Ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում շրջանառվում է հետևյալ սխալ տեղեկատվությունը, թե «1992-ի հունիսի 28-ին հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը» (այստեղ և հետայսու տվյալ հրապարակումից մեջբերումները՝ թեք տառատեսակով): Թեև այդ հրապարակման մեկնաբանություններում բազմիցս հատկանշվել է, որ հիշյալ բնակավայրերը թշնամին երբևէ չի գրավել, հետևաբար՝ ազատագրելու անհրաժեշտություն չի եղել, բայց այսօր դարձյալ նույն սխալը հայտնվել է լրահոսում, այդ թվում, ցավոք, «Ռազմական արխիվ 1990-1994» մեծ լսարան ունեցող էջում: Ստիպված ենք վերստին պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել 1992 թ. հունիսի 28-ին, որպեսզի հայկական ինքնապաշտպանության ուժերի փայլուն հաջողությունների համապատկերում ավելի ակնհայտ լինի, թե որոնք են մեր (և, հուսանք, սխալը շտկելու ջերմեռանդ ջանքեր գործադրած մյուս օգտատերերի) սկզբունքային մոտեցման հիմքերը՝ բացահայտելով նաև խնդրո առարկա (գուցե միամիտ) սխալի անհեթեթությունը…
1992 թ.ամառային ռազմարշավը, ինչպես գիտենք, անհաջող էր ընթանում Արցախի ԻՊՈՒ համար: Կենդանի ուժի ու տեխնիկայի անհամադրելի գերակշռության, նախկին խորհրդային 23-րդ դիվիզիայի զինվորական մասնագետների ու սպառազինության լայն կիրառման և այլ գործոնների միջոցով հակառակորդը զավթել էր Շահումյանի շրջանն ամբողջովին, Մարտակերտի ու Ասկերանի շրջանների ռազմավարական նշանակության մի շարք տարածքներ: Արցախի ԻՊՈՒ-ին դժվարությամբ էր հաջողվում դիմագրավել հակառակորդի գերակշիռ ուժերի չթուլացող ճնշմանը: Պաշտպանական ծանր մարտերից բացի, ԻՊՈՒ նաև հակահարվածներ էին հասցնում՝ ձգտելով վերականգնել ճակատային գծի այս կամ այն հատվածը: 1992 թ. հունիսի 25-ին, կասեցնելով ծանր տեխնիկայի աջակցությամբ թշնամու առաջխաղացումը, ԻՊՈՒ կազմավորումները հակահարձակման անցան և ազատագրեցին Կարմիրավան ու Քաջավան գյուղերը, իսկ հաջորդ օրը, «աքցանի» մեջ առնելով վերստին հարձակման անցած հակառակորդին՝ կենդանի ուժի ու տեխնիկայի նշանակալի կորուստներ պատճառեցին՝ դուրս շպրտելով նրան Մատաղիսից: Մարտակերտի ճակատում ձեռնարկված այս հակահարձակումների շնորհիվ օպերատիվ-մարտավարական իրադրության կայունացման միտումներ նկատվեցին: Ադրբեջանցի զավթիչներն սկսեցին կորցնել ռազմական նախաձեռնությունը Մարտակերտի ուղղությունում, ինչը պայմանավորված էր ինչպես ԻՊՈՒ հակահարվածներով, այնպես էլ նախկին խորհրդային սպաների ու զինվորական մասնագետների մասնակցության հանկարծակի պասիվացմամբ: Հարձակման թափը չկոտրելու նպատակով, հակառակորդը ակտիվ հարձակողական գործողություններ սկսեց նաև Արցախի մյուս ռազմաճակատներում՝ դրանով իսկ ձգտելով շեղել ԻՊՈՒ հրամանատարության ուշադրությունը Մարտակերտի ճակատից, և այնտեղ վճռական