ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՐԵՎՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ

  • by

Աշխատանքն Արցախյան պատերազմի նշանավոր օպերացիաներից մեկի՝ Քարինտակի հերոսական պաշտպանության ռազմագիտական վերաիմաստավորման անդրանիկ փորձերից է: Նորահայտ փաստաթղթերի, ժամանակի պարբերական մամուլի և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քննության են առնվել այդ կարևոր իրադարձության ռազմավարական, ռազմաքաղաքական և այլ տեսանկյունները, ներկայացվել է դրա պատմական նշանակությունը, ինչպես նաև կարևորությունն Արցախում ռազմական արվեստի զարգացման առումով:

Նախատեսված է մասնագետների, պատմությամբ հետաքրքրվողների և ընթերցողների լայն շրջանի համար:

Քարինտակի 1992 թ. հունվարի 26-ի հերոսական պաշտպանությունն, անկասկած, իր մշտական տեղն է ապահովել հայ ազգային ազատագրական պայքարի տարեգրությունում: Այդ հերոսամարտի նշանակությունն արժեքավորելը և վերաիմաստավորելը պահանջված են մեր հանրապետությունում ռազմարվեստի զարգացման վրա ազդած պատմական և ազգային առանձնահատկությունները, աշխարհագրական պայմանները, ինչպես նաև ռազմարվեստի վիճակը որոշող ռազմական գործի, ռազմապաշտպանական արտադրության և զինված պայքարի միջոցների զարգացման մակարդակը, հասարակարգի բնույթը և այլ գործոններ գիտականորեն ուսումնասիրելու համատեքստում, ինչը պայմանավորված է  Արցախի Հանրապետությանը նետված մարտահրավերները դիմագրավելու անհրաժեշտությամբ ու հրատապությամբ:

Անցած հարյուրամյակի 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին ամբողջ Արցախով մեկ մոլեգնող բռնաճնշումների (ռեպրեսիաների) ալիքն, առաջին հերթին, ուղղված էր ռազմավարական նշանակություն ունեցող հայկական բնակավայրերի դեմ՝ դրանք ոչնչացնելու հրեշավոր ծրագրով: Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությանն ու նրանց կրեմլյան բարձրաստիճան հովանավորներին լրջորեն անհանգստացնում էր հատկապես Քարինտակը՝ Շուշիի շրջանի այդ փոքրիկ գյուղը, որի բնակիչների բռնի տեղահանության նպատակով Ադրբեջանական ԽՍՀ պետական մակարդակով իրականացվող ահաբեկումները սանձարձակ ու անպատիժ բնույթ էին կրում:

Մշտական գնդակոծություններին  ու հրետակոծություններին հետևում էին զինված ավազակախմբերի ու ԱդրԽՍՀ ՆԳՆ ՄՀՆՋ (ՕՄՕՆ)-ի գրոհայինների  հարձակումները: Հերթական հարձակումը 1991 թ. դեկտեմբերի 19-ին էր, երբ մի քանի ժամ տևած մարտերից հետո թշնամին հետ շպրտվեց: Հատկապես կատաղի էր 1991 թ.  դեկտեմբերի 28-ի հարձակումը, որը նույնպես հաջողությամբ հետ մղվեց:

Քարինտակի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը և նրա զինակիցները սպասում էին հակառակորդի նոր, վճռական հարձակմանը, բայց գրոհի ստույգ ժամկետը, կոնկրետ օրը դժվար էր կռահել: Փաստորեն, հակառակորդին այդպես էլ չհաջողվեց  հանկարծակիի բերել գյուղի պաշտպաններին, ինչը և մարտավարական առավելություն է տվել վերջիններիս:

Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարարի անմիջական ղեկավարությամբ մանրակրկիտ կերպով մշակվել էր հարձակման պլանը  ու օպերացիան կազմակերպվել էր այն ժամանակների համար բավական գրագետ: Ադրբեջանական բանակի կանոնավոր ստորաբաժանումները, որոնք գործում էին ինքնավար խմբերի կազմով, նախ փորձել են գրավել գյուղի հարավում վեր խոյացող ռազմավարական Խաչեն-սըռ բարձունքը, որտեղից հնարավոր էր վերահսկել շրջակա գրեթե ամբողջ տարածքը: Մասնավորապես գրոհայինների մի խումբ Կարմիր-քարի թիկունքով շրջանցելով՝ բաժանվել է երկու մասի: Մի մասը դարանակալել է Շոշից եկող ճանապարհի մոտակայքում՝ սպասվող օգնությունը խափանելու նպատակով: Իսկ մյուս մասը գրոհել է Խաչին-սըռ գերիշխող բարձունքը կամ ինչպես ժողովուրդն էր ասում՝«Ալյոշեն պոստը»:

Հակառակորդի առաջին ուժեղ ու կազմակերպված գրոհը հետ է մղվել: Սակայն գրոհները կրկնվել են: Հարձակման մասին պատեհաժամորեն իրազեկվել են Ստեփանակերտի ու մերձակա գյուղերի ինքնապաշտպանական շտաբները: Օգնության շտապող Շոշի ու Սզնեքի  ջոկատները հանդիպել են դարանակալած հակառակորդին և կորուստներ ունեցել: Տեղ են հասել նաև Ավետարանոցի, Սղնախի և Ստեփանակերտի ինքնապաշտպանական ջոկատները: Կեսօրին արդեն հակառակորդի հարձակման թափը կոտրվել է՝ շնորհիվ հայ մարտիկների անվեհերության ու աննկուն դիմադրության: Հակառակորդի գրոհող հիմնական ուժերի անհաջողությունը ստիպել է Քիրսի ստորոտներին կուտակված լրացուցիչ ուժերին՝ ճողոպրել դեռևս մարտի մեջ չմտած: Մի մեծ խումբ, Հայկին-արտի տակով անցնելով, հայտնվել է Շամիրին-բաղ տեղամասում, ուր և գլխովին ջախջախվել է: Զավթիչներից քչերին է հաջողվել դուրս պրծնել՝ ժայռն ի վեր փախչելով: Ճանապարհին հակառակորդի զինվորները նետել են զրահաբաճկոնները, սաղավարտները, փամփուշտների պահունակները, զինամթերքով ու պարենով լցված ուսապարկերը և նույնիսկ զենքերը՝ պահանջված ավար թողնելով գյուղի պաշտպաններին:

Իրիկնադեմին իջած կարճատև մառախուղը երեխաներին ու կանանց գյուղից դուրս բերելու հնարավորություն է ընձեռել: Ակներևաբար, մինչ այդ խաղաղ բնակիչների կամ իրենց հարազատների առկայությունը թիկունքում գյուղի պաշտպաններին կյանքի գնով անգամ հաղթելու վճռականությամբ էր տոգորել:

Ըստ որոշ տվյալների՝ հակառակորդը Քարինտակում կորցրել է 100-ից ավելի զինվոր: Հայտնի է նաև, որ գրոհայինների մի մասն էլ մարտական գործողությունների վայրից  դուրս են բերվել ծանր վիրավոր վիճակում, բայց հոգիներն ավանդել են Շուշիի հիվանդանոցում:

Հետո է պարզվել, որ այդ ռազմական գործողությունն անձամբ ղեկավարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Թաջեդդին Մեհդիևը: Հարձակումից մի քանի օր առաջ նրա մասնակցությամբ կատարվել է մարտի պլանի վերջին դետալների, կողմորոշիչների և երթուղիների ճշգրտում, տեղազննում:

Տարբեր գնահատականներով օպերացիային  մասնակցել է թշնամու 400-800 զինվոր, տասնյակ փորձառու  սպաների հրամանատարությամբ, իսկ հարձակման յուրաքանչյուր ուղղությունում (գյուղի գերեզմանոցի,  Շենիտեղերի (Շոշի ճանապարհի), Խաչին-սըռի, Նաբիլարի, «Զաստավի» կողմերից) կենտրոնացվել էր առնվազը 50 լավ զինված ու վարժված զինվոր: Նաև ներգրավվել էր մի քանի միավոր զրահատեխնիկա, հրետանային կայանք: Դիրքերի վրա հարձակվելուն զուգահեռ ադրբեջանցիները հրանոթից ուղիղ նշանառությամբ հարվածել են տներին: Շուշիի սարավանդի հարավային լեռնալանջի ողջ երկայնքով դիրքավորված հակառակորդն ինտենսիվ կրակ է տեղացել գյուղի վրա: Տասնյակ հազարավոր գնդակներ ու ականներ են տեղացել ոչ միայն գյուղի ու շրջակայքի պաշտպանական դիրքերի, այլև բնակելի թաղամասերի վրա: Գնդակոծությունից հրկիզվել են խոտի դեզերը, փուլ են եկել տանիքները, ավերվել են տներն ու շինությունները, զոհվել են խաղաղ բնակիչներ:

Գյուղ իջնող հողային ճանապարհը մաքրելով, իսկ այլ տեղեկություններով «Զաստավից» շրջանցող ճանապարհ բացելով՝ հակառակորդի զրահապատ հետախուզադիվերսիոն մեքենան (ԶՀԴՄ կամ ԲՐԴՄ) շարժվել է դեպի գյուղը:  «Գարաժի» պահակակետի դիրքապահներն սկզբում չիմանալով, որ հարձակումը բոլոր կողմերից է, մի քանի հոգով օգնության են շտապել «Ալյոշեն պոստի» զինակիցներին: Զրահամեքենաներից մեկը, մյուսի  կրակային աջակցությամբ հասել է «Գարաժի» պահակակետին:  Հակատանկային միջոցների բացակայության պատճառով այդ պահակակետն այլևս պաշտպանել չի հաջողվել: Փաստորեն, հակառակորդին հաջողվել է ներխուժել միայն «Գարաժի» դիրքը, բայց այնտեղից ստիպված է եղել ավելի շուտ վիրավորներ ու դիակներ տեղափոխել, քան թե շարունակել առաջխաղացումը, որովհետև ենթարկվել է Մեծ-արտէն դիրքի պաշտպանների ինտենսիվ կրակային ներգործությանը: Հակառակորդը շուրջ երեք տասնյակ դիակ է թողել Շամիրին-բաղի մոտակայքում: Մեծ են եղել կորուստները նաև Ծատուրեն-բաղի կողմերում:  Դարձյալ աչքի է ընկել գնդացրորդ Ալյոշա Վարդանյանը, որը մինչև վիրավորվելն ամուր կանգնել ու պաշտպանել է ռազմավարական Խաչեն-սըռ բարձունքը: Ինչ խոսք, հերոս էին բոլորը, նույնիսկ գյուղում մնացած ու իրենց եղբայրների, ամուսինների ու հայրերի թիկունքում կանգնած կանայք ու երեխաները:

Որո՞նք էին հայ աշխարհազորայինների փայլուն հաջողությանը նպաստած գործոնները: Քարինտակցիները մինչ այդ տարել էին ծանր փորձություններ, դիմացել աննկարագրելի դժվարությունների: Քանի¯-քանի անգամ է գյուղը ենթարկվել հարձակման, մարդիկ են սպանվել, տներ են վառվել ու ավերվել: Ժողովրդի ատելությունը թշնամու հանդեպ, վրեժխնդրության ձգտումը հասել էր իր գագաթնակետին:

Գյուղի բնակիչները կառչած են մնացել իրենց հողից, չեն հուսալքվել ու անգամ ամենօրյա կրակոցների տակ հավատով մշակել են իրենց բանջարանոցն ու այգին:

Քարինտակի հերոսական պաշտպանությունը բարձրացրել է հայ ռազմիկների մարտական ոգին և, ընդհակառակը, թևաթափ արել թշնամուն, որի շարքերում խորացել են երկպառակությունը, անհամերաշխությունը: Քարինտակում դրսևորվել է ինքնապաշտպանական տարբեր ջոկատների համախմբվածությունը, մեկ նպատակի համար միասնաբար պայքարելու ձգտումը, և հաղթանակը ձեռք է բերվել հենց այդ միասնության, համախմբվածության ու համերաշխության շնորհիվ:

Գյուղի աննկուն պաշտպանությունը կարևոր էր ռազմագիտական տեսանկյունից, քանզի թույլ չտրվեց թշնամուն ծավալվել, ավելի նպաստավոր դիրքեր գրավել: Մյուս կողմից, Քարինտակը մնաց կարևոր հենակետ Շուշին ազատագրելու համար:

Քարինտակը հաղթեց անհավասար գոտեմարտում և մեկ անգամ ևս ապացուցեց, որ գոյապայքարի ելած ժողովուրդն անպարտելի է, և ոգի ու անսպառ կորով ներարկեց ամբողջ հայությանը և Արցախի պաշտպաններին՝ նպաստելով պատերազմի արհավիրքները դիմագրավելուն:

Քարինտակի հերոսամարտի թեման համեմատաբար լայնորեն ու հաճախադեպ է լուսաբանվել: Այդ կարևոր իրադարձությանն անդրադարձել են Արցախյան պատերազմի մասին գրված գրքերի ու հիմնականում լրագրային հոդվածների մի շարք հեղինակներ: Հերոսամարտի հերթական տարեդարձների առթիվ բազում ու բազմապիսի անդրադարձներ են եղել Արցախի հանրապետական ու շրջանային, ինչպես նաև ՀՀ կենտրոնական ու կուսակցական և Սփյուռքում լույս տեսնող պարբերականներում: Արցախյան պատերազմի համար էական նշանակություն ունեցած պաշտպանական օպերացիան ռազմագիտորեն վերաիմաստավորելու գրքույկի հեղինակների նախորդ փորձերի արդյունքները  հրապարակվել են առանձին աշխատություններում և ԼՂՀ պաշտպանության նախարարության (ՊԲ) պաշտոնաթերթում ու հանրապետական մամուլում: Նրանց ուսումնասիրությունների ընթացքում, թեմայի աղբյուրագիտական հենքը հարստացնելու նպատակով, հրապարակվել են նաև ճակատամարտի մասնակիցների և ականատեսների հուշերն ու վկայությունները:

Ճակատամարտի մասնակիցների և զոհվածների մասին  բավական հարուստ տեղեկություններ կան Քարինտակի հերոսամարտի 10-րդ տարեդարձին նվիրված, 16 տպագրական մամուլ ծավալով «Շուշի» թերթի ամսագրային տարբերակում և «Արցախապատում» մատենաշարի անդրադարձում:

Հատկանշելի են նաև ինչպես հայ, այնպես էլ  ադրբեջանցի և օտարազգի այլ հեղինակների տարաբնույթ հրատարակությունները:

Քարինտակի հերոսամարտը, դառնալով Արցախի կազմավորվող ինքնապաշտպանության ուժերի մարտական փառքի օրինակներից և հայ ազատամարտիկների մարտական ոգու, բարոյակամային ու ֆիզիկական որակների դրսևորման խորհրդանիշներից մեկը, լայնորեն լուսաբանվել է ոչ միայն հայկական աղբյուրներում: Ինչպես հայտնի է` Ադրբեջանի նորաստեղծ կանոնավոր բանակի առաջին ստորաբաժանումների առաջին օպերացիան Քարինտակում ավարտվեց խայտառակ պարտությամբ: Փորձելով վերհանել դրա պատճառները` ադրբեջանական զանգվածային տեղեկատվության միջոցները (ԶՏՄ), նախկին ու ներկա պաշտոնատար անձինք, այդ թվում` ռազմական գործիչները, օպերացիայի շարքային մասնակիցները պարբերաբար քննարկում են 1992 թ. ձմեռային ռազմարշավի անհաջողությունները՝ ձևականորեն (արտաքնապես) դասեր քաղելու, բայց իրականում փաստերն աղավաղելու և դեպքերը նենգափոխելու ճանապարհով իրենց արդարացնելու, քաղաքական հակառակորդներին մեղադրելու, իր օջախը պաշտպանող հայ ազատամարտիկի բարոյահոգեբանական ու մարտական անվիճարկելի առավելությունն ապարդյուն ժխտելու, ինչպես նաև ադրբեջանցիների աճող սերնդին ռազմահայրենասիրական (իմա` հայատյացության, փոխվրեժի հասնելու) ոգով դաստիարակելու նպատակներով:

