ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հուլիսի 11-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» թեմայով միջազգային առցանց գիտաժողովի կազմկոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակումներում՝ գիտաժողովը նախատեսված էր 2020 թ. մարտի 22-25-ը, սակայն համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այն անորոշ ժամանակով հետաձգվել էր: Նպատակահարմար է համարվել գիտաժողովն անցկացնել հեռավար (առցանց՝ իրական ռեժիմով)  2020 թ. հուլիսի 15-16-ին Շուշի տեխնոլոգիական համալսարանի ZOOM հեռավար հարթակում:

Կազմկոմիտեի հերթական նիստում, հաշվի առնելով մյուս անդամների ու գործընկերների առաջարկությունները, քննարկվել են աշխատակարգին, ծրագրին, մասնակիցներին, ընդունելիք հայտարարության տեքստին առնչվող և կազմակերպական այլ հարցեր:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը և «Մշակույթ և ապագա» հիմնադրամը (Ռուսաստան):

Գիտաժողովի գործընկերներն են Արցախի գիտական կենտրոնը,  «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպությունը (Երևան), Հայաստանի ազգային արխիվը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, «Կաճառ» գիտական կենտրոնը (Արցախ), «Օրբելի» վերլուծական հետազոտությունների կենտրոնը (Երևան), «Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ընկերակցությունը» (ՌԴ) և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը:

Նախատեսվում է ունկնդրել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության, Անգլիայի, Լիբանանի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հինգ տասնյակ գիտնականների, հասարակական-քաղաքական գործիչների, իրավաբանների և այլ մասնագետների զեկուցումները:

Leave a Reply