Հունիսի 21-ը Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է: Ժողովուրդը հիշում ու մեծարում է իր հերոսին, և դա, առաջին հերթին, մեզ՝ ապրողներիս է անհրաժեշտ՝ մեր անցնելիք ճանապարհը լուսավորելու և երիտասարդներին ոգեշնչելու համար: Օրվա առիթով փորձեցինք իմանալ «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի կարծիքը ոչ հեռու անցյալի սոցիալական փորձի ընդհանրացման, մեր հերոսների կերպարներով երիտասարդներին նպատակասլաց կերպով ուղղորդման և կարևոր այլ հարցերի մասին:
– Հայկական պետականությանը նետված մարտահրավերները հրատապ են դարձնում Հայրենիքի ապագա պաշտպաններին գաղափարապես նախապատրաստելու և շարժառիթավորելու համազգային գործի շարունակական կատարելագործումը: Դրա համար լավ ցատկահարթակ կարող է լինել երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետական մակարդակով խրախուսելը: Այդ պահանջված ու հույժ կարևոր գործընթացում մեծ է ազգային հերոսների կերպարների հանրահռչակման, այդ վեհ կերպարներով սովորողներին դաստիարակելու նշանակությունը: Հայ ժողովուրդն իր պատմության ամբողջ ընթացքում հերոսների պակաս չի զգացել, որոնց շնորհիվ նաև դիմացել է հազարամյակների դաժան փորձություններին…
Կյանքը ցույց է տալիս, որ նոր սերունդը, հիմնականում, ունի ավագների գործը շարունակելու պատրաստակամություն, նրանց սխրանքը կրկնելու և գերազանցելու անթաքույց ձգտում: Խրախուսելի են նրանց հատկապես ընդգծված ակնածանքը հերոսների սխրագործությունների նկատմամբ, առօրյա կյանքում «մեծ մեռելների» գաղափարներով ու անձնական օրինակով առաջնորդվելու ցանկությունը: Մերօրյա հերոսների օրինակով աճող սերնդին կրթելու ու դաստիարակելու լավագույն միջոցներից է այս կամ այն նվիրյալին իդեալ դարձնելը:
Հանրակրթական դպրոցների, ռազմական ուսումնական հաստատությունների սաների (կուրսանտների) համար այդպիսի իդեալ, ոգեշնչման անսպառ աղբյուր և կյանքի ուղենիշ է Լեոնիդ Ազգալդյանը:
Նրա կերպարին անդրադառնալը նպատակաուղղված պետք է լինի վերաիմաստավորելու ազատագրական պայքարի նվիրյալի օրինակելի կենսագործունեության հիմնական դրվագները, հատկանշելու հերոսի բարոյամարտական բարձր ոգին, ինչը հնարավորություն կտա ուրվագծել այն ուսումնական նյութը, որը դրական ազդեցություն կարող է ունենալ սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության համար: Մասնագիտությամբ ֆիզիկոս, իսկ էությամբ զինվորական և հայրենիքի նվիրյալ պաշտպան Լեոնիդ Ազգալդյանի կերպարի ուսումնասիրությունն ու հատկապես նախնական զինվորական պատրաստության պարապմունքներին ուսուցանելը պահանջված են մասնավորապես հանրակրթության համակարգի առանցքում դրված ռազմահայրենասիրական դաստիարակության և, ընդհանրապես՝ «Ազգ-բանակ» գաղափարի կենսագործման առումներով: Հերոսի կերպարի վերաիմաստավորումը բավական հարուստ նյութ կարող է տալ ոչ միայն դպրոցում երիտասարդ սերնդի աշխարհայացքի, բարոյամարտական ոգու ձևավորման, այլև լայնածավալ քարոզչական աշխատանքներ տանելու, արժեհամակարգային մակարդակի ձգտող հայրենասիրական գաղափարները հայկական յուրաքանչյուր ընտանիք կամ օջախ հասցնելու համար:
Հետագայում ազատագրական պայքարի նշանավոր գործիչներից դարձած, Արցախի հերոսի կոչման, ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների արժանացած Լեոնիդ Ազգալդյանը ֆիզիկոսի ու գիտնականի փայլուն կարիերան անվարան ստորադասեց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ հերոսանալով Արցախյան ազատամարտում: Ավելի պատկերավոր ըմբռնելու համար, թե ինչ նվաճումների էր հասել նա քաղաքացիական կյանքում, բավական է հիշել նրա կենսագրության հանրահայտ մի քանի դրվագ. Լեոնիդ Ազգալդյանն աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով, ուներ գիտական աշխատություններ: Տարբեր ժամանակաշրջաններում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորման և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում: Տաղանդավոր, բազմաշնորհ, ֆիզիկական արտակարգ տվյալներով օժտված Լեոնիդ Ազգալդյանն զուսպ ու համեստ մարդ էր, սպորտի վարպետ, մի քանի մարզաձևերով Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, իսկ մաթեմաթիկա և ֆիզիկա առարկաներից` հանրապետական օլիմպիադաների հաղթող: Այս որակների վրա հրավիրելով դպրոցականների ուշադրությունը` անհրաժեշտ է նրանց ներշնչել իրենց սիրելի հերոսի հաջողություններով և տոգորել ստացած գիտելիքներն անընդհատ կատարելագործելու ձգտմամբ…
Արցախյան շարժման նորօրյա փուլի սկզբնավորմանը զուգընթաց Լ. Ռ. Ազգալդյանը, որպես` գաղափարի մարտիկ, գիտակցաբար նետվեց ազգային-ազատագրական պայքարի հորձանուտը, գործնական քայլեր ձեռնարկեց զինված ինքնապաշտպանության կազմակերպման և ազգային բանակ ստեղծելու ուղղությամբ: Նա գործնականում ապացուցեց կանոնավոր բանակ ունենալու իրատեսոությունն ու հայրենակիցների ինքնագիտակցության մեջ արմատավորեց դրա անհրաժեշտությունը, ապա ի դեմ իր գլխավորած ռազմական կառույցի` նա առաջադրեց ապագա բանակի մոդելը: 1990 թ. փետրվարից նրա հրամանատարությամբ «Անկախության բանակը» մի շարք հաջող ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր է իրականացրել՝ դնելով զորային կազմակերպվածքի ու մարտական փառավոր ավանդույթների հիմքերը:
Գրի առավ Նանե Հարությունյանը