք համարում ողբերգական իրադարձությունների հետևյալ վերականգնումը. Սուլթանովի հրամանով մուսավաթական զորքերը հարվածել են հայության գլխավոր կենտրոնին` Շուշիին: Միաժամանակ, Աղդամում կենտրոնացված զորքը և սպառազինված ամբոխը, ինչպես և կանխատեսված էր, սկսել են արշավանքն Ասկերան-Խոջալու-Խանքենդ-Շուշի երթուղով` նպատակ ունենալով համալրել ու ըստ ամենայնի աջակցել Շուշիի հայությանը «հնազանդեցնող» (իրականում` բնաջնջող) ոճրագործներին: Բացի այդ երթուղուց ինքնավար Լեռնային Ղարաբաղի դեմ բացահայտ պատերազմ սկսած ԱԴՀ-ի  զորքերն` ուժեղացված զինավառ ավազակներով, լայնածավալ հարձակման էին անցել նաև Գանձակի, Շամքորի և այլ ուղղություններով՝ հայ ազգաբնակչության բռնի տեղահանության ու էթնիկական զտման նպատակով:

Արցախի հայ ազգաբնակչությանն ահաբեկելու, սարսափազդու կոտորածներով ընկճելու` ԱԴՀ-ի պետական քաղաքականության իրականացումը Սուլթանովը պատահաբար չէր Շուշիից սկսել, քանի որ Արցախի մայրաքաղաքի բնակչությունն առնվազը 1919 թվականից պատանդի կարգավիճակում էր (Լեո) և, ինչպես վավերագրերն են հաստատում, այդ դիմադրական կենտրոնին տիրելը հակառակորդը համարում էր Արցախը նվաճելու կարևոր գործոն: Այդ մասին է վկայում նաև հետևյալ վավերագիրը. «Հուսով եմ,- Ադրբեջանի նախարարների խորհրդի նախագահի անունով զեկուցագրում պնդում էր տխրահռչակ Սուլթանովը,- որ Շուշի քաղաքում Կենտրոնի և հայկական շարժման պաշտոնապես ենթարկեցումով, Ղարաբաղում հայերի ենթարկեցման հարցը արագ կընդունի բարեհաջող ավարտ»[27]:

Համաձայն նախապես ծրագրված մարտավարության (կամ ռազմական տերմինաբանությամբ` պաշտպանության մտահղացման), ինքնապաշտպանության ուժերը 1920 թ. մարտի 23-ին դուրս շպրտեցին ադրբեջանցի զավթիչներին և ազատագրեցին Արցախի ռազմաստրատեգիական հենակետերից մեկը` Ասկերանը, ինչպես Աղդամից ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը կասեցնելու, այնպես էլ կենաց մահու պայքարում Շուշիում ու Խանքենդում ադրբեջանական զորքերից պաշտպանվող աշխարհազորայինների թիկունքն ապահովելու համար: Առանց Խանքենդի մուսավաթական կայազորի շրջապատոման ու մեկուսացման հնարավոր չէր լուծել Ասկերանի և Շուշիի թիկունքն ապահովելու խնդիրը: Հենց ինքնապաշտպանությունից բխող այս քայլերն են ադրբեջանցիները նենգափոխել  «ապստամբություն» հասկացությամբ, մի կողմից՝ իրենց ոճրագործությունները «արդարացնելու», իսկ մյուս կողմից` ցեղասպանությունը ուրանալու, ապա և` ժխտելու նպատակով:

Ռազմաքաղաքական գործընթացների հեղեղի հորձանուտում գլուխը կորցրած քաղաքական կուսակցության մերօրյա հետևորդները  ցինիկաբար խոսում են այն մասին, որ   իբր Շուշիի կորուստը դեռ Արցախի կորուստ չէր (ոմանք շատ հեռու գնալով ակնարկում են Շուշին հանուն Արցախի «զոհաբերելու» վարկածի մասին[28]), մինչդեռ Շուշիի կորուստը, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, զգալի նահանջ էր առանց այն էլ սաղմնային վիճակում գտնվող պաշտպանական-անվտանգային բաղադրիչների ապահովման դիրքերից:

Այսպիսով, Շուշիի եղեռնագործության լուսաբանման հիմնահարցերի վերոհիշյալ քննությունը ցույց է տալիս, որ դրանց մի մասը, և հատկապես «ապստամբության» առասպելը հայ պատմագրությունն իներցիայով շրջանառում է՝ ակամա հայտնվելով ցեղասպանության քաղաքականությունն ուրացող մեր հակառակորդների նենգափոխումների սարդոստայնում: Դա հատկապես ակնհայտ է պատմությունը որպես քաղաքական զենք Հայաստանի դեմ օգտագործող նրա հարևանների վարած տեղեկութային պատերազմի համատեքստում: Բարեբախտաբար, հայրենական պատմագրության մեջ վերջին շրջանում նկատելի է այն  ուսումնասիրողների տեսակարար կշռի աճը, որոնք դա լավ հասկանում են և, ըստ այդմ, վերանայում են նախորդ սխալ մոտեցումները[29]:

            Շուշի քաղաքի ինքնապաշտպանության ձախողման պատճառներին առանձին անդրադառնալը պայմանավորված է պատմագրության հիմնախնդիրները ճիշտ հասկանալու և պատճառահետևանքային կապի մեջ դիտարկելու անհրաժեշտությամբ:

Ռուսական կայսրության տրոհումից հետո, Արցախի նկատմամբ կովկասյան թաթարների (որոնք հետագայում հորջորջվեցին ադրբեջանցիներ) հավակնությունների առանցքում առանձնահատուկ տեղ էր հատկացվում Շուշիին: Նոր հնչեղություն էր ստացել «Շուշիին տիրողը տերն է ամբողջ Արցախի» հին իմաստնությունը: Մասամբ դրանով է բացատրվում այն, որ իրար հաջորդող զավթիչները` տաճկական զորքերը, անգլիացիները, նրանց հետևից մուսավաթականները և, ապա, կարմիր բանակը ձգտում ու մղվում էին դեպի Արցախի հինավուրց ոստանը: Ռազմավարական նշանակություն ունեցող Շուշիի կորստը  բացասաբար ազդեց   Ադրբեջանի զավթողական նկրտումներին դիմագրավելու, Արցախը Հայաստանի առաջին հանրապետության կազմում պահելու ժողովրդական լայն զանգվածների հավաքական իղձերի իրականացման վրա: Ընդսմին, այդ ողբերգության պատճառների վերհանումը հնարավորություն կտա լույս սփռել նաև այն մութ ու խճողված հարցի վրա, թե երկարատև պայքարով իր ինքնուրույնությունը պահպանած արցախահայությունն ինչպես հանկարծ հանիրավի հայտնվեց Հայաստանի վարչական սահմաններից դուրս, մինչև անգամ մեկուսացվեց մայր երկրից:

Մենք ժամանակին   անդրադարձել ենք Շուշիի մարտյան ողբերգության թե՛ ներքին և թե՛ արտաքին պատճառներին: Ներքին պատճառներից առանձնացրել ենք այն ժամանակվա ղեկավար մարմինների, քաղաքական գործիչների` որոշ դեպքերում թույլ տված վրիպումներն ու սխալները, թերացումներն ու չափազանց զգուշավորությունից եկող անվճռականությունը: Ժամանակի ղեկավար գործիչներից մեկի` Եղիշե Իշխանյանի արժեքավոր հուշագրության մեջ խոսուն փաստեր կան Արցախում և ամբողջ Հայաստանում քաղաքական առանձին կազմակերպությունների ու գործիչների, ինքնապաշտպանության որոշ ղեկավարների թույլ տված այնպիսի սխալների մասին, որոնք ծանր կորուստների պատճառ են դարձել, ունեցել անուղղելի հետևանքներ: Հիրավի, պատմական դասեր են պարունակում կադրերի սխալ ընտրության, քաղաքական մենաշնորհի արդյունքում ձևավորված կառավարության ու դրա չկայացած անդամների արկածախնդրության պատճառած վնասները: Ոչ պակաս վնասակար եղան Արցախի հայ ազգաբնակչության զանգվածային վերաբնակեցման մասին անիրական մտքերը, որ ունեին Հայաստանի ղեկավար մի քանի գործիչներ, ինչն, ակներևաբար, խանգարում էր ինքնապաշտպանության ու երկրի կառավարման արդյունավետ կազմակերպմանը[30]: Համարձակություն պետք է ունենալ խոստովանելու, որ այդ ամենը հաճախ դյուրացրել է հակառակորդի չար դիտավորությունների իրագործումը, խոչընդոտել ճիշտ ու նպատակասլաց վճիռների կայացմանը, անհրաժեշտ նախաձեռնությունների ու գործողությունների պատեհաժամորեն կատարմանը: Հենց այս թերություններով են պայմանավորված բազմաթիվ ձախողումները, այդ թվում նաև Արցախի կառավարության չարդարացված խաղաղասիրական, հաշտվողական քաղաքականությունը: Հարևան մահմեդականները (ներկայիս ադրբեջանցիների նախնիները) չարաշահեցին հայ ղեկավարների բարյացակամությունը և հանդուրժողականությունը, ինչպես նաև օգտվեցին հայերի որդեգրած ինքնապաշտպանության կրավորական ռազմավարությունից և ռազմական նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը: Թերացումների ու անվճռականության արտահայտություններ էին նաև ռուսական սահմանապահ 6-րդ գնդի շարանակարգից հետ ընկած ստորաբաժանումների չզինաթափումը[31], Բերդաձորի պաշտպաններին անհրաժեշտ օգնություն չհասցնելն ու Թիֆլիսում կազմավորված Շուշիի (կամ Արցախյան) գնդի նախանշանակման վայր տեղափոխումը ժամանակին չկազմակերպելը, Զորավար Անդրանիկի արշավանքին արդյունավետորեն չնպաստելը, դրածո գեներալ-նահանգապետին և Վարարակնում (ներկայիս Ստեփանակերտում) ու Շուշիիում հիմնավորվող ադրբեջանական զինված կազմավորումներին լրջորեն ու ժամանակին չընդդիմանալը, 1919 թ. հունիսի սկզբներին Շուշիում Սուլթանովի արյունոտ սադրանքները, մոտակա Ղայբալիշեն, Կրկժան, Փահլուլ (Վարդութ), Դաշուշեն գյուղերի ավերումներն ու բնակիչների կոտորածներն անպատիժ թողնելը, զինված պայքարին անբավարար նախապատրաստվելը և այլն: Ինչ խոսք, այդ ամենի մասին առանձին-առանձին կարելի է խոսել ավելի երկար՝ մանրամասները դիտարկելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների ամբողջության մեջ, սակայն, իրավիճակը պատկերացնելու համար նպատակահարմար ենք գտնում համառոտ անդրադառնալ, մեր կարծիքով, առավել կարևոր արտաքին գործոնների ու աշխարհաքաղաքական անբարենպաստ զարգացումների ռազմագիտական բաղադրիչներից մի քանիսի վրա:

Շուշիի ողբերգության պատճառներից, թերևս, ամենագլխավորը, և, ընդհանրապես, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խնդրի չլուծման խոչընդոտը տաճկական գործոնն էր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մանավանդ` ռուսական հեղափոխությունից հետո, տաճկական գործակալներ էին վխտում հավատակիցներով խիտ բնակեցված շրջաններում` հետամուտ լինելով Այսրկովկասում հենարան ունենալու և ռուսական կովկասյան բանակի թիկունքին սպառնալիք ստեղծելու, իսկ բարենպաստ պայմանների պարագայում` նաև իրենց զավթողական ծրագրերն ավելի դյուրությամբ իրագործելու հեռագնա նպատակներին: Տաճկական զորքերի բացահայտ ագրեսիայի հետևանքով 1918 թ. սեպտեմբերին ոչ միայն ընկավ Բաքուն, այլև սրի քաշվեց տեղի հայ բնակչության մի մասը, ինչը ևս ծանր նստեց ու բացասաբար անդրադարձավ Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման վրա: Տրամաբանական կլիներ, եթե ոչ միայն արցախահայության ուշքն ու միտքը սևեռվեր դեպի նավթարդյունաբերական ու հայկական դիմադրական կենտրոնը` հույս փայփայելով, թե տաճիկները ջարդ ու փշուր կլինեն Բաքվի պաշտպանության հիմնական ծանրությունն ուսած հայկական ուժերից, այլև ջանքերը կենտրոնացվեին իրենց հայրենակիցներին հնարավորինս աջակցելու վրա: Դա կարող էր դրսևորվել ըստ ամենայնի խոչընդոտեր հարուցելով դեպի Բաքու արշավող թուրք զավթիչների   առաջ, որոնք, ինչպես ժամանակակիցն է իր համար պարզել հետագայում, իրենց էքսպանսիան պատճառաբանում էին Եռյակ (Քառյակ) Զինակցության  նավթի ու բենզինի սուր կարիքը բավարարելու ձգտմամբ[32]: Փաստորեն թուրքերը կարողացան Դաշինքի շահերը ծառայեցնել իրենց կայսերապաշտական շահերին և լուծել պանթուրքական խնդիրներ: Անկասկած, մեծ էր Բաքվի ռազմավարական նշանակությունը: Կորցնելով Բաքուն` հայերը, ցավոք, ձեռքից բաց թողեցին  նավթի տնտեսական ու քաղաքական հզոր գործոնը, ինչն ունեցավ անուղղելի բացասական հետևանքներ: Ժամանակը ցույց տվեց, որ Բաքվի անկումը հնարավորություն է  տվել թուրք զավթիչներին արշավելու նաև Արցախի վրա և սողոսկելու Շուշիի: Այս տեսակետից, թերևս, ճիշտ կլիներ Արցախից մարտական գործողությունների սկսման նշաններ ցույց տալ, շեղել տաճկաթաթարական ուժերի ուշադրությունը և թեթևացնել Բաքվի պաշտպանների, դրանով իսկ` Արցախի ինքնապաշտպանության գործը: Սակայն, դժբախտաբար, ոչ Արցախից, ոչ էլ Գանձակից նման տարաշարժեր չձեռնարկվեցին: Բաքվի պաշտպանները մեկուսի կռվեցին ու պարտվեցին: Հենց դրանից հետո տաճկական զորքերը հնարավորություն ստացան ներխուժելու Արցախ, որի կենտրոն Շուշին հանձնվեց առանց լուրջ դիմադրության: Ինչքան էլ ջանանք արդարացնել կամ հիմնավորել ժամանակի քաղաքական գործիչների` Շուշիի հանձնման որոշումը` փաստելով պատերազմում Թուրքիայի վերահաս պարտության ակներևությունն ու ոմանց ակնկալությունները, ինչպես նաև բնակչության զինաթափման և բանտարկության միջոցով ազատագրական շարժման ակտիվիստների մեկուսացման հետևանքների պայմանական թեթևությունը կամ տանելիությունը, միևնույն է, տաճկական զորքերի մուտքը ծանր հարված էր Շուշիի ինքնապաշտպանությանը, ինչը բարոյահոգեբանական ճնշող ներգործություն ունեցավ ու երկարատև բացասական նստվածք թողեց մարդկանց գիտակցության մեջ, իսկ դրան հակառակ, բարձրացրեց մահմեդական բնակչության մարտական ոգին ու ընդլայնեց նրա հավակնությունների շրջանակը: Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ Շուշիի մարտյան եղեռնագործության սկիզբը դրեցին տաճկական (օսմանյան կամ թուրք) զավթիչները հենց 1918 թ. սեպտեմբերի 25-ին:

Առաջին աշխարհամարտի ավարտից ու Մուդրոսում զինադադարի պայմանագրի ստորագրումից (1918 թ. հոկտեմբերի 30) հետո, երբ տաճկական զորքերը հարկադրված էին հեռանալ Այսրկովկասից, բազմաթիվ տաճիկ սպաներ, անգամ երիտթուրքական պարագլուխներ ու ռազմական հրահանգիչներ[33] մնացին մահմեդականներով բնակեցված շրջաններում և շարունակեցին իրենց սև գործը` բորբոքելով հավատակիցների մոլեռանդությունը, դավագրգռելով նրանց այլազգիների ու այլադավանների դեմ: Թուրքական (տաճկական) բանակի հրամանատարական կազմի բազմաթիվ բարձրաստիճան, միջին ու կրտսեր սպաներ ծառայության էին ընդունվել Ադրբեջանի զինված ուժերում և, փաստորեն, գլխավորում էին հայերի ցեղասպանության թուրքական քաղաքականությունը նաև Արցախում: Ադրբեջանի զինված ուժերում թուրքական բանակի բարձրաստիճան սպաների  ընդգրկման (անձնակազմին ուսուցանելու և հայկական խաղաղ բնակավայրերի վրա զինված հարձակումները գլխավորելու նպատակով) մասին վկայում են իրազեկ ժամանակակիցները: Այսպես, օրինակ, Թիֆլիսում ադրբեջանական պատվիրակության հետ ոչ պաշտոնական հանդիպման մասնակից, Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Լևոն Եվանգուլյանը գրել է. «Իսկ մենք, մեր կողմից անվանեցինք Նուրի և Խալիլ փաշաներին և Խալիլ բեյին, և ուրիշներին, որոնք լինելով տաճիկ կառավարության սպաներ, իրոք հանդիսանում են իբրև դրսի ագիտատոր, որոնք գրգռում են տեղական ժողովրդին Ղարաբաղում և Շարուր-Նախիջեւանում Հայաստանի կառավարության դեմ և պահանջեցինք դրանց հեռացումը հիշյալ վայրերից»: Այս վկայության հատկապես հետևյալ հատվածը, որը հաստատում է Ադրբեջանի զինված ուժերում թուրքական բանակի ռազմական հանցագործներին ծառայության ընդունելու հաստատ ոչ եզակի փաստերը: «Ադրբեջանի պատվիրակները փորձեցին պաշտպանել այդ անձանց,-շարունակել է  Լևոն Եվանգուլյանը,- առարկելով, որ նրանք ներկայումս այլևս կապ չունեն թուրք կառավարության հետ և լոկ իբրև զինվորականներ մտել են Ադրբեջանական ծառայության մեջ»[34]:

Դրանից բացի, մինչև հեռանալը տաճիկները հասցրել էին լուծել մի շարք ռազմավարական խնդիրներ, մասնավորապես, մուսավաթականների հետ համագործակցությամբ, ծանր հարվածներ էին հասցվել հայկական դիմադրական կարևոր կենտրոններին` Բաքվին, Շուշիին` հող նախապատրաստելով նորաթուխ Ադրբեջանի կայացման, այսինքն` Կովկասում տաճկական առաջնադիրքի (ֆորպոստի) հաստատման համար: Հետագա, մանավանդ` 1920 թ. թուրք-հայկական պատերազմին և Մոսկվայի ու Կարսի չարաղետ պայմանագրերին հաջորդած իրադարձություններն անառարկելիորեն ապացուցում են ոչ միայն Թուրքիա-Ադրբեջան հանցավոր կապերը, այլև բացահայտում տաճկական ռազմամոլների հեռագնա նպատակները Ադրբեջանի ստեղծմամբ Կովկասում իր մշտական աջակիցն ու հենարանն ունենալու, Իրանի նկատմամբ իր հավակնություններին հագուրդ տալու և, վերջնական արդյունքում, համաթուրանական ծավալապաշտ զառանցանքները կենսագործելու համար: Արցախյան պատերազմի տարիներին ժամանակակից Թուրքիայի բռնած բացահայտ հակահայկական դիրքը, իսկ վերջին շրջանում, Ադրբեջանում ու հատկապես` Նախիջևանում իր ռազմաքաղաքական ազդեցության մեծացումը, գալիս են մեկ անգամ ևս փաստելու աշխարհաքաղաքական զարգացումներում, ազդեցության գոտիների համար պայքարում ու շահերի բախման կիզակետում Ադրբեջան-Թուրքիա ագրեսիվ համագործակցության ակունքներն ու հարաճուն վտանգը:

Կարելի է առանձնացնել այսպես կոչված թուրք-ադրբեջանական տանդեմի ևս մի քանի դրսևորումներ: Անգլիացիների օժանդակությամբ ու պաշտպանությամբ գեներալ-նահանգապետության հաստատումն Արցախում հող նախապատրաստեց Ադրբեջանի զավթողական նկրտումների իրականացման և բռնապետության հաստատման համար: Այդ ճանապարհին Ադրբեջանը չէր կանգնում ոչնչի առաջ, սկսած տնտեսական բոյկոտից ու շրջափակումից, վերջացրած բնակավայրերի ու խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմամբ: Ի դեպ, նկատենք, որ XX դարասկզբի այս մեթոդներն էին կիրառվում նաև դարավերջին, արցախահայության օրինական շարժումը բռնաճնշելու փորձերի ընթացում:

Ի վերջո, իրադարձությունների զարգացումը հասցրեց նրան, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց ու բացահայտ ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ: Ծավալված ծանր մարտերը Շուշիում, Վարարակնում, ապա և Ասկերանում հիմնականում անհաջող էին ընթանում հայ աշխարհազորայինների համար, որովհետև զգացվում էր զենքի ու զինամթերքի պակասը, իրենց բացասական ազդեցությունն էին ունենում կազմակերպական թերությունները: Մյուս կողմից էլ Ադրբեջանը Արցախի դեմ էր հանել իր գրեթե ամբողջ զինուժն ու զինանոցը, ինչի հետևանքով էլ, թերևս, ապրիլի 28-ին XI կարմիր բանակը, առանց լուրջ դիմադրության, գրավեց Բաքուն:

Վճռորոշ էր նաև անգլիական գործոնը: Տաճիկներին փոխարինած անգլիացիները հակված էին Արցախն ու Զանգեզուրը տեսնել Ադրբեջանի, իսկ Նախիջևանն ու Կարսի մարզը` Հայաստանի կազմում: Հայերը չկարողացան օգտվել թուրքական զորքերի դեմ մարտնչելու, դրանով իսկ դաշնակից երկրների հաղթանակին նպաստելու քաղաքական փաստարկումից, այդ միջոցով անգլիացիներին սիրաշահելու և իրենց կողմը գրավելու հնարավորությունից: Ընդհակառակը, Բաքվում հաստատված անգլիական առաքելությունը, մշտապես գտնվելով մուսավաթականների քարոզների ու շողոքորթությունների ազդեցության տակ, ադրբեջանամետ քաղաքականություն էր վարում, մանավանդ, որ Անգլիան ու նրա դաշնակիցները, ինչպես իրենց ախոյան Զինակցությունը, նավթամթերքների կարիք էին զգում և զուտ շահադիտական նպատակով հակված էին գոհացնել ադրբեջանցիների, թեկուզ և ապօրինի ու հավակնոտ, պահանջները: Կռահել կարելի է, թե ինչ միջոցներով էին ադրբեջանցիների պարագլուխներն իրենց ընդդիմախոսներին «սևացնում» անգլիացիների աչքին` մեղադրելով հայերին բոլշևիկյան գաղափարների տարածման, ռուսասիրության մեջ: Ադրբեջանական կողմը ներշնչում էր անգլիացիներին, թե իբր Հայաստանի կառավարության ներկայացուցիչները հակաանգլիական միտումներ են մտցնում ժողովրդի մեջ[35]: Չանտեսվեց նաև Բաքվի կոմունայում հայերի տեսակարար կշռի հանգամանքը, ինչը ևս մուսավաթականները վարպետորեն շահարկում էին: Անշուշտ, այս ամենն ուժեղացնում էր անգլիական ֆինանսատնտեսական և այլազան շահերի գործոնի ցայտունությունը[36]:

Արտաքին ու ներքին գործոնների միջակայքում կարելի է առանձնացնել Հայաստանի Հանրապետության կրավորական դիրքը և գործնական օգնության ուշացումը, մանավանդ՝ Արցախի ինքնապաշտպանության գործի արհեստավարժորեն կազմակերպման ու ընդհանուր թշնամու դեմ համատեղ պայքարելու ռազմավարության ու մարտավարության հստակեցման անհետաձգելի գործում թերացումը: Արցախի ինքնապաշտպանության անմիջական պատասխանատու Դրաստամատ Կանայանի և Կապանի, Արևիքի ու Գողթանի (Կապարգողթի) ընդհանուր հրամանատար Գարեգին Նժդեհի զորամասերի ուշացած միջամտությունը եղավ այն ժամանակ, երբ այլևս Շուշին ավերված էր և Ադրբեջանն արդեն պատերազմական գործողություններ էր վարում Արցախի մյուս շրջաններում: Իհարկե, ճիշտ չէր լինի անտեսել թեկուզ ուշացված օգնության ունեցած որոշակի նշանակությունը (որը, կարծում ենք՝ կարող էր ավելի մեծ լինել, եթե Դրաստամատ Կանայանն ընդուներ Շուշին մուսավաթականներից անհապաղ ազատագրելու մարտավարության Գարեգին Նժդեհի առաջարկությունը), թեև ներքին անհամերաշխությունը և հայ բոլշևիկների առճակատումը, ինչպես նաև կարմիր բանակի սպառնալից մոտիկությունը և չկանխատեսված այլ գործոններ ի չիք դարձրին հնարավոր դրական տեղաշարժերն ու ակնկալված հաջողությունները:

Դժվար է միանշանակ համաձայնել այն կարծիքներին, թե Ադրբեջանի մուսավաթական կառավարության մայրամուտին ժամանակ շահելու դեպքում հնարավոր էր խուսափել Շուշիի ավերումից ու բնակչության սրածումից: Բազմաթիվ փաստեր գալիս են հաստատելու, որ Սուլթանովը և Ադրբեջանի ղեկավարներն ակտիվորեն նախապատրաստվում էին զենքի ուժով Արցախը նվաճելուն, իսկ այդ նպատակի համար գլխավոր թիրախ էր ընտրված հենց Շուշի քաղաքը: Ժամանակակցներից մեկի վկայությամբ` «Կամենալով մեկընդմիշտ վերջ տալ Արցախի ինքնուրույնությանը՝ մուսավաթականները 1920 թ. մարտի սկզբներին իրենց գրեթե ամբողջ կանոնավոր զորքերը և բազմաթիվ զինված ավազակախմբերը նետեցին լեռնային երկրամասի սահմանների ուղղությամբ, իսկ մարտի 20-ին հայ ազգաբնակչությանը զինաթափվելու վերջնագիր ներկայացրին»[37]:

Ադրբեջանի նախահարձակ լինելու մտադրությունների մասին այլ վկայություններ էլ կան: «Մարտ ամսվա սկզբներին, նոր համալրումներով կրկին ուժեղացվեցին Շուշիի, Խանքենդու և Աղդամի կայազորները: Շուշիում երևացին թուրք սպաներ, գեներալ Խալիլ փաշայի գլխավորությամբ[38]: Հույժ գաղտնիությամբ հանդերձ՝ մինչև անգամ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ մինչ այդ Շուշի էին ժամանել Նուրի փաշան[39] և Նովրուզովը: Ադրբեջանի կառավարությունը նրանց պարտավորեցրել էր գործել «լայն մասշտաբով և ենթարկել տալ Ղարաբաղ-Զանգեզուրը»[40]: Այս ամենը վկայում է, որ Շուշիի աղետն առանց առիթի էլ, վաղ թե ուշ, լինելու էր, քանի որ Ադրբեջանն Արցախը զավթելու այլ ճանապարհ չէր ուզում տեսնել, բացի հայ ազգաբնակչության ցեղասպանության միջոցով նրա տարածքների բռնագրավումը:

Շուշիի ողբերգության պատճառների շարքին կարելի է դասել տնտեսական գործոնը: Շուշիի տնտեսական անկումը[41], ինչն, անկասկած, ազդում էր նաև բնակչության կարողությունների ու դիմադրական ոգու վրա, պարարտ հող նախապատրաստեց այն հեշտությամբ կործանելու հրեշավոր ծրագրի իրականացման համար:

 Օբյեկտիվ պատճառներից էին նաև հաղորդակցության ճանապարհների արդյունավետ օգտագործման հնարավորության սահմանափակվածությունը, կապի միջոցների բացակայությունը, երբեմնի ռուսական կայսրության այլ շրջաններից տնտեսապես կախված լինելը և աՍուբյեկտիվ պատճառներից զուտ ռազմական գործի կազմակերպման թերացումներից պետք է առանձնացնել հայկական կանոնավոր ստորաբաժանումների ու ինքնապաշտպանության համակարգի ու ղեկավարող կառույցների չկատարելագործումը[42], հետախուզության ու հակահետախուզության բացակայությունը, թշնամու վարձած լրտեսների անարգել գործունեությունը, գաղտնիության կանոնների անտեսումը, ծաղկող բերանբացությունը, թշնամու նկատմամբ վերահսկողության բացակայությունը, նրա ծրագրերի ու գործողությունների չիմացությունը, իրավիճակին չտիրապետելը, դանդաղկոտությունը և այլն:Հայկական Շուշի բերդաքաղաքի կործանումը, որ մի պահ հարցականի տակ դրեց ամբողջ Արցախի բազմադարյան պատմության անշեղ ընթացքը, դարձավ մեր ժողովրդի մշտամորմոք ու արնածոր վերքը՝  կոչված արթուն պահելու մեր պատմական հիշողությունը և զգոնությունը նենգ ոսոխի ոտնձգություններին պատեհաժամորեն հակահարված հասցնելու, ագրեսիվ նկրտումները զսպելու համար: Խոսքը դարերի ընթացքում փորձարկված ու խոստումնալից ռազմավարության   մասին է, որի արդեն դասական համարվող օրինակը Շուշի բերդաքաղաքի ազատագրման 1992 թ. մայիսի 8-9-ի ռազմական գործողությունն էր:

ՇՈՒՇԻՈՒՄ 1920 Թ. ՄԱՐՏՅԱՆ ԵՂԵՌՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ձեռնարկելով սույն հոդվածը՝ նպատակ ենք ունեցել քննական վերլուծության ենթարկել 1920 թ. գարնանային ռազմարշավում Շուշի քաղաքի ինքնապաշտպանության ձախողման պատճառների վերաբերյալ հայ պատմագրության գնահատականները և արդի մարտահրավերների հետ համադրմամբ կատարված համապատասխան հետևությունների ու անհրաժեշտ եզրահանգումների վրա հրավիրել ուսումնասիրողների ուշադրությունը:

Հայ պատմագրության մեջ այս կամ այն կերպ արծարծված, բայց դեռևս միասնական կարծիքի չարժանացած հիմնահարցերից կարելի է հատկանշել Շուշիից նահանջող ռուսական ստորաբաժանման հանդեպ վերաբերմունքը, զենքի և զինամթերքի, կռվող ուժի պակասը, նախանշանակման վայր Շուշիի գնդի տեղափոխումը, ռազմավարական նշանակություն ունեցող Բերդաձորի անկումը, հայերի դիմադրության կարևոր կենտրոններից մեկի՝ Բաքվի կորուստը, զորավար Անդրանիկի արշավանքի ընդհատումը, կառավարման ու անվտանգության ապահովման ոլորտներում թույլ տրված կոպիտ սխալները, հատկապես` ինքնապաշտպանության սխալ ռազմավարությունը, նախահարձակ մահմեդականների հետ գոյակցության հնարավորության մասին պատրանքները, ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական մի շարք գործոնների անտեսումը և այլն:

Շուշի քաղաքի ինքնապաշտպանության ձախողման պատճառներին առանձին անդրադառնալը պայմանավորված է պատմագրության հիմնախնդիրները ճիշտ հասկանալու և պատճառահետևանքային կապի մեջ դիտարկելու անհրաժեշտությամբ:

ПРИЧИНЫ МАРТОВОГО ГЕНОЦИДА В ШУШИ 1920 Г.

РЕЗЮМЕ

Предпринимая эту статью, мы стремились критически анализировать оценки армянской историографии о причинах провала самообороны города Шуши во время весенней кампании 1920  года и обратить внимание исследователей на соответствующие выводы и необходимые заключение, сделанные в сочетании с современными вызовами.

               Из проблем, поднятых в армянской историографии тем или иным образом, но еще не удостоившись единого мнения, можно отметить отношение к российскому подразделению, оступающую из Шуши, дефицит оружия и боеприпасов, нехватка боевой силы, транспортировка Шушинского полка до места назначения, падение имеющего стратегического значения Бердадзора, потеря одного из важнейших центров армянского сопротивления — Баку, прерывание маневра генерала Андраника, грубые ошибки в сфере управления и обеспечения безопасности, особенно неправильная стратегия самообороны, иллюзии возможности сосуществования с агрессивно настроенными мусульманами, пренебрежение рядом военно-политических и социально-экономических факторов и т. д.

               Акцент на причинах провала самообороны Шуши связан с необходимостью правильно понять проблемы историографии и рассмотреть их в причинно-следственной связи.

REASONS FOR THE MARCH GENOCIDE IN SHUSHI 1920


REZUME

The purpose of this article is a critical analysis of assessments by Armenian historiography on the reasons for the failure of the self-defense of the city of Shushi in March 23, 1920, in order to draw relevant and necessary conclusions on this basis.

Among the problems raised in Armenian historiography in one way or another, but still not having a single opinion, we can note the attitude towards the Russian unit, dwindling from Shushi, a shortage of weapons and ammunition, a lack of military force, transportation of the Shusha regiment to its destination, and a fall of strategic importance Berdadzor, the loss of one of the most important centers of Armenian resistance — Baku, the interruption of General Andranik’s maneuver, gross mistakes in the sphere of management and security, especially the wrong strategy of self-defense, the illusion of the possibility of coexistence with aggressive Muslims, neglect of a number of military-political and socio-economic factors, etc. d.

The emphasis on the causes of the failure of Shushi’s self-defense is associated with the need to correctly understand the problems of historiography and consider them in a causal connection.


[1] Հարությունյան Մ., Արմենոցիդի քաղաքականության ուրացումը և ապստամբության առասպելը, «Լրատու» (գիտական հոդվածների ժողովածու), Ստ., 2008, հմ. 1, էջ 71-78, նույնի՝ Շուշիի մարտյան ողբերգության պատմագրության հիմնահարցերը, «Ադրբեջանի պետական  ահաբեկչությունը  և  էթնիկական  զտումների  քաղաքականությունը Լեռնային  Ղարաբաղի  դեմ», 2010 թ. մարտի 21-24-ը Ստեփանակերտում  և  Շուշիում  կայացած   միջազգային  գիտագործնական  կոնֆերանսի   զեկուցումներ: Խմբ. Մ. Ա. Հարությունյանի «Կաճառ»  տարեգիրք, գիրք  4 (47-58), Շուշի, «Կաճառ»  գիտ. կենտրոնի   հրատ., 2010, էջ  45:

[2] Տես Բալայան Վ., 1920 թ. մարտի 23-ի Շուշիի ջարդերը որպես 1915 թ. Հայոց ցեղասպանության անպատժելիության հետևանք, «Հայագիտական ուսումնասիրություններ», Ս., ԱրՊՀ հրատ., 2015, № 6, էջ 31-42, Balayan V., The Massacre of the Armenians of Shushi on March 23, 1920 as a Consequence of Impunity of the Armenian Genocide in 1915, Journal of Armenian Studies (International Review of Armenian Studies), Y., Printing House of the NAS RA, 2016, № 2, p. 95-105:

[3] Այդ շրջանի համապատասխան գրականության տեսությունը տես Հարությունյան Մ., Արցախյան շարժման պատմագրության հիմնահարցերը, մաս 1-ին, Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2019, էջ 44-47, 169-184:

[4] Բարսեղյան Խ., Պատմությունն անհնար է կեղծել…(Գրախոսության փոխարեն: Փաստեր, մտորումներ), «Սովետական Հայաստան», 9 ապրիլի 1989 թ., էջ 3:

[5] Դէպքերը Ղարաբաղում. Շուշու կոտորածը, «Մշակ», 1920 թ., № 9, Շուշու տրագեդիան. խուճապ, «Մշակ», 1920 թ., № 37 (արտատպություն «Սիւնիք» թերթից), Հովհաննիսյան Բ., Շուշվա կոտորածը ականատեսի աչքերով, «Ավանգարդ», 1990 թ., № 45, Տեր-Սարգսյան Մ. (Միտսար), Լեռնային Ղարաբաղ, «Ավանգարդ», 1991 թ., №№ 34-35 ևն:

[6] Տե՛ս Հարությունյան Մ., Շուշիի մեծ ողբերգությունը (1920 թ. մարտ), դիպլոմային աշխատանք, Ս., 1994 (այժմ պահվում է «Կաճառ» գիտական կենտրոնի արխիվում, ֆ. № 34, գ. № 5):

[7] Հարությունյան Մ., Խորհրդածություն Շուշիի մեծ ողբերգության շուրջ, «Ազատ Արցախ», 23 մարտի 1999 թ., № 33, էջ 4,7, նույնի, … Թե ով է հանիրավի մեղադրանքի հեղինակ, «Ազատ Արցախ», 24 օգոստոսի 1999 թ., № 99, էջ 3, նույնի, Շուշիի ողբերգության մի քանի պատճառների մասին, «Մարտիկ», 20-24 մարտ, 2000 թ., № 12, էջ 3, նույնի, Արմենոցիդի քաղաքականության ուրացումը և ապստամբության առասպելը (Շուշիի մարտյան ողբերգության 85-րդ տարելիցի առթիվ), «Ազատ Արցախ», 24 մարտի 2005 թ., № 34, նույնը տե՛ս նաև` «Մարտիկ», 19-26 մարտ 2005 թ., № 11, էջ 4, Отступление от политики арменоцида и миф о восстании (К годовщине мартовской трагедии в Шуши), “Азат Арцах”, 26 марта 2005 г., № 20, с. 4:

[8] Հարությունյան Մ., Արմենոցիդի քաղաքականության ուրացումը և ապստամբության առասպելը, «Լրատու» (գիտական հոդվածների ժողովածու), Ս., 2008, № 1, էջ 71-78, նույնի` Հայաստան-Արցախ. պատմության և արդիականության զուգահեռներում, հոդվածների ժողովածու, գիրք առաջին, Ս., 2009, էջ 135-146, 215-220, նույնի՝ Անցյալը մեզ հետ է. վերագնահատումներ, խորհրդածություններ, Շ., «Կաճառ» գիտական կենտրոն, 2015, էջ 37-51 ևն:

[9] Աբրահամյան Հ., Հայոց Շուշին հրե բոցերի մեջ, «ԼՂ Հանրապետություն», 1995 թ., № 4, էջ 3, № 7, էջ 3 (նույնը տե՛ս նաև` «ԼՂ Հանրապետություն», 1997 թ., № 11, էջ 4), նույնի՝ Ինչու՞ Շուշին հանձնվեց թուրք զավթիչներին, «ԼՂ Հանրապետություն», 1996 թ., № 159, էջ 5, 8, նույնի՝ Թե ինչու Զորավար Անդրանիկը չմտավ Ղարաբաղ, «ԼՂ Հանրապետություն», 10 սեպտեմբերի 1996 թ., Ավագյան Ս., Ղարաբաղ. փաստերի տրամաբանությունը (պարբերական մամուլի նյութերով), «Երեկոյան Երևան», 4.12.1989 թ., էջ 3, Բաղդասարյան Մ., Գազանաբար խոշտանգված թագուհին (Շուշիի 1920 թ. մարտյան եղեռնի 75-ամյակի առթիվ), «ԼՂ Հանրապետություն», 1 ապրիլի 1995 թ.:

[10] Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում. 1918-1920 թթ.: Պատաս. խմբ.` Վիրաբյան Ա., կազմ.` Միրզոյան Ս., Ղազիյան Ա., Ե., ՀՀ պատմութ. արխիվ, 2003, Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում. 1918-1920 թթ., փաստաթղթերի ժողովածու, գիրք II, պատաս. Խմբ.` Վիրաբյան Ա., կազմ.` Միրզոյան Ս., Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012:

[11] Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեան. գիրք Թ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը (1813-1933), կազմ. և առաջաբանը գրեց` Սանդրօ Բեհբուդեանը, Ե., 2001:

[12] Արցախի և Զանգեզուրի պաշտպանությունը 1920 թ., «Երկիր», 7 հոկտեմբերի 1994 թ., Газиян А., ”… Но в Карабахе войн не станет меньше“ — свидетельствуют письма убийц и мародеров после Шушинской резни 1920 г., ”Голос Армении“, 30 марта 2004 г.,№ 32, с. 1-2:

[13] Միքայելյան Ա., Ղարաբաղի վերջին դեպքերը, «Հայրենիք», Բ., 1923, № 7, էջ 156-167, № 8, էջ 110-122, № 9, էջ 115-121, № 11, էջ 110-119, № 12, էջ 118-127 (այն արտատպվել է. Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեան. գիրք Թ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը (1813-1933), էջ 778-827), Ստեփանեան Յ., Արցախեան կամ Շուշուայ գնդի պատմութիւնը, «Հայրենիք», Բ., 1935, №№ 3-7, Սարուր (Քիրս Սարոտ), Ղարաբաղի կցումը Ադրբեջանին, «Հայրենիք», Բ., Յունիս, 1929, № 8, արտատպված է` «Դրօշակ», մարտ, 1990, էջ 78-96, նույնի՝ Ղարաբաղի կռիվների շուրջ, «Հայրենիք», Բ., 1934, № 5, Լեո, Անցյալից, Թ., 1925 (վերահրատարակվել է 2009 թ., Երևանում), Мелик-Шахназаров З., Записки карабахского солдата: Воспоминания участника событий 1918-1920 гг. в Нагорном Карабахе, М.-Е., 1995, Melik — Shahnazarow Z., Sketches of Karabakh soldier, M., 1996, Տեր-Դանիելյան Մ. (Արամայիս), Ղարաբաղի տագնապը (պատմության համար). օրագրություն (26 ապրիլի-26 հուլիսի 1919 թ.), Ե., 1993, Իշխանյան Ե., Լեռնային Ղարաբաղ. 1917-1920, Ե., 1999, Թումյան Հ., Դեպքերը Լեռնային Ղարաբաղում. 1917-1920 թթ., պատմական ակնարկ, Ե., 2008. Կսիբեկյան Ա., Հուշեր, 2 գրքով, Ե., 2011 ևն:

[14] Գրիգորյան Ռ., Թուրք մուսավաթական զորքերի ոճրագործությունները Անդրկովկասի հայաբնակ շրջաններում 1918-1920 թթ., «ԲՀԱ», 1996, № 1, էջ 88-111, Գևորգյան Հ., Դրո: Պատմագիտական աշխատություն, Ե., ԵՊՀ հրատ., 2014, Խատիսյան Ալ., Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բ., 1968, Կարապետյան Բ., Հարյուր տարվա երկխոսություն, Ե., 1990, Հովհաննիսյան Ա., Հուշեր անցյալից, «ԼՀԳ», 1966, № 3, էջ 66-75, Հովհաննիսյան Գ., Սովետական իշխանության հաստատումը Լեռնային Ղարաբաղում, Ե., 1971, Ղարիբյան Ա., Շուշիի 1920 թ. կոտորածը, Շուշին հայոց քաղաքակրթության օրրան: Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութեր, Ե., 2007, էջ 205-217, Մելիք-Շահնազարյան Զ., Թուրքական ագրեսիան Ղարաբաղում Բաքվի կոմունայի անակումից հետո, «Արցախ» հանդես, Ս., 1990, №№ 5-6, էջ 25-29, Միրզոյան Ս., Սարգսյան Կ., Անցյալ չկորուսյալ (Արցախ` փրկության ելքը. 1918-1920), «Գարուն», 1991, № 2, էջ 90-95, Պողոսյան Հ., Անդրանիկ զորավարի մի նամակը գեներալ Բագրատունուն, «Մանկավարժ», 1990, № 8, էջ 58-62, Սարգսյան Ա., Լեռնային Ղարաբաղի պատմությունից (1918-1921 թթ.), «ԲՀԱ», 1989, № 3, էջ 63-104, Սարգսյան Ե., Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918 թթ., Ե., 1964, Սիմոնյան Հ., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Ե.,1991, Սողոմոնյան Մ., Սովետական իշխանության հաստատումը Լեռնային Ղարաբաղում, «ԲՀԱ», 1968, № 1, էջ 113-128, նույնի` Լեռնային Ղարաբաղում թուրքական ինտերվենցիայի հարցի շուրջը (1918 թ.), «ԲՀԱ», 1972, № 1, էջ 185-196, Վիրաբյան Վ., Հայաստանը այսրկովկասյան հանրապետությունների 1920 թ. ապրիլի վեհաժողովում և ազգամիջյան փոխհարաբերությունները, Ե., 1998, Տեր-Գասպարյան Ռ., Շուշի քաղաքը, Ե., 1993, Քաջազնունի Հ., ՀՀ դաշնակցությունն անելիք չունի այլևս, Թ., 1924, Микаелян В., Хурщудян Л., Некоторые вопросы истории Нагорного Карабаха, “ВОН”, 1988, № 4, с. 43-56, Мкртчян Ш., Давтян Щ., Шуши. город трагической судьбы, Е., 1997 (նույնը հայերեն և անգլերեն տպագրվել է 2008-ին, Երևանում), Нагорный Карабах (Историческая справка), Е., Изд. АН Арм. ССР, 1988, Эвоян В., Баликян О., Из истории Нагорного Карабаха (1918-1921 гг.), “ВАА”, 1989, № 1, с. 86-130, Баликян О., К политике Азербайджанской республики в феврале 1920 г., “ВАА”, 1990, № 2, с. 256-258, Hovannisian R., The Republik of Armenia. v. 1. The first year, 1918 — 1919. University of California press, B.. L.A. L., 1972, Hovannisian R., The Republik of Armenia. v. 3. FromLondon to Sevres, February-August, 1920. University of California press, B. L.A. L., 1996, Карабахский вопрос: история и сущность в документах и фактах, С., 1989, Правда о Нагорном Карабахе. Материалы и документы, Е., 1989, Правда о Нагорном Карабахе. Сост. В. А. Товмасян, Ю. Б. Нерсисян, С., 1989 ևն:

[15] Հարությունյան Հ., Շուշին Արցախյան գոյապայքարում(1918–1920 թթ.), «ՊԲՀ», 2013, № 1, էջ 22-43, նույնի՝ Շուշիի հայության կոտորածները (1919 թ. հունիս և 1920 թ. մարտ), «Բանբեր հայագիտության» (հայագիտական միջազգային հանդես), Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015, N 1, էջ 50-69,  Բալայան Վ., նշվ. հոդվ., էջ 31 (հմմտ.՝ անգլ. թարգմ. Journal of Armenian Studies, 2016, № 2, p. 95), Գևորգյան Հ., նշվ. գիրքը, էջ 563-564, 568-569, Աբրահամյան Հ., Մարտնչող Արցախը 1917-2000, գիրք Ա (1917-1923), Ե., 2003, էջ  178-183 ևն:

[16] “Азербайджан”, 2 апреля, 1920 г., № 67:

[17] ՀՅԴ ԿԱ, թծ. 1649, գ. №№ 1- 6, ՀՀ ԲԿԱ (Հայաստանի հանրապետության Բոստոնի կենտրոնական արխիվ), ֆ. Ս. Վ. (Սիմոն Վրացյան), թծ. 8, գ. № 10, էջ 3: Հմմտ.՝ Hovannisian R., The Republik of Armenia. v. 3. From London to Sevres, February-August, 1920. University of California press, B.-L.- A.-L., 1996, p.  149-151, Իշխանյան Ե., նշվ. գիրքը, էջ 614-615, Գևորգյան Հ., նշվ. աշխ., էջ  563-565:

[18] Միքայէլեան Ա., Ղարաբաղի վերջին դէպքերը, «Հայրենիք» ամսագիր, Բ., 1923, № 11, էջ 118, № 12, էջ 121:

[19] Լեո, Անցյալից, էջ 437-438:

[20] ՀՅԴ ԿԱ, թծ. 1649, գ. №№ 1-6 (ցավոք, առայժմ մեզ անհասանելի են այդ նյութերը: Դրանց մասին որոշակի պատկերացում են տալիս պատմաբաններ Ռիչարդ Հովհաննիսյանի և Համլետ Գևորգյանի ընդարձակ մեջբերումները հիշյալ գործերի նյութերից. հմմտ.՝ Hovannisian R., The Republik of Armenia. v. 3. p. 153, Գևորգյան Հ., նշվ. աշխ., էջ  566):

[21] Իշխանյան Ե., նշվ. գիրքը, էջ  548, 552-554, 577 ևն:

[22] Գևորգյան Հ., նշվ. աշխ., էջ  563-565:

[23] Նույն տեղում, էջ 566:

[24] Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարը, Ե., «Գիր գրոց», 1994, էջ 78-83:

[25] Հարությունյան Մ., Անցյալը մեզ հետ է. վերագնահատումներ, խորհրդածություններ, էջ 32:

[26] Տե՛ս Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում. 1918-1920 թթ.,  փաստ. №  362 (թիվ 132 առ 30 հունվարի 1920 թ., Բաքու), էջ 434:

[27] Տե՛ս Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов, док. № 153, с.238:

[28] Газарян В., Двух истин не бывает,“Советский Карабах”, 20 июля 1988 г., Ղազարյան Վ., Մի հանիրավի մեղադրանքի առթիվ, «Ազատ Արցախ», 8.06.1999 թ., № 66, նույնի, Անցյալը պահանջում է հարգալիր և անաչառ մոտեցում, «Ազատ Արցախ»,  2. 11.1999 թ., № 129:

[29] Տե՛ս, օրինակ, Ղուլյան Յու., Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պատմությունից.1918-1920 թթ., Ե., 2009, էջ 308, Բաղդասարյան Գ., Շուշիում հայերի կոտորածի չպարզաբանված երեք հանգամանք, «Անալիտիկոն», մարտ, 2015 (հմմտ.՝ թվային տարբերակի հետ՝ http://theanalyticon.com/?p=6079#more-6079 [ներբեռնումը՝ 18.02.2020 թ.]): 2018 թ. ԱրՊՀ-ում Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովում պ. գ. դ., պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանը, որը մասնագիտացել էր Արցախի պատմության 1918-1923 թթ. ժամանակահատվածի ուսումնասիրությամբ, խոստովանեց, որ «մինչև հիմա սխալվել է՝ գրելով 1920 թ. մարտյան ապստամբություն մասին: Փաստերը խեղաթյուրելով՝ դա շրջանառության մեջ են մտցրել մուսավաթական Ադրբեջանի պաշտոնյաները, իսկ հետագայում լայնորեն տարածել ադրբեջանցի պատմաբաններն ու մյուս հեղինակները (պատմաբանը ծանոթացել էր նրանց 80-ից ավելի գործերին), որպեսզի Շուշիում հայ ազգաբնակչության հանդեպ իրականացված եղեռնագործությունն արդարացնեն և դրանում մեղադրեն հայերին»: Մեր պարտքը համարեցինք անհապաղ արձանագրելու, որ այդ մասին շարունակաբար գրում ենք արդեն տասը տարի, սակայն, Հրանտ Աբրահամյանի այս արձագանքն առաջինն է՝գնահատելով այն որպես սառույցը տեղից շարժելու նախանշան կամ սկիզբ:

[30] Իշխանյան Ե., նշվ. գիրքը, էջ VIII:

[31] Նույն տեղում, էջ 92-93:

[32] Իշխանյան Ե., նշվ. գիրքը, էջ 162:

[33] Այդ մասին են վկայում արխիվային փաստաթղթերը: Տե՛ս, օրինակ, «Արցախ» հանդես, Ս., 1989, № 1, էջ 89:

[34] ՀԱԱ, ֆ. 275, ց. 5, գ. 212, թ. 42 (հմմտ.՝ Յալանուզյան Մ., Ադրբեջանը պատրաստ է գրոհել, https://republic.mediamax.am/story/98/[ներբեռնումը՝ 21.02.2020 թ. ]):

[35] Իշխանյան Ե., նշվ. գիրքը, էջ 84:

[36] Այդ մասին, բրիտանական արխիվների նյութերի հիման վրա, արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Ռիչարդ Հովհաննիսյանը: Տե՛ս Hovannisian R., The Republik of Armenia. v. 1. The first year, 1918 — 1919, p. 156-161:

[37] Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов, док. № 153, с. 238:

[38] Правда о Нагорном Карабахе. Сост. В. А. Товмасян, Ю. Б. Нерсисян. Степанакерт, 1989, с. 27:

[39] «Յառաջ», 26 փետրվարի 1920 թ., № 42:

[40] Հովհաննիսյան Գ., Սովետական իշխանության հաստատումը Լեռնային Ղարաբաղում, Ե., 1971, էջ 142:

[41] Տեր-Գասպարյան Ռ., Շուշի քաղաքը, Ե., 1993, էջ 60-63:

[42] Արցախի պատմությանն իրազեկ Շահեն Մկրտչյանն անցած հարյուրամյակի վերջերին մեզ հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ պատմել է, որ մեր երկրամասի ռազմական կոմիսար Հարություն Թումյանը նրան խոստովանել էր 1918-1920 թթ. Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման ու ղեկավարման լուրջ թերությունների, սուբյեկտիվ պատճառներով բացթողումների ու ինքնահոսի մատնված գործընթացների, ինքնագլուխ և անմտածված քայլերի մասին, որոնց հանրագումարը դարձավ Շուշիի սրտակեղեք կորստի ու բազմաթիվ այլ աղետների պատճառներից մեկը:

Պատասխան թողնել