Ինքնին հարցը կարող է անիմաստ թվալ 2020 թ. աշնանը թուրք-ադրբեջանական ագրեսիվ պատերազմի աղետալի հետևանքների պատճառների վերլուծության համատեքստում, սակայն այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցների անբավարար ու անարդյունք լինելը ստիպում է ահազանգել, իրավասու ու պատասխանատու պաշտոնյաների ուշադրությունը կրկին հրավիրել օրախնդիր հիմնահարցի վրա:
Ինչպես հայտնի է՝ «Կաճառ» գիտական կենտրոնի հետազոտությունների առանցքում է ռազմական պատմությունը: Ստեղծել էինք ռազմական գիտության վերաբերյալ գրադարանային և արխիվային ֆոնդեր, որոնց հիման վրա նախատեսել էինք նոր մակարդակի հասցնել գիտահետազոտական աշխատանքները և հրատարակել դրանց արդյունքները: Ոչ միայն այս եղանակով էինք պատրաստ նպաստել բանակաշինության գործընթացին, այլև փորձագիտական-խորհրդատվական ճյուղային մշակումների և դրանք ՊՆ համապատասխան ծառայություններին ու զորատեսակների ղեկավար օղակներին տրամադրելու նախաձեռնություններով: Ստեղծված իրավիճակում նպատակահարմար չենք գտնում դրանք կյանքի չկոչելու պատճառները մանրամասնելը: Սակայն խոր ափսոսանքով ու ցավով հատկանշում ենք, որ ԱՀ նախկին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանին 2020 թ. փետրվարին պաշտոնական գրությամբ խնդրել էինք նպաստել ռազմագիտական նշանակության գրադարանային ու արխիվային ֆոնդերը Ստեփանակերտ տեղափոխելուն, ստացել էինք մերժում՝ անհեթեթ ձևակերպմամբ: Իսկ երբ հայտնի դարձավ այդ գեներալի վարքն իր իսկ ծննդավայրի՝ Խծաբերդի նկատմամբ, հասկանալի դարձավ, որ ճիշտ հասցեով չէինք դիմել: Բայց արդեն ուշ էր, քանզի վերոհիշյալ մտավոր ժառանգությունն անվերադարձ կորսված էր: Ռազմական գիտության նկատմամբ արհամարհանքի դրսևորումները պաշտոնեության շրջանում համատարած են: «Ինչ ե՛ս եմ ասում, դա՛ է պատմությունը»՝ մի այլ գեներալի այս «թևավոր» արտահայտությունը կարծես դարձել է ինքնաոչնչացման տանող գործելակերպի չափանիշը: Թե ինչքան նյութեր են ոչնչացվում ՊՆ արխիվներում անհեթեթ կարգերի համաձայն՝ դա միայն ռազմական գերատեսչության ղեկավարությանն է հայտնի: Այսպես վերացվում են բանակաշինության փաստական հիմքերը, իսկ շրջանառության մեջ մնալու են առանձին պաշտոնյաների հրաշապատում հորինվածքները: Մինչդեռ պատմագիտությունը մերժում է երևակայականը և որպես կանոն հիմք է համարում պատմական վավերագրերը:
Այդ տրամաբանությամբ շարունակելու ենք ռազմագիտության զարգացման համար գիտական հիմքերի ստեղծման ծրագրի իրականացումը: Վերականգնվելու են գրադարանի և արխիվի ռազմագիտության բաժինները, որոնց մասնագիտական գրականության ու վավերագրերի հիման վրա զարգանալու է ռազմական գիտությունը, առանց որի անհնար են բանակաշինությունը (կամ բարեփոխումներն այդ ոլորտում) ու հաղթանակները ազատագրական պատերազմներում:
Մեր կենտրոնի հիմնակազմ գիտական գրադարանը օրերս համալրվեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության նվիրաբերած գրականությամբ, այդ թվում՝ ռազմական բնույթի: Ներկայացնում ենք երկու նմուշ, որոնք նախատիպ պետք է լինեն ներկայումս մեր գրատպության առաջնահերթությունների համար:





