ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ

Մեր գիտահետազոտական հանրությունն այսօր  ծանր կորուստ կրեց: Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 83-րդ տարում մահացավ Արցախի պատմության հմուտ ուսումնասիրող, թանգարանային գործի երախտավոր, հուշարձանագետ, Արցախյան շարժման գաղափարախոսներից և քաղաքական փուլի նախաձեռնողներից Շահեն Մկրտչյանը: Նա ոչ միայն Արցախյան շարժման գաղափարախոսներից, տեղեկատվական պատերազմի առաջամարտիկներից էր, որի արժեքավոր գրքերը շանթահարում էին ադրբեջանցի կեղծարարներին, մերկացնում նրանց նենգափոխումները, այլև Արցախի պատմության և նյութական մշակույթի քաջագիտակը, որ հետևողականորեն հանրահռչակել է հայրենի եզերքի պատմաճարտարապետական հուշարձանները, մեր նշանավոր հայրենակիցներին: Եվ վերջապես լավ ընկեր էր ու ավագ խորհրդատու: Շատ ափսոս, համատեղ ծրագրեր ունեինք, այդ թվում Շահեն Մկրտչյանի ֆոնդի ստեղծումը մեր կենտրոնում: Այդ ծրագրի իրականացումը կդառնա մեր անվանի հայրենակցի վաստակի գնահատականը և հիշատակի հավերժացման քայլերից մեկը:

ՄԿՐՏՉՅԱՆ ՇԱՀԵՆ ՄԱԿԻՉԻ [22.6.1936, Արփագյադուգ(Քարինգ), ԼՂԻՄ Հադրութի շրջան – 27.04.2020, Երևան]-պատմաբան-արվեստագետ, Արցախագետ, հրապարակախոս: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը(1965): Աշխատել է «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությունում` որպես թղթակից(1960-1961), Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն(1965-1972), Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալ(1972-1976), Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի՝ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի տնօրեն(1976-2012): Հեղինակել է ավելի քան 30 գիրք, այդ թվում` 10-ը` ռուսերեն, 5-ը` անգլերեն, մեկական` ֆրանսերեն, բուլղարերեն, քրդերեն, 2-ը` ադրբեջաներեն: Ացախի պարբերական մամուլին թղթակցել է դպրոցական տարիներից(1951):

Պարգևատրվել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով(2001), արժանացել ՅՈԻՆԵՍԿՈ-ի պատվավոր դոկտորի կոչման(2002), ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի(1998, 2002), «Արցախի գանձերը» գրքի համար` ՀՀ նախագահի մրցանակի(2002):

Երկ.`   Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, գրախոս.՝ Բ. Ն. Առաքելյան, Մ. Ս. Հասրաթյան, խմբ.՝  Վ. Մ. Հարությունյան, Բ. Ա. Ուլուբաբյան, ՀՍՍՀ պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ընկերություն, 2-րդ վերամշ. և լրաց. հրատ., Եր., 1985, Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, О-во охраны памятников истории и культуры АрмССР, Е., 1988, Արցախ-պատմամշակութային համառոտ ակնարկ,  Եր., 1991, Արցախում ես ուրիշ պատերազմ տեսա, Եր., 1996, Шуши. город трагической судьбы, Ереван,1997 (соавтор Давтян Щчорс), Vandalism: a collection of evidential and documentary materials about the destruction and misappropriation of the heritage of Armenian-Christian culture in Azerbaijan,Y., 2002, Нагорный Карабах: анатомия свершенного Азербайджаном геноцида (1920 – 1988 гг.). Пер. с арм. Наиры Айрумян. С., 2003 և այլն:

Leave a Reply