հաջողության հասնել: Այդ իսկ նպատակով հարձակողական գործողություններ ծավալվեցին Ասկերանի շրջանում, ուր հակառակորդին հաջողվեց զավթել մի քանի պահակակետ: Մարտադաշտ դուրս բերելով Տ-72 մակնիշի 4 տանկ, հունիսի 28-ի վաղ առավոտյան թշնամին հարձակվեց Նախիջևանիկի մերձակա պահակակետի վրա, որը պաշտպանում էին Վանյա Մեհրաբյանի «Դև» խմբի 21 մարտիկները: Մերձամարտում հակառակորդին կորուստներ պատճառելով՝ շարքից հանվեցին նրա բոլոր 4 տանկերը: Դրանցից երկուսը նռնականետային ուղիղ նշանառությամբ խփեց Ռաշիդ Դադասյանը: 15-ամյա Սուրեն Մանվելյանը ավտոմատային կրակահերթով ոչնչացրեց շուրջ 30 ադրբեջանցի զինյալ: Հակառակորդին առնվազն 60 զոհի գնով հաջողվեց ժամանակավորապես գրավել պահակակետը: Հետագա մարտերի ընթացքում ինքնապաշտպանության ջոկատները վերականգնեցին նախկին մարտագիծը(տե՛ս «Արցախ»,1992թ., N 11):
Մարտունու շրջանում թշնամին ընդհուպ մոտեցավ Ճարտար և Մաճկալաշեն գյուղերին, ներխուժեց Կարմիրշուկա: Համառ դիմադրությամբ հայ մարտիկները, Մոնթե Մելքոնյանի ընդհանուր ղեկավարությամբ, հետ շպրտեցին հակառակորդին: «Այդ մարտերը ճակատագրական լինելուց զատ, նաև վճռորոշ էին,-գրել է ականատեսը,-քանզի թշնամին մեծ հույսեր էր կապել լայնամասշտաբ հարձակման հետ եւ մտադրվել էր պաշտպանական գիծը ճեղքել գոնե մի ուղղությամբ: Իր ամբողջ հնարքները եւ ուժերը կիրառող ոսոխը հավատացած էր, որ ղարաբաղցիները պաշտպանվելու համար բավական տեխնիկա ու զինամթերք չունեին, ուստի կարելի է մարտի ելքը վճռել կայծակնային արագությամբ: Եվ երբ նրա տանկերն անգամ հասան Կարմիրշուկա, թվում էր, թե հեռու չէ նաեւ նպատակին հասնելու պահը: Սակայն, հայ ազատամարտիկների՝ սառնասրտորեն մարտն ընդունելու և նույն դիրքերում մնալու աներեր վճռականությունը շշմեցրեց հակառակորդին: Մարտական այդ օրը (հունիսի 28-ը) թեւավորեց հայ զինվորներին,-շարունակել է ժամանակակիցը,-իսկ թշնամու մեջքը կոտրեց: Այդ ոգեւորիչ հաղթության ոգին հետագայում ևս թևածեց Մարտունու ուղղության ռազմաճակատում, ավելի ինքնավստահ գտնվելու լիցք հաղորդեց հայ ազատամարտիկներին: Հակառակորդին խոցելու հնարավորությունը դարձավ իրական, առարկայական: Իսկ ադրբեջանցի կապավորների տագնապոտ խոսակցություններից կարելի է եզրակացնել, որ հունիսի 28-ին նրանց կրած պարտությունն անսպասելի էր, ինչը հանկարծակիի բերեց նրանց հրամանատարներին» (տես Սեյրան Քամալյան, Ավոն մեր աչքերով: Երեւան, «Նաիրի», 1994, էջ 107, 133-134):
Վերոհիշյալ ճակատներում ԻՊՈՒ մարտիկների աննկուն դիմադրությունը խափանեց ադրբեջանական հրամանատարության ծրագրերի իրագործումը եւ նպաստավոր պայմաններ ստեղծեց Մարտակերտի շրջանում լայնածավալ հակահարձակման անցնելու համար: Հունիսի 29-ին ձեռնարկված այդ հակահարձակումը Լենինավանի, Չայլուի, Ջրաբերդի բարձունքների ուղղությամբ ռազմավարական ճանապարհների ապաշրջափակումից հետո, հայ մարտիկներին թույլ կտար դիրքային առավելություն ստանալ հակառակորդի նկատմամբ, հաջողությամբ կասեցնել նրա հետագա առաջխաղացումը: Աշոտ Ղուլյանի, Վլադիմիր Բալայանի (զոհվել է 1992 թ. հունիսի 9-ին), Ժիրայր Սեֆիլյանի, Թալիշի վաշտերի, ցեղակրոնների ջոկատի մարտիկներից կազմված համահավաք զորախումբը հանձնարարություն ուներ անցնել հակառակորդի թիկունքը, ինչը հայկական ուժերի ընդհանուր հակահարձակման անցնելու ազդանշանը պիտի հանդիսանար: Զորաշարժը սկսվեց հունիսի 28-ին և ձախողվեց Թալիշի մատույցներում ականի պատահական պայթյուի պատճառով: Ցավոք, անհաջողության էին դատապարտված նաև հակահարձակման գլխավոր ուղղությունում գործող ստորաբաժանումները: Պատճառների մասին իր տեսակետն է արտահայտել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, որն այն ժամանակ կամավորական խմբերի պատասխանատուն էր: «…վերջին ճակատամատին մեր երկրապահները նախապատրաստվեցին ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ,-գրում է նա:-Լարված էին մանավանդ Արմավիրի կամավորները… Նրանք մի շաբաթ հանգամանորեն հետախուզեցին տեղանքը, շատ զինամթերք ստացան ու ի վերջո ընտրեցին ամենածանրը՝ Լենինավանի ուղղությունը: Գրոհի ընթացքում յուրաքանչյուր ազատամարտիկ հիանալի գիտեր, թե ինչ ուժեր են իր դիմաց, համապատասխան տվյալներ ուներ: Բոլոր ջոկատների հրամանատարներն ապահովված էին հեռախոսային կապով: Խնդիրն, ըստ էության, պարզ էր: Հետևակը պիտի ստանձներ գրոհի նախաձեռնությունը և հենց Լենինավանն ազատագրեր, զրահատեխնիկան մյուս կողմից կմիանար նրան, համատեղ ուժերով հարձակումը կշարունակեին Չայլուի ուղղությամբ: Այդ կարևորագույն ռազմական գործողությունն ըստ նախօրոք մշակված ծրագրի էլ սկսվեց,-շարունակում է Ա.Պետրոսյանը,-բայց շատ չանցած ինձ տեղեկացրին, որ տանկերն առաջ չեն շարժվում: Ես շտապեցի շարակայան ու սահմռկեցուցիչ իրողության ականատես դարձա: Մեր տանկիստները, որոնք Մինսկից էին, հեռակապով կապվել էին հակառակորդի տանկիստների հետ ու որովհետև, ամենայն հավանականությամբ պատահաբար, հայտնի էր դարձել, որ համագնդեցի են, թերևս նաև ազգակիցներ, փոխադարձ համաձայնություն էին կայացրել, որոշել՝ միմյանց վրա չկրակել: Իզուր անցան իմ հրամանները, սպառնալիքները, հորդորները: Նրանք անդրդվելի մնացին: Մինչև շտաբից հայ տանկիստներ եկան, զրահամեքենաները գործի գցեցին, լուր հասավ, թե մեր տղաները շրջափակման մեջ են ընկել» («Կաճառ» գիտական կենտրոնի արխիվ, ֆ. 1. գ. 64, թ. 13): Ամեն դեպքում, այս հակահարձակման ձախողումը ծանր բարոյահոգեբանական ներգործություն ունեցավ Մարտակերտի ռազմաճակատում մարտնչող զինվորների վրա, համեմատաբար ավելի հանդուգն ու սանձարձակ դարձրեց հակառակորդի գրոհայիներին, և այդ ամենի պատճառով, հուլիսի 4-ին կորուսվեց նաև Մարտակերտ քաղաքը…
Հունիսի 28-ին հակառակորդի լայնածավալ հարձակման ընդամենը մի ուղղությունը ներկայացնելով՝ հատկանշվում է, որ «Նույնօրը Մարտունու շրջանի գյուղերի զանգվածային հրթիռահրետակոծումից հետո թշնամին շուրջ 40 միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ հզոր հարձակում ձեռնարկեց Ալիբալի, Ճարտար, Կարմիր Շուկա և Մաճկալաշեն գյուղերի ուղղությամբ»:
Այստեղ ծավալված կատաղի մարտերի մասին, բարեբախտաբար, պահպանվել են ականատես-մասնակցի հետաքրքիր հուշագրությունները, որոնք վերջերս հրատարակեց «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչությունը (տես Կ. Հակոբյան, Սոսի արծիվները (ազատամարտիկի հուշեր), «Կաճառ» տարեգիրք, № 13 (155-166), 2019, Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2020, էջ 9-17): Ավելի հասկանալի լինելու համար մեջբերում ենք մի հատված այդ հուշագրությունից: «Այդ օրը` հունիսի 28-ին, թուրքական հրոսակախմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտունու շրջանի Ճարտար, Մաճկալաշեն-Սոս և Կարմիր շուկա բնակավայրերի ուղղություններով: Ադրբեջանցիների նպատակը հասկանալի էր: Եթե հաջողության հասնեին Ճարտարի ուղղությամբ, ապա Մարտունի շրջկենտրոնը կմնար շրջափակման մեջ և կկտրվեր կապը Ստեփանակերտի հետ:
Եթե հաջողությամբ զարգացնելով գրոհները՝ նրանք գրավեին Կարմիրշուկա ավանը, կկտրեին Հադրութի ճանապարհային կապը Ստեփանակերտի հետ, և փաստորեն Հադրութը կմնար շրջափակման մեջ:
Երրորդ ուղղությունը Ամարասն էր, հատկապես Քոլասար բարձունքը: Եթե թշնամին այն վերցներ, մեզ կզրկեր մեր սքանչելի Ամարասի վանքից, որը դարերով պահել և մեզ են հասցրել մեր նախնիները, ինչպես նաև մշտական սպառնալիք կստեղծեր Ամարասի ձորակի բոլոր գյուղերի անվտանգության համար:
Քոլասարի բարձունքներում դիրքավորվել էին Արշավիր Ղարամյանի մարտական ընկերները, որոնք եկել էին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից»:
Առանձին-առանձին ներկայացնելով նշված ենթաուղղություններում ծավալված մարտերը՝ հուշագրողը, մասնավորապես, գրել է. «Երկու ժամվա հրետակոծությունից հետո թուրքերը նշված ուղղություններով անցան հարձակման: Ունենալով կենդանի ուժի և տեխնիկայի ահռելի առավելություն՝ թուրքերը Կարմիրշուկայի ուղղությամբ գրավեցին մեր մարտական դիրքերը: Հակառակորդի զրահատեխնիկան հասավ մինչև Կարմիրշուկա ավանը, վարձկան ու թուրք տանկիստներն ուղիղ նշանառությամբ սկսեցին բարբարոսաբար ավերել շինությունները: Իրենց սխրագործություններով աչքի ընկան Շեխեր գյուղի ազատամարտիկները, որոնք չթողեցին թուրքերի հետևակին տանկերի հետևից մտնել Կարմիրշուկա: Թուրքական տանկերի, ըստ երևույթին, վարձկան անձնակազմերը, տեսնելով, որ հետևակը չի համարձակվում հետևել իրենց, ստիպված նահանջեցին իրենց ելման դիրքերը: Այդ օրը նշված ուղղությամբ միայն դիրքային մարտեր ծավալվեցին, որոնք տևեցին մինչև ուշ գիշեր»:
