2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը, մարտի մեջ մտցնելով հատուկ նախանշանակման, տանկային և հրետանային ստորաբաժանումներ, կիրառելով բանակային ավիացիա՝ ուխտադրուժ հարձակում է գործել ԼՂՀ պետական սահմանի հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով: Ագրեսորը միաժամանակ հրթիռահրետանային հարվածներ է հասցրել մի շարք խաղաղ բնակավայրերի: Թեև նախահարձակումն անսպասելի է եղել, ՊԲ մարտական հերթապահություն իականացնող ստորաբաժանումների մարտիկները կարողացել են պաշտպանական մարտեր վարելով կասեցնել հակառակորդի հարձակումը, նրան պատճառել կենդանի ուժի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ: Հիմնականում չորս օր տևած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում ՊԲ մարտիկները ցուցաբերել են անօրինակ հերոսություն, ամուր կամք, մինչև վերջին փամփուշտը կռվելու և հակառակորդին հաղթելու վճռականություն: Հայ զինվորին բնորոշ որակները՝ անձնական խիզախությունը, վստահված սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հիանալիորեն տիրապետելն ու հարկ եղած դեպքում այն հնարամտորեն, ստեղծագործաբար կիրառելը, հրամանատարական կազմի արհեստավարժությունն ու մասնագիտական գիտելիքները հնարավորություն են տվել արդեն մարտերի սկզբնական փուլում կոտրել հակառակորդի հարձակման թափը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սկզբնական պլանի վերջնական տապալումը կանխելու համար կիրառել է «Սմերչ» և «Գրադ» ՀԿՌՀ-ներ, «Սոլնցեպեկ» ռեակտիվ հրանետներ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ուկրաինայում արդիականացված մարտական ուղղաթիռներ, իսրայելական արտադրության «Հարոպ» և այլ հետախուզական ու մարտական անօդաչու թռչող ապարատներ (ԱԹԱ): Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հատկապես մարտերի ինտենսիվության անկման վերջին փուլում, երբ հերթական արկածախնդրության տապալումն ակնհայտ էր, Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները թելադրված էին ոչ այնքան ռազմական անհրաժեշտությամբ, որքան որ անզոր չարությամբ համակված՝ հայկական կողմին հնարավորինս մեծ վնասներ հասցնելու մարմաջով: Ագրեսիայի մտահղացման անբաժանելի մասն է կազմել ՊԲ մարտիկների բարոյահոգեբանական ոգին խաթարելը, խաղաղ բնակչությանն ահաբեկելը, որոնց մասին են վկայում Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունները՝ Թալիշ գյուղում անօգնական ծերունիների սառնասիրտ սպանությունն ու դիակների անարգումը, ՊԲ զոհված երեք զինծառայողների գլխատումը, խաղաղ բնակավայրերի հետևողական հրետակոծությունները: Սակայն հակառակորդն ցանկալի ներգործության չի հասել, որովհետև յուրաքանչյուր հայ մարտիկ հասկանում էր, որ անգամ քսանմեկերորդ դարում թուրք-հայկական քաղաքակրթային-միջէթնիկական թշնամանքը պահպանում է պատմական անտագոնիզմի իր բնույթը: Այդ գիտակցումը հայ մարտիկների մոտ առաջացրել է արդարացի զայրույթի և վրեժի զգացմունքներ, հնարավորություն է տվել մարտական գործողությունների ընթացքում պահպանել զգոնությունը, նպաստել է ողջ հայ ժողովրդի և նրա մի մասը հանդիսացող բանակի մարտիկների հայրենասիրական տրամադրությունների աննախադեպ աճին, հասարակության բոլոր խավերի համախմբմանը բանակին համաժողովրդական աջակցություն ցուցաբերելու գաղափարի շուրջ:

Մարտական գործողությունների ժամանակահատվածում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն էր: Անձնակազմը հմտորեն ու խիզախաբար կատարել է առաջադրված խնդիրները: Իրադրության ճիշտ գնահատման արդյունքում հրամանատարական օղակը ժամանակին ընդունել է ճիշտ, իրատեսական որոշումներ, որոնք հնարավորություն են տվել կատարել հակառակորդին հնարավորինս մեծ վնաս հասցնելու խնդիրը՝ խուսափելով անհարկի կորուստներից:
Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ապրիլի 5-ին հակամարտության գոտում կրակը դադարեցնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սակայն ոսոխը շարունակել է օկուպացված պահել հարավարևելյան ռազմաճակատում զավթած Վարազաթումբ ռազմավարական նշանակության և Թալիշի մոտակա, գերիշխող բարձունքները, ինչպես նաև չդադարող գնդակոծության տակ պահել ՊԲ պաշտպանական բնագծերը: 2016 թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 17-ը ՊԲ-ն ունեցել է տասնյոթ զինծառայողի կորուստ, որոնցից երեքը զոհվել են հակառակորդի հրետանու կրակի արդյունքում, երեքը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, մեկը՝ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոնների խախտման, տասներեքը՝ հակառակորդի կողմից խոցվելու հետևանքով:

Ակտիվ մարտական գործողություններից հետո պաշտպանության բանակը համալրվել է զորահավաքային ռեսուրսով, ըստ պատերազմական ժամանակի հաստիքների համալրված ստորաբաժանումներն իրականացրել են և՛ մարտական հերթապահություն, և՛ հուսալի դիրքային պաշտպանություն: Ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, հակառակորդը հաճախակի խախտելով կրակի դադարեցման ռեժիմը՝ ձգտել է շեղել ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ուշադրությունը հատկապես նորանվաճ դիրքերի ինժեներական կահավորման լայնածավալ աշխատանքներից:
2016 թ. ապրիլին հակառակորդի ագրեսիայի կասեցման և ԼՂՀ պաշտպանության կազմակերպման, ԶՈՒ-ի ղեկավարման, բնագծերի ինժեներական սարքավորման և շարանակարգված պաշտպանության համար ամրաշինական կառուցապատման և այլ առումներով ճիշտ ու մասնագիտական վերլուծություն, ըստ էության, չի կատարվել: Ձեռնարկված միջոցները նշված ուղղություններում, փաստորեն, բավարար չեն եղել: Նման եզրակացությունների համար հիմք են 2020 թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանաթուրքական ագրեսիային մեր պետության անպատրաստ լինելու հետևանքով աններելի ու աղետաբեր ձախողումների պատճառների վերլուծության նախնական արդյունքները:
2016 թ. ապրիլյան ագրեսիան բացահայտել է հակառակորդի ստրատեգիական պլանի էությունը (մտահղացումը՝ հարձակման գլխավոր՝ հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով առաջխաղացման միջոցով ստեղծել ՊԲ-ի շրջապատման, ՀՀ-ի հետ հաղորդակցության երեք հիմնական մայրուղիների փակման սպառնալիք, Ստեփանակերտի մատույցները հասնելու եղանակով ստիպել գնալ անձնատվության և թելադրել իր պայմանները), մարտավարության և կիրառելի ռազմական տեխնիկայի ու սպառազինության տեսականին, ղեկավարման, տնտեսական, հաղորդակցական ենթակառուցվածքների, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի թիրախավորման նպատակադրվածությունը, տեղեկատվական պատերազմի բոլոր տարրերի կիրառման հնարավորությունը և այլն: Ինչպես նշված, այնպես էլ նախապատերազմյան շրջանում իրար հաջորդող թուրքադրբեջանական համատեղ զորավարժություններում կատարելագործվող հարձակողական օպերացիաների տարրերը, որոնք հակառակ ՊՆ հավաստիացումներին, թե ուշադրության կենտրոնում են, պետք է հակազդեցության ու չեզոքացման անվերապահ հնարավորություններ և միջոցներ ձեռք բերելու մղում հաղորդեին ռազմաքաղաքական ղեկավարությանը ու համապատասխան ոլորտների պատասխանատուներին, բայց, ավաղ, 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները հակառակի կամ անհամարժեքի մասին են վկայում:
Ինչպես 2016 թ. գարնանային, այնպես էլ 2020 թ. աշնանային ռազմարշավները անհապաղ պետք է ռազմագիտական վերլուծության ենթարկվեն, որպեսզի հետևություններն ու հետազոտությունների արդյունքները օգտագործվեն մեր ԶՈՒ-ի արդիականացման ու զարգացման համար:
Լուսանկարները՝ համացանցի բաց աղբյուրներից