ՊԵՏԱԿԱՆ ՏԵՌՈՐԻ ԵՎ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԶՏՈՒՄՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

  • by

1988 թ. սեպտեմբերի 18-ին Խոջալուի ադրբեջանցիները հերթական անգամ հարձակվեցին հայ ուղևորների վրա, մարմնական վնասվածքներ պատճառեցին նրանց և ջարդեցին փոխադրամիջոցը: Այդ հերթական սադրանքը բախումների առիթ դարձավ, որոնց հետևեցին հայ ազգաբնակչության բռնի տեղահանությունը Շուշի քաղաքից և ահաբեկչական գործողությունները: Այդ մասին մեր հարցերին խնդրեցինք պատասխանել թեմայի ուսումնասիրությամբ զբողվող պատմաբան Մհեր Հարությունյանին:

— Ի՞նչ եք կարծում,   32 տարի առաջ այս օրերին տեղի ունեցածը պատահականություն էր, թե՞ տասնամյակներ շարունակվող ահաբեկչական քաղաքականության հերթական ծրագրված արարը:

— Ադրբեջանական բոլոր կառավարություններն հետեւողականորեն իրականացրել են էթնիկական զտման քաղաքականություն, որի արդյունքում հայ ազգաբնակչությունը  բռնի տեղահանվել է իր հայրենի եզերքներից, որոնք զարտուղի միջոցներով ու անպատիժ կերպով, տարբեր ժամանակներում զավթել էր Ադրբեջանը: Դեռեւս 1920-ական թվականներին սանձարձակ բնույթ ստացած այդ քաղաքականությունը վերստին բացահայտ դրսեւորվեց արդեն 1980-ականների վերջերին: Կուր գետից ձախ եւ աջ, ընդհուպ մինչեւ նախկին ԼՂԻՄ  սահմաններն ընկած տարածքներից հայերի բռնի տեղահանությունները, ջարդերը, անշարժ ու շարժական  գույքի բռնագրավումները մի տեսակ ստվերի տակ են թողել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրագործած էթնիկական զտումները: Դրանց, որպես կանոն, նախորդում էին հակահայկական քարոզչությունը, ահաբեկչական ձեռնարկումները եւ կեղծ տեղեկատվության տարածումը: Տակավին 1988-ի փետրվարի 14-ին կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմում Ադրբեջանի ԿԿ կենտկոմի վարչական մարմինների բաժնի վարիչ Մ. Ասադովը սպառնացել է, որ հարեւան շրջաններից մարզ կարող են մտնել 100 հազար ադրբեջանցիներ: Այսինքն Ադրբեջանի կուսակցական ու խորհրդային ղեկավար մարմինները հենց սկզբից ընտրել են ահաբեկչության ու շանտաժի ճանապարհը՝ ստիպելու արցախահայությանը հրաժարվել ազատագրական պայքարից: Խորհրդային ուժային կառույցների հազարավոր ծառայողներ ԼՂԻՄ տեղափոխելը, Աղդամից բազմահազարանոց ամբոխի հարձակումը սահմանային Ասկերան ավանի վրա (22.02.1988 թ.), եւ այլ կազմակերպված գործողություններ, արցախահայությանն ահաբեկելու նպատակ են հետապնդել: Այս հարթությունում պետք է դիտարկել նաեւ 1988 թ. մայիսի 16-18-ի  եւ սեպտեմբերի 18-20-ի ընթացքում Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի տեղահանությունը, ինչը, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, Վերակառուցման ժամանակաշրջանի առաջին էթնիկական զտումն էր Լեռնային Ղարաբաղում:

— Իսկ ինչու՞ հենց Շուշիում, գուցե հայ բնակչության փոքրաթիվությունը և արյունալի անցյալի սխալ ընկալումը ոճրագործների սերունդների կողմից խողացե՞լ են իրենց դերը:

— Այդ ողբերգական իրադարձությունները, կարծում եմ՝ պետք է գնահատել Շուշի քաղաքի նկատմամբ ադրբեջանցիների հավակնությունների եւ Արցախի համար այդ բերդաքաղաքի ունեցած կարևոր նշանակության համատեքստում: Ուսումնասիրողներից ոմանք Շուշիի լրիվ ադրբեջանականացումը 1988 թ. սեպտեմբերի 20-ին համարում էին ինքնավար մարզի բնակիչների նկատմամբ հետագա զանգվածային բռնությունների գլխավոր փորձը: Պատահական չէ, որ Հայկական ԽՍՀ-ից կազմակերպված կերպով Արցախ տեղափոխվող ադրբեջանցիները բնակեցվում էին հենց Շուշիում: Ադրբեջանցիները դա թաքցնելու ձեւականությունների անգամ չէին դիմում: «Վերաբնակեցվածների,- ծանուցում էր Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի լրատվական կենտրոնի հրատարակություններից մեկը,-   որոնք հիմնականում կենտրոնացվել են Շուշիի շրջանում, ընդհանուր թիվը մինչեւ հուլիսի սկիզբը կազմել է 1790 մարդ, այդ թվում՝ նրանցից 1500-ը ապրում էր Շուշի քաղաքում»: Այդ տարիներին, ինչպես հայտնի է, հաճախ էր խոսք գնում Շուշիի շրջանի եւ Շահումյանի շրջանի փոխանակման, հիմնախնդրի լուծման հարցով հանրաքվեի անցկացման մասին: Այդ ասեկոսեներն, ակներեւաբար, ավելի անսքող ու սանձարձակ բնույթ էին հաղորդում Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների՝ Արցախի ժողովրդագրական կազմի փոփոխման տասնամյակներ ի վեր իրականացվող քաղաքականությանը:

Հատկանշական է, որ Շուշիի 1988-ի մայիսյան բռնարարքներն իրագործվում էին «սումգայիթյան ոճրագործությունների» սարսափազդու խրտվիլակով մարդկանց ահաբեկելու եւ «սումգայիթից» ավելի դաժան մեթոդների դիմելու սպառնալիքներ տեղալու միջոցով: Սումգայիթյան ցեղասպանությանը քաղաքական գնահատական չտալը, անպատժելիության մթնոլորտը, ոճրագործին ու անմեղ զոհին նույնացնելու  փորձերը եւ այլ գործոններ հնարավոր դարձրին նաեւ Շուշիից հայ բնակչության բռնի տեղահանությունը, ապա եւ դրան հաջորդած մյուս բռնարարքները: Այս առումով, չեմ կարծում, թե պատահական զուգադիպություն էր սումգայիթյան ոճրագործներից մեկի նկատմամաբ նույն մայիսի կեսերին  կայացված սպասվածից  մեղմ դատավճռի ու Շուշիում նոր բռնությունների մոգոնման միջեւ:

Այդ սպառնալիքները շուշեցի հայերի համար սին հոխորտանքներ չէին, քանի որ պատմական հիշողությունը պահպանել էր Շուշիի 1905-1906 թթ., 1918 թ. թուրքական ներխուժման, 1919 թ. ամառվա եւ հատկապես 1920 թ. մարտյան սարսափները: Դրանից բացի, Շուշիի հայ բնակիչները ամեն օր ականատես էին լինում երբեմնի ծաղկուն քաղաքից մնացած ավերակ շենքերի ուրվականներին, եւ գիտեին, որ գետնի ամեն մի թիզը ներկված է ազգությամբ հայ անմեղ զոհի արյունով: 

Շուշիի հնաբնակները վկայում են, որ հենց Շուշիից ադրբեջանական «ակտիվիստների» ներկայացուցիչները, հատուկ հանձնարարությամբ մեկնել են Հայկական ԽՍՀ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերը, նրանց համոզել՝ տեղափոխվելու Շուշի:

Քանի որ խոսք եղավ ադրբեջանական այսպես կոչված ակտիվիստների մասին, ապա տեղին եմ համարում նշել նրանց անունները, ովքեր ակնհայտորեն ղեկավարում էին ադրբեջանցիների հակահայկական ձեռնարկումները, թշնամանք ու ատելություն էին բորբոքում հայերի նկատմամբ:

— Անշուշտ, Շուշիում հայերի նկատմամբ էթնիկական զտումները ծրագրել ու կազմակերպել են ադրբեջանի կոմունիստական ու խորհրդային իշխանությունները՝ Շուշիի շրջկոմի (1-ին քարտուղար Նիազ Հաջիեւ) ու շրջանային կամ քաղաքային խորհուրդների գործկոմների միջոցով: Իսկ անմիջական իրականացնողներն էին գործկոմի նախագահ  Միքայիլ Գյոզալովը, մարզգործկոմի նախագահի առաջին տեղակալ Ֆարուխ Հուսեյնովը, շրջկոմի 3-րդ քարտուղար Ռուհանգիզ Մուխտարովան, ՆԳ շրջանային բաժնի պետ Ալամդար  Թաղիեւը, 92-րդ շինվարչության պետ Նիզամի Բահմանովը, Շուշիի երաժշտական դպրոցի տնօրեն Էլդար Ալիեւը, կոմունալ տնտեսության տնօրեն, 1989-ին շրջկոմի առաջին քարտուղար Վագիֆ Ջաֆարովը, կենցաղսպասարկման ձեռնարկության տնօրեն Թոֆիկ Սուլեյմանովը, բժիշկ Մանսուր Մամեդովը, ՊԱԿ-ի աշխատակից Թոֆիկ Բաբաեւը, բանտի օպերմասի պետ Յուսուֆալի Ջաֆարովը, թառի գործարանի արտադրամասի պետ Նիզամի Իսմայիլովը, միլիցիոներ Թավաքյուլ Հուսեյինովը, ոմն Իլհամի Ֆաթալիեւը, դպրոցի տնօրեն Խավնար Կասումովան եւ ուրիշներ, մարդիկ, որոնք մի օր պետք է պատասխանատվության ենթարկվեն էթնիկական զտումներ կազմակերպելու համար: 

-Ի՞նչ նպատակներ էին հետապնդում ադրբեջանցի էմիսարները, երբ հարևան հանրապետությունից իրենց ցեղակիցներին կազմակերպված կերպով տեղափոխում էին Արցախ:

— Ակնհայտ է, որ Ադրբեջանը կազմակերպելով ադրբեջանցիների արտագաղթը Հայկական ԽՍՀ-ից՝ հետապնդում էր քաղաքական հետեւյալ նպատակները.

ա) հակակշիռ ստեղծել հայ փախստականներին ու բռնադատվածներին,

բ) Ադրբեջանի ղեկավարության քաղաքական մտածողությամբ՝ Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիներին որպես պատանդ թողնելը կարող էր կաշկանդել Ադրբեջանական ԽՍՀ-ի ուժային կառույցների սանձարձակ բռնարարքների ու էթնիկական զտման քաղաքականության իրագործումը,

գ) տեղափոխվածներին օգտագործել էթնիկական զտումների իրականացման համար: Եվ, իրականում էլ, բռնարարքների, հանցագործությունների շարժիչ ուժը կամ Հայկական ԽՍՀ-ից բերվածներն էին կամ էլ ներկայացվում էին որպես այդպիսին:

դ) արտագաղթածներին բնակեցնելով ԼՂԻՄ-ում եւ նրան հարակից բնակավայրերում՝ հօգուտ ադրբեջանցիների փոխել ժողովրդագրական կազմը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով եւ, առաջին հերթին, հանրաքվեի անցկացման հնարավորության բացառումով, ինչի մասին այն ժամանակ շատ էին խոսում:

Պատահական չէ, որ ձգտելով իրագործել Լեռնային Ղարաբաղի ազգագրական(էթնիկական) կազմը փոխելու իր վաղեմի երազանքը, ԼՂԻՄ մի քանի բնակավայրերում Ադրբեջանը բնակեցրել է Ուզբեկստանից փախստական դարձած թուրք-մեսխեթցիներին, որոնք Արցախի հետ ոչ մի առնչություն չունեն:

1988 թ. գարնանը եւ աշնանը տեղի ունեցած  դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանություններն անվերջանալի սադրանքներ են իրականացրել՝ արցախահայությանը սահմանադրական պայքարի ուղուց շեղելու, համբերությունից ու օրինականության հունից հանելու, պատժիչ գործողությունների համար հիմքեր ստեղծելու նպատակով: Ադրբեջանական ԽՍՀ տարածքից հայ բնակչության զանգվածային տեղահանությունների, նրանց նկատմամբ բռնությունների գործադրման, Արցախյան շարժման ակտիվիստների նկատմամբ իրավական հետապնդումների, ձերբակալությունների համայնապատկերի վրա սադրիչ քայլ էր ԼՂԻՄ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ոմն Բայրամովի նշանակումը 1988 թ. մայիսի 11-ին: Ի պատասխան, Ստեփանակերտի բոլոր ձեռնարկություններում գործադուլ հայտարարվեց, իսկ մարզկոմի դիմացի հրապարակում հավաքված մոտ 20 հազար վրդովված մարդիկ մի քանի ժամ անընդհատ պահանջում էին չեղարկել նշանակման մասին հրամանագիրը: Ցուցարարների անունից մայիսի 12-ին բողոքի դիմում է ուղարկվել ԽՄԿԿ Կենտկոմ:

Ադրբեջանական աղբյուրների ծանուցմամբ մայիսի 5-6-ին Ստեփանակերտում գտնված տնտեսագետ Իգոր Մուրադյանը մայիսի 14-ին ԽՄԿԿ Կենտկոմ հղած հեռագրում նախազգուշացրել է այն մասին, որ ադրբեջանցիները սադրիչ հարձակումներ են նախապատրաստում ԼՂԻՄ հայկական բնակավայրերի վրա: Այս փաստը վկայում է էթնիկական զտման գործողությունների նախօրոք նախապատրաստման մասին:

            — Ի՞նչ եղանակներով էին ադրբեջանցիներն էությամբ ահաբեկչական քաղաքականությունն իրականացնում: 

— Մայիսի առաջին կեսին տեղ են գտել մի շարք ավազակային հարձակումներ ազգությամբ հայ քաղաքացիների վրա, հրահրվել են բախումներ, որոնք կանխվել են ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի միջամտությամբ: Հրահրված ծեծկռտուքի ընթացքում թեթեւակիորեն տուժած, ընդամենը քերծվածք ստացած 6 ադրբեջանցիներ տեղափոխվել են Շուշիի հիվանդանոց՝ միջէթնիկական թշնամանքի, հակահայկական հիստերիայի նոր աղբյուր ստեղծելու նպատակով:

Հարկ է նշել, որ կազմակերպված բոլոր այդ գործողություններին  ադրբեջանական իշխանությունները լայնորեն ներգրավում էին Հայկական ԽՍՀ-ից բերած «փախստականներին»՝ շահարկելով ու շրջանառության մեջ դնելով նրանց «բարոյահոգեբանական անհավասարակշռության», «սթրեսների» առասպելները: Ուշագրավ է, որ անգամ ադրբեջանական կողմը չէր կարողանում շրջանցել այդ բեմականացված տեղափոխությունների եւ բերված մարդկանց ապակայունացնող դերի փաստերը, ուստի փախստականներ բառեզրը վերը նշված ադրբեջանական աղբյուրում չակերտների մեջ է առնված: «Շուշիի շրջանում հայտնվեցին Արարատի ու Ազիզբեկովի շրջաններից ադրբեջանական ազգության «փախստականների» առաջին խմբերը, որոնց թիվը ամսվա վերջին աճեց մինչեւ 900 մարդ: Վերաբնակների ժամանումը բացասական դեր խաղաց եւ նշանակալիորեն ապակայունացրեց շրջանի իրադրությունը»: Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանություններն էթնիկական զտումների իրենց քաղաքականությունը քողարկում էին այդ «փախստականների» սոցիալական դժվարություններով: «Փախստականների» որոշակի մասը,- կարդում ենք մեջբերվող հատվածի շարունակության մեջ,-  դժգոհ լինելով բնակարանային հիմնախնդրի լուծման ընթացքում ծագած դժվարություններից, կոչ էր անում վտարել Շուշի քաղաքի հայ բնակչությանը իրենց բնակարաններից ու սեփական տներից եւ զբաղեցնել նրանց տեղը»:

Մայիսի 14-ին եւ 15-ին  Շուշիում տեղի ունեցան հանրահավաքներ, որոնցից յուրաքանչյուրին մասնակցեց 3000 մինչեւ 6000 մարդ: Ինչպես վկայում են ականատեսները, հանրահավաքների մասնակիցները խիստ ագրեսիվ էին տրամադրված, անվերահսկելի էին, ռասիստական, հակահայկական ու հակապետական կոչեր էին անում: Հանրահավաքների արդյունքում էլ, գագաթնակետին հասցնելով հակահայկական հիստերիան ու ծայրահեղ բորբոքելով բնազդային թշնամանքն ու ատելությունը, մայիսի 16-ին ազգությամբ հայ քաղաքացիներին արգելեցին աշխատատեղեր մտնելու, սպասարկման կետերից օգտվելու, իսկ մշտական ահաբեկումներով, նոր «սումգայիթ» հայերի գլխին սարքելու սպառնալիքներով, ծեծի ու բնակարանների ավերումների ու կողոպուտի եղանակներով նրանց տեղահանեցին հայրենի քաղաքից: Շուշիից բռնի տեղահանված ութ տասնյակից ավելի հայ ընտանիք ապաստան է գտել, Ստեփանակերտում, երեք տասնյակից ավելին՝ Քարինտակում, տասնութը՝ Շոշում, չորսը՝ Գորիսում, յոթը՝ Սզնեքում, իսկ ավելի համառները՝ քսանյոթ ընտանիք մնացել է Շուշիում:

Այդ օրերին ԼՂԻՄ ներքին գործերի վարչություն էին դիմել Շուշիում բնակվող հայերը՝ ադրբեջանցիների կողմից իրենց անձնական գույքի գողության ու հափշտակության, բնակարանների ավերման փաստերով: Բոլոր այդ փաստերի վերաբերյալ մարզի դատախազությունը եւ ՆԳ վարչությունը հետաքննություն էր սկսել, սակայն, ապարդյուն:

Մայիսի 17-ին կոմկուսի մարզկոմը քննարկեց «Շուշի քաղաքում սադրանքների մասին» հարցը: Հատկանշական է, որ Շուշիի շրջկոմի առաջին քարտուղար Ն. Հաջիեւը հրաժարվեց ներկայանալ մարզկոմի բյուրոյի նիստին՝ խուսափելով պատասխանատվությունից:

Նույն օրը մարզկոմի բյուրոյի անունից բողոքի նոր նամակ ուղարկվեց ԽՄԿԿ կենտկոմ: Սակայն, կրքերը չէին հանդարտվում: Անպատժելիությունը եւ ամենաթողությունը նոր հանցանքներ էին ծնում: Այսպես, մայիսի 18-ի գիշերը ադրբեջանցիների ամբոխը հարձակվեց Շուշիի Խ. Աբովյանի անվան համար 3 հայկական միջնակարգ դպրոցի վրա, ջարդոտեց շուրջ 70 պատուհաններ, փչացրեց դպրոցական ուսումնական գույքը:

Այդ եւ հաջորդ օրերին եւս տեղեկություններ էին ստացվում հայերին ծեծի ենթարկելու, անձնական գույքը փչացնելու կամ հափշտակելու մասին: Նույն բեմագրով բազմամարդ հանրահավաքներ տեղի ունեցան նաեւ Բաքվում: Այսպիսով, մի շարք ահաբեկչական գործողություններով ու բռնարարքներով ճնշում գործադրելով հայ ազգաբնակչության վրա եւ շանտաժի ենթարկելով Կենտրոնին, Ադրբեջանը շտապեց ամրագրել իր թվացյալ հաղթանակը: Հաղորդվեց, որ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի պլենումում Ե. Կ. Լիգաչովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու հարցը ոչ քննարկվել եւ ոչ էլ քննարկվելու է՝ դրանով վերստին սադրելով ստեփանակերտցիներին դիմելու գործադուլի:

— Սեպտեմբերի 18-ին ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս հայաթափվեց Շուշին:

— 1988-ի մայիսի 16-18-ի դեպքերը շարունակվեցին մինչեւ 1988թ. սեպտեմբերի 20, երբ Շուշիի հայ բնակչությունը լրիվությամբ վտարվեց հարազատ քաղաքից, ինչից հետո ադրբեջանցիները այն վերածեցին հզոր ռազմական հենակետի, մահացու կրակակետի եւ Արցախի դեմ ագրեսիայի մշտական աղբյուրի:

Բաքվում հայ ազգաբնակչության կոտորածների 70-րդ տարելիցին սադրանքի որջի վերածված Խոջալուի բնակիչները հերթական անգամ քարկոծեցին հայերին պատկանող փոխադրամիջոցները, որոնց ուղեւորները ստացան մարմնական ծանր վնասվածքներ: Ամենօրյա սադրանքներից ու հոգեբանական ճնշումներից ծայրահեղ լարված մարդկանց նյարդերը չդիմացան: Պատասխան գործողություններ սկսվեցին նաեւ Ստեփանակերտում, որտեղ հետ մղվեց Կրկժանից ադրբեջանցիների ձեռնարկած հարձակումը: Վառվեցին ու կողոպտվվեցին տներ ու բնակարաններ, Շուշիի բնակչներից երեք ընտանիք մնաց առանց ծածկի, իսկ սեպտեմբերի 19-20-ին զրահամեքենաներով ու զինվորական բեռնատարներով ադրբեջանական գազազած ամբոխի ճիրաններից մազապուրծ փրկվեցին Շուշի քաղաքի վերջին հայ բնակիչները: 

Վերոնշյալ փաստերն ի ցույց են դնում Ադրբեջանի իշխանությունների էթնիկական զտումների ու ահաբեկչական գործողությունների այն քաղաքական գիծը, որի ականատեսն ենք ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ դարերում:

            — Ինչու՞ է անհրաժեշտ իրավաքաղաքական պատասխանատվության   ենթարկել Ադրբեջանի իշխանություններին:

— Այդ եղեռական դեպքերից 32 տարի անց բոլոր ազդեցիկ միջոցներով հարկ է դատապարտել Ադրբեջանի պետական ահաբեկչության եւ էթնիկական զտումների քաղաքականությունը: Ինչպես հետագա իրադարձությունները, այնպես էլ Ադրբեջանի՝ պատերազմը վերսկսելու առայսօր շարունակվող սպառնալիքները անպատժելիության եւ համարժեք քաղաքական գնահատական տալուց, իրավական պատասխանատվության ենթարկելուց միջազգային հանրության խուսափելու արդյունք են: Դեռ ավելին, որոշ գործիչներ խոսում են երկու կողմերի համատեղ ապրելու հնարավորության մասին, մինչդեռ ագրեսիա, հայերի բռնատեղահանություն, կոտորածներ ու էթնիկական զտումներ իրագործած պետությունը շարունակում է հավատարիմ մնալ պետական տեռորի հետեւողական քաղաքականությանը, դրանով ոչ մի հնարավորություն չթողնելով հարաբերությունների կարգավորման համար:

Միակ ելքը, թերեւս, միջազգային հանրության եւ տարածաշրջանի կայունությամբ ու անվտանգությամբ իրապես շահագրգռված պետությունների կողմից Ադրբեջանի տեւական ահաբեկչական քաղաքականությանը քաղաքական գնահատական տալը  եւ անհապաղ ԼՂՀ անկախությունը ճանաչելն է, ինչն արցախահայության անվտանգության եւ տարածաշրջանի կայունության երաշխիքը կլիներ:  

                                                                                          Նանե Հարությունյան

Պատասխան թողնել