«Այլ էր դրությունը Ճարտարի ուղղությամբ,-շարունակում է ականատես-մասնակիցը,- հակառակորդի մեծաքանակ հետևակը զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակվեց Ըլբալի տեղամասում գտնվող հայկական դիրքերի վրա: Ծավալվեցին անհավասար մարտեր: Խրամատներում դիրքավորված մարտիկները լարվեցին: Գնդակների տարափ ու բեկորների հեղեղ էր թափվում ամենուր: Խրամատները լցվում էին պայթյունից արտանետված հողով, ծածկում մեր մարտիկներին: Ճարտարցիները տվեցին առաջին վիրավորները, քիչ հետո` զոհը:
Հակառակորդի տասնապատիկ ավելի շատ վիրավորներն ու զոհերը մնում էին մարտադաշտում: Այդ անհավասար մարտում շատ ճարտարցիներ բազում քաջագործություններ կատարեցին: Հետագայում պատմում էին 14-ամյա Մուշեղ Անտոնյանի մասին, որ նա՝ մեն-մենակ մնալով թուրքական տանկի դեմ-դիմաց, չընկրկեց, այլ հակատանկային միջոցով կանգնեցրեց տանկը: Պատերազմում նման օրինակները ոգևորիչ էին լինում:
Վիճակը սաստիկ ծանր էր մայրուղու վրա: Թուրքական տանկերը ուղիղ նշանառությամբ խփում էին մեր դիրքերին: Պահը օրհասական էր: Ճարտարցիները գնահատեցին պահի լրջությունը: Այդ դիրքը թողնելը հավասարազոր էր հայրենի ծննդավայրը` Ճարտարը թողնելուն:
Բայց մեր հարևանները դիմացան այդ մեծ փորձությանը, տոկացին ու հաղթեցին թուրքերին: Հակառակորդի կորուստները կազմում էին 6 տանկ, մեծ քանակությամբ վիրավոր ու զոհված, ինչպես նաև գերիներ: Մեր քաջարի մարտիկներին հաջողվել էր հրի մատնել տանկերից 4-ը, իսկ 2-ը ռազմավար վերցնել: Այդ անհավասար մարտերում ճարտարցիները փառքով պսակեցին իրենց անունը»:
Ամարասի ենթաուղղությունում ծավալված կատաղի մարտերի մասին Կ. Հակոբյանը գրել է. «Ամարասի ճակատում թշնամին հարձակվեց 2 ուղղությամբ` Խազազի բարձունքի կողմից` Պուլուր խութի վրա և Դիվանալըլար գյուղի կողմից` Քոլասարի (Դավալու խութ) բարձունքի վրա: Թուրքերը «Գրադ»-ներից, հրանոթներից և ականանետներից կրակի տակ էին առել մեր դիրքերը: Եթե հակառակորդը գրավեր Պուլուր խութ բարձունքը, այնտեղից անմիջապես կմտներ Մաճկալաշեն գյուղը: Բարձունքից գյուղ հեռավորությունը մեկ կիլոմետրից քիչ է: Այդ էր պատճառը, որ Արմենի նախաձեռնությամբ այդտեղ էր կենտրոնացել մեր մարտիկների մեծամասնությունը: Այդ բարձունքում մարտնչում էին Մաճկալաշենի, Հերհերի, Քերթ-Քարահունջի, Սոսի, Կոլխոզաշենի, Մսմնա-Կավախանի լավագույն երիտասարդները: Այդ դիրքում էր գտնվում մեր միակ տանկը: Հակառակորդն անընդհատ կրակի տակ էր պահում մեր դիրքերը և դիրքերին մոտեցող ճանապարհները, որպեսզի պահեստազորային ուժերն օգնության հասնելու հնարավորություն չունենան: Մեր մարտիկներին հատկապես անհանգստացնում էին Խազազի բարձունքում տեղադրված մի քանի ականանետները: Ժամեր տևած հրետակոծությունից հետո երկու ՀՄՄ-ի ուղեկցությամբ թուրքերն անցան հարձակման:
Վիճակը սաստիկ ծանր էր հատկապես բարձունքի գագաթնամասում: Ականանետից արձակված ականը պայթեց անմիջապես խրամատի մեջ, որին զոհ դարձան մեր 2 լավագույն մարտիկները` Մաճկալաշենից Կոմիտաս Ավետիսյանը և մեր համագյուղացի Ժիրայր Խաչատրյանը»:
Հակառակորդի հարձակումների բնույթի ու մարտավարության մասին հուշագրողն ուշագրավ տեղեկություններ է հաղորդում. «Թուրքերն ավելի կատաղի մոլուցքով վերսկսեցին հարձակումը: Մեր մարտիկները, ստեպ-ստեպ փոխելով ավտոմատների պահունակները և գնդացիրների փամփշտաժապավենները, անընդհատ կրակային ներգործությամբ հնարավորություն չէին տալիս թուրքերին մոտենալ մեր դիրքերին: Ընկերների զոհվելն ավելի համախմբեց մեր մարտիկներին: Ահա խփվեց թշնամու առաջին ՀՄՄ-ն: Մեր գնդացրորդներից մեկը, սրբելով ճակատի քրտինքը, անընդհատ կրակ էր մաղում թուրքերի գլխին:… Կարճատև դադարներից հետո թշնամին կատաղի մոլուցքով նորից առաջ էր մղվում, իսկ հայ ազատամարտիկներն անվրեպ կրակահերթերով ստիպում էին ադրբեջանցի գրոհայիններին պառկել գետնին»:
Անդրադառնալով կոնկրետ Սոսի վաշտի մասնակցությանը՝ հուշագրողը հատկանշում է. «… Հասանք «Վըշկա» կոչվող բարձունքը, շրջանցեցինք այն, իսկ այնտեղ արդեն թուրքերն էին: 50 մետր էր մնում, որ թուրքերը մտնեին խաղողայգի, բարեբախտաբար, ժամանակին էինք հասել: Ավտոմատներից և գնդացրից փոթորկալի կրակ բացեցինք թուրքերի վրա: Նրանք այդ տեղամասում չէին սպասում մեզ և անակնկալի եկան: Սկզբում նույնիսկ չգիտեին, թե մենք որտեղից ենք կրակում: Դա թուրքերի առաջապահ միակ դասակն էր, որ հասել էր «Վըշկա» բարձունքը, մնացածները գալիս հա գալիս էին հետևից: Թուրքերը, փաստորեն, թաքնվելու տեղ չունեին և բնազդաբար սկսեցին անկանոն կրակել՝ ուր պատահի: Իսկ երբ նկատեցին մեզ, սկսեցին դիմահար կրակել ավտոմատներից ու գնդացիրներից:
Մի կողմից արևն էր հուր թափում երկնքից, մյուս կողմից ավտոմատների շիկացած փողերն էին վառում մարտիկների ձեռքերը: Տանջում էր անդիմանալի ծարավը: Տղաները խաղողի նաբաթ էին ուտում, որպեսզի հագեցնեն ծարավը: Արդեն հաստատ գիտեինք, որ թշնամին մեր ուղղությամբ առաջխաղացման չէր դիմելու: Տալով բազմաթիվ վիրավորներ և զոհեր՝ թուրքերը հազիվ հասցնում էին նրանց հանել մարտի դաշտից, բայց շարքից հանվածներին փոխարինում էին նորերը:
Թուրքերը, տեսնելով, որ ճակատամարտի ելքը փաստորեն վճռված է, և ոչ իրենց օգտին, փորձեցին բեկում մտցնել մարտի մեջ, օդ հանելով ռազմական ուղղաթիռները, բայց դրանք էլ էական արդյունք չտվեցին: Վախենալով մոտենալ՝ ուղղաթիռների օդաչուները հեռվից հրթիռակոծեցին մեր ու ճարտարցիների դիրքերը և հետ չվեցին: Նրանք այդ գործողությունները կրկնեցին մի քանի անգամ: Այդուհանդերձ, թուրքերը շարունակում էին նորանոր զոհեր տալ, բայց և չէին նահանջում: … Լսելով համագյուղացիների մահվան մասին՝ մենք է՛լ ավելի սաստկացրինք կրակը: Այդ միջոցին մեզնից մոտ հինգ հարյուր մետր հեռու, ձախ թևում լսեցինք գնդացիրների փոթորկալից կրակահերթի ձայն: Պարզվեց, որ ճարտարցիներն էին եկել մեզ օգնության: Չկարողանալով դիմադրել թուրքերի գերակշռող ուժերին՝ ճարտարցիները նահանջել էին «Արծիվ» դիրքերից և ձորով բարձրացել մեզ մոտ: Թուրքերը հայտնվել էին մեր և ճարտարցիների խաչաձև կրակի տակ: Շուտով թուրքերի մոտ խուճապ առաջացավ, լսվում էին գոռոցներ, վիրավորների վայրենի ձայներ, նկատվում էին սողեսող հեռացողների ստվերագծերը: Այո, թուրքերը փոքր խմբերով նահանջում էին: Հետմիջօրեին, ավելի ստույգ՝ ժամը երեքին ճարտարցիները եկան մեզ մոտ՝ բերելով սննդամթերք և ամենակարևորը` ջուր»:
Զոհեր և վիրավորներ կային նաև գյուղերում: « Ռմբակոծությունը չէր դադարում: Քանի՜ տոննա արճճի ու երկաթի կարկուտ թափեցին մեր գյուղերի վրա, դա միայն իրենց` թուրքերին է հայտնի,-դառնորեն վերհիշում է Կ. Հակոբյանը,- մեր գյուղում միայն բժշկական անձնակազմն էր, որի շատ անդամները մնացին հիվանդանոցում` ցույց տալով առաջին բուժօգնությունը բազմաթիվ վիրավորների»:
Կատաղի մարտերում հակառակորդի հնարավորությունները սպառվեցին և նա ստիպված էր նահանջել: Այդ մասին հուշագրողը վկայում է. « Ահագին կորուստներ տալով` թուրքերը թողեցին «Վըշկա» բարձունքը` իրենց հետ տանելով վիրավորներին ու սպանվածների դիակները, հետ քաշվեցին իրենց իսկ եկած ճանապարհով: Ճարտարցիների «Արծիվ» դիրքը դեռ գտնվում էր թուրքերի ձեռքում:
Մեզ մոտ եկած ճարտարցիները, որ տեղափոխվել էին «ԿամԱԶ» մեքենայով, նստեցին մեքենան և հասան «Վըշկա», բայց այնտեղ արդեն թուրքեր չկային: Վերցնելով մեծ քանակությամբ զինամթերք` նրանք վերադարձան մեզ մոտ և ասացին.
-Տղաներ, դրությունը ծանր է «Հիսուններում», մենք օգնության ենք գնում մեր ընկերներին:
«Հիսունները» ճարտարցիների դիրքերն էին, որոնք գտնվում էին Ֆիզուլի-Մարտունի ճանապարհից դեպի աջ ձգվող բլուրների վրա:
Մեր դիրքից երևում էր Պուլուր խութ բարձունքը: Տարվելով մեր ուղղությունում ծավալված մարտական գործողություններով՝ չէինք էլ հետևել, թե ինչպես են զարգանում դեպքերն այնտեղ: Ժամը 5-ին թուրքերը ստիպված հետ քաշվեցին իրենց ելման դիրքերը` տալով մեծաքանակ զոհեր: Մարտը, փաստորեն, այնտեղ դադարել էր, չէին լսվում ավտոմատային և գնդացրային կրակոցներ, բայց հրետակոծությունը չէր դադարում: Նորից ավելի հաճախադեպ սկսեցին գործել թուրքերի 120 մմ ականանետները, որոնք կրակում էին թե՛ դիրքերի և թե՛ Մաճկալաշեն գյուղի վրա:
Ի վերջո, թուրքերն առանց կրակոցի թողեցին նաև մեր ձախ հարևանների «Արծիվ» դիրքը և հետ քաշվեցին»:
Անհասկանալի է, թե որտեղից է բանաքաղվել հետևյալ միտքը. «Կազմավորվեցպաշտպանության բանակի թիվ 36534 զորամասը՝ Մոնթե Մելքոնյանի ղեկավարած Մարտունու պաշտպանական շրջանը»: Ընդհանրապես, Արցախի ԻՊՈՒ պաշտպանական շրջանները տարածքային սկզբունքով կազմավորվել են ԻՊԿ նախագահի 1992 թ. օգոստոսի 14-ի հրամանագրով՝ սկսած սեպտեմբեր ամսից, արդեն իսկ գործող և մարտեր մղող համապատասխան ստորաբաժանումների հիման վրա: Մարտունու ՊՇ-ն երկու առանձին զորամասերի է բաժանվել Մոնթե Մելքոնյանի զոհվելուց հետո, 1993 թ.: Իհարկե, նշված զորամասի օր կարող է հռչակվել նաև առաջին նշանակալի ճակատամարտի օրը, ինչը, սակայն, չի նշանակում, թե այն հենց այդ օրն է կազմավորվել:
Թերի է նաև հետևյալ միտքը. «Ինքնապաշտպանության ուժերը վերցրին 3 և ոչնչացրին նույնքան զրահամեքենա ու թշնամու 200 զինվոր, Մարտունիում ու Ասկերանում վերատիրացան որոշ բարձունքների»:
Ըստ ԼՂՀ ԳԽ պաշտոնաթերթի հրատարակած ռազմաճակատային ամփոփագրի՝ «ամենահամեստ հաշվումներով, սպանվեցին 300 ադրբեջանցի զինյալներ: Գերվեցին 4-ը, որոնցից մեկը՝ ազգությամբ չեչեն: Շարքից հանվեց 9 տանկ եւ 7 միավոր այլ ռազմական տեխնիկա: Առգրավվեց 4 միավոր տեխնիկա, այդ թվում մեկ տանկ: Հայկական կողմը եւս կորուստներ ունեցավ. հերոսի մահով ընկան 18 մարտիկներ» (տե՛ս «Արցախ»,1992թ., N 11):
Հաջորդ պարբերությունը բանաքաղված է մեր աշխատությունից (Հարությունյան Մ. Արցախյան պատերազմը և պաշտպանության բանակի մարտական ուղին. 1991-1994 թթ., «Կաճառ» (ԿԳԿ-ի տարեգիրք), № 5 (59-70), 2011, Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2015, էջ 102-103). «Նույն օրը, Հադրութի շրջանում գրավելով Հողեր և Տող գյուղերի պահակակետերը, թշնամու ստորաբաժանումները ներխուժեցին Տողի գինեգործարան, ապա մոտ 4 կիլոմետր խորացան գյուղի տարածք, սակայն ինքնապաշտպանության ուժերի ձեռնարկած հակահարձակման շնորհիվ ճակատի գիծը երեկոյան վերականգնվեց»: Տեղանքին անծանոթ ընթեցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե հակառակորդը մտել է Տող, սակայն այդպես չէր…
Վերոհիշյալ ամփոփագրից մեջբերված տվյալները վկայում են, որ հետևյալ վիճակագրությունն էլ թերի է. «Հունիսի 28-29-ի կռիվներում զոհվեց 10 ազատամարտիկ, թշնամին կորցրեց 9 տանկ և 7 զրահամեքենա, ծանր պարտություն կրեց նաև Ցորում ու Էդիլլուում, որտեղ ուներ նաև «ՄԻ-24» ուղղաթիռների աջակցությունը»:
Անչափ կարևորելով Արցախյան պատերազմի և, ընդհանրապես, հայ ռազմական տարեգրության նշանակալի իրադարձությունների առթիվ հրապարակումներն ու անդրադարձները՝ ուզում եմ հուսալ, որ այսուհետև այդպիսի նախաձեռնությունների հեղինակները կլինեն ավելի ուշադիր ու բծախնդիր: Մհեր Հարությունյան