«Կաճառ» գիտական կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է հայագիտության զարգացման համար գիտական հիմքերի ստեղծումը: Դրա առաջատարը հիմնարար գիտական գրադարանն է, որը մշտապես համալրվում է անհրաժեշտ գրականությամբ: Թեև առաջնահերթությունը տրվում է Արցախի մասին հրատարակություններին, բայց գրադարանային ֆոնդերում ուրույն տեղ ունի նաև գիտատեղեկատվական բնույթի գրականությունը: Թեմատիկ ուսումնասիրություններից կարևորելով Արցախում հայ գրատպության պատմությունը՝ հավաքագրվում են նաև տեղի տպարաններում լույս տեսած գրքերը: Հատկապես վերջին տարիներին Արցախում նկատելի է գրահրատարակչության, այդ թվում՝ թարգմանական գրականության ակտիվացում: Այս առումով նկատելի ու շնորհակալ աշխատանք է կատարում «Ոգի-Նաիրի» հրատարակչությունը՝ բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանի ղեկավարությամբ: «ԳեղArm» հանդեսի մատենաշարով արդեն լույս են տեսել ավելի քան հինգ տասնյակ անուն թարգմանական գրքեր, որոնք հնարավորություն են ընձեռում մայրենիով ծանոթանալու չինական և ռուսական գրականության ուշագրավ նմուշներին:
Շնորհակալությամբ ենք հատկանշում, որ ս. թ. հունիսի 28-ին հինգ տասնյակ միավոր գիրք և «ԳեղArm» հանդեսի վերջին մի քանի համարներ նվիրաբերվեցին մեր հիմնարար գիտական գրադարանին: Այդ գրքերը համալրելու են «Գրահրատարակչական գործն Արցախում», իսկ հանդեսի համարները՝ «Արցախի պարբերական մամուլի արխիվի» համապատասխան ֆոնդերը:
Նանե Հարությունյան