1993 թվականը վճռորոշ էր Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության ռազմական փուլի համար: Այն առավել եւս կարեւոր էր Արցախի ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) համար ռազմաճակատում արմատական բեկում մտցնելու առումով: Թեեւ 1993թ. հարուստ էր փայլուն ռազմագործողություններով ու տպավորիչ հաղթանակներով, բայց այդ շարքում Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունի իր յուրահատուկ նշանակությունը:
1993թ. ապրիլի սկզբին Արցախի ինքնապաշտպանության ուժերն, ավարտելով հակառակորդի քելբաջարյան խմբավորման ջախջախման ռազմագործողությունը, պլանավորեցին եւ ուժերի ու միջոցների վերախմբավորում կատարելով, ձեռնամուխ եղան տարվա առաջին կիսամյակի մարտական գործողությունների եզրափակիչ փուլի՝ Մարտակերտի ազատագրման նախապատրաստմանը: Հունիսի 12-ին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի եւ Կենտրոնական պաշտպանական շրջանների հարվածային ստորաբաժանումներն սկսեցին Մարտակերտ քաղաքի եւ համանուն շրջանի բռնազավթված մասի ազատագրման խոշորածավալ օպերացիան: Ընկճելով հակառակորդի 3-րդ մոտոհրաձգային բրիգադի, ներքին զորքերի բրիգադի, տանկային բրիգադի զորամասերի համառ դիմադրությունը, հաղթահարելով համատարած ականադաշտերի, հակառակորդի հրետանու, տանկերի հարուցած արգելքները, ինչպես նաեւ` ի չիք դարձնելով սպառազինության առումով եւ օդում ունեցած նրա բացարձակ տիրապետությունը՝ Արցախի ինքնապաշտպանության ուժերի ազատամարտիկներն Աղդամի ուղղությունում գրավեցին օպերատիվ ու մարտավարական նշանակության բարձունքներ ու բնագծեր, ապա դուրս եկան Աղդամ-Մարտակերտ մայրուղին: Հակառակորդը, զգալի կորուստներ կրելով Մարզիլլի, Խրամորթ, Փափրավենդ գյուղերի շրջանում, ստիպված էր ռազմաճակատի այլ, հատկապես Մարտակերտի ուղղությունից այդ բնագիծ տեղափոխել կենդանի ուժ եւ տեխնիկա՝ դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով Մարտակերտի լեռնաշղթայի վրա հակառակորդի ջախջախման, Մարտակերտ քաղաքն ազատագրելու եւ այդ հիմնական ուժերը Խրամորթ-Բոյահմեդլի-Փափրավենդ-Մարտակերտ-Մատաղիս բնագիծ դուրս բերելու գլխավոր նպատակն իրագործելու համար:
Տեւական, համառ մարտերից հետո, 1993 թ. հունսի 26-ին ազատագրվեցին Հեռուստաաշտարակ եւ Պուշկեն-յալ կոչվող ռազմավարական նշանակության բարձունքները: Փաստորեն, նույն օրն էլ 4-րդ ՊՇ զորամասերը մտան Մարտակերտ քաղաքը, որով ավարտին հասցվեց մարտակերտյան ռազմագործողությունը: 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ զորամասերն անցան գերիշխող բարձունքների, մասնավորապես Յոթնաբլուր, Սառցալեռ, Բոյահմեդլի, Փափրավենդ, Պուշկեն-յալ, Հեռուստաաշտարակ բնագծերի եւ հիմնական ճանապարհների պաշտպանությանը:
Հաջորդ օրը, հունիսի 27-ին ԻՊՈՒ ազատամարտիկներն ամրապնդվեցին ոչ միայն Մարտակերտ քաղաքում, այլեւ Ներքին Հոռաթաղ, Աղաբեկալինջ, ինչպես նաեւ Մատաղիսի մոտակա բարձունքների վրա:
Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցավ ռազմաքաղաքական ու բարոյահոգեբանական նշանակություն: Խոսելով այդ մասին, նախեւառաջ անհրաժեշտ է ընդգծել դրա ունեցած բարոյահոգեբանական առումով բարենպաստ ներգործությունը Մարտակերտի շրջան վերադարձող խաղաղ բնակչության, բազմաչարչար փախստկանների վերաբնակեցման, Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ավերված բնակավայրերի եւ շրջանի երբեմնի տնտեսական ներուժը վերականգնելու համար:
Խոսելով Մարտակերտ քաղաքի ազատագրման ռազմաքաղաքական կարեւոր նշանակության մասին, կարելի է հատկանշել, որ նախ, շշմեցուցիչ հարվածներ ստացավ հակառակորդի մարտակերտյան խմբավորումը, որը սկսած 1992թ. հունիսի 12-ից մշտական սպառանալիք էր հանդիսանում ոչ միայն մեր հանրապետության ամենամեծ շրջանի, այլ հենց իսկ մայրաքաղաքի համար: Ի դեպ, մարտակերտյան խմբավորումը համարվում էր Ադրբեջանի զինված ուժերի ամենամարտունակ հարվածային ուժը, որի ունեցած ժամանակավոր հաջողությունները նրա բարձրաստիճան հրամանատարներին Ազգային հերոսի կոչում եւ այլ պետական բարձր պարգեւներ էին բերել: Ահա թե ինչու նաև այդ խմբավորման ջախջախումը բարոյալքող ազդեցություն ունեցավ հակառակորդի զինված ուժերի համար: Դրան հակառակ, Արցախի ԻՊՈՒ-ի համար այդ հաղթանակը ոգեւորության նոր աղբյուր հանդիսացավ, ինչը 1993թ. ձմեռային ռազմարշավի հաջողություններից ստացած լիցքերի հետ էլ ավելի ամրապնդեց հայ ազատամարտիկների մարտական ոգին եւ հավատն իր ուժերի ու հնարավորությունների նկատմամբ: Դա հատկապես տեսանելի ու շոշափելի է դառնում ինչպես Մարտակերտի շրջանում` ընդհանրապես, այնպես էլ բուն Մարտակերտ քաղաքի մատույցներում` մասնավորապես, ԻՊՈՒ-ի նախորդ ջանքերի ու դժվար փորձությունների համապատկերի վրա: Մարտավարական առումով Մարտակերտի ռազմագործողությունը նշանավորվեց նրանով, որ ԻՊՈՒ ստորաբաժանումները տիրեցին նպաստավոր բնագծերի, ավելի հուսալի դարձնելով մեր հանրապետության հյուսիսարեւելյան սահմանների պաշտպանությունը: Ակնհայտորեն, առանց Մարտակերտի ազատագրման, անհնար էր ավելի քան մեկ ամիս անց ճնշել Աղդամի վտանգավոր կրակակետերը:
Մարտակերտից ադրբեջանցի զավթիչների վտարումը մարեց հեղաշրջման արդյունքում գնդապետ Ս. Հուսեյնովի եւ Հ. Ալիեւի իշխանության գալու հետ հակառակորդի ճամբարում արթանացած հույսերը:
Երախտագետ մարտակերտցիները և նրանց հաջողությունները ուրախությամբ բազմապատկելու պատրաստ մեր մյուս հայրենակիցները հունիսի 27-ին տոնում են Մարտակերտ քաղաքի ազատագրման օրը: Այդ տոնն այն ավելի է իմաստավորվում շրջանի վերականգնման ու զարգացման հույժ կարեւոր գործընթացում ունեցած նկատելի հաջողությունների ու ձեռքբերումների շնորհիվ:
Մհեր Հարությունյան. պ. գ. թ., դոցենտ
Քարտեզը «Խաչատրյան Հ., Ղազարյան Գ., Մարգարյան Ս., Հաղթանակներն ինչպես եղել են. ազդականչը 44, Երևան, Հայկական Հանրագիտարան. հրատ., 2008» գրքից