ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՆԱԿԱՅԱՆԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԽՈՋԱԼՈՒՈՒՄ (1992 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 25-26)

Այսօր Արցախյան ազատագրական պատերազմի կարևոր օպերացիաներից մեկի՝ Ստեփանակերտի օդանավակայանի ապաշրջափակման ու հակառակորդի վտանգավոր հենակետի վնասազերծման 29-րդ տարեդարձն է: Այդ առիթով հրապարակում ենք մի հատված Մհեր Հարությունյանի «Արցախում ռազմարվեստի զարգացման արդի փուլի առանձնահատկությունները» գրքից:

Անդրադառնալով Խոջալուի վտանգավոր կրակակետերի վնասազերծման անհրաժեշտությանը՝ Ա. Տեր-Թադևոսյանը գրում է. «Մարտ ամսին Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը հասկացավ, որ անհրաժեշտ է ոչնչացնել հակառակորդի հենակետը Խոջալուում»[1]: Այստեղ ակներև վրիպակ կա, որովհետև մարտ ամսին չէ, որ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը պիտի հասկանար արդեն իսկ փետրվարին ազատագրված Խոջալուի ազատագրման անհրաժեշտության մասին, այլ առնվազն փետրվարի երկրորդ տասնօրյակին, Մալիբեկլուի և Ղուշչուլարի կրակակետերի վնասազերծումից հետո: Իսկ եթե հիշենք, որ Ա. Տեր-Թադևոսյանը խոսել է ավելի վաղ Արցախի ինքնապաշտպանության պլանի նախապատրաստման մասին, ուրեմն կարելի է ենթադրել, որ Խոջալուի և Ստեփանակերտի օդանավակայանի ազատագրումը պետք է որ կազմեին այդ պլանի կարևոր ու բաղկացուցիչ մասը:  

Նման որոշման կայացումը զորավարը պայմանավորել է հետևյալ հանգամանքներով.

1.           Հակառակորդը Խոջալուում տեղադրել էր «ԲՄ-21» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ («Գրադ») և պարբերաբար գնդակոծում էր Ստեփանակերտը՝ ավերելով քաղաքը և մեծաթիվ զոհեր պատճառելով խաղաղ բնակչությանը:

2.           Ռազմական գործողություններն աստիճանաբար ավելի ինտենսիվ էին դառնում, և այդ պատճառով ավելանում էր բոլոր տեսակի մատակարարումների քանակը: Աոաջին հերթին՝ դա վերաբերում էր Ինքնապաշտպանության ուժերի տրամադրության տակ հայտնված ռազմական տեխնիկային անհրաժեշտ վառելիքի մատակարարմանը: Ուղղաթիռներն այլևս գլուխ չէին հանում ավելի ու ավելի մեծացող բեռնափոխադրումներից, իսկ ինքնաթիռների օգտագործման համար անհրաժեշտ էր Խոջալուի (կարդալ՝ Ստեփանակերտի) օդանավակայանը:

Գործողությունը մանրակրկիտ ծրագրվեց երեք շաբաթում: Ջոկատների հրամանատարները քարտեզի և Ինքնապաշտպանության աժերի տեղագրական ծառայության պատրաստած տեղանքի մանրակերտի վրա մշակեցին առաջիկա գործողության փուլերը: Մեծ ուշադրություն հատկացվեց ռազմական գործողությունների մշակմանը [ԼՂԻՄ-ին հատկացված մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 1988-1995 թթ. պլանով հատկացված միլիոններով] քաղաքի վերածված [բնակավայրի] սահմաններում: Խոջալուում գտնվող ադրբեջանցիները նկատել էին, որ հայերը նախապատրաստվում են հարձակման, և կայազորի հրամանատարnւթյունը համալրում էր պահանջել, իսկ խաղաղ բնակչությունն սկսել էր հեռանալ քաղաքից:

Որոշվեց միաժամանակյա հարձակում իրագործել չորս ուղղություններով՝ Նորագյուղ, Մեհտիշեն (Լուսաձոր), Քյաթուկ գյուղերի և օդանավակայանի կողմից: Մինչև գործողության սկսվելը, Խոջալուի կայազորը և հայկական ջոկատների բոլոր հրամանատարները հրամանատարության կողմից զգուշացվել էին քաղաքացիական բնակչության նահանջի համար միջանցք թողնելու մասին: Միջանցքն անցնում էր քաղաքի արևելյան արվարձանից դեպի հյուսիս-արևելք՝ Կարկառ գետի հունի երկայնքով դեպի Աղդամ քաղաքը:

Առաջին անգամ հայկական ջոկատները զրահատեխնիկա էին կիրառում՝ երկու միավոր հետախուզական-դետքային զրահամեքենա[2], ինչպես նաև 100 մմ-անոց «Ռապիրա» հակատանկային մեկ թնդանոթ: Հարձակմանը ներգրավված էին 487 հայ մարտիկներ[3]: Հետախազության տվյալներով Խոջալուն պաշտպանում էին հակառակորդի մինչև 200 զինվորներ: Գրոհն սկսվեց ժամը 22.00-ին,  իսկ ռազմական գործողությունները տևեցին գրեթե մեկուկես or: Ամենահամառ դիմադրությունը հակառակորդի հենակետը դարձած ինը[4] հարկանի շենքի շրջանում էր: Այն ճնշելու համար օգտագործվեցին հրթիռային երկու «Ալազան» կայանքներ, որոնցից մեկը գրավվել էր հենց Խոջալուում և խոշոր տրամաչափի երկու թնդանոթ, որոնք նախապես տեղակայվել էին մերձակա բարձունքների վրա[5]:

«Խոջալուի գործողության արդյունքում Ինքնապաշտպանության ուժերը տվեցին 8 զոհ, իսկ հակառակորդը՝ 23»[6],- գրում է Ա. Տեր-Թադևոսյանը: Հակառակորդի մարտական կորուստների մասին տվյալը խիստ նվազեցված է թվում: Զանազան հրապարակումներում ամենատարբեր թվեր են նշվում, որոնք ակներևաբար քաղաքական ենթատեքստ ունեն, ուստի արժանահավատ չեն կարող լինել: Իսկ քանի որ այս պահին այդ թիվը ճշգրտել հնարավոր չէ, ուստի դա թողնում ենք ապագային:

1992 թ. փետրվարի 25-ի երեկոյան սկսված և հաջորդ իսկ օրն ավարտված Խոջալուի կրակակետերի ճնշման ռազմագործողությունը Ինքնապաշտպանության ուժերի հերթական փայլուն հաջողությունն էր, ինչի շնորհիվ զբաղեցվեցին ռազմավարական կրակադիրքեր, վնասազերծվեց այդ կարևոր ռազմական հենակետը, որտեղից սպասվող վտանգը գնալով ավելի սպառնալի չափեր էր ընդունել: Զրահամեքենաների ուժեղ կրակի տակ հակառակորդի դիմադրության կետերը ճնշեցին տարբեր կողմերից գրոհի ելած հայ մարտիկները: Հաջողությամբ իրականացվեց հետևակի և զրահամեքեաների փոխգործակցությունը: Կրկին կիրառվեց նախկինում երկուստեք կիրառված մարտավարական հնարը, որի հետևանքով այս ու այնտեղ բոցավառված տների կրակակետերն ընդմիշտ լռեցին, իսկ  Խոջալուում վխտացող զինյալները խուճապի մատնվեցին: Սակայն մինչև փետրվարի 26-ի կեսօրը առանձին տներում դեռևս դիմադրողներ կային: Հատկապես կատաղի դիմադրություն ցույց տվեցին հինգհարկանի շենքում ամրացած շուրջ 100 զինյալները[7]: Սակայն, հայ մարտիկների ճնշմանը չդիմանալով, նրանք ևս հարկադրված էին լքել իրենց դիրքերը և ճողոպրել Հացոտ լեռան ուղղությամբ:

