ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Արցախի անվանի մտավորական, գրող, հրապարակախոս, վաստակաշատ լրագրող Մաքսիմ Երվանդի Հովհաննիսյանը: Նա 1965-ին մարզային պատասխանատու աշխատողներից 13-ի պատմական նամակի հեղինակներից ու ստորագրողներից էր, որ ապրում էր և ստեղծագործում՝ հավաստի կերպով արտացոլելով նաև Արցախյան շարժման հիշարժան դրվագները:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՔՍԻՄ (ՄԻՍԱՔ) ԵՐՎԱՆԴԻ (ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՍԱՔ, Մ. ՍՅՈՒՆԻ) [18.2.1934, գ. Հարավ (այժմ` ԼՂՀ Ասկերանի շրջանում) – 03.6.2020] – գրող, հրապարակախոս, լրագրող: ԽՍՀՄ ժուռնալիստների (1964) և գրողների (1982), Արցախի ժուռնալիստների (1994) և ԼՂՀ ու Հայաստանի (1979-ից) գրողների միությունների անդամ:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը (1958): Լրագրողական գործունեությամբ սկսել է զբաղվել 1958-ից:

Աշխատել է նախ` ԼՂ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում` որպես թղթակից (1958-1963), ապա` ավագ (1963-1965) և գլխավոր խմբագիր (1971-1986), Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն (1986-1987):

Թարգմանել է ռուս դրամատուրգների պիեսները (Ա. Օստրովսկու «Գեղեցիկ տղամարդը»): Աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (հետագայում` «Արցախ», «ԼՂ Հանրապետություն») օրաթերթում` որպես նամակների և մշակույթի բաժինների վարիչ (1967-1971), գլխավոր խմբագիր (1988-1993, 1995-1998): Եղել է ԼՂՀ նախագահի գլխավոր ռեֆերենտ (1999-2003): Ղեկավարել է ԼՂՀ Նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտը (1993-1995), Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը (2003-2007):

Արժանացել է ԼՂՀ վաստակավոր ժուռնալիստի կոչման(2009):

Հեղինակ է մարդու բարոյահոգեբանական աշխարհն արտացոլող պատմվածքների ու ակնարկների: Արտացոլում է արցախահայության կյանքը, նրանց ազատագրական հերոսամարտը, ըմբոստ ու մարտնչող ոգին և դեպի բարու հաղթանակն ունեցած աննկուն հավատ:

Արժանացել է. «Մենք» գրքի համար` ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան (1990), «Արցախ իմ, ցավ իմ» ժողովածուի համար` ԼՂՀ Եղիշեի անվան պետական (2004), ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան գրական մրցանակների:

Պարգևատրվել է ԼՂՀ  «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2001) և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով:

Leave a Reply