ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՔՐՈՒՄԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՓՈՇԻՆԵՐԻՑ

Հայրենագիտության զարգացման համար կարևոր նշանակություն են ստանում Արցախի առանձին բնակավայրերի մասին զանազան հրատարակությունները: Դրանց շարքը վերջերս համալրեց մտավորական, լրագրող Վարդգես Գրիգորյանի «Արցախի Ղազանչի. գյուղի պատմությունը հին դարերից մինչև մեր օրերը» գիրքը: Երկար տարիներ շարունակ հեղինակը նյութեր է հավաքել և կատարել ուսումնասիրություններ հայրենի գյուղի պատմության և անվանի համագյուղացիների մասին գիրք գրելու նպատակով, ինչը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ Ղազանչին ադրբեջանցի վանդալների ձեռամբ ավերվել ու հրի է մատնվել: Սակայն գյուղը մոտակա վայրում վերականգնելու ջանքերին զուգահեռ պահանջված էր նրա ամբողջական պատմությունն ընդհանրացնելու և առանձին գրքով հրատարակելու նախաձեռնությունը, որն իր ուժերի ու հնարավորությունների սահմաններում կյանքի է կոչել Վ. Գրիգորյանը:

Գրեթե 18 մամուլ ընդհանուր ծավալով և պատկերազարդ գիրքը բաղկացած է 10 մասերից: Առաջին մասն ընդհանուր տեղեկատվական բնույթի նյութեր է պարունակում Արցախի Հանրապետության մասին: Երկրորդ մասում ներկայացված են գյուղի աշխարհագրական դիրքը, բուսական և կենդանական աշխարհը, հեղինակի հայթայթած պատմական տեղեկությունները, պատմաճարտարապետական հուշարձանները, ազգատոհմերը, ավանդություններն ու սովորույթները, մանրատեղանունները և այլ պատմական ու ազգագրական բնույթի տեղեկություններ:

Երրորդ մասը Ղազանչիի մասին կամ նրան առնչվող տարբեր նյութեր են, որոնք բանաքաղված են այլևայլ հեղինակների հրապարակումներից կամ բանահյուսությունից:

Երրորդից-յոթերորդ մասերը համեմատաբար հանգամանալից պատմում են գյուղի խորհրդային տարիների մասին՝ հնարավորինս ընդգրկելով կյանքի բոլոր ոլորտները և աչքի ընկած գործիչներին;

Ութերորդ մասը նվիրված է Արցախյան պատերազմին Ղազանչիի մասնակցությանը, գյուղի նվաճումների ու կորուստների ընդհանրացմանը:

Հաջորդ մասը կազմված է հայրենիքի համար զոհված հայրենակիցների մասին պատմող ակնարկներից:

Վերջին մասը ներկայացնում է Նոր Ղազանչի բնակավայրի վերընձյուղման ընթացքը, որը միտված է խոստումնալից ապագային:

Վերջաբանի փոխարեն  հեղինակն ընդհանրացրել է իր կատարած աշխատանքը, նշել այն հիմնական աղբյուրները, որոնք օգտագործել է  գիրքը կազմելիս, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով օգնել են նրան գլուխ բերելու այն հրատարակելու գործը:

Հատորը եզրափակում են գրքի մասին գրախոսությունը, ծանոթագրություններն ու   օգտագործված գրականության ցանկը:

Գրքի խմբագիրը բանաստեղծ, լրագրող Արիս Արսենին է: Տպագրվել է «Դիզակ պլյուս» տպարանում,  250 տպաքանակով:

Կարծում ենք, որ գրքի նյութերը և օգտակար տեղեկույթը ոչ միայն մոռացությունից փրկել են Ղազանչիի պատմության հիշատակները, այլև հիմք կհանդիսանան հետագա ուսումնասիրությունների և նոր հրատարակությունների համար:

Նանե  Հարությունյան  

Leave a Reply