ՄԱՐԱՂԱ. ԱՐՑԱԽԻ ՄՇՏԱՄՈՐՄՈՔ ՎԵՐՔԸ

Այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կազմակերպվել է Մարաղայի ջարդերի վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն և քննարկում: Հումանիտար ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանն ուսանողներին ներկայացրեց 1992 թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի ԶՈՒ Մարտակերտի շրջանի Մարաղա բանակավայրի խաղաղ հայ բնակչության ցեղասպանության հանգամանքները: Մարդկության դեմ ուղղված այդ հանցագորությունն ուղեկցվել են առանձնապես դաժան և սադիստական եղանակներով կատարվող սպանություններով, պատանդառությամբ ