Մհեր Հարությունյան
Ավելի քան հարյուր տարի պահանջատեր հայ ժողովուրդն անդադրում հետամտում է պատմական արդարության վերականգնմանը: Երկարատև ու դժվարին պայքարը տվել է իր առաջին արդյունքը. բազմաթիվ երկրներ ճանաչել ու դատապարտել են քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը:
Բազմաթիվ երկրների առաջադեմ հասարակություններն այդ մեծ ոճիրը իրավամբ համարում են ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ գործված հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի: Մեր ժողովուրդը համոզված է, որ մի օր կգա հատուցման պահը և թուրք ոճրագործների նյուրնբերգը կկայանա… Սակայն, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, ազգովի´: Եվ այդ երկար ճանապարհին մեզ անհրաժեշտ է լինելու հիշել անցյալի դասերը: Չէ՞ որ անցյալը սոցիալական կյանքի կուտակած փորձի մարմնացումն է: Մեր ժողովրդի` դարերի ընթացքում կուտակած փորձի ընդհանրացումն ու վերաիմաստավորումը երիցս անհրաժեշտ են մանավանդ այս տագնապահարույց օրերին: Միայն այդ ճանապարհով կարելի է գտնել արդիականության ամենահրատապ հարցերի պատասխանները: Այս առումով` ցեղասպանության պատմությունը ոչ միայն մեր ժողովրդի հիշողությունն է, նրա կենսագրության մռայլ էջը, այլ նաև ներկայի վրա ներազդող և ապագան ուրվանշող հզոր գործոն:
Այդ ողբերգական իրադարձության վերաիմաստավորումը կարևոր է հատկապես պատմական դասերի վերհանման առումով: Անտեսելով դրանք, մենք կարող ենք դատապարտվել ցեղասպանության ողբերգությունը վերստին ապրելուն: Հենց այս մտահոգությամբ էլ հայ ժողովրդի լավագույն զավակները հերթական տարելիցի առթիվ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և վերստին փաստում ցեղասպանության հետևանքների վերացման ու հանուն պահանջատիրության անդադար պայքարելու իրենց վճռականությունը:
Ներկա սերունդը գիտակցում է, որ հզոր և բարգավաճ պետականության կերտումը Հայրենատիրության առաջին և կարևոր փուլն է, Հայոց ցեղասպանության հետևանքները հաղթահարելու՝ մեր ժողովրդի բարոյական պարտքի կատարման, Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև Թուրքիային պատասխանատվության ենթարկելու երաշխիքը: Ակնհայտ է, որ առանց ազգային պետականության հնարավոր չէ կանխել ցեղասպանության վտանգը: Պետականության կորստի աղետալի հետևանքների գիտակցումը մեզ պետք է աչալուրջ պահի, անպայման գերակայի քաղաքական հովերին:
Թվում է, թե հասկանում ենք, որ դարեր շարունակ մեր ժողովրդի ձախողումների հիմնական պատճառը նրա միասնականության, համախմբվածության խաթարումն է եղել: Նաև գիտակցում ենք, որ պատմականորեն հատվածական հոգեբանություն ձեռք բերած մեր ժողովրդի պարագայում բազմակուսակցականությունը և այլախոհությունը, մանավանդ, եթե դրանք խարսխված են անհանդուրժողականության ու հիվանդագին մրցակցության վրա, աղետալի հետևանքներ կարող են ունենալ:Բայց դեռևս չենք հանգել այն համոզմանը, որ համաժողովրդական համախմբումը պետք է կատարվի ազգային մեկ գաղափարի կամ գաղափարախոսության շուրջ, որի առանցքը կարող է լինել ամուր և հզոր պետությունը, Հայոց մեծ եղեռնի հետևանքների վերացումը կամ Հայրենատիրությունը: Մեր հայրենիքին վերատիրելու դատապարտվածությունը հրամայաբար պահանջում է լինել մշտական պատրաստականության վիճակում, միահամուռ` մեր ազգային նպատակներին հասնելու գործում: Մանավանդ, որ պատմությունն էլ համառորեն ապացուցում է, որ ոչ թե օրհասական պահին պետք է համախմբվել՝ վերահաս ողբերգությանը դիմագրավելու, այլ՝ նախօրոք, այն կանխարգելելու, նրա իրականացմանը խոչընդոտելու համար: Իսկ որպեսզի դա հաջողությամբ պսակվի, պետք է նաև կանխատեսել կարողանալ, ինչի համար էլ հենց կոչված են քաղաքական գործիչները: Քանիցս պատմությունը մեզ ուսուցանել է, իսկ Հայոց մեծ եղեռնի քաղաքական դասը` կրկին հուշել, որ միշտ էլ աղետալի հետևանքներ են ունենում օտար տերությունների ողորմածության վրա հույս դնելը, նրանց միջամտության վրա հաշվարկներ կառուցելը: Դասագրքային ճշմարտություն է այն, որ Հայկական հարցը միջազգային դիվանագիտության համար եղել է Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու, արտաքին-քաղաքական հարցեր լուծելու միջոց:
Հայոց մեծ եղեռնի քաղաքական գլխավոր դասերից մեկը, թերևս, այն է, որ մեր պահանջատիրության համար պետք է ստեղծենք իրական հիմքեր, այսինքն՝ այն պետք է արտահայտվի մեր ժողովրդի ու պետության հնարավորությունների չափով, բխի մեր ներուժից և ուղիղ համեմատական լինի մեր պատրաստականությանը: Ցավոք, հաճախ մեր պահանջատիրությունը ուտոպիական է եղել, կառուցված օտարի հնարավոր միջամտության (աջակցության) և սխալ հաշվարկների վրա: Այսօր էլ այն մտայնությունն է, թե միջազգային հանրությունը և տերությունները, եթե ճանաչեն Հայոց ցեղասպանության փաստը, մեր պահանջատիրությունը կստանա նյութական-առարկայական հիմք: Բայց դա, ինչպես վկայում է մեր անցյալը, ինքնախաբեություն է, պատրանք, ցանկալին իրականության տեղ դնելու մոլորություն: Ասվածն ամենևին չպետք է հասկանալ որպես թերահավատություն Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման հասնելու համար պայքարի հանդեպ, մանավանդ, որ այդ պայքարը, փաստորեն, Ադրբեջան-ԼՂՀ հակամարտությունում Թուրքիայի կողմնակալ մոտեցումներին հակազդելու միջոցներից մեկն է դարձել: Սակայն, հետամտելով այդ քաղաքականությանը, հարկ է զուգահեռաբար և, իհարկե, նաև հնարավորինս առաջանցիկ կերպով մեծացնել Հայոց պետականության ներուժն ու հնարավորությունները, որպեսզի հարկ եղած դեպքում, մեզնից ազդեցիկ ուժ և վճռորոշ գործոն ներկայացնելով, կարողանանք այլևս թույլ չտալ մեր խնդիրը տերությունների միջև հարաբերություններ պարզելու միջոց (գործիք) դարձնելու արատավոր պրակտիկայի նոր դրսևորումներ:
Անհուսալի ու երիցս արդարացված չէ անվերապահորեն որևէ երկրի ռազմական օժանդակությանն ապավինելը, որովհետև օտարը չի կարող պաշտպանել մեր հայրենիքը այնպես, ինչպես` մենք ինքներս: Հետևաբար՝ մենք զօր ու գիշեր պետք է նախապատրաստվենք սեփական ուժերով մեր պետականությունը պաշտպանելուն և միշտ աչքի առաջ ունենանք հենց այդ հեռանկարը:
Կասկած չի հարուցում այն, որ վերահաս ողբերգությանը կարելի է դիմագրավել երկարատև ու համառ պայքարի ոգու, հավատի ու ինքնավստահության միջոցով: Ցավոք, այդ որակներն ազգի մեջ դաստիարակելու գերխնդիրը լուծել չկարողացան ո´չ հայ քաղաքական կուսակցություններն ու հոսանքները, ո´չ հայ եկեղեցին ու ո´չ էլ ազգային կրթական համակարգը: Դա էր, թերևս, հիմնական պատճառը, որ ժողովրդի դիմադրական շարժումը՝ ինքնապաշտպանությունը, տարերային ու տեղային բնույթ էր կրում, ինչն, անշուշտ, բավական չէր այնպիսի մեծ խնդիրների լուծման համար, ինչպիսին Հայրենիքի պաշտպանությունն էր ու ժողովրդի փրկությունը կոտորածներից:
Դժվար չէ նկատել, որ ազատագրական պայքարի կամ համընդհանուր զինված ինքնապաշտպանության մարտավարությունը, ըստ էության ու հանգամանորեն չմշակվեց, ժողովուրդը դրան հետևողականորեն չնախապատրաստվեց, ինչը հաջողության գրավական կարող էր լիներ:Սրանից ելնելով` գոնե այսօր մենք պարտավոր ենք հստակեցնել մեր նպատակներն ու պահանջները Թուրքիայից, բարոյական հատուցում ակնկալելու մակարդակից դրանք տեղափոխելով միջազգային-իրավական հարթություն:
Արմենոցիդի հետևողական քաղաքականության իրողությունը մեզ հուշում է, որ չի կարելի եվրոպական միջավայրի քաղաքական գործընթացները կուրորեն ընդօրինակել ու փորձել դրանք կիրառել Ասիայում, մանավանդ՝ նրա ամենահետամնաց ու վայրենի մասում՝ Թուրքիայում: Այսինքն՝ մշտապես պետք է հաշվի առնել այն փաստը, որ Եվրոպան և Թուրքիան տարբեր միջավայրեր են, պատմական, սոցիալ-տնտեսական, ազգային և կրոնական անհամատեղելիությամբ: Ուստի, կարելի է վստահաբար պնդել, որ Թուրքիան չի հետևի Գերմանիայի օրինակին… Միանշանակ սնանկ են այն հույսերը, թե երբևէ Թուրքիան իբր այնքան քաղաքակիրթ կդառնա, որ ինքնակամ կճանաչի Հայոց ցեղասպանությունը (ի դեպ, այն ուրանալը և ժխտելը ևս հանցակցություն է): Զղջումը կարող է լինել սոսկ այն դեպքում, երբ Թուրքիան ծնկի բերվի մեր ռազմաքաղաքական, գիտատեխնիկական ու տնտեսական հզորության առաջ: Այսօր դա պետք է լինի մեր գերակա, համազգային խնդիրը: Այլ կերպ, քան զավեշտ չենք կարող որակել այն արհեստական վիճակը, երբ միջազգային որոշ կազմակերպություններ և նույնիսկ հայ քաղաքական գործիչներից ոմանք, ապարդյուն ջանում են հավատացնել, թե հնարավոր է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մինչդեռ Հայոց մեծ եղեռնը, դրա շարունակությունը մինչև 1920-ական թվականները, այդ թվում` նաև Արևելյան Անդրկովկասում, ընդհուպ մինչև 20-րդ հարյուրամյակի 80-90-ական թվականները, անդադար ահազանգում են ճիշտ հակառակի մասին: Պետք է հիշել, որ Թուրքիան և նրա կողմից ուրիշ ժողովուրդների տարածքներում ստեղծված Ադրբեջանը կմնան հայրենազրկված ազգերի ոխերիմ թշնամիները, քանի դեռ վերջապես չեն ազատել նրանց պատմական հայրենիքը: Անկախ նրանից, թե ինչպիսի վարչակարգ է Թուրքիայում, նրա հետ համագործակցությունը լի է կանխատեսելի և անկանխատեսելի վտանգներով: Հայաստանի ու Թուրքիայի հակամարտության հիմնական պատճառը պանթուրքիզմն է, որը գնալով ավելի սքողված, բայց և ահագնացող վտանգի բնույթ է ստանում:
Վերջին տարիներին հայագիտությունը զգալի ուշադրություն է դարձնում ցեղասպանության պատմության և միջազգային դատապարտման հասնելու հիմնախնդիրներին: Դա բխում է նաև ցեղասպանության մասին խոր գիտելիքներ և ճիշտ պատկերացումներ ունենալու անհրաժեշտությունից, ինչը թույլ կտա հենց վաղ դրսևորումներից ճանաչել այն և կանխել ողբերգությունը: Փաստը, որ 1915-ը շարունակություն ունեցավ ու կրկնվեց նաև Հայկական լեռնաշխարհի այլ մասերում և, անգամ փորձարկվեց 1988-1992 թվականներին, վկայում է մեր անցյալը վատ գիտենալու, և, ցավոք, պատմության դասերն անտեսելու մասին…
Մինչդեռ, հարկ է մշտապես արթուն պահել պատմական հիշողությունը, նպատակային քարոզչությամբ-տեղեկատվությամբ ժողովրդին խանդավառել մայր հայրենիքին վերատիրելու գաղափարով, տոգորել նրան սեփական երկիրը սիրելու, հողին տեր կանգնելու, Հայրենիքի պաշտամունքի զգացմունքներով, արմատախիլ անելով օտարամոլությունը, հատկապես` դժվար պահերին տաքուկ անկյուններ չվելու հակումը: Անցյալից դասեր քաղելը մշտական բնույթ պետք է կրի, ինչը թույլ կտա հրատապ սրբագրումներ մտցնել հետագա զարգացման մարտավարության և ռազմավարության մեջ: Պարտավոր ենք մշտապես հիշել, որ, թիկունքից ևս մի հարված հասցնելու համար մեր թուլացմանը սպասող թշնամի հարևաններ ունենք:
Տարածված մտայնություն է Հայոց ցեղասպանությունը հրեական ողջակիզման հետ համեմատելը: Եթե երևույթի նմանության մասին կասկած լինել չի կարող, ապա ցեղասպանությունից դասեր առնելու առումով զգալիորեն զիջում ենք հրեաներին: Այսօր Իսրայելը հզոր երկիր է բազմամիլիոնանոց արաբական աշխարհի կենտրոնում, տիրապետում է ազգային անվտանգության ապահովման գլխավոր միջոցի` միջուկային զենքի, և ոչ երկրորդական ազդեցություն ունի համաշխարհային գործընթացների վրա: Դա արդեն ցեղասպանության հետևանքները վերացնելու լուրջ հայտ է: Անկասկած` հրեաների նպատակասլաց գործելու օրինակը պետք է հրապուրի մեզ` որպես ազգ ու պետություն հզոր լինելու մեր ձգտումներում: Մնում է հուսալ, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչումը, անցյալի դասերի սերտումը ազգային համախմբման, հավատի ու վստահության խթան կդառնան, հզոր ու բարգավաճ պետություն կերտելու ճանապարհով մեր ազգային անվտանգությունն ու արժանապատվությունը մեր իսկ ոգեղեն կամքի և բազկի միջոցով ապահովելու պատգամ կլինեն:
Ադրբեջանի նախահարձակմանը դիմագրավելու համար հայ ժողովուրդը 1988-1994 և 2016 թվականներին մղեց իր հայրենական պատերազմը և ոչ միայն պաշտպանեց իր հայրենիքում ապրելու անկապտելի իրավունքը, այլ նաև ազատագրեց թուրք-ադրբեջանական զավթիչների կողմից 1918-1923 թվականների ընթացքում, էթնիկական զտումների, ցեղասպանության ու պետական ահաբեկչության միջոցով բռնազավթված բուն հայկական մի շարք տարածքներ, որոնք կազմում էին պատմական Հայաստանի մասը… Ներկա և գալիք սերունդներն ուղղակի դատապարտպած են վաղ թե ուշ հետ բերելու կամ ազատագրելու մեր պատմական հայրենիքի բոլոր եզերքները… Սա է արմենոցիդի քաղաքականության հետևանքների վերացման միակ ուղին` նպատակաուղղված Հայրենատիրության գերնպատակի հետևողական իրականացմանը…
Թուրքական սվինների միջոցով ստեղծված Ադրբեջանը, որը 1918 թվականից սկսած Արևելյան Հայաստանում իրականացնում է հայ ազգաբնակչության էթնիկական զտումներ, ցեղասպանություն և հայրենազրկում, որպես` Թուրքիայի որդեգրած արմենոցիդի քաղաքականության շարունակություն, նախահարձակման անցնելով և ներխուժելով պատմական Արցախի տարածքները, սկսեց թուրքերին յուրահատուկ դաժանությամբ, բռնատեղահանել ու կոտորել բնիկ հայ ազգաբնակչությանը: Պաշտպանական ու ազատագրական բազմաթիվ մարտերով Արցախի հայ ազգաբնակչությունը, համայն հայության աջակցությամբ, խափանեց Ադրբեջանի զավթողական նկրտումները, տապալեց զենքի ուժով Արցախյան հիմնահարցը լուծելու Բաքվի պլանները, պաշտպանեց հող հայրենին և վերընձյուղված Հայոց պետականությունը, այնուհետև, ռազմական ծանր պարտությունների մատնելով նախահարձակ հակառակորդի զինված ուժերին, նրանց վանեց ԼՂՀ-ի սահմաններից անվտանգ հեռավորությամբ, լռեցրեց ազգաբնակչության համար մահացու վտանգ ներկայացնող բազմաթիվ թշնամական կրակակետեր, ազատագրեց պատմական հայրենիքի որոշ տարածքներ: Մարտնչող ժողովուրդը հարկադրեց Ադրբեջանին, որը Թուրքիայի հրահրմամբ շարունակ համառում ու խուսափում էր ռազմական գորոծողությունների անհապաղ դադարեցումից, ի վերջո, վարել բանակցություններ և համաձայնության գալ հրադադարի շուրջ: Հիմնականում այդ հաղթանակների, պատերազմի ընթացքում գծված ու ժամանակի քննությանը դիմացած բնական սահմանների և ԼՂՀ պաշտպանության բանակի մարտունակության շնորհիվ, տարածաշրջանում հաստատված հրադադարը պահպանվել է մինչև 2016 թվականի ապրիլը, ինչը, նախ և առաջ, ուժերի հավասարակշռության արդյունք է: Պաշտպանական ու ազատագրական մարտերի շնորհիվ արցախցին վերահաստատեց իր բնօրրանում ապրելու, ազատ ու անկախ գոյավիճակի իր իրավունքը, ստանձնեց նախնյաց սխալների ու բացթողումների սրբագրման առաքելությունը, վերստին իրական նախադրյալներ ստեղծելով ու հույսեր առաջացնելով Միացյալ Հայաստանի վերականգնման համար…
Հավատացած ենք, որ դա վաղ թե ուշ լինելու է, իսկ մինչ այդ մեզ անհրաժեշտ է, նախ և առաջ, ամրապնդել ու պաշտպանել բոլոր ձեռքբերումները, զարգացնել ու հզորացնել Հայոց պետականությունը, ունենալ մարտունակ ու զորեղ բանակ, հայրենասեր, համակողմանիորեն պատրաստակամ միլիոնավոր սերունդներ, մրցունակ ու առաջանցիկ տնտեսություն, ինչպես նաև վերաբնակեցնել ու հայրենիք դարձնել ազատագրված բոլոր տարածքները…