1988 թ. փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի մասին

1988 թ. փետրվարի 20-ի, նախորդած ու հաջորդած իրադարձությունները դարձել են Արցախի նորագույն պատմության կարևոր բաղադրիչները, որոնց վերաիմաստավորումը, մանավանդ մեր հայրենիքի համար այս դժվարին պահին, երիցս պահանջված է: Արցախի վերածննդի օրվա՝ փետրվարի 20-ի առթիվ ներկայացնում ենք մի հատված Մ. Ա. Հարությունյանի «Արցախյան շարժման պատմագրության հիմնահարցերը, մաս II» անտիպ գրքից (էջ 77-89) և հայ ազգին մաղթում ոգու ամրություն և համազգային նոր զարթոնք:

Պատմագրության մեջ նստաշրջանի լուսաբանումն ընթացել է հանահայտ փաստերի ու տեսակետների վերարտադրության հունով: Ընդհատակյա նախապատրաստությունները, գաղտնի պահվելու պատճառով, հայտնի էին սակավաթիվ մարդկանց, որոնք էլ դժգոհում էին պատմական նստաշրջանի նախապատրաստության և հրավիրման հանգամանքերի ներկայացումից: Այդ մարդկանցից է նաև Ռազմիկ Պետրոսյանը, որն իր հուշերի գրքում մանրամասնորեն ցույց է տվել իր գործուն մասնակցությունը նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներին[1]:

My beautiful picture

Վաչագան Գրիգորյանը մարզի կուսակցական այն ղեկավարներից էր, որն իր հաստատուն տեղն ուներ մեր շարժման ընթացքում: Նա հաստատ համոզված էր և Ռազմիկ Պետրոսյանի հետ համակարծիք, որ միայն զինված պայքարով կարելի է Լեռնային Ղարաբաղն ազատագրել ԱդրԽՍՀ բռնատիրությունից: Ուստի նա ըստ ամենայնի օգնում էր Շարժման ակտիվիստներին և աչք էր փակում այն մարդկանց նկատմամբ, լինի դա Մարտունիում, թե Ասկերանում, որոնք զենք և զինամթերք էին հայթայթում ինքնապաշտպանության և զինված պայքարի համար:

Մինչև նստաշրջանը սկսելը նախաձեռնողները հանդիպել են և միասին քննարկել, թե ինչպես պետք է ընթանա նստաշրջանը: Այդ հանդիպմանը մասնակցել են Արկադի Մանուչարովը, Ռոլես Աղաջանյանը, Ռազմիկ Պետրոսյանը: Այդտեղ է որոշվել, որ նստաշրջանի կազմակերպումը և պատգամավորների ներկայանալը նստաշրջանին պետք է կազմակերպի Ռազմիկ Պետրոսյանը` Ռոլես Աղաջանյանի օգնությամբ[2]: Մինչև նստաշրջանի սկսելը Ռազմիկ Պետրոսյանը հանդիպել է բոլոր քարտուղարների հետ: Այն ժամանակ պաշտոնյաները դեռևս գուշանում էին նստաշրջանի մասին իրար հետ խոսելուց կամ այն կազմակերպելուց: Օրինակ, Արկադի Մանուչարովը կամ Վաչագան Գրիգորյանը չէին իմանում, թե ինչ կարծիքի են շրջկոմների մյուս 1-ին քարտուղարները` Վահան Գաբրիելյանը (Մարտակերտ), Ստախոն Պետրոսյանը (Մարտունի) կամ Գրիշա Բաղյանը (Հադրութ): Հետո անվտանգ չէր այդ մասին խոսելը, մանավանդ` Ա. Մանուչարովը, Վ. Գրիգորյանը, Շ. Պետրոսյանը լավ գիտեին, որ ամենուր աշխատում էին ԼՂԻՄ, ԱդրԽՍՀ ՊԱԿ-ի և մինչև անգամ ԼՂ ներքին գործերի գործակալները, որոնք ամեն ինչ հաղորդում էին իրենց պետերին, իսկ նրանք էլ իրենց հերթին զեկուցում էին Բ. Կևորկովին, որը ոչ մեկին հաստատ չէր ների: Ուստի յուրաքանչյուրի մտադրությունը և դիրքորոշումը պարզելու համար անհրաժեշտություն էր առաջացել հանդիպել առանձին-առանձին:

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Այդ նպատակով, մինչև նստաշրջանը Ռազմիկ Պետրոսյանը հանդիպել է բոլոր քարտուղարների հետ, նրանց կարծիքը իմացել և հայտնել է Վաչագան Գրիգորյանին, Շմավոն Պետրոսյանին և Արկադի Մանուչարովին:

Բացի քարտուղարների հետ հանդիպումից Ռ. Պետրոսյանը հանդիպել է բոլոր ակտիվիստների հետ, որոնք միտինգներ են կազմակերպել շրջաններում և ստիպել քարտուղարներին խոչընդոտներ չհարուցել պատգամավորների առաջ և չխանգարել նստաշրջանին ներկայանալուն:

Ռ. Պետրոսյանը Մարտակերտում հանդիպել է Վիգեն Շիրինյանի, Վագիֆ Գալստյանի և բոլոր այն ակտիվիստների հետ, որոնք կազմակերպել են պատգամավորների ներկայությունը Ստեփանակերտում հրավիրված մարզխորհրդի արտահերթ նստաշրջանին: Մարտունիում այդ գործը ղեկավարում էին Գրիգորի Ուլուբաբյանը, Վոլոդյա Խաչատրյանը, Մանֆրեդ Բախշյանը և ուրիշներ:

Հադրութում այդ գործը ղեկավարում էին Արթուր Մկրտչյանը, Վիգեն Գրիգորյանը. Էմիլ Աբրահամյանը և ուրիշներ: Ասկերանում շտաբը ղեկավարում էին Սլավիկ Միրզոյանը, Սլավիկ Առուշանյանը, Կոմիտաս Դանիելյանը և ուրիշներ:

Փետրվարի 19-ին մարզի շրջաններում (բացի Շուշիից) անցկացվել են շրջխորհուրդների նստաշրջաններ, որոնք որոշում են ընդունել` առաջարկել մարզխորհրդին հրավիրելու արտահերթ նստաշրջան: Այդ օրը կեսօրի մոտերքը Շ. Պետրոսյանի աշխատասենյակ ներկայացան գրողների միության քարտուղար Վարդան Հակոբյանը, մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը և Արմո Ծատրյանը: Ներկայացնելով մարզխորհրդի 67 պատգամավորների ստորագրած առաջարկը արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին` նրանք առաջարկեցին հենց նույն օրը հրավիրել նստաշրջան: Շ. Պետրոսյանը նրանց համոզեց, որ կանոնակարգի համաձայն նստաշրջան պետք է հրավիրվի խորհրդի գործկոմի որոշմամբ, հետևապես անհրաժեշտ է նախևառաջ հրավիրել գործկոմի նիստ: Ուրեմն նստաշրջան հնարավոր է հրավիրել ամենաշուտը փետրվարի 20-ին: Նրանք համաձայնեցին Շ. Պետրոսյանի հետ և խոստացան ապահովել պատգամավորների մեծամասնության ներկայությունը:

Գործկոմի անդամների մեծամասնությանը նախապես հրավիրելով իր աշխատասենյակը` Շ. Պետրոսյանը զանգեց մարզխորհրդի նախագահ Վ. Օսիպովին (որը այդ օրերին հիմնականում լինում էր մարզկոմում) և խնդրեց գալ մարզխորհրդի շենքը: Նա ներկայացավ, բայց գործկոմի նիստ հրավիրելու առաջարկը մերժեց` հայտնելով, որ փետրվարի 20-ի առավոտյան Ստեփանակերտ են ժամանում հանրապետության ղեկավարները` հարցը տեղում քննության առնելու և վճռելու նպատակով: Այսպիսով հնարավոր չեղավ փետրվարի 19-ին գործկոմի նիստ հրավիրել:

Փետրվարի 20-ի առավոտյան ժամը 9-ին Շ. Պետրոսյանին հրավիրեցին մարզկոմ: Առաջին քարտուղարի ընդունարանում էին Ադրբեջանական ԽՍՀ ներքին գործերի նախարարության, անվտանգության պետական կոմիտեի և դատախազության մի մեծ խումբ աշխատակիցներ: Քարտուղարի աշխատասենյակում էին կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովը, կենտկոմի քարտուղարներ Թ. Օրուջևը, Հ. Հասանովը, բաժնի վարիչ Մ. Ասադովը և Ռ. Մեհթիևը և բյուրոյի անդամներ, ինչպես նաև Բ. Կևորկովը, Վ. Օսիպովը, Վ. Բոգոսլովսկին: Առանց բարևելու Ք. Բաղիրովը սպառնալից տոնով սկսեց մեղադրել Շ. Պետրոսյանին մարզում տիրող իրավիճակի համար և առաջարկեց ամեն ինչ անել, որպեսզի մարզխորհրդի նստաշրջան չկայանա: Շ. Պետրոսյանն ասաց, որ արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջ են ներկայացրել պատգամավորների մեկ երրորդից ավելին և ըստ կանոնակարգի` այդ առաջարկը պետք է քննարկվի գործկոմի նիստում: «Ես անձամբ իրավունք չունեմ վճռել նստաշրջան հրավիրելու կամ չհրավիրելու հարցը, բայց, ըստ ինձ, գործկոմը բոլոր պայմաններում պետք է հրավիրվի»,- հայտարարեց Շ. Պետրոսյանը: Այդ խոսքերը ազդեցին Ք. Բաղիրովի վրա, նա մեղմացավ և սկսեց խնդրել, որ Շ. Պետրոսյանն օգտագործի իր հեղինակությունը գործկոմի նիստում նստաշրջան հրավիրելու հարցը մերժելու համար: Նա խնդրեց նաև աջակցել հրապարակում ցույցը ցրելու գործին, ասելով, որ ԱդրԿԿ կենտկոմը «մեծ հարգանք» ունի Շ. Պետրոսյանի հանդեպ և հույս ունի, որ նա կպաշտպանի կենտկոմի կարծիքը:

Ակնհայտ էր, որ Վ. Օսիպովի հետ նախօրեին կայացած զրույցի ամբողջ բովանդակությունն արդեն հայտնի էր կենտկոմի առաջին քարտուղարին: Հատկանշական է, որ ավելի քան 20 րոպե տևած զրույցի ընթացքում Բ. Կևորկովը և Վ. Օսիպովը ոչ մի մասնակցություն չունեցան, բայց կենտկոմի մյուս երկու քարտուղարները, որոնք Շ. Պետրոսյանին լավ գիտեին, ամեն կերպ փորձում էին սիրաշահել, շոյել նրա ինքնասիրությունը: Շ. Պետրոսյանի դուրս գալուց անմիջապես հետո ներս հրավիրվեցին շրջկոմների առաջին քարտուղարները և շրջխորհուրդների նախագահները: Թե ինչ զրույց կայացավ նրանց հետ, Շ. Պետրոսյանին հայտնի չէր, բայց նրանց մինչև ժամը 15-ը այլևս մարզկոմի շենքից դուրս չթողեցին: Ինչպես վերևում նշվեց, փետրվարի 19-ին շրջխորհուրդների նստաշրջաններ էին կայացել բոլոր շրջաններում, որոնք պահանջել էին հրավիրել մարզխորհրդի նստաշրջան: Փետրվարի 20-ի առավոտյան Ստեփանակերտի քաղխորհրդի 110 պատգամավորներից 98-ը հավաքվել են քաղխորհրդի դահլիճում և պահանջել նստաշրջան հրավիրել: Քաղկոմի քարտուղար Զ. Մովսիսյանը հայտարարելով, որ ԱդրԽՍՀ Սահմանադրության 78 հոդվածի համաձայն սեսիայի հրավիրումը անվավեր է, դուրս է եկել դահլիճից: Նրան հետևել է նաև քաղսովետի նախագահ Մաքսիմ Դանիելյանը: Մի որոշ ժամանակից հետո Մ. Դանիելյանի մոտ 5 հոգուց բաղկացած պատգամավորություն է ուղարկվել` խնդրելով ներկայանալ դահլիճ և սկսել աշխատանքը: Նա հրաժարվել է ներկայանալուց: Պատգամավորները որոշել են առանց նախագահի սկսել նիստը, այդժամ քաղկոմի երկրորդ քարտուղար Հ. Մելքումյանը նույնպես թողել է դահլիճը ու հեռացել: Երբ նրան հարցրին, թե ինչու չի մասնակցում նստաշրջանին, նա ասաց, որ պատգամավոր չէ, թեև իրականում պատգամավոր էր:

Նշված պատգամավորների հեռանալուց հետո, մյուս 92 պատգամավորները նիստը անցկացրին և որոշեցին խնդրել մարզխորհրդին հրավիրել արտահերթ նիստ:

Մարզկոմում Ք. Բաղիրովը և նրա համախոհները միմյանց և, հավանական է, միութենական համապատասխան մարմինների հետ երկար խորհրդակցելուց հետո վերջապես համոզվեցին, որ գործկոմի նիստ հրավիրելուց հրաժարվել հնարավոր չէ: Մարզխորհրդի շենք եկան Բ. Կևորկովը, Վ. Օսիպովը, Վ. Բոգոսլավսկին և առաջարկեցին հրավիրել գործկոմի անդամներին, որոնք ի դեպ, բոլորն էլ Շ. Պետրոսյանի մոտ էին: Շ. Պետրոսյանը հատկանշել է, որ իր 15 տարվա գործունեության ամբողջ ժամանակահատվածում, Բ. Կևորկովը լինելով գործկոմի անդամ, առաջին անգամ էր մասնակցում գործկոմի նիստին: Հատկանշական է, որ նիստը վարում էր ոչ թե գործկոմի նախագահ Վ. Օսիպովը, այլ անձամբ Բ. Կևորկովը[3]:

Բացելով նիստը` Բ. Կևորկովը առաջարկեց որոշում ընդունել միտինգների անցկացումը արգելելու մասին, անմիջապես հայտարարել ռադիոյով և պահանջել ազատել հրապարակը: Դա նշանակում էր գործկոմի որոշմամբ իրավունք տալ ուժային մարմիններին ուժ ու բռնություն կիրառել տասնյակ հազար ցուցարարների նկատմամբ, որոնք առանց որևէ անկարգությունների խաղաղ պահանջ են ներկայացնում գործող սահմանադրության սահմաններում:

Հ. Պողոսյանը և Շ. Պետրոսյանը ելույթ ունենալով` ասացին, որ դա շատ վտանգավոր է և կարող է անկարգությունների տեղիք տալ, այդ պատճառով նրանք դեմ են դրան: «Եթե նման որոշում ընդունվի, մենք հրաժարվում ենք պաշտոնից և անմիջապես միանում միտինգավորներին»,- հայտարարեցին նրանք: Նրանց առաջարկին միացան նաև Վ. Հայրապետյանը, Վ. Գրիգորյանը և ուրիշները: Հայտարարելով ընդմիջում` Կևորկովը անցավ կողքի սենյակը, հեռախոսով խորհրդակցեց Ք. Բաղիրովի հետ: Թե ինչի մասին էր խոսակցությունը կարելի էր միայն ենթադրել: Բայց վերադառնալով` նա դիմեց գործկոմի քարտուղար Ռ. Խաչիյանին ասելով` «ձեր տնից զանգել ու ասել են, որ ձեր որդին հիվանդ է և ձեզ հրավիրում են տուն»: Հետագայում պարզվեց, որ այս առիթը օգտագործվել է գործկոմի կնիքը մարզկոմ տեղափոխելու նպատակով:

Շարունակելով նիստը ` Բ. Կևորկովն ասաց, որ առաջին հարցը հանվում է օրակարգից և առաջարկեց քննարկել ու մերժել «նստաշրջան հրավիրելու հարցը»: Կևորկովի առաջարկի օգտին քվեարկեցին` Շ. Պետրոսյանը,Վ. Օսիպովը, Ա. Իսագուլովը և Ֆ. Հուսեյնովը, ձեռնպահ մնացին Ա. Տոնոյանը և Ռ. Խաչիյանը: Սակայն ձայների մեծամասնությամբ (թեր 9) որոշվեց հենց նույն օրը հրավիրել նստաշրջանը: Այդ դեպքում Բ. Կևորկովը կարծիք հայտնեց, որ նստաշրջան հրավիրելու առաջարկով ստորագրությունները հնարավոր է` կեղծված են: Այդ նպատակով Շ. Պետրոսյանի առաջարկությամբ հանձնարարվեց մանդատային հանձնաժողովի նախագահ` մարզկոմի բաժնի վարիչ Վլադիմիր Մայիլյանին (որը նախկինում աշխատել էր Սումգայիթում և լավ ճանաչում էր Ք. Բաղիրովին համատեղ աշխատանքից) հանձնաժողովի 2 անդամների հետ ստուգել ստորագրությունների ճշտությունը: Մինչև ստուգման ավարտը ևս 20 պատգամավորներ ստորագրեցին նստաշրջան հրավիրելու առաջարկը: Կազմելով ստուգման արդյունքների մասին արձանագրությունը` հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վ. Մայիլյանը հանկարծ «հիվանդացավ» և այլևս նստաշրջանին չներկայացավ: Նրա փոխարեն մանդատային հանձնաժողովի արձանագրությունը նստաշրջանին ներկայացրեց պատգամավոր Ս. Դանիելյանը:

Գործկոմի նիստի ավարտից անմիջապես հետո կապի աշխատողներից մեկը անձամբ Շ. Պետրոսյանին հանձնեց հեռախոսագրեր` Ասկերանից, Քռասնի և Շոշ գյուղերից, որտեղ հաղորդվում էր, որ ճանապարհները փակվել են և թույլ չեն տալիս պատգամավորներին ներկայանալ Ստեփանակերտ: Անմիջապես հրավիրելով ՆԳՆ մարզային վարչության պետ Ա. Իսագուլովին` Շ. Պետրոսյանը նրան ծանոթացրեց հեռախոսագրերին և ասաց, որ դա անօրեն երևույթ է և կարող է մեծ դժգհությունների տեղիք տալ: Նա իսկույն հանձնարարեց ավտոտեսչությանը` անհապաղ մեքենաներ ուղարկել նշված կետերը և պատգամավորներին քաղաք տեղափոխել: Արհեստական խոչընդոտներ հարուցելուն հակառակ մեծ թվով պատգամավորներ քաղաք հասան զարտուղի ճանապարհներով, ոտքով` հաղթահարելով մեծ դժվարություններ:

My beautiful picture

Տեսնելով, որ իրենց ջանքերը տապալվում են, Ք. Բաղիրովը և նրա համախոհները դիմեցին մի այլ միջոցի: Այդ նպատակին էր ուղղված շրջկոմների քարտուղարների և շրջխորհրդի նախագահների պարփակումը մարզկոմում: Նրանք շրջկոմների քարտուղարներին ուղարկեցին մարզխորհուրդ կոմունիստ պատգամավորներին մարզկոմ հրավիրելու առաջարկով, իբր Ք. Բաղիրովը ցանկանում է խորհրդակցել կոմունիստների հետ: Իրականում նպատակն այլ էր. կոմունիստներին արգելափակել մարզկոմում, որպեսզի նստաշրջանի հրավիրման քվորումը չկայանա: Կռահելով այդ միտքը`  Վաչագան Գրիգորյանն այդ մասին հայտնեց Շ. Պետրոսյանին և խնդրեց քարտուղարները խորհրդի շենքը մտնելուց հետո դուռը փակել ու շենքից ոչ ոքի դուրս չթողնել: Այդ պարտականության կատարումը հանձնարարվեց Շոշի կոլտնտեսության նախագահ Նիկոլայ Յարամիշյանին, որը և հեշտությամբ կատարեց այն, առավել ևս որ ոչ-ոք շենքից դուրս գալու առանձնապես ցանկություն չուներ: Մոտ կես ժամից հետո մարզկոմից զանգեցին և խնդրեցին արագացնել կոմունիստների այցը մարզկոմ: Վ. Գրիգորյանը հայտնեց, որ ոչ միայն կոմունիստներին, այլև քարտուղարներին թույլ չեն տալիս շենքից դուրս գալ: Ստիպված Ք. Բաղիրովը իր շքախմբով եկավ մարզխորհուրդ և առաջարկեց կոմունիստ պատգամավորներին հրավիրել փոքր դահլիճ խորհրդակցելու համար: Այդ խնդրանքն էլ մերժվեց: Բոլոր պատգամավորներն արդեն զբաղեցրել էին իրենց տեղերը նստերի դահլիճում: Ք. Բաղիրովը ստիպված ներկայացավ դահլիճ և սկսեց թախանձագին խնդրել նստաշրջան չգումարել` խոստանալով ամեն բարիք ղարաբաղցիների համար: Նա գովասանքի շատ խոսքեր ասաց հայ ժողովրդի, հատկապես ղարաբաղցիների մասին: Խոստովանեց, որ իրոք սխալներ և բացթողումներ եղել են, սակայն այդ բոլորը կշտկվի, միայն հարկ չկա նստաշրջան անցկացնել: Վերջապես տեսնելով, որ բոլոր մեթոդները սպառված են` նա իր համախոհների հետ միասին թողեց դահլիճը: Նստաշրջանը վերջապես սկսեց աշխատանքը: Լսելով մանդատային հանձնաժողովի հաղորդումը պատգամավորների ստորագրությունների ստուգման արդյունքների մասին` նստաշրջանը համարվեց օրինավոր և սկսեց աշխատանքը:

My beautiful picture

Նախնական պայմանավորվածության համաձայն, գրողների միության քարտուղար, պատգամավոր Վ. Հակոբյանի առաջարկով նստաշրջանի նախագահ ընտրվեց մարզգործկոմի լուսավորության մարզային վարչության պետ, գործկոմի անդամ Վ. Հայրապետյանը: Շ. Պետրոսյանն անհրաժեշտ է համարել նշելու, որ Վ. Հայրապետյանը գնահատելի մեծ գործ է կատարել Արցախյան շարժման համար ինչպես մինչև նստաշրջանի հրավիրումը, այնպես էլ նրանից հետո: Սակայն, եթե նա առանձնապես ուրիշ ոչինչ էլ կատարած չլիներ, ապա միայն այդ բախտորոշ պատմական նստաշրջանի նախագահումը արժանի է առանձնահատուկ գնահատանքի: Բազում տարիներ անց, երբ այլևս չկան այն ժամանակներին յուրահատուկ ճնշման միջոցները և հնարավորությունները, շատերի համար դժվար է պատկերացնել, թե ինչ սխրանք և նվիրվածություն էին պետք հանրապետության և մարզի ղեկավարների բազմաթիվ խնդրանքներն արհամարհելու և նրանց կամքին հակառակ համարձակորեն վճիռ կայացնելու համար, ինչն առանց երկմտանքի հայտարարվում էր հակակուսակցական, հակապետական քայլ: Իսկապես, պատմության հոլովույթում գնահատելի է Վ. Հայրապետյանի սխրանքը:

My beautiful picture

Օրակարգում մեկ հարց էր «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհրդի միջնորդությունը մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու մասին»:

Հարցի շուրջ առաջինն ելույթ ունեցավ պատգամավոր Վարդան Հակոբյանը, որը համարձակորեն բացահայտեց տասնյակ տարիների ընթացքում Արցախի հայության նկատմամբ թույլ տված անարդարությունը, առաջարկեց մարզը Մայր Հայաստանին վերամիավորելու համար միջնորդել համապատասխան մարմինների առաջ: Նստաշրջանին մասնակցած 111 պատգամավորներից ելույթ ունեցան 45 պատգամավոր(ելույթների սղագրությանը կարող եք ծանոթանալ kachar.am): Նիստից բացակայում էին հիմնականում ադրբեջանցի պատգամավորները, մարզկոմի պատասխանատու աշխատակիցները և միայն նրանք, որոնք մարզի սահմաններից դուրս էին գտնվում: Նստաշրջանը միաձայն որոշեց «միջնորդել ԱդրԽՍՀ Գերագույն խորհրդի և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջ հարգել Ղարաբաղի հայ ազգաբնակչության խնդրանքը և ԼՂԻՄ-ը հանել ԱդրԽՍՀ կազմից և վերամիավորել Հայկական ԽՍՀ հետ, միաժամանակ խնդրել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին սույն հարցը դրականորեն վճռել»:

My beautiful picture

Նստաշրջանն ավարտվեց ուշ երեկոյան: Բոլոր միջոցները ձեռնարկվեցին համաձայն ԼՂԻՄ մասին ԱԽՍՀ օրենքի որոշումը թերթում հրապարակելու համար: Այստեղ ևս շատ դժվարություններ էին ստեղծվել: Խմբագրության և տպարանի շենքերը խիստ հսկողության տակ էին վերցրել միլիցիայի և պետական անվտանգության կոմիտեի բազմաթիվ աշխատակիցներ, որոնք հիմնականում բերվել էին հարևան շրջաններից և կենտրոնից: Միայն միտինգավորների հոծ բազմության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ժամը 4-ի մոտերքը տպագրել թերթը:

Ոչ քիչ դժվարություններ էր ստեղծվել նստաշրջանի փաստաթղթերը հասցեատերերին հասցնելու գործում: Հասկանալի պատճառներով ԱդրԽՍՀ տարածքով այն ուղարկել հնարավոր չէր, իսկ Հայաստան հասցնելը մեծ դժվարությունների հետ էր կապված, քանի որ ոչ միայն ճանապարհներն էին վերահսկողության տակ, այլև մարզային խորհրդի շենքը: Մարզգործկոմի կնիքը, որը մշտապես գտնվում էր մարզխորհրդի քարտուղարի մոտ, անհետացել էր: Նստաշրջանի նախագահի և քարտուղարի ստորագրությունները հաստատվեցին գործկոմի անդամների ստորագրություններով, բացառությամբ նախագահի առաջին տեղակալ Հ. Պողոսյանի, որը մի քանի անգամ հիշեցնելուց հետո էլ չներկայացավ արձանագրությունը ստորագրելու` պատճառաբանելով, որ հիվանդ է: Սակայն պարզվեց, որ այդ օրը, կեսօրին, նա գնացել է Մարտակերտի շրջան: Թե ինչու չի ցանկացել ստորագրել և ինչ դրդապատճառներ կային, դժվար չէ կռահել:

Նստաշրջանի փաստաթղթերը մարզխորհրդի շենքից դուրս բերելու և այն Հայաստան հասցնելու գործում մեծ գործ են կատարել Վ. Հայրապետյանը, Ռ. Աղաջանյանը, Ա. Մանուչարովը: Ամենայն խիստ հսկողության պայմաններում, ինչպես պատմում է Վ. Հայրապետյանը, փաստաթղթերը քողարկվել էր լուսավորչության բաժնի աշխատակցուհի Ռայիսա Բաղդասարյանի հագուստի տակ, շենքից դուրս բերվել և մասնավոր մեքենայով հասցվել Գորիս և այնտեղից ուղարկվել հասցեատերերին:

Պետք է ասել, որ մեծ հաջողություն էր, որ հենց փետրվարի 20-ին, հաղթահարելով բոլոր դժվարությունները, հրավիրվեց նստաշրջան, որը և ճակատագրական նշանակություն ունեցավ: Ամենայն համոզվածությամբ կարելի է ասել, որ եթե այդ օրը նստաշրջանը չկայանար, ապա հաջորդ օրն արդեն ուշ կլիներ: Ըստ երևույթին ԱդրԿԿ ԿԿ քարտուղարի հաղորդման հիման վրա է ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոն միակողմանի ու հապճեպ որոշում ընդունել: Պատահական չէ, որ Ք. Բաղիրովը ձեռնարկում էր բոլոր միջոցները մարզխորհրդի նիստի գումարումը կանխելու կամ գոնե հետաձգելու համար:

ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի փետրվարի 21-ին հապճեպ ընդունած և ծածկագրված հեռագրով ԼՂԻՄ մարզկոմ ուղարկած որոշման մեջ նշված էր, որ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի պահանջը անհիմն է և այդ հարցը չի քննարկվի»: Անմիջապես ԼՂԻՄ գործուղվեցին կենտկոմի քարտուղարը և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալը: Ինչքան Շ. Պետրոսյանի հիշողությունն էր ներում, դա երկրորդ դեպքն էր, երբ կիրակի օրը քաղբյուրոն նիստ էր հրավիրում: Առաջին անգամ դա եղել է 1941թ. հունիսի 22-ի կիրակի օրը, երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվել էր ԽՍՀՄ-ի վրա:

Հասկանալի է, որ եթե ստացվեր քաղբյուրոյի նման որոշումը, ապա այն ժամանակվա ամբողջատիրական պայմաններում չափազանց դժվար կլիներ նստաշրջանի հրավիրումը, այն կարող էր գնահատվել կուսակցական կանոնադրության կոպիտ խախտում` իր բոլոր հետևանքներով:

Նստաշրջանի ընդունած որոշումը նշանակում էր Մայր Հայաստանին վերամիավորվելու` արցախահայության իղձերի ու ակնկալությունների ամրագրում ժողովրդի ընտրյալների ներկայացուցչական մարմնի կողմից, ինչպես նաև բացահայտում և օրինականացնում էր ընդհատակում երկարատև խմորումներ ապրած Շարժումը: Նկատի առնելով այն փաստը, որ Երևանում ևս այդ օրը սկսվեց բազմահազարանոց հանրահավաք` ի պաշտպանության արցախահայության, կարելի է ասել, որ փետրվարի 20-ը նաև Շարժմանը համաժողովրդական բնույթ հաղորդեց:

Ինչ խոսք, նախընթաց քաղաքական ձեռնարկումներն իրենց դերն ու նշանակությունն են ունեցել Շարժման ծավալման համար: Սակայն, ակներևաբար, Ադրբեջանի կոմունիստական վերնախավի, ապա և նրանց ձայնակցող կրեմլյան բարձրաստիճան հովանավորների` Արցախյան շարժումը  «մի խումբ ծայրահեղականների» վերագրելու` շանտաժի հասնող քաղաքականությունն առաջին անգամ լուրջ հակահարված ստացավ հենց փետրվարի 20-ի նիստի և նրա ընդունած որոշման միջոցով:  «Վերակառուցման, ժողովրդավարության ու հրապարակայնության» պայմաններում անգամ դեպքն ինքնին արտառոց էր, քանի որ առանց վերադասի հետ նախնական համաձայնության (էլ չենք խոսում վերադասի կողմից խոչընդոտելու և կանխելու փորձերի մասին), իշխանության տեղական մարմինն ընդունում էր ինքնուրույն, միաժամանակ, աննախադեպ որոշում: Ուստի, բնավ պատահական չէ, որ հաջորդ օրն իսկ ԽՄԿԿ քաղբյուրոն շտապեց իր վերդիկտը դնել իրավական հարթություն բարձրացված հարցի վրա: Թեև դա այնքան սարսափազդու չէր, ինչքան կարող էր լինել, եթե ընդունվեր նախքան մարզխորհրդի որոշումը, բայցևայնպես դարձավ Շարժումը պետական (այսինքն կուսակցական) բոլոր լրատվամիջոցներով սևացնելու, իրադարձությունները ծուռ հայելու մեջ ներկայացնելու այն սանձարձակ քարոզարշավի սկիզբը, որն իր չարանենգ նպատակին ծառայեց ընդհուպ մինչև ԽՍՀՄ-ի կազմալուծումը (1991 թ. դեկտեմբեր):

Փետրվարի 20-ի որոշումը, ինչպես արդեն նշել ենք, Արցախյան շարժման իրավաքաղաքական թղթապանակի առաջին փաստաթուղթն էր, անդրանիկ օրինական և ծանրակշիռ քայլը Մայր Հայաստանին վերամիավորվելու ճանապարհին:

Քաղբյուրոյի որոշման սղագրությունը ստացվեց փետրվարի 21-ի ուշ երեկոյան: Դրա բովանդակությունն առանձնապես մեծ հաճույքով Բ. Կևորկովը ծանոթացրեց  բյուրոյի և գործկոմի անդամներին, մարզկոմի բաժինների վարիչներին: Որոշվեց դրա բովանդակությունը ծանոթացնել նաև շրջկոմների կուսակցական ակտիվի և այդ նպատակով բյուրոյի որոշ անդամների հանձնարարվեց վաղ առավոտյան մեկնել շրջանները: Ամփոփելով աշխատանքը և մեծ նշանակություն տալով քաղբյուրոյի մտահոգությանը` Ք. Բաղիրովը դիմեց նիստի մասնակիցներին` հարցնելով. «Ո՞վ է ցանկանում խոսել»: Շ. Պետրոսյանն առաջարկեց հրավիրել մարզկոմի նիստ և ազատել մարզկոմի քարտուղարներին: Որոշ հապաղումից հետո Ք. Բաղիրովն ասաց, որ այդ հարցը պետք է համաձայնեցվի կենտկոմի քաղբյուրոյի հետ: Նիստից հետո, քանի որ շրջան մեկնելու հանձնարարություն չէր ստացել, Շ. Պետրոսյանը գնաց տուն: Սակայն շուտով նրան կանչեցին մարզկոմ: Ք. Բաղիրովը նրան դիմելով` ասաց. «Հադրութում հավաքվել են շրջկոմի անդամները և պահանջում են ազատել շրջկոմի առաջին քարտուղարին, սակայն ստեղծված իրավիճակում դա նպատակահարմար չէ, խնդրում եմ անմիջապես ճանապարհվել Հադրութ և թույլ չտալ այդ անելու»: Այնտեղ էր գնում մարզկոմի բաժնի վարիչ Վահան Հարությունյանը կենտկոմի ծածկագրված հեռագրին ծանոթացնելու համար: Նրանք երկուսով, պետավտոտեսչության մեքենայի ուղեկցությամբ, գիշերվա ժամը 2-ի մոտերքը հասան Հադրութ: Իրոք, շրջկոմի անդամները դահլիճում հավաքված` սպասում էին Ստեփանակերտից պաշտոնյաների ժամանմանը: Անմիջապես պարզվեց, որ նրանք ոչ թե պահանջում են ազատել քարտուղարին, այլ առաջարկում են որոշում ընդունել Հայաստանի հետ վերամիավորման մասին: Քանի որ նման որոշում ընդունելու հարցում նա դժվարանում էր, ուստի առաջադրել էր իրեն պաշտոնից ազատելու հարցը: Վ. Զաքիյանը անմիջապես Շ. Պետրոսյանին է հասցնում մի ծրար` խնդրելով այն հանձնել մարզկոմի քարտուղարին: Բացելով ծրարը` Շ. Պետրոսյանն այն բարձրաձայն ընթերցեց, որով նամակագիրը խնդրում էր իրեն ազատել քարտուղարի պաշտոնից: Շ. Պետրոսյանը ցուցադրաբար պատռեց դիմումը, ինչը շրջկոմի անդամները ծափերով ընդունեցին: Բ. Հարությունյանը ընթերցեց կենտկոմի շիֆրոգրամը, որն առաջացրեց նիստի մասնակիցների դժգոհությունը: Այդուհանդերձ, շրջկոմը որոշում է խնդրել կենտկոմին նորից ուսումնասիրել հարցը և հարգել արցախցիների պահանջը: Շ. Պետրոսյանը հիշել է այնտեղ տեղի ունեցած ևս մի դեպքի մասին:

Գիշերվա ժամը 5-ի մոտերքը նիստի դահլիճ է մտել Խորհրդային Միության հերոս Աշոտ Կասպարովի դուստրը Սվետլանա Կասպարովան և դիմելով ներկաներին` հայտարարել, որ եթե շրջկոմի պլենումը որոշում չընդունի Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին, ապա ինքը առավոտյան ժամը 7-ին ինքնասպանություն է գործելու ինքնահրկիզման միջոցով, հենց շրջկոմի բակում, ամբիոնի առաջ: Նրան հանգստացնելու համար հատուկ լիազորներ ուղարկվեցին, որոնք և տարհամոզեցին նրան: Դրանով նիստը ավարտեց աշխատանքը, և առավոտյան ժամը 7-ին վերադաս մարմինների ներկայացուցիչները վերադարձան Ստեփանակերտ:

Փետրվարի 20-ի որոշումից հրաժարվելը Արցախի հայ ազգաբնակչությանը հարկադրելու նպատակով ադրբեջանական կողմը նախաձեռնեց բռնությունների ու ահաբեկումների մի նոր ալիք. Ասկերանի վրա փետրվարի 22-ի հարձակում, փետրվարի 27-29-ը սումգայիթյան եղեռնագործություն, որոնց համար, թերևս սադրիչ խթան հանդիսացան հենց քաղբյուրոյի փետրվարի 21-ի որոշումը և Ադրբեջանի ղեկավարության անմիջական ցուցումները:

Ինչպես հիշել է Շ. Պետրոսյանը, փետրվարի 22-ին Ստեփանակերտ են ժամանել ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար Գ. Ռազումովսկին և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Դեմիչևը մարզի կուսակցական ակտիվին ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի 1988 թ. փետրվարի 21-ի որոշմանը ծանոթացնելու նպատակով: Շ. Պետրոսյանը չի բացառել Ասկերանի վրա ագրեսիվորեն տրամադրված հազարավոր ադրբեջանցիների հարձակման և ԱդրԽՍՀ կուսակցական վերնախավի հետ կապը:

 Նախօրոք (փետրվարի 21-ին) Բաղիրովը այցելել էր Աղդամ, հետևյալ առավոտյան ժամը 11-ի մոտերքը Աղդամի շրջանից մի քանի հազարանոց ամբոխը, շարժվելով դեպի Ասկերան, ջարդել և հրդեհել է ճանապարհի մոտերքում գտնվող բոլոր շինությունները: Հասնելով ավանի մոտերքը և հանդիպելով բնակիչների համառ դիմադրությանը` ջարդարարները ստիպված նահանջել են, հետևում թողնելով բենզինառման կայանի ջարդոտված շինությունները, հրո ճարակից հազիվ փրկված վառելիքի պահեստները: Հենց այս և նման այլ հարձակումների հետևանքով ավելի ու ավելի շատ մարդիկ են հանգել ինքնապաշտպանության գաղափարին և սկսել են զենքի նախապատրաստություններ տեսնել, ինչը հետագայում բավականին նպաստել է ադրբեջանցիների նոր հարձակումներին դիմագրավելու և ռազմական ագրեսիայի կասեցման գործի կազմակերպմանը:

Հաշվի առնելով տասնամյակներ անց հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի վրա ուժի գործադրման միջոցով ազդելու Ադրբեջանի մարտավարության պրակտիկան` կարելի է եզրակացնել, որ դրա առաջին դրսևորումներին առնչվել ենք տակավին 1988 թ. փետրվարի 22-ին, երբ Ասկերանի վրա Աղդամից բազմահազարանոց ամբոխի հարձակումը կազմակերպելով` ԱդրԽՍՀ իշխանությունները նպատակ են ունեցել ահաբեկման միջոցով կուսակցական ակտիվի մասնակիցների վզին փաթաթել քաղբյուրոյի 1988 թ. փետրվարի 21-ի միակողմանի, ակնհայտ հակահայկական որոշումը, ինչը, սակայն, ի դերև ելավ հիմնականում մարզի կուսակցական ու խորհրդային հայրենասեր գործիչների[4] վճռականության ու կամքի և հայ կամավորականների հակահարվածի շնորհիվ:

Ասկերան ավանի վրա բազմահազարանոց ամբոխի հարձակման միջոցով ահաբեկչության ու հոգեբանական ճնշման պայմաններում փետրվարի 22-ի երեկոյան ժամը 5-ին կայացավ մարզային կուսակցական ակտիվի ժողովը, որը որոշ շրջանակներում կոչվում էր «կուսակցական պասիվի» ժողով: Բանն այն է, որ նիստին չկարողացան ներկայանալ Մարտակերտի շրջանի շատ ներկայացուցիչներ ճանապարհը փակ լինելու պատճառով: Չէին ներկայացել նաև Ասկերանի և Հադրութի շրջանների բազմաթիվ ներկայացուցիչներ: Մինչդեռ Շուշիի շրջանից ներկայացել էին մեծ թվով մարդիկ, որոնց մի մասը կուսակցական ակտիվիստ լինելուց շատ հեռու էր:

Մթնոլորտը չափազանց շիկացած էր: Բ. Կևորկովի և Ք. Բաղիրովի ելույթներից հետո փորձեցին առավելապես ձայն տալ վաղօրոք նախապատրաստած մարդկանց, սակայն այդպես վարվել չկարողացան:

Շուշիի շրջկոմի առաջին քարտուղարի ելույթից հետո (որը առաջ բերեց ժողովականների լուրջ դժգոհությունը) անմիջապես ելույթ ունեցավ Շ. Պետրոսյանը: Ինչպես նա, այնպես էլ բոլոր ելույթ ունեցողները նշել են, որ Արցախյան շարժման մասին ԽՄԿԿ կենտկոմի գնահատականներն օբյեկտիվ չեն, և պահանջել են խորապես ուսումնասիրել հիմնահարցը: Թեև ժողովին չեն կարողացել մասնակցել Ասկերանի և Մարտակերտի շրջանների ներկայացուցիչները, քանի որ ադրբեջանցիների կողմից խափանված էր տրանսպորտային հաղորդակցությունը, ամբողջապես տապալվեց ակտիվի նիստն իրենց նախատեսած ուղղությամբ տանելու Ք. Բաղիրովի և Բ. Կևորկովի փորձը:

Տեսնելով իրենց այդ ձախողումը` Ք. Բաղիրովը փորձ կատարեց ստվերի տակ թողնել նստաշրջանի ընդունած որոշումը: Նա ուղղակի հայտարարեց, որ նստաշրջանի որոշումը օրինական ուժ չունի, քանի որ գործկոմի նախագահի ստորագրությունը և գործկոմի կնիքը չկան: Հետևապես որոշումը օրինական ուժ չունի: Շ. Պետրոսյանի վկայությամբ` այս հարցում պարզություն մտցրեց ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Դեմիչևը, որն իր ելույթում հայտարարեց` «նախագահի ստորագրության և կնիքի բացակայությունը ոչինչ չի փոխում: Էականն այն է, որ մարզսովետի նստաշրջանը կայացել է և որոշումն ընդունվել: Այն կարող են նորից վերանայել մարզխորհրդի նստաշրջանը կամ էլ վերադաս մարմինները»[5]: Այդպիսով, ինչպես նկատել է տվել Շ. Պետրոսյանը, ԽՍՀՄ բարձրագույն մարմինի` Գերագույն խորհրդի ներկայացուցիչը ճանաչել է նստաշրջանի որոշման օրինական լինելը:


[1] Արսենի (Գրիգորյան) Ա., Խիզախման ոգին, խմբ.` Կ. Դանիելյան, Ս.,«Դիզակ պլյուս», 2010, էջ 29-39:

[2] «Կաճառ» գիտական կենտրոնի արխիվ, ֆ. № 42 (Ռազմիկ Արշակի Պետրոսյան), գ. № 1, թ. 8:

[3] Պետրոսյան Շ., Հուշեր Արցախյան շարժման մասին(20-ամյա հոբելյանին ընդառաջ), «Կաճառ» (ԿԳԿ-ի տարեգիրք): Գիրք 1, Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն, 2008, էջ 64:

[4] Դժբախտաբար հակառակորդը 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբերին հերթական ագրեսիայի միջոցով ժամանակավոր հաջողության հասավ ուժային լուծման իր ձգտումներում, քանի որ մերօրյա իշխանություններն անկարող գտնվեցին պատեհաժամորեն կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել և, ամենակարևորը, արդյունավետորեն կազմակերպել ու ղեկավարել պետությունը պատերազմական իրավիճակում:

[5] Պետրոսյան Շ., Հուշեր Արցախյան շարժման մասին(20-ամյա հոբելյանին ընդառաջ), «Կաճառ» (ԿԳԿ-ի տարեգիրք): Գիրք 1,  էջ 70:

Leave a Reply