«ԿԱՃԱՌ» ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՌԱՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Արցախյան շարժումը նշանավորվել  է հայոց բազմադարյան պատմության արդի փուլի, հատկապես` հայ ազգային ազատագրական պայքարի տարեգրության մեջ ուրույն տեղ բռնած ռազմաքաղաքական   հաղթանակներով ու  կարևորագույն ձեռքբերումներով: Մայիսի 9-ը` որպես ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օր, սրբագործվել է 1992 թվականին, Շուշիի ազատագրմամբ: Շուշիի ռազմագործողությունում ձեռք բերված հաղթանակը համաշխարհային հասարակայնության համար բացահայտեց Արցախի հայ ազգաբնակչության կողմից բարձրացված հիմնահարցի, նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը, դրանց հասնելու գործընթացի անշրջելիությունը: Մասնավորապես, պարզ դարձավ, որ արցախյան կողմի շրջանցմամբ հակամարտության լուծման ցանկացած փորձ դատապարտված է: Իսկ ադրբեջանական կողմին հասկանալու ազդակ տրվեց, որ ազատության ու անվտանգության համար պայքարող մեր ժողովրդի առաջ անզոր են բոլոր խոչընդոտներն ու մարտահրավերները: Շուշիի ռազմագործողությունն իրենով նշանավորեց առանձին գործող ինքնապաշտպանական ջոկատներից ԼՂՀ ԻՊՈՒ-ի` նոր հաստիքակազմակերպական կառուցվածքի  անցման և արագ զարգացման  փուլի սկիզբը: Ուստի, պատահական չէ, որ մայիսի 9-ը նաև Պաշտպանության բանակի օրն է: ՊԲ-ի ստեղծումը կարևոր նշանակություն ունեցավ հակառակորդի ագրեսիայի կասեցման և պետական շինարարության ասպարեզում նվաճումներն ամրապնդելու համար:

Երախտապարտ սերունդները միշտ վառ են պահելու Շուշիի ազատագրման ժամանակ և, ընդհանրապես, մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը, և փառաբանելու են Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ովքեր մեր ժողովրդին վերադարձրին Շուշին ու պատմական Հայաստանի մյուս բեկորները:

Պետության կայուն զարգացման և անվտանգության համար չափազանց կարևոր են որակապես նոր հիմքի վրա դրված բանակ-հասարակություն հարաբերությունները, որոնք կենսական են երկուստեք, քանզի ուժեղ, մարտունակ, բարոյական բարձր չափանիշների վրա հենվող, հասարակության վստահությունն ու հարգանքը վայելող բանակը ազգային ու պետական անվտանգության հիմնական բաղադրիչներից է: Մեր պետության կայացման կայուն առաջընթացը վկայում է, որ մեր հաստատակամության, համախմբվածության ու միասնականության շնորհիվ մենք կհասնենք վերջնական նպատակին, գալիք սերունդներին թողնելով միավորված, ազատ ու անկախ, հուսալիորեն պաշտպանված, տնտեսապես զարգացած հայրենիք:

Եռատոնը  լավագույն առիթն է արտահայտելու անցյալը նաև գիտականորեն վերաիմաստավորելու միջոցով պետականակերտման նվաճումներն ամրագրելու մեր վճռականությունը, ինչպես նաև մեր զորակցությունը խաղաղության ու անվտանգության գլխավոր երաշխավորին` Զինված ուժերին և, իհարկե, տևական խաղաղության պահպանման նրա առաքելությանը: 

Շնորհավորում եմ հայ ժողովրդին Եռատոնի առթիվ և մաղթում նորանոր հաղթանակներ բոլոր ոլորտներում:

«ԿԱՃԱՌ» ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ                                     Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Leave a Reply