ԿԱՌԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՍՈՍԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ (ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԻ ՀՈՒՇԵՐԸ)

Մարտունու շրջանի Սոս գյուղն  ունի հերոսական դրվագներով հարուստ պատմություն: Արցախյան պատերազմի ժամանակ սոսեցիներն իրենց լուման են ունեցել Ադրբեջանի նախահարձակմանը դիմագրավելու և չարանենգ թշնամուն մեր երկրի սահմաններից դուրս շպրտելու գործում: Պարզվում է` նրանց անձնվեր պայքարը և մարտական ուղին արձանագրել է Կառլեն Հակոբյանը: Այժմ Արցախի ազատամարտիկների միության Սոսի համայնքային միավորման նախագահի, իսկ Արցախյան շարժման ու պատերազմի տարիներին բախտորոշ իրադարձությունների ակտիվ մասնակցի հուշերին ծանոթանալուց հետո հաճելիորեն զարմացել ենք, որովհետև դժվար է պատկերացնել, թե Կառլեն Հակոբյանը, ծանր մարտերի կարճատև դադարներին, ինչպես է ուժ գտել իր մեջ ու հասցրել կատարելու գրառումներ, որոնց հիման վրա սերունդներին է ավանդել հիրավի ուշագրավ մի հուշագրություն: Այն աչքի է ընկնում անմիջականությամբ, փաստական հարուստ հենքով, հետաքրքիր մանրամասնություններով, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողին պատկերացում կազմելու պատերազմի դժվար տարիներին հայ ազատամարտիկի, հայրենիքի պաշտպանության համար զենք վերցրած հայ մարդու աներևակայելի նվիրումի ու խիզախության, վճռականության ու նպատակասլացության մասին: Նաև այդ հատկությունների շնորհիվ է  մեր ժողովուրդը  գերազանցել  թվապես ու տեխնիկապես անհամատեղելի առավելություն ունեցող հակառակորդին:

                Պատերազմի 2016 թ. ապրիլյան սաստկացումն այդ հատկությունների դրսևորման նոր ասպարեզ բացեց: Այս անգամ արդեն երիտասարդ սերունդը, հետևելով հայրերի օրինակին, արիաբար մարտնչեց նախահարձակ հակառակորդի դեմ և հնարավորինս պաշտպանեց հայրենիքի սահմանները: Ժամկետային զինծառայողները, բացի նրանից, որ իրենց նախնիներից գենետիկորեն ժառանգել էին հայրենիքի պաշտպանների կամային որակները, ակնհայտորեն նաև արդյունավետ ու նպատակասլաց ներգործություն էին ստացել մեր պետության ռազմահայրենասիրական դաստիարակության համակարգում: Այդ հույժ կարևոր ոլորտի համար պիտանի կարող է լինել նաև սույն հուշագրությունը, որտեղ օրինակելի շատ դրվագներ կան, և յուրաքանչյուր ընթերցող կարող է իր համար բացահայտել հաղթելու բանաձևը: 

 

                Հուշագրության հեղինակը Արցախյան շարժմանը մասնակցել է 1987 թվականից: Ակտիվորեն ներգարվվել է համազգային պայքարի նախապատրաստական փուլին: Մայր Հայաստանի հետ վերամիավորման առաջարկը հենց նա է մտցրել Սոս և Մաճկալաշեն գյուղերի հասարակության համատեղ ժողովի օրակարգ: Կապ է պահպանել Արցախյան շարժման ընդհատակյա ղեկավարների, Հայկական ԽՍՀ և ԼՂԻՄ գործիչների հետ: Գյուղի ինքնապաշտպանության կազմակերպման նախաձեռնողներից է:

                1992 թ. մայիսին կամավորագրվել է Արցախի ինքնապաշտպանության ուժերին և Սոսի ջոկատի, ապա համահավաք վաշտի  ու գումարտակի կազմում մասնակցել Ամարասի ձորակի բոլոր պաշտպանական մարտերին, Խազազասարի ճակատամարտին, Ներքին Դիվանալըլարի ազատագրմանը, որտեղ վիրավորվել է: Կամավորականների խմբի կազմում 1992 թ. օգոստոսի 26-ից – սեպտեմբերի 4-ը մեկնել է Մարտակերտի շրջան, մասնակցել Մեհմանա, Չլդրան, Դրմբոն գյուղերի պաշտպանությանը, ապա վերադառնալով Մարտունու շրջան՝ մարտնչել նույն թվականի սեպտեմբերի 6-7-ը հակառակորդի նախաձեռնած տանկային գրոհների հետմղմանը: 1993 թ. օգոստոսին ՀՄՄ-2-ի դեսանտի կազմում մասնակցել է Յաղլավենդի կրակակետերի ճնշման մարտերին, որոնց ընթացքում կրկին վիրավորվել է: Մասնակցել է Ֆիզուլու շրջանի, այդ թվում` Հորադիզի պաշտպանական մարտերին:

                1994 թ. մարտին նշանակվել է ծանր զենքի վաշտի հարամանատար: Ընտանեկան պայմաններից ելնելով՝ ավագ լեյտենանտ Կ. Հակոբյանը, նույն թվականի նոյեմբերին տեղափոխվել է այլ ստորաբաժանում և որպես շարքային-պայմանագրային մինչև 1996 թ. մարտական հերթապահություն տարել Մարտունու ՊՇ-ում: 1996 թ. զորացրվել է ՊԲ շարքերից:

                Պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն», «Հայրենյաց պաշտպան» և այլ մեդալներով:

                Հրապարակման պատրաստելով Կ. Հակոբյանի արժեքավոր հուշերը՝ Սոսի և, ընդհանրապես, Ամարասի ձորակի պաշտպանությանը մասնակցած մյուս գյուղերի խիզախ զավակների օրինակը ներկայացնում ենք ՊԲ երիտասարդ զինծառայողներին, մարտական հերթապահություն տանող դիրքապահներին, մերօրյա երիտասարդներին, որոնք ավագների պատգամներին ու մարտական ավանդույթներին հավատարիմ, նոր փայլուն էջեր կգրեն հայ ռազմարվեստի ու բանակաշինության տարեգրության մեջ:

                Կ. Հակոբյանի հուշագրության էջերում նկարագրված են այնպիսի անելանելի թվացող բազմաթիվ իրավիճակներ, երբ անգամ փամփուշտները սպառվելուց  և դիրքի պաշտպանների շարքերը ծայրաստիճան նոսրանալուց հետո մի բուռ քաջեր հաղթում են կենդանի ուժի ու նյութական միջոցների բազմակի գերակշռություն ունեցող թշնամուն և ստիպում ճողոպրել մարտի դաշտից: Հայ ազատամարտիկի հիմնական զենքը և անգերազանցելի առավելությունը ոգեղեն կամքն է, ամուր հավատը սեփական բազկի զորության ու գործի արդարության հանդեպ, որոնց ակունքները դարերի խորքում են, հայրենի հողում, ազգային նկարագրի ու անանցանելի արժեքներով դրանց մշտական սնուցման մեջ:

                Արդ, նախաձեռնելով հուշագրության ամբողջական հրատարակումը՝ ձգտել ենք պահպանել հեղինակի ոճը և ժամանակի ոգին, ճշմարտապատում շարադրանքը, անգամ՝ պատերազմական իրադրությունում անխուսափելի դաժան պատկերները:

Դրանք ուշագրավ են իրենց անմիջականությամբ, փաստական հարուստ հենքով, հետաքրքիր մանրամասնություններով, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողին պատկերացում կազմելու պատերազմի դժվար տարիներին հայ ազատամարտիկի, հայրենիքի պաշտպանության համար զենք վերցրած հայ մարդու աներևակայելի նվիրումի ու խիզախության, հաղթելու վճռականության ու նպատակասլացության մասին:

Կ. Հակոբյանը տարիներ առաջ այս գործը ձեռնարկել է լոկ մեկ նպատակով՝ արժանին մատուցել իր մարտական ընկերներին՝ իրենց սխրագործությունների, անձնվիրության ու հայրենասիրության համար: Այս հուշագրությունը հատկապես կոչված է անմահացնելու բոլոր այն մարտիկների հերոսությունները, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանեցին հող-հայրենին և թուրք զավթիչներին դուրս շպրտեցին մեր երկրից, ազատագրեցին պատմական հայրենիքի երբեմնի բեկորները՝ հեռու վանելով մշտական վտանգը մեր խաղաղ բնակավայրերից: Այս հուշամատյանը մի հերոսապատում է ինչպես ազատամարտիկների, այնպես էլ հայ ժողովրդի բոլոր այն լավագույն զավակների համար, որոնք հուսալի թիկունք կանգնեցին մարտնչող որդիներին, տոկացին պատերազմական բոլոր արհավիրքներին ու փորձություններին, ամենաօրհասական պահին անգամ չկորցրին ոգու արիությունը և այդպիսով նպաստեցին ոգեղեն հաղթանակի նվաճմանը:

Սույն հուշագրությունը նաև յուրահատուկ պատգամ է երիտասարդ ու գալիք սերունդներին՝ ավագների օրինակով սրբորեն պահելու և պաշտպանելու մայր հայրենիքը, շենացնելու ծննդավայրը և սերնդե-սերունդ փոխանցելու հայրենասիրության դասերը:

Խորին շնորհակալություն  երջանկահիշատակ Արամ  Անդրեյի  Բալայանի որդիներին՝ Անդրեյին, Անատոլիին, Արարատին, Արտիկին և Ալեքսանին, ինչպես նաև իմ  բարեկամ Արսեն Զավենի Հայրապետյանին, «Սոսի արծիվները» գրքի հրատարակոմը ֆինանսավորելու համար:

Արամ Բալայանը մեր հանրապետությունում ֆիզկուլտուրայի ճանաչված ուսուցիչ էր: Երբ սկսվել է Արցախյան շարժումը, նա դարձել է Սոս  համայնքից դրա ակտիվ մասնակիցներից ու ղեկավարներից մեկը:

1991թ. սեպտեմբերի 10-ի գիշերը, Ամարասի պաշտպանության ժամանակ օմոնականները նրան ձերբակալել և տեղափոխել են Բաքու՝ Բայիլի բանտը:

Մեկ տարի տանջվել ու կտտանքների է ենթարկվել Բաքվի  բանտերում, այնուհետև իր ութ ընկերների հետ դատապարտվել է և տեղափոխվել Թբիլիսիի բանտը: Շատ չանցած՝ մի կերպ հաջողվել է նրան ու մեր մյուս քաջորդիներին տեղափոխել Երևանի բանտ, որտեղից և, հանցակազմի բացակայության հիմքով, ազատ են արձակվել:

Այսօր Սոսի դպրոցին կից մարզահամալիրը կոչվում է Արամ Բալայանի անունով: Իսկ նրա որդիները բարեգործություններ են անում ինչպես դպրոցի, այնպես էլ Սոսի համայնքի բարգավաճման համար, ձեռք մեկնում կարիքավոր համագյուղացիներին:

Leave a Reply