Մինչ Խոջալուում մարտեր էին ընթանում, Աղդամի զինյալները փորձեցին օգնության հասնել: Նրանց նույնիսկ հաջողվեց մոտենալ Նախիջևանիկի մոտակա Սև լեռանը, սակայն «առավելագույն առաջխաղացման» այս վայրում կորցնելով 1 տանկ, հետ քաշվեցին:

Անպաշտպան գառների կեցվածք ընդունած ադրբեջանցիները Խոջալուում, ըստ որոշ տեղեկությունների, թողել էին 3 հրթիռային կայանք, 100 մմ թնդանոթ, 3 միավոր զրահատեխնիկա, 100 միավոր մարտական զենք և զինամթերքի վիթխարի պաշարներ[8]: Մեծ էր Խոջալուի ազատագրման ռազմաքաղաքական նշանակությունը: Նախ, վերականգնվեց հաղորդակցությունը Ասկերան ավանի հետ, անվտանգ դարձավ շրջկենտրոնի պաշտպանների թիկունքը, հոգեբանական հուսալի նեցուկ եղավ ցամաքային շրջափակման մեջ գտնվող Արցախի հայ ազգաբնակչության համար, թեկուզև ժամանակավոր կապ ստեղծվեց արտաքին աշխարհի հետ, կանխվեց Ասկերանի վրայով Ստեփանակերտ ներխուժելու` հակառակորդի վաղեմի ծրագիրը, ծանր հարված հասցվեց Ադրբեջանի ռազմական մեքենային, էլ ավելի սրվեցին Բաքվի իշխանությունների և ընդդիմության ներհակությունները:


[1] Տեր-Թադևոսյան Ա., Արցախում ռազմական գործողությունների վերլուծություն (1991թ. հուլիս-1992թ. մայիս),  «Հայ զինվոր»,  19-26 մայիսի 2007 թ., № 19, Тер-Тадевосян А., Анализ боевых действий в Арцахе (июль 1991-июль 1992 гг.), с. 568:

[2] Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը: 366-րդ գնդի երկու միավոր զրահատեխնիկա 1992 թ. հուվարի 26-ին մասնակցել է Քարինտակի հերոսական պաշտպանությանը՝ կարճատև ժամանակամիջոցում կրակային աջակցություն ցույց տալով մարտադաշտ ձգվող հակառակորդի նորանոր ուժերի գրոհները կասեցնելու համար: Մեզ հայտնի երկրորդ դեպքը փետրվարի 22-ին էր, Մարտունու շրջանի Վերին Վեյսալի գյուղի ազատագրման ժամանակ, որին մասնակցել է նաև 1 թե 2 զրահատեխնիկա՝ Մովսես Հակոբյանի շնորհիվ:

[3] Тер-Тадевосян А., Анализ боевых действий в Арцахе (июль 1991-июль 1992 гг.), с. 569:

[4] Իրականում՝ 5: Ա. Տեր-Թադևոսյանի հիշողությունից տարիների ընթացքում ջնջվել են իրադարձությունների որոշ մանրամասներ:

[5] Նաև ամոնալով լցված մի վագոն հեռակառավարվող պայթուցիչով պետք է բաց թողնվեր դեպի Խոջալու և պայթեցվեր՝ խուճապ առաջացնելու համար, սակայն այն այդպես էլ չպայթեց:

[6] Տեր-Թադևոսյան Ա., Արցախում ռազմական գործողությունների վերլուծություն (1991թ. հուլիս-1992թ. մայիս),  «Հայ զինվոր»,  19-26 մայիսի 2007 թ., № 19, Тер-Тадевосян А., Анализ боевых действий в Арцахе (июль 1991-июль 1992 гг.), с. 569:

[7] Jагублу Н., Xочалы гыргыны, саh 17.

[8] «Մարտիկ», 1996թ., № 9:

Leave a Reply