ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԱԼՅԱՆՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Առաջին աշխարհամարտի ավարտից ու Մուդրոսում զինադադարի պայմանագրի ստորագրումից (1918 թ. հոկտեմբերի 30) հետո, երբ թուրքական զորքերը հարկադրված էին հեռանալ Այսրկովկասից, բազմաթիվ թուրք սպաներ, անգամ երիտթուրքական պարագլուխներ ու ռազմական հրահանգիչներ մնացին մահմեդականներով բնակեցված շրջաններում և շարունակեցին իրենց սև գործը` բորբոքելով հավատակիցների մոլեռանդությունը, դավագրգռելով նրանց այլազգիների ու այլադավանների դեմ: Թուրքական բանակի հրամանատարական կազմի բազմաթիվ բարձրաստիճան, միջին ու կրտսեր սպաներ ծառայության էին ընդունվել Ադրբեջանի զինված ուժերում և, փաստորեն, գլխավորում էին հայերի ցեղասպանության թուրքական քաղաքականությունը նաև Արցախում: Անձնակազմին ուսուցանելու և հայկական խաղաղ բնակավայրերի վրա զինված հարձակումները գլխավորելու նպատակով Ադրբեջանի զինված ուժերում թուրքական բանակի բարձրաստիճան սպաների  ընդգրկման մասին վկայում են իրազեկ ժամանակակիցները: Այսպես, օրինակ, Թիֆլիսում ադրբեջանական պատվիրակության հետ ոչ պաշտոնական հանդիպման մասնակից, Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Լևոն Եվանգուլյանը գրել է. «Իսկ մենք, մեր կողմից անվանեցինք Նուրի և Խալիլ փաշաներին և Խալիլ բեյին, և ուրիշներին, որոնք լինելով տաճիկ կառավարության սպաներ, իրոք հանդիսանում են իբրև դրսի ագիտատոր, որոնք գրգռում են տեղական ժողովրդին Ղարաբաղում և Շարուր-Նախիջեւանում Հայաստանի կառավարության դեմ և պահանջեցինք դրանց հեռացումը հիշյալ վայրերից»: Այս վկայության հատկապես հետևյալ հատվածը, որը հաստատում է Ադրբեջանի զինված ուժերում թուրքական բանակի ռազմական հանցագործներին ծառայության ընդունելու հաստատ ոչ եզակի փաստերը: «Ադրբեջանի պատվիրակները փորձեցին պաշտպանել այդ անձանց,-շարունակել է  Լևոն Եվանգուլյանը,- առարկելով, որ նրանք ներկայումս այլևս կապ չունեն թուրք կառավարության հետ և լոկ իբրև զինվորականներ մտել են ադրբեջանական ծառայության մեջ»:

Leave a Reply