ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՏՎԱԾ ՄԵԿԴԱՐՅԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

  • by

Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարելիցի առթիվ հասարակական-քաղաքական շրջանակների հետաքրքրության աճը պայմանավորված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումներով: Այդ կապակցությամբ հարցազրույցի հրավիրեցինք «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանին:  

Պրն Հարությունյան, մեկ տարի առաջ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի վերագնահատման շրջանակներում պատասխանել էիք արդիական հնչեղություն ունեցող մի շարք հարցերի: Դժբախտաբար, Ձեր կանխատեսումներն իրականություն դարձան և ուժի չգործադրման միջազգային հիմնարար իրավական սկզբունքներից մեկի խախտմամբ փոխված ռազմաքաղաքական նոր պայմաններում այդ թեմայով վերստին զրուցելու  անհրաժեշտություն է առաջացել: Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած 44-օրյա ագրեսիվ պատերազմը և հայերի ցեղասպանությունը Արցախի Հանրապետությունում վերստին ցույց տվեցին, որ բարձր արժեքներից ճամարտակող տերությունները, հետապնդելով իրենց քաղաքական, տնտեսական շահերը՝ոչ միայն չեն հակազդում ագրեսորների ռազմական հանցագործություններին ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին, այլ, ընդհակառակը, երկերեսայնորեն շարունակում են ըստ ամենայնի աջակցել տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Թուրքիային և Ադրբեջանին: Այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեիք Մոսկվայում 100 տարի առաջ ստորագրված Լենին-Քեմալ կամ ռուս-թուրքական պայմանագրը:

— Մոսկվայի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության դեմ Թուրքիայի ագրեսիվ պատերազմի և տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակի արձանագրումն էր: Հիմնականում Հայաստանի տարածքների հաշվին գոհացնելով Թուրքիային՝ Խորհրդային Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցներով օգնեց Քեմալի ծրագրերի իրականացմանը, այդ թվում նաև Հունաստանի և Հայաստանի դեմ պատերազմներում հաղթելուն: Պատահական չէ, որ Մոսկվայի պայմանագիրը համարվում է նաև Հայաստանի հերթական բաժանման դավադիր գործարք: Այն անցած դարի ընթացքում ընկած է եղել ինչպես ռուս-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Այսրկովկասի վարչատարածքային բաժանումների հիմքում: Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ պատերազմը այդ պայմանագրի սկզբունքների վերահաստատման մի հանդուգն փորձ էր, որը թեև արտաքնապես հաջողված է թվում, բայց միջազգային իրավունքի և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ու այնտեղ հայերի նկատմամբ իրականացված նոր ցեղասպանության փաստերով երբևէ չի կարող ընդունելի լինել:

            — Այն տպավորությունն է, որ Ռուսաստանը համագործակցելով Թուրքիայի հետ, 1920-1921 թթ. փաստորեն իրեն է միացրել Այսրկովկասը: Մեր տարածաշրջանում տեղի ունեցող փոխակերպումները կրկնու՞մ են, արդյոք, 100 տարի առաջ տեղի ունեցած գործընթացները: Կարծես թե այդ մասին են ակնարկում ռուսական փորձագիտական շրջանակները, իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք:

            — Վերջին շրջանում մենք ականատես եղանք 100 տարի առաջ տեղի ունեցած բազմաթիվ դեպքերի ապշեցուցիչ կրկնություններին: Դրանք զուտ խորհրդանշակա՞ն էին, թե՞ հստակ ուղերձներ նաև Ձեր նշած գործընթացների հնարավոր կրկնության վերաբերյալ, կպարզվի առաջիկայում: Բայց որ այսօր Ռուսաստանի ներկայությունը մեր երկրում խաղաղապահ առաքելության շրջանակներից էլ մեծ ընդգրկում ունի՝ փաստ է, որի առանձնահատկությունը թերևս այն է, որ մեր տարածաշրջան է խցկվել նաև Թուրքիան, որը ագրեսիվ, ռազմական հանցագործություններով ու ցեղասպանությամբ ուղեկցվող, միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված պատերազմի նախաձեռնողներից և մասնակիցներից է: Ներքաղաքական ճգնաժամը ՀՀ-ում օր օրի սպառում է ռազմաքաղաքական գործընթացներին հօգուտ մեր երկրի ու ժողովրդի մասնակցելու վերջին հնարավորությունները: Ինչպես 1921 թ. փետրվարյան ապստամբությունը առիթ դարձավ Մոսկվայի կոնֆերանսին Հայաստանի պատվիրակության մասնակցությունն արգելելուն, այնպես էլ հիմա այդ երկու պետությունները համաձայնության եկան կամ գուցե դեռ կգան առանց մեզ: Եվ դարձյալ մեծ վտանգ կա, որ այդ համաձայնությունը լինելու է Արցախի Հանրապետության և Հայաստանի տարածքների հաշվին:

            -Մի՞թե հնարավոր չէ ինչ որ բան անել վտանգավոր զարգացումները կանխելու, մեր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

            -Իհարկե, հնարավոր է, եթե  անհապաղ իրականացվեն մի շարք փոփոխություններ: Նախ և առաջ, լիազորությունները վայր են դնում կաթվածահար եղած ու անգործունակ իշխանությունները:  Սահմանադրական բարեփոխումներով Հայաստանը վերադառնում է նախագահական կառավարման համակարգի, համաժողովրդական ընտրություններով ընտրվում է հանրապետության նախագահ լայն լիազորություններով, պետական կառավարման համակարգը ապաքաղաքականացվում է, ճյուղային ոլորտներն ու գերատեսչությունները վստահվում են արհեստավարժներին և այսպես շարունակ: Վճռական ու նպատակասլաց բարեփոխումներով վերականգնվում է կարգ ու կանոնը, հանրությունը համախմբվում է երկրի առաջ ծառացած մարտահրավերներին արդյունավետորեն դիմագրավելու ջանքեր գործադրող իշխանությունների շուրջը և համատեղ հաղթահարում ճգնաժամն ու կանգնեցնում գահավիժումը:

            — Մեկ տարի առաջ Դուք նշել էիք, որ թուրքերը, բոլշևիկների օգնությամբ, հետամտում էին անբարենպաստ, ցամաքային ու ծովային տարանցիկ ճանապարհներից զուրկ տարծքում Հայաստանին ներփակելու  և դրանով իսկ հայ ժողովրդին կենսունակ, բարգավաճ ու հզոր պետություն կերտելու հեռանկարներից  զրկելու չարանենգ նպատակին: Հիմա Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը խոսում են հաղորդակցական ուղիների ապաշրջափակման, տարանցիկ ճանապարհների վերագործարկման և սոցիալ-տնտեսական զրգացման հնարավորությունների ստեղծման մասին: Ի՞նչ է սա նշանակում. 44 օրյա ագրեսիվ պատերազմից ու Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիայից հետո աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների տեղայնացու՞մ, թե՞ զավթողական պատերազմի համար պատասխանատվությունից խուսափելու հերթական փորձ:

            —   Զավեշտալի է, երբ հաղորդակցական ուղիների ապաշրջափակումից խոսում են այնպիսի երկրներ, որոնք 1989 և 1993 թվականներից ի վեր շրջափակման են ենթարկում Արցախի Հանրապետությանը և Հայաստանին: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների անպատիժ շարունակումը Հադրութի շրջանի վերջին կղզյակի՝ Հին Թաղերի, Խծաբերդի ու Դիզափայտի բռնազավթման և Շուշիի շրջանի հայկական գյուղերի նկատմամբ ոտնձգությունների տեսքով, ռազմավարական մայրուղիների նկատմամբ վերահսկողության հաստատման փորձերը վկայում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի ապաշրջափակման մասին ամպագորգոռ հայտարարություններն ընդամենը շրջափակման աշխարհագրության ընդյալնման քաղաքականությունը քողարկելու միջոց են: Տրասպորտային կոմունիկացիաների ռազմավարական հատվածների նկատմամբ վերահսկողության սահմանումը կմեծացնի Հայաստանի և միջնորդների կամ տարածաշրջանային այլ խաղացողների վրա ճնշում գործադրելու այդ երկու ագրեսիվ պետությունների հավակնոտ ղեկավարների հնարավորությունները: Հետևաբար, Հայաստանը, սկզբունքորեն դեմ չլինելով հաղորդակցական ուղիների ազատ օգտագործման գաղափարին, մտահոգված է անվտագային-պաշտպանական համակարգին ադրբեջանաթուրքական ակնհայտ սպառնալիքների չեզոքացմամբ և նրանց կողմից մեզ համար կենսական նշանակության բազմաթիվ ավտոմայրուղիների շրջափակման  շարունակմամբ:

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում  Թուքիան բացահայտ ագրեսիվ քաղաքականություն է վարում հարևան և այլ երկրների նկատմամբ, հմտավարժորեն խաղում Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների զգայուն լարերի վրա, իսկ 44-օրյա ագրեսիվ պատերազմից հետո տարածաշրջանում ռազմական ներկայությամբ  մեծացրել է Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա ճնշում գործադրելու հնարավորությունները: Նման պայմաններում ի՞նչ պետք է անենք մենք:

— Տակավին անցած տարի արտահայտած մեր այն միտքը, որ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության համար նաև այն տեսանկյունից, որ ազատ են արձակում ցեղասպան Թուրքիայի արյունոտ ձեռքերը մարդկության դեմ նոր հանցագործություններ կատարելու երկրագնդի տարբեր մասերում, ցավոք, գտավ իր մարմնացումը նաև Արցախում: Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների համատեղ իրականացրած 44-օրյա ագրեսիվ պատերազմը և ռազմական հանցագործություններով ուղեկցվող ցեղասպանությունը լրջորեն խաթարել են մեր տարածաշրջանի անվտանգային միջավայրը, խախտել ուժերի հավասարակշռությունը,  ուժի գործադրման միջոցով քաղաքական հարցերը լուծելու նախադեպային իրավունք ստեղծել: Հիշեցնենք, որ 1991 թ. Ադրբեջանը նույն եղանակով, ուժի գործադրմամբ, ագրեսիվ պատերազմ պարտադրեց Արցախին և արժանի հակահարված ստացավ, սակայն դիվանագիտորեն կարողացավ իր ագրեսիայի հետևանքները ներկայացնել իբրև պատճառ իր նոր ագրեսիայի համար: Ուզում ենք հույս հայտնել, որ հայկական պետականությունը վերստին ուժ կգտնի իր մեջ մեկ անգամ ևս արժանի հակահարված տալու հակառակորդին և բոլոր հնարավորություններն օգտագործելով ստիպելու  Ադրբեջանին հետ վերադարձնել Արցախից օկուպացրած տարածքները, ինչպես նաև հատուցել հայկական պետականությանը հասցրած նյութական և այլ վնասները:

                                             Զրույցը վարեց՝  Նանե Հարությունյանը

Պատասխան թողնել