Քարինտակի ճակատամարտի մասին ադրբեջանական աղբյուրները կարելի է բաժանել երկու խմբի` ռուսալեզու և ադրբեջաներեն: Ադրբեջանցիների ռուսերեն գրվածքներն ավելի շատ սահմանափակված են քաղաքական ու գաղափարախոսական կաղապարներով, ակնհայտ քարոզչական նպատակներ են հետապնդում, իսկ ադրբեջաներեն նյութերում երբեմն կարելի է հանդիպել ակամա բացահայտումների, այն ժամանակվա քաղաքական ու ռազմական իշխանությունների հասցեին սուր քննադատությունների, պաշտոնական տեսակետներից տարբերվող կարծիքների: Մենք ուսումնասիրել ու համեմատել ենք ադրբեջանական այն բաց աղբյուրները, որոնք հասանելի են համացանցում: Որպես կանոն, ադրբեջանական փաստարկումները նույնատիպ են, միտումնավոր, հաճախ` մերկապարանոց: Բայցևայնպես, մենք փորձել ենք խմբավորել մեզ հանդիպած և ռազմագիտության համար շատ թե քիչ հետաքրքրություն ներկայացնող այն տեսակետները, որոնք կարող են ամբողջացնել մեր պատկերացումները Քարինտակի հերոսամարտի մասին:

Քարինտակի օպերացիայի փաստի առթիվ Ադրբեջանի ՊՆ Գլխավոր շտաբի սպաները` փոխգնդապետներ Ի. Աբդուլաևը և Շ. Շիկարովն ստուգում են անցկացրել, որի արդյունքների հիման վրա արդեն 1992 թ. փետրվարի 4-ին նրանց ներկայացրած տեղեկանքներում  արձանագրվել է, որ «այդ օպերացիան համապատասխան կերպով չի նախապատրաստվել, օպերացիայի իրականացման պլան չկար,   հակառակորդի կրակակետերը ժամանակին չեն հայտնաբերվել և ճնշվել,  օպերացիայի հրետանային նախապատրաստում չի իրականացվել, տեխնիկան չի նախապատրաստվել օպերացիային, հակառակորդի և տեղանքի մանրազնին հետախուզություն չի իրականացվել, չի պարզվել, թե որտեղ են գտնվում հակառակորդի պահեստազորի մոտակա ուժերը, դրանց շարժման ուղիները, նրանց գործողությունների հավանական բնույթը, բացակայում էին ստորաբաժանումների կառավարումը և նրանց միջև կապը, տեղի բնակիչներից ընտրված ուղեցույցները տեղանքում վատ էին կողմնորոշվում ռազմական տեսանկյունից, որոշակի ուժեր և միջոցներ չեն հատկացվել պահեստազորին և այլն»:

Հետագայում, Քարինտակի օպերացիան անձամբ գլխավորած Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Թաջեդդին Մեհդիևը և նրա հանձնարարությամբ հարձակման պլանը նախապատրաստած նախկին պաշտպանության նախարարի օգնական, մայոր Նուրադդին Աբդուլլաևը պնդում էին, որ Քարինտակի օպերացիայի պլան կար և այն մշակվել էր ամենայն մանրամասներով: Նրանք հատկանշում են, որ «Քարինտակի օպերացիան Ադրբեջանի պաշտպանության նախարարության մանրակրկիտ կերպով մշակած առաջին հարձակողական օպերացիան էր: Ադրբեջանական հրամանատարությունը հույս ուներ հաղթական օպերացիայով մարտական մկրտություն տալ առաջին գումարտակին և բարձրացնել նորաստեղծ բանակի հեղինակությունն ու գրավչությունը»:

Ակներևաբար Քարինտակ գյուղը բոլոր կողմերից շրջափակման (կամ օղակի) մեջ է առնվել, միայն բաց է թողնվել գետի սահանքը, որպեսզի բնակչությունը այնտեղով դուրս գար: Այդ թվացյալ միջանցքի նեղ հատվածում դարանակալած խումբը, ինչպես խոստովանել է 1-ին գումարտակի հրամանատար   Ն. Աբդուլլաևը, պետք է գնդակահարեր փրկություն որոնողներին` այդտեղով փախչող զինված մարտիկների անվան տակ:

Առաջին հայացքից թվում է, թե օպերացիայի պլանն անթերի է մշակված: Ադրբեջանական հրամանատարությունը հաշվի է առել, որ գյուղում հարձակման են սպասում Նաբիլար-Զաստավ ճակատից, ուստի հանկարծակիություն ապահովելու համար հարձակողական խմբերը գիշերվա մթության մեջ ու քողարկազգեստներով աննկատ դուրս են եկել գյուղի թիկունքը, փակվել են Շոշ և Սղնախ գյուղերից օգնության եկողների ճանապարհները, գյուղի պաշտպանների ուշադրությունը շեղել են Շուշիի պարսպաժայռից վառվող անվադողեր և մեծ քարաբեկորներ գլորելով, ժայռածերպերին սարքավորված գնդացրային ու դիպուկազարկային կրակակետերից նշանառու և ինտենսիվ կրակով ոչ միայն ուշադրություն գրավելու, այլ նաև գյուղի տարածքում և շրջակայքում հայերի տեղաշարժերին խոչընդոտելու նպատակով: Այս պլանը մատնում է ադրբեջանական հրամանատարության հիմնական` գյուղը բնաջնջելունպատակը, ինչը տեղավորվում էր Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովի` իր քաղաքական ընդդիմախոսների «Ղարաբաղում պատերազմը տանուլ տալու» մեղադրանքները «տպավորիչ» հաղթանակով չեզոքացնելու ուղեգծի մեջ:

Ադրբեջանական հրամանատարության ամբողջ հաշվարկը կենդանի ուժի ու միջոցների, ինչպես նաև դիրքային անհամադրելի առավելության համապատկերում գյուղի պաշտպանների մեջ խուճապ առաջացնելու և փախուստի մատնելու վրա էր, այնինչ, նրանք մահապարտի պես անձնուրաց կերպով մարտնչեցին թշնամու գերակշռող ուժերի դեմ և ստիպեցին ճողոպրել մարտի դաշտից` թողնելով, ինչպես գյուղացիներն են վկայում, 136 դիակ: Հակառակորդի հրամանատարությունը չարաչար սխալվել էր, կարծելով, թե երկու դարանակալ դասակների ուժերով կկարողանա կասեցնել հարևան գյուղերից օգնության եկող կամավորների առաջխաղացումը: Գիշերվա քողի տակ դարանակալածների կրակահերթերից զոհվել են Սյոմա Հայրիյանը, Ռոմա Սիմոնյանը, Աշոտ (Արմեն) Իշխանյանը (Շոշ գյուղից), Նարվեն Ավետիսյանը (Սղնախ գյուղից), Գրիշա Միքայելյանը (Ներքին Սզնեք գյուղից), Ռաֆայել Արզումանյանը (Քռասնի գյուղից) և Արսեն Շումանյանը (Ստեփանակերտից): Ի դեպ ադրբեջանցիները ներկայումս գլուխ են գովում դարանից իբր թե մի քանի տասնյակ հայերի սպանությամբ: Սակայն, բավական էր հարևան գյուղերից անհապաղ օգնության հասնող տասնյակ կամավորների կրակային ներգործությունը, որպեսզի ադրբեջանցի «իգիթները» գլխապատառ ճողոպրեին իրենց դարաններից («պարկի» մեջ չհայտնվելու համար) և վազեին գյուղը գրոհող յուրայիններին միանալու, սակայն թե՛ հայերի և թե՛ յուրայինների խաչաձև կրակի տակ հայտնվելով` հաջորդ գիշերները լափ դառնային գայլերի ու շնագայլերի համար: Հարևան գյուղերից ժամանակին ցուցաբերված օգնությունը, որն ըստ արժանվույն չի գնահատել անգամ հայ պատմագրությունը, արմատապես փոխեց մարտական գործողությունների ընթացքը և կանխորոշեց հակառակորդի ջախջախումը: Հիրավի, այս համապատկերում ակնհայտ է դառնում ադրբեջանական հրամանատարության մտահղացման արկածախնդրային բնույթը, որն արտահայտվում էր սեփական հնարավորությունների գերագնահատմամբ, հայկական ինքնապաշտպանության ուժերի ու կամավորականների մարտական ոգու և շարժառիթավորվածության մեծ առավելության անտեսմամբ, տեղանքի ու մարտական գործողությունների թատերաբեմի առանձնահատկությունների մակերեսային իմացությամբ և այլն:

Աշխատության խմբագիրն է Արցախի գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ պրոֆեսոր Ս. Վ. Դադայանը, ռազմական խորհրդատուն պահեստազորի գնդապետ, ճակատամարտի մասնակից Շ. Վ. Այդինյանը:

Գրքույկի պոլիգրաֆիական որակյալ տպագրությունն ապահովել է «Դիզակ պլյուս» ՍՊԸ տպարանը, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում տնօրեն Դավիթ Բեգլարյանին և տպարանի ամբողջ կոլեկտիվին:

Պատասխան թողնել