Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) մայրաքաղաքն է: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, երբ ԼՂԻՄ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ԼՂԻՄ-ի եւ նրան հարակից Շահումյանի շրջանի վարչական սահմաններում, ինքնըստինքյան մարզի վարչական կենտրոնը ստացավ հանրապետության մայրաքաղաքի կարգավիճակ:

Ժամանակակից Ստեփանակերտը ներառնում է նախկին Ներքին շեն, Սողոմոնի շեն, Հին ու Նոր Արմենավան, Կրկժան, Փահլուլ (Վարդութ), Մալիբեկլու գյուղերի տարածքները: Ստեփանակերտից եւ նրա շրջակայքից պեղված հնագիտական նյութերը վկայում են, որ այստեղ մարդը բնակություն է հաստատել անհիշելի ժամանակներից: Առայժմ Ստեփանակերտում հայտնաբերված ամենահին գործիքները վերագրվում են նոր քարեդարին: Հնագետ Էմ. Ռեսլերն իր հաշվետվություններում հիշատակել է այստեղ ձեռք բերած բրոնզի դարաշրջանի առարկաները, որոնք հայտաբերվել էին գերեզմանոցի պահակի կողմից գերեզմանափոսի փորման ժամանակ: Այդ առարկաների թվում էին կոտրված բրոնզե դաշույնը, նետի վանակատե (օբսիդիանե) ծայրակալը եւ այլն (Реслер Э, Отчеты Археологической Комиссии за 1896 г., стр. 169):
1938-39 թվականներին Ստեփանակերտում պեղումներ է կատարել նաեւ գերմանացի հնագետ Յա.Հումմելը եւ այլ բնույթի գտածոների թվում հայտնաբերել նիզակի պղնձե ծայրակալ, կարմիր կայծքարից նետի 5 ծայրակալներ եւ այլն(Հան•ամանալից տե՛ս Гуммель Я. И, Роскопки в НКАО в 1938 г. “Известия АЗФАН СССР”,1939, N 4, стр. 77-90):

1970-ականներին Ստեփանակերտի հարավ-արեւմտյան ծայրամասում բացվել է կարաս հնագույն ռազմիկի աճյունով(Տե՛ս Ասրյան Յուրի, Անտիկ աշխարհի գաղտնիքները, «Սովետական Ղարաբաղ», N 80, 5.04. 1973 թ.): Ռազմիկի դագաղում հայտնաբերված իրերը եւ նախորդ պեղումների գտածոները վկայում են Արցախում ու այդ թվում՝ Ստեփանակերտի տարածքում զինագործության եւ ռազմարվեստի գոյության մասին, պատկերացում տալով ներկա սերնդի՝ ռազմի գործի հանդեպ տածած համակրանքի ակունքների մասին:

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, խոսելով Խան-քենդի ավանի մասին, նշել է, որ այն հիմնված է տափարակի վրա եւ, ապա ծանոթագրել. «Տափարակս պատկանում է Վարար-ակն գիւղի բնակչաց, որք փոխադրուած են Շուշի, բայց գիւղի ավերակն, քարուկիր եկեղեցին եւ հանգստարանն մնում են Խան-քեանդու հիւսիսային ձորակի ձախ լանջի վերայ՝ Վարարակն աղբիրի մոտ» (Տե՛ս Մակար եպս. Բարխուտարեանց, Աղուանից երկեր եւ դրացիք: Արցախ, Եր., 1999, էջ 239, ծան. 1):

Դատելով այս վկայությունից, կարելի է պնդել, որ մինչեւ օտարաշունչ տեղանվան ի հայտ գալը եղել է Վարարակն բնակավայրը, մատենագիրների կողմից որի չհիշատակումը բացատրվում է նրա հետ կապված նշանավոր իրադարձության բացակայության կամ, պարզապես, այն չարձանագրելու հավանականությամբ:

Պատմավիպասան Հայկ Խաչատրյանը Խանի դաստակերտ-Խան-քենդի տեղանունը բխեցնում է մելիք Շահնազարյանների տոհմից սերած Բաղրի անունից, որը Շահ Աբաս մեծից խանի տիտղոս էր ստացել եւ 1600-ական թվականներին Կարկառ գետի աջ ափին հիմնադրել Բազուն շենը, որի բնակիչները տասնյակ տարիներ անց տեղափոխվել են նորաստեղծ բնակավայրը՝ անվանելով այն Բաղր խանի դաստակերտ (Տե՛ս Խաչատրյան Հայկ, Տարիքը տասնհինգ դար, «Գրական թերթ», 2.09.1988 թ.):

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը գրել է, որ Խանքենդի ավանը հիմնվել է 1947 թվականին ռուսներից՝ իբրեւ զորանոց(Տե՛ս Մակար եպս. Բարխուտարեանց, նշված գիրքը, էջ 239): Սակայն, այդ տեղանվանը կարելի է հանդիպել շատ ավելի վաղ կազմված ցարական պաշտոնական տեղեկագրերում: Այսպես, 1823 թ. տվյալներով Խանքենդում կար 40 ծուխ, որից 25-ը հարկատու, իսկ 19-ը՝ ոչ հարկատու(Описание Карабахской провинции, составленное в 1823 году, по роспоряжению главноуправляющего в Грузии Ермолова действительным статским советником Могилевским и полковником Ермоловым 2-М. Тифлис, 1866 [без пагинации]):

Հայ անվանի վիպասան Րաֆֆին տեղեկություն է հաղորդել, որ Աբաս-Միրզան 1826 թ. պաշարելով Շուշին, հաստատվել էր Խանքենդում եւ շուրջբոլոր մահ ու ավերածություններ էր սփռում (Րաֆֆի, Երկերի ժողովածու տասը հատորով: 10-րդ հատ., Եր., 1959, էջ 331-332, հմմտ.՝ Լալայան Ե., Երկեր հինգ հատորով: Հտ. 2, Եր. 1988, էջ 240):

Ենթադրել կարելի է, որ հենց պարսկական զորքի ասպատակություններից նեղվելով Խանքենդի բնակիչները տեղափոխվել են բնակության այլ վայր: Ահա թե ինչու, արդեն 1832-33 թվականների կամերալ ցուցակագրություններում նշվում էր, որ Խան-Քենդը նորաբնակ է (իմա՝ բնակիչները նոր են վերադարձել – Մ.Հ.), հայկական բնակավայր է եւ ունի 40 հայ ընտանիք: Սակայն, բնակավայրը նշված է որպես Մեհտի-Ղուլի խանի կալվածք (ЦГИА РА, ф. 93, оп. 1, д. 49): Դա տարօրինակ է, քանզի 1822-ին խանական կարգը վերացվել էր եւ այդ փաստաթուղթը կազմելու ժամանակ վերջին խանը՝ Մեհտի-Ղուլին փախել էր Պարսկաստան, իսկ Արցախում մտցվել էր ցարական Ռուսաստանի կառավարման համակարգ: Հայտնի է, որ ռուս-պարսկական պատերազմի ավարտից (1828թ.) հետո Մեհտի-Ղուլի նախկին խանը եկավ Արցախ եւ պայքար սկսեց խանական շրջանի իրավունքները վերստանալու համար, հավանաբար, այս շրջանում էլ նա խանական կալվածքների ցուցակի մեջ է խցկել բազմաթիվ հայկական բնակավայրեր, այդ թվում եւ Խանքենդը:

Ելիզավետպոլի նահանգի ռուսական բնակավայրերի նկարագրությունը կազմած Ի. Լ. Սեգալը գրել է, որ Խան-Քենդը կազմավորվել է պաշտոնաթող եղած զինվորներից, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներից, որոնք ծառայության ժամկետը սպառելուց հետո չեն կամեցել վերադառնալ հայրենիք (Сегаль И. Л., Русские поселяние в Елисаветполской губ. “Кавказ”, 1890, 13 февр., стр. 3):

Արդյունքում, ինչպես եզրակացրել է ռուս վերաբնակների հիմնախնդրով զբաղվող Դ. Ի. Իսմայիլ-զադեն, նման շտաբ-բնակավայրերի հիմքի վրա աճել են ռուսական բնակավայրեր՝ երկրամաս ժամանած գյուղացիների հաշվին (Исмаил-заде Ф. И., Русское крестянство в Закавказье. 30-ые годы ХIХ – начало ХХ в. М., мзд. “Наука”, 1982, стр. 35):

Ի դեպ, նույն Իսմայիլ-զադեն Խանքենդին համարել է շտաբ-բնակարան՝ հայ եւ ռուս խառը բնակչությամբ, թեեւ, ինչպես տեսանք վերեւում, դեռեւս մինչեւ ռուս վերաբնակների հայտնվելը, բնակավայրը կար եւ ուներ բացառապես հայ բնակչություն:
19-րդ դարի 80-ական թվականների սկզբներին Խանքենդի բնակչության թիվը նշվում էր 279, 1897-ին՝ 1495, 1905-17 թվականներին՝ 1550 (Նույն տեղում, տե՛ս Приложение, стр. 303):

Մեկ այլ աղբյուրում Խանքենդի գյուղական համայնքում նշված է 71 ծուխ, 149 ար. եւ 130 իգ., իսկ ընդամենը՝ 279 բնակիչ, այդ թվում ռուսներ՝ 69 շունչ, 146 ար. եւ 130 իգ., հայեր՝ 1 ծուխ, 2 ար., թաթարներ՝ 1 ծուխ, 1 ար.: Նույն աղբյուրը ծանուցում է, որ տեղամասի վարչությունը գտնվում է Խանքենդում, որը Շուշիից 7 վերստ հեռավորության վրա է (Свод статистических данных о населений Закавказского края извлечённых из по семейных списков. 1886. Тифлис, 1893. Елисаветпольская губ. – Шушинский уезд. – 1 участок, п. 13):
Ըստ 1912 թ. տվյալների, Խանքենդի բնակչությունը նվազել է, որը կազմել է 50 տուն, 100 ար., 110 իգ. (Приложене къ памятной книгъ Елисаветпольской губернни на 1914 годъ.):

Ակնհայտորեն, տեղեկությունները հակասական են: Կամ սկզբնաղբյուրներն են շփոթել թվերը, կամ էլ, եթե հավատ ընծայենք այդ տվյալներին, 18-19-րդ դարերում ժողովրդագրական աշխույժ տեղաշարժեր են կատարվել Արցախում եւ, մասնավորապես, ներկայիս Ստեփանակերտի տարածքում, ինչն էլ արտացոլվել է այդ վիճակագրական տեղեկագրերում:

1918-20-ական թվականներին Խանքենդի-Ստեփանակերտի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ են տվել ժամանակակիցները: 1918 թ. ապրիլի 22-ին Խանքենդում տեղի է ունեցել Խաչենի եւ Վարանդայի գյուղացիների համագումար՝ քոչվորներին դեպի Արցախի ու Զանգեզուրի սարերը բաց թողնելու հարցը լուծելու համար, սակայն կոնկրետ լուծում չի գտնվել (Իշխանեան Եղիշէ, Լեռնային Ղարաբաղ, 1917-1920, Եր., 1999, էջ 136-137):
1918 թ. սեպտեմբերի 18-ին, երբ հրավիրվել էր Արցախի երրորդ արտակարգ համագումարը թուրքերի վերջնագրին պատասխանելու եւ ագրեսիային դիմագրավելու ուղիներ գտնելու նպատակով, Հաջի Սամլուի քրդերը Խանքենդի հյուսիսարեւմտյան կողմից, Ղարաբաղի լեռնաշղթայի Քյոսալար կոչված տեղից հարձակում են սկսել Ղայբալի, Կրկժան, Փահլուլ եւ Ջամիլլու գյուղերի վրա: Փահլուլ եւ Ջամիլլու փոքր գյուղերի տղամարդիկ իրենց կանանց ու երեխաներին ճամփելով Խանքենդ, այդ գյուղերի մատույցներում դիրք են բռնել: «Կրկժանի եւ Խանքենդի տղաներն անմիջապես օգնության են հասնում,-ականատեսի պատմածը գրառել է ժամանակակիցը,-երբ լսում են հրացանաձգության ձայնը, տղաներից շատերն այնքան էին շտապել, որ կիսահագնված փամփշտակալները կապել մեջքներին, հրացանն առել, վազել էին դեպի դիրքերը: Խաչենի ուժերի հրամանատար Ալեքսան Բալասյանը Խանածախի եւ Բալուջայի ձիավորներով, Վարանդայի մարտիկները եւ մոտակա գյուղերի հետեւակայինները հասել են մարտադաշտ եւ կեսօրից հետո ավելի բորբոքված կռվում դիմագրավել թշնամու ճնշմանը: Սեպտեմբերի 19-ի առավոտյան քրդերը նահանջելու նշան են ցույց տվել: Հայ մարտիկները ուռռա գոռալով առաջ են նետվել: Քրդերը տեսնելով հայերի խոյանալը դեպի իրենց, կրակելով բռնել են նահանջի ճամփան, որն, այնուհետեւ, փոխվել է փախուստի: Քրդերը յոթանասունվեց դիակ են թողել նահանջելիս:
Շատ լավ գործ են կատարել գյուղերի եւ Խանքենդում տանը մնացած անզեն տղամարդիկ ու կանայք, որ իսկույն խմոր են պատրաստել, առատորեն հաց թխել, ձու եփել, պանիր ու սոխ, հասցրել կռվողներին, որոնք մինչեւ կեսօր ոչինչ չէին կերել, երբ հացը հասավ, տղերքը դադար չառան, հենց ուտելով էլ կռվում էին(Տե՛ս նույն տեղում, էջ 217):
Խանքենդն հատկապես իր զորանոցների շնորհիվ, սկսում էր շարժել ոչ միայն հայերի, այլ նաեւ թշնամիների հետաքրքրությունը: Անդրանիկ զորավարը անգլիացիներից պահանջել է իր Հարվածող Զորամասին տրամադրել զորանոցները (Տե՛ս Սիմոնյան Հր., Անդրանիկի ժամանակը: Գիրք Բ., Եր., 1996, էջ 474, 478, 539), սակայն՝ ապարդյուն: Հայտնի է, որ դեռեւս 1918 թվականին Արցախի ինքնապաշտպանության ամրապնդման նպատակով ցանկություն կար հայկական երկու կամ գեթ մեկ գունդ, դրա հետ նաեւ անհրաժեշտ քանակությամբ զենք եւ մթերք փոխադրել Խանքենդ, որի առողջարար օդն ու ջուրը հանգստի համար լավ պայմաններ էին(Տե՛ս Իշխանեան Ե., նշվ. գիրքը, էջ 30): Սակայն, դրան ըստ ամենայնի ընդդիմացան թե՛ Շուշիի թուրքերը եւ թե՛ անգլիացիները, քանզի երկյուղում էին հայերի դիրքերի ուժեղացումից:
Ուստի, պատահական չէր, որ 1919 թ. հունվարի 24-ին Թոմսոնի հրամանով մուսավաթական մի գունդ անգլիական մի գումարտակի հետ միասին մտցվել է Խանքենդ՝ գրավելով զորանոցներն ու սպայական ակումբը, ինչը վրդովել էր ոչ միայն Շուշիի, այլ նաեւ Արցախի ողջ հասարակությանը(Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов /отв. ред. В.А.Микаелян/, Е., 1992, док. N 69, стр. 105, док. N 77, стр. 118, док N 78, 124, док. N 102, стр. 159, док. N 112, стр. 169, док. N 145, стр. 223 եւ այլն):
«Խանքենդը գրավելուց հետո Սուլթանովն ավելի ամուր զգալով ոտքի տակի հողը,-վկայել է Ե. Իշխանյանը,-կապիտան Սերրայդի միջոցով պահանջ է դնում հայերի առաջ՝ ճանաչել իր իշխանությունը, քանի որ Զոր.Թոմսոնի գիտությամբ ու համաձայնությամբ է ստանձնել Ղարաբաղ-Զանգեզուրի նահանգապետությունը»: Սակայն, հայ հասարակությունն անընդհատ բողոքել է Սուլթանովին Ղարաբաղի նահանգապետ նշանակելու եւ Խանքենդ մուսավաթական զորք մտցնելու դեմ: Անգլիական հրամանատարությունը, չեզոք քաղաքականություն վարելու փոխարեն, իր կողմնակալ վերաբերմունքով գոյություն ունեցող խաղաղությունն էր խախտում (Տե՛ս Իշխանեան Ե., նշվ. գիրքը, էջ 335, 346):
Պարզվում է, որ Խանքենդի դասալքությամբ բռնված մուսավաթական զորամասի զինապահեստը կարելի էր դատարկել հենց թուրք զինվորների ձեռքով: Խանքենդցի հայ սպաներից մեկին հաջողվել էր կապվել այն զինվորների հետ, ովքեր հարյուրներով փամփուշտ էին ծախում, հատը 40-50 կոպեկով: Արցախի զինվորական շտաբին հաջողվել էր Խանքենդում եւ թե այլուր թուրք մաքսանենգներից գնել իննսուն հազար փամփուշտ, հատը 60-70 կոպեկով եւ գնված այդ պաշարի շնորհիվ է, որ երբ Դիզակի Դոլանլար գյուղը հարձակման են ենթարկել եւ պաշարել, հայ ինքնապաշտպանները կարողացել են ոչ միայն պաշտպանվել, այլեւ հակահարձակման անցնելով, մեծ կորուստներ պատճառել թշնամուն (Տե՛ս նույն տեղում, էջ 541):
1920 թ. մարտի 22-ին Շուշիում, Ասկերանում եւ Խանքենդում սկսված մարտական գործողությունների ժամանակ հայկական ուժերը շրջապատել են մուսավաթական կայազորը եւ պահանջել վայր դնել զենքը: Ժամանակակցի վկայությամբ, գնդապետ Զ. Մեսյանը, մոտովորապես 400 զինվորներով, հին հեղափոխական Ալեքսան Բալասյանի եւ սպա Լալայանի հետ միասին, մարտի 22-ի գիշերը հարձակվել են Խանքենդու վրա, հաջողությամբ գրավել գերիշխող կարեւոր դիրքը եւ շրջապատել զորանոցը, որի մեջ մոտ 1500 ասկյարներ էին գտնվում:
Ադրբեջանի զինվորներն անձնատուր լինելու տրամադրություն են ունեցել, սակայն հեռվից սկսված հրացանաձգությունը շփոթ է առաջացրել: Խիտ մառախուղի պատճառով հայ գյուղացիները չեն կարողացել զանազանել թշնամուն յուրայիններից եւ այդ հանգամանքից օգտվելով հակառակորդը դիմել է զենքի: Այդ շփոթ կռվի պատճառով հայ մարտիկները խումբ-խումբ քաշվել են դեպի Խնածախի դիրքերը եւ միայն առավոտյան կողմ են իմացել սոսկալի թյուրիմացության վտանգավոր հետեւանքների մասին: Այնուամենայնիվ, նրանք կարողացել են հակառակորդին շրջապատած պահել եւ չեզոքացնել մինչեւ ապրիլի 3-ը, երբ Ասկերանն ընկավ (Տե՛ս Միքայէլեան Արսեն, Ղարաբաղի վերջին դէպքերը, «Հայրենիք» ամսագիրը, Բոստոն, թիվ 12, հոկտեմբեր, 1923, էջ 120)… Եղիշե Իշխանյանի կարծիքով անհաջողության պատճառը Ալեքսան Բալասյանի զարկվելն էր մարտի ընթացքում, ինչի պատճառով շփոթ է առաջացել հայ մարտիկների շրջանում եւ առիթից օգտվելով, մուսավաթական «զինվորները զորանոցից դուրս են նետւում, խանութներ ու տներ կողոպտում եւ մարդիկ սպանում: Մինչդեռ, եթէ ճամբայ տւած լինէին, նմույշի համար մէկ զինւոր էլ չէր մնայ, բոլորը կը փախչէին» (Տես Իշխանեան Ե., նշվ. գիրքը, էջ 614): Իսկապես, այս վերջին ենթադրությունը հիմքից զուրկ չէր, քանզի մուսավաթական զինվորների շրջանում շատ տարածված է եղել դասալքությունը:
1923 թ. հուլիսի 7-ին Խորհուրդների ԱզԿԳԿ-ի «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի կազմավորման մասին» դեկրետով կազմավորվող ինքնավար մարզի կենտրոն դարձավ Խանքենդը (Нагорный Карабах в 1918-1923 гг. Сб.документов., стр.669, К истории образования Нагорно-Карабахской автономной области АССР. документы и материалы. Б., 1989, стр. 152-153): Նույն թվականի օգոստոսի 1-ին Լեռնային Ղարաբաղի մարզկոմի ժամանակավոր նախագահությունն իր անդրանիկ նիստում որոշում է կայացրել մարզի կենտրոնը Շուշիից Խանքենդի ավանը փոխադրելու մասին: Մարզկոմից հետո այնտեղ են տեղափոխվել նաեւ մյուս մարզային կազմակերպությունները, թեեւ շենքերի բացակայության պատճառով, մեծ դժվարությունների են հանդիպել: 1923 թ. սեպտեմբերի 20-ին նոր ավանի բնակչությունը, Բաքվի 26 կոմիսարների չարանենգ սպանության 5-րդ տարելիցի առթիվ հրավիրված հանրահավաքում միահամուռ որոշում են կայացրել ավանը, ի պատիվ Ստեփան Շահումյանի, Ստեփանակերտ վերանվանելու մասին, հանրապետական քաղաքի իրավունքով (Տե՛ս «Կոմունիստ», N 120, 23.09.1923 թ.): «Կոմունիստի» աշխատակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր հեղկոմի նախագահի տեղակալ Մ. Չալյանը հաղորդել է. «Խանքենդին մի վայր էր, ուր բացի ավերակներից, ուրիշ ոչինչ չկար, հատ ու կենտ մարդիկ ստվերների նման էին երեւում փողոցներում: Առաջին հերթին հարկավոր էր բնակարաններ պատրաստել՝ թե՛ ապագա հիմնարկությունների եւ թե՛ աշխատակիցների համար: Այդ նպատակով հրավիրվեց շրջանների արհեստավորությունը: Անմիջապես եկան 60-ի չափ հյուսներ, 10-ից ավելի որմնադիրներ եւ այլն… մինչեւ 100 այլ արհեստավորներ: Սկսվեց մի արտասովոր եռանդուն աշխատանք այդ ավերակների աշխարհում: …Երկու ամսվա ընթացքում հիմնովին նորոգվեցին նախկին զինվորական հիվանդանոցը, որը վերածվեց տեխնիկումի, Հարունյանի գործարանին կից երկհարկանի շինությունը՝ մի շարք բնակարաններով, նախկին դպրոցի շենքը՝ 9-ը սենյակներով, Շխյանի տունը՝ 4 սենյակով, նախկին սպայակույտի ակումբը, որտեղ տեղավորվեցին Արցախի բոլոր հիմնարկությունները, բաղնիքն իր բոլոր հարմարություններով, Մուսայելյանի տունը, որտեղ տեղավորվեց անթել հեռագրատունը, ջրանցքը, որ առատ ջուր էր մատակարարում դպրոցին, բաղնիքին, հիվանդանոցին եւ մի ճյուղն էլ դուրս էր բերված մարզկենտրոնի վերին մասը: Ներկայումս վերանորոգվում են հիվանդանոցի համար երկու շենք, մի տուն հիվանդանոցի եւ մեկ ուրիշն էլ լուսբաժնի աշխատակիցների համար: Առաջ են տարվում շենքի վերանորոգման աշխատանքները» (Տե՛ս «Կոմունիստ» N 118, 19.09.1923թ. [Մեջբերվում է որոշ կրճատումներով ու սրբագրումներով]):
Այսպես տարիների ընթացքում Ստեփանակերտն աճեց եւ դարձավ արցախահայության արդյունաբերական, մշակութային եւ ազգային կենտրոն: 1960-ականներին ազատագրական պայքարի խմորումները, 1970-ականների ընդհատակյա շարժման սաղմնավորումը եւ 1985-ից հետո քաղաքական գաղտնի պայքարը Ստեփանակերտը դարձրին ազգային զարթոնքի եւ խորհրդային ամբողջատիրության եւ, հատկապես, Ադրբեջանական ԽՍՀ գաղութատիրության դեմ քաղաքական պայքարի կենտրոն: 1988 թ. փետրվարի 13-ին նախկին մարզկենտրոնում անցկացված բազմամարդ ցույցը դարձավ քաղաքական անհնազանդության երկարատեւ պայքարի նախերգանքը: Իսկ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի փետրվարի 20-ի պատմական որոշումը ազդարարեց իրավաքաղաքական, սահմանադրական պայքարի սկզբնավորման մասին: Արցախահայության քաղաքակիրթ պայքարին հակառակորդը պատասխանեց ահաբեկչության, բռնությունների ու էթնիկական զտման քաղաքականությամբ, որն, ակներեւաբար, նախընթաց տասնամյակներին արցախահայության դեմ վարված խտրականության ու սպիտակ եղեռնի քաղաքականության գագաթնակետն էր: Հակառակորդը հատկապես Ստեփանակերտն էր ուզում խեղդել արյան մեջ: Տարիների ընթացքում ինքնավար մարզի կենտրոնը շրջապատվել էր ադրբեջանաբնակ բնակավայրերով: Դրանք են Կրկժանի մի մասը, Ղայբալիշենը, Ջանհասանը, Քյոսալարը, Ջամիլլուն, Մալիբեկլուն, Խոջալուն եւ կերպարանափոխված Շուշին, որոնք անմիջապես վերածվեցին ռազմական հենակետերի ու վտանգավոր կրակակետերի: Ստեփանակերտը գնդակոծվում էր այդ հենակետերից եւ ենթարկվում ավազակային հարձակումների: Դրանցից պաշտպանվելու նպատակով Ստեփանակերտում ստեղծվեցին 6 պաշտպանական գոտիներ, որոնցում ներգրավված ստեփանակերտցի կամավորներն ու աշխարհազորայինները գիշերները հերթապահություն էին անում, քանի որ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը, մեղմ ասած, հուսալի չէին անվտանգության տեսանկյունից: Հետագայում, այդ նախնական կազմավորումների հիման վրա ձեւավորվեցին ինքնապաշտպանական վաշտեր, որոնց թիվը 1991 թ. վերջին հասավ 10-ի:
Առաջին բախումներից կարելի է առանձնացնել 1988 թ. սեպտեմբերի 18-ի դեպքերը: Հետագա տարիներին եւս չդադարեցին հարձակումները Ստեփանակերտի վրա: Սակայն իրավիճակը կտրուկ սրվեց եւ սպառնում էր դուրս գալ վերահսկողությունից, երբ դեկտեմբերի վերջերին խորհրդային ներքին զորքերը դուրս բերվեցին Արցախից: Մինչ այդ ադրբեջանցիներն արդեն հասցրել էին Ստեփանակերտի շուրջ օղակը սեղմել, վերոհիշյալ բնակավայրերում կենտրոնացնելով կենդանի ուժ եւ տեխնիկա: Ասես դա քիչ էր, մինչեւ ատամները զինվեցին նաեւ տեղաբնակները եւ արտոնություն ստացան ասպատակել մոտակա հայկական բնակավայրերը ու նրանց պատկանող գյուղական տնտեսությունները: Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը լքած զինվորականներից առգրավված զենքը եւ զինամթերքը կարող էր բավարարել ինքնապաշտպանության նվազագույն պահանջները: Սկսած 1991 թ. սեպտեմբերից ԼՂՀ մայրաքաղաքը հրետակոծվում էր «Ալազան» հրթիռներով եւ այլ տիպի հրանոթներով: 1992-ի փետրվարի կեսերին Ստեփանակերտը հրթիռակոծվեց ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից: Հակառակորդն, ակներեւաբար, ընտրել եւ իրականացնում էր ԼՂՀ մայրաքաղաքի դանդաղ ոչնչացման ռազմավարությունը: Ստեղծված աղետալի իրավիճակում մայրաքաղաքի պաշտպանները գնացին հարկադիր քայլի՝ թշնամական օղակի ճեղքմանը: 1991 թ. դեկտեմբերի 15-ին Ջամիլլուի կրակակետերի ոչնչացմամբ դրվեց այդ կարեւոր ձեռնարկի սկիզբը: 1991 թ. դեկտեմբերին Կրկժանի ազատագրման վճռական փորձից հետո 1992 թ. հունվարի 20-ին, ի վերջո, վերջին ՄՀՆՋ-այինները դուրս շպրտվեցին Ստեփանակերտի արվարձանից: Հարկ ենք համարում նշել, որ Ստեփանակերտի հյուսիսարեւմտյան մատույցները հսկող ռազմավարական նշանակության «26»-ի ամրակետը զինվորական մասնագետների յուրօրինակ դարբնոց էր, որի բովով անցած բազում կամավորներ հետագայում դարձան հրամանատարներ, զորավարներ: Հակառակորդը քանիցս փորձել է տիրել այդ բնագծին, ինչը կարեւոր նվաճում կլիներ ԼՂՀ մայրաքաղաքը գրավելու իր պլաններում: Սակայն 1992 թ. մարտի 29-ին, ապրիլի 29-ին հետ մղվեցին հակառակորդի մեծաթիվ ուժերի հարձակումները, խափանելով այդ պլանների իրականացումը: Փետրվարի 9-11-ը վնասազերծվեցին Մալիբեկլուն եւ Ղուշչիլարը, իսկ փետրվարի 26-ին՝ Խոջալուն եւ Ստեփանակերտի օդանավակայանը: Արցախի ինքնապաշտպանության ուժերի նախնական շրջանի ամենափայլուն ռազմական գործողությունը Շուշիի ազատագրումն էր եւ Ստեփանակերտի շրջակա ադրբեջանական բնակավայրերի կրակակետերի ոչնչացումը: Դրանով Արցախի մայրաքաղաքն ազատվեց մշտական հրետակոծությունների միջոցով ոչնչացվելու եւ հարձակումների վտանգից: Ռազմագործողությունների այս շղթային ակտիվ մասնակցություն են ունեցել ստեփանակերտցիները եւ շատերն իրենց կյանքի գնով նպաստել են հաղթանակի կռմանը:
Ստեփանակերտցիները, բացի մայրաքաղաքի պաշտպանությունից, օգնության են հասնում նաեւ ԼՂՀ սահմանների եւ այլ շրջանների պաշտպաններին, հատկապես այնտեղ, որտեղ իրավիճակը ծայրաստիճան լարված էր: Հակառակորդի 1992 թ. հունիսի 12-ի լայնածավալ հարձակումից հետո միանգամից ծանր դրությունում հայտնվեցին Ասկերանի, Մարտակերտի եւ Շահումյանի շրջանները: Մայրաքաղաքում կազմավորված վաշտերն ու ինքնապաշտպանական ջոկատները անմիջապես օգնության հասան Ասկերանի ու Մարտակերտի ռազմաճակատներին: Մարտերը ծանր, արյունահեղ ու երկարատեւ բնույթ ստացան հատկապես Մարտակերտի շրջանում, որի պաշտպանությանը եւ ազատագրությանն իրենց ջանքերով, իսկ հարկ եղած դեպքում նաև կյանքի գնով նպաստեցին բազմաթիվ ստեփանակերտցիներ:
1992 թ. օգոստոսի 30-ին, Կենտրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ-ի) կազմավորմամբ սկսվել է Ստեփանակերտում տեղակայված կամավորական-ինքնապաշտպանական ջոկատների ու վաշտերի կենդանի ուժի եւ միջոցների համախմբումը կանոնավոր զորամասի մեջ, ինչը հնարավորություն ընձեռեց ավելի արդյունավետորեն լուծել օպերատիվ-մարտավարական խնդիրները: Այդ զորամասը մասնակցեց պաշտպանական եւ ազատագրական գրեթե բոլոր ռազմական գործողություններին եւ փառքով պսակեց իր անունը: Հայրենիքի ու ԼՂՀ տարածքային ամբողջականության պաշտպանության գործին իրենց կյանքը նվիրաբերեցին զորամասի շուրջ 500 մարտիկներ: Հավե՜րժ փառք նրանց եւ Արցախյան պատերազմի բոլոր նահատակներին…
Բազմաթիվ ստեփանակերտցիներ հայրեինիքի հանդեպ իրենց պարտքն են կատարել մեր հանրապետության տարբեր շրջաններում մարտնչող զորամասերի կազմում՝ բարձր պահելով մայրաքաղաքի անունը: Շուրջ 1200 ստեփանակերտցիներ հերոսի մահով ընկան Հայրենիքի պաշտպանության եւ ազատագրության մարտերում՝ օր-օրի մոտեցնելով հրադադարի հաստատման պահը: ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմական փայլուն հաջողությունները ստիպեցին Ադրբեջանին, ի վերջո, համաձայնվել հրադադարի պայմաններին:
Ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո էլ բազմաթիվ ստեփանակերտցիներ շարունակում են իրենց անբասիր ծառայությունը հայոց զինված ուժերում՝ նպաստելով բանակաշինության եւ մեր հանրապետության պաշտպանունակության ամրապնդման գործընթացին:
Հրադադարը հնարավորություն ընձեռեց բուժել մեր հանրապետության եւ նրա մայրաքաղաքի վերքերը: Շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ ներկայումս Ստեփանակերտը վերականգնվել է՝ ձեռք բերելով ուրույն դիմագիծ եւ շարունակելով հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները:
Այսօր Ստեփանակերտը ժամանակակից քաղաք է, մարդաշատ ու լայն փողոցներով, գեղեցիկ շինություններով ու վերագործարկված արտադրական ձեռնարկություններով:
Մհեր Հարությունյան
պ.գ.թ., դոցենտ