ՄՍՄՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ 102-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Արցախի Վարանդայի գավառի Մսմնա գյուղի մոտ 1918 թ. հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ճակատամարտը շարունակում է մնալ չթուլացող հետաքրքրության առանցքում և անչափ կարևոր է այժմ, երբ Հայկական զինված ուժերը հերոսաբար մարտնչում են թուրք-ադրբեջանական զավթիչների և նրանց վարձած ահաբեկիչների մեծաթիվ ուժերի դեմ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից օգտված թուրքական զավթիչները ներխուժել էին Արցախ, որտեղ հանդիպեցին նաև լուրջ դիմադրության: Հայ ազգաբնակչության ինքնապաշտպանության համապատկերում այդ ճակատամարտի նշանակությունը վերաիմաստավորելը և Արցախում ռազմարվեստի զարգացման դինամիկան ցույց տալը հրատապ են այս օրերին, երբ Թուրքիայի ագրեսիայի հերթական թիրախ են դարձել Արցախի ինքնիշխան տարածքները:
Թվում է, թե ժամանակի մամուլը հեղեղված պիտի լիներ այդ կարևոր իրադարձության մասին օպերատիվ տեղեկատվությամբ և անդրադարձներով: Սակայն, կա՛մ դրանք մեզ չեն հասել, կա՛մ էլ նախորդ ուսումնասիրողները ոչ բոլոր հրապարակումներն են դրել գիտական շրջանառության մեջ: Մսմնայի ճակատամարտի մասին ժամանակի պարբերական մամուլում խորհրդավոր լռության պատճառներից կարելի է նշել այն, որ Շուշիում քաղաքական պատասխանատվություն ստանձնածներից ոմանք դեմ էին թուրք զավթիչներին դիմադրություն ցուցաբերելուն և անթաքույց մտավախություններ ունեին Մսմնայի ճակատամարտի հնարավոր հետևանքներից: Թերևս այս տարակարծության և Շուշիում Թուրքիայի օկուպացիոն զորքերի առկայության պատճառներով Մսմնայի ճակատամարտի մասին բավարար տեղեկույթ չենք գտնում ժամանակի պարբերական մամուլում:

Արցախում և նրա սահմաններից դուրս ժողովուրդը տարբեր պատմություններ ու առասպելներ է հյուսել այդ ճակատամարտի մասին, որոնք բերնեբերան փոխանցվում են առայսօր:
Կարծում ենք, որ Մսմնայի ճակատամարտը կարելի է համարել Արցախ ներխուժած թուրքական զորքերի դեմ հայ ազգաբնակչության ինքնապաշտպանության իրավունքի իրացման արտահայտություններից մեկը:
Արցախը նվաճելու և հայկական տարածքներում Ադրբեջան պետություն ստեղծելու Թուրքիայի նկրտումներին կազմակերպված դիմադրություն ցուցաբերած Խաչենի, Վարանդայի, Դիզակի, Ջրաբերդի ինքնապաշտպանական ուժերի համաձայնեցված գործողությունները խափանելու նպատակով թուրքական հրամանատարությունը հիշյալ ուղղություններով ձեռնարկեց հարձակողական գործողություններ: Ի տարբերություն Խաչենի սահմանամերձ գյուղերի պաշտպանության՝ Դիզակում և Ջրաբերդում հայ ազգաբնակչության ինքնապաշտպանության ուժերն արժանի հակահարված տվեցին թշնամուն:
Ճակատամարտի անմիջական նախաձեռնող, Դիզակի ուժերի հրամանատար Արտեմ Լալայանը որպես ճատամարտի առիթ ներկայացրել է Կարյագինոյի փաշայի Շուշիից զորք բերելու սպառնալիքը: Դա չեզոքացնելու նպատակով Ա. Լալայանը մտահղացել է Շուշիից հրավիրված կանոնավոր ուժերը Վարանդայում ջախջախելու ծրագիրը, նախքան դրանք կմիանային թուրքական մյուս ուժերի հետ և կհարձակվեին Դիզակի ու Վարանդայի վրա: Որպես հեռատես ռազմական գործիչ՝ Ա. Լալայանը վճռել էր կանխել նախապատրաստվող հարձակումը Դիզակի վրա՝ հակառակորդի ուժերի միավորումը խափանելու և առաձին-առանձին ջախջախելու եղանակով:
Պատմաբան Բագրատ Ուլուբաբյանն իր ժամանակին հատկանշել է թուրքական Գալիպոլիի դիվիզիայի ջախջախումը Մայիսյան հերոսամարտերի ժամանակ և Մսմնայի տակ, բայց այդ հաղթանակն ավելի է իմաստավորվում Թուրքիայում վերջին տարիներին Գալիպոլիի ճակատամարտի նշանակության արհեստականորեն ուռճացման համապատկերում: Դեռ թարմ են հիշողությունները 2015 թ. ապրիլին Գալիպոլիի դիվիզիային փառաբանելու և Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցից առաջադեմ մարդկության ուշադրությունը շեղելու նպատակով Թուրքիայի սարքած շոու մասին: Այդ առումով հետադարձ հայացք գցելով Մսմնայի ճակատամարտի վրա՝ կարող ենք փաստել, որ այն երիցս կարևորվում է հայ ժողովրդի համար, որովհետև այդտեղ գլխովին ջախջախվել են հենց Գալիպոլիի դիվիզիայի գնդերից մեկի զինվորները: Հուսով ենք, որ այս կարևոր փաստը մեր պատմագրությունն ավելի մեծ ուշադրության կարժանացնի:
Հեղինակների մի մասն իրավամբ Մսմնայի և Մարտակերտի ճակատամարտերը համարել է Մայիսյան հերոսամարտերի շարունակությունը՝ Մսմնան համարելով արցախյան Սարդարապատը:
Մսմնայի ճակատամարտը Արցախում հայ ռազմարվեստի զարգացման և թուրք զավթիչների դեմ պայքարի ավանդույթների շարունակման արտահայտություններից է: Ինչպես հայտնի է, տակավին 1725 թ. մարտին և ըստ ավանդության՝ 1733 թ. Վարանդայի Ավետարանոց գյուղում օսմանյան զորամասը գլխովին ջախջախվել էր: Ըստ երևույթին, թշնամուն հիմարացնելու և պարտության մատնելու հնարամտությունն է կիրառվել նաև Մսմնայում: Թուրք զավթիչներին դեռևս 18-րդ դարում հնարամտորեն ջախջախելու մտահղացման հեղինակ ու կազմակերպիչ է համարվում Դիզակի մելիք Ավանը: Զուգադիպաբար թե օրինաչափորեն Մսմնայի ջարդը մտահղացել է Դիզակի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արտեմ Լալայանը: Ռազմարվեստի շարունակականությունը սկսած Եսայի իշխանից, որը դեռ 9-րդ դարում Դիզակի Գտիչ (Քթիշ) բերդի տակ ջախջախում էր ազգությամբ թուրք Բուղա զորավարի արաբական բանակը, ավարտած Մսմնայի ճակատամարտով, իսկ այնուհետև Արցախյան պատերազմի տարիներին Հադրութի շրջանում մղված հերոսամարտերով, ավելի քան ակներև է, ինչը կարևորվում է թշնամու դեմ աննահանջ պայքարելու վճռականության ու առանցքագաղափարի կենսունակության առումներով:
Ռազմագիտության տեսանկյունից գնահատելով ճակատամարտի նշանակությունը՝ կարող ենք փաստել, որ Մսմնայի մոտ թուրքական զորաջոկատի ջախջախումը չեզոքացրեց Վարանդայի պաշտպանների թիկունք դուրս գալու թուրքական գնդի զորաշարժը, որի նպատակն էր մի քանի օր տևած հրետանային նախապատրաստությունիցհետո Կարյագինոյից թուրքական ուժերի հարձակմանն աջակցելը, ինչն ի դերև ելավ:


