ՈՒ՞Մ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏԱՃԱՐԸ

  • by

Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կրկնակի թիրախավորման ռազմական հանցագործությունն արդարացնելու միջազգային ահաբեկչության  պարագլուխներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցինիկ փորձերը վերստին բացահայտում են, թե ինչպիսի չարանենգ թշնամու դեմ ենք պայքարում: Դա մենք գիտենք, միջազգային հանրությանն ենք ասում: Նաև հիշեցնում ենք, որ Շուշիի խորհրդանիշ սուրբ տաճարը ավերելու թուրքերի ու ադրբեջանցիների փորձերը սկսվել են 100 տարի առաջ: Հանրահայտ փաստ է, որ 1920 թ. մարտի 23-ին նրանք ոճրագործի սառնասրտությամբ ավերել ու հրի են մատնել սուրբ տաճարը, իսկ Վահան եպիսկոպոսի գլուխը ցից հանած ցուցադրել Շուշիի փողոցներում: Իսկ երբ նույն թվականի ապրիլի 5-ին Ադրբեջանի մուսավաթական բանակը Աղդամից ներխուժել է  Շուշի, յուրաքանչյուր թուրք զինվոր կրակել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրեշտակների քանդակների ու խաչերի վրա: Խորհրդային Ադրբեջանի գաղութատիրության ժամանակ եկեղեցին քանդելու բազմաթիվ փորձեր են արվել, սակայն ի տարբերություն հայկական ճարտարապետության մյուս կոթողների այն դիմացել է վերամբարձ կռունկի երկաթե գիրի անխնա հարվածներին: Մինչև Շուշիի ազատագրումը դարձյալ ավերվել է անհատական նախաձեռնությամբ վերականգնող եկեղեցին, գմբեթը պայթեցնելու  փորձեր են արվել, աներևակայելի ստոր միջոցներով պղծվել է սրբավայրը: Հանրահայտ փաստ է նաև, որ եկեղեցու ներսում ադրբեջանական բանակը թաքցրել էր «Գրադ» համազարկային հրետանային կայանքի հազարավոր հրթիռներ և դրանցով սիստեմատիկաբար ավերում էր ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ շրջակա մյուս խաղաղ բնակավայրերը: Իսկ արդեն երբ Շուշին ազատագրված էր, ադրբեջանական ռմբակոծիչը փորձում էր պայթեցնել եկեղեցին, սակայն մեր հակաօդային պաշտպանության զինվորների ձեռնարկած միջոցների շնորհիվ, բարեբախտաբար, վրիպել էր:

Այսպիսի արհավիրքների միջով է անցել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեցեցին, այս մեկ փորձությունն էլ կհաղթահարի և կվերանորոգվի, որովհետև այն հայ ազգի անկոտրում ոգու, ՀԱՂԹԵԼՈՒ վճռականության խորհրդանիշն է:

Պատասխան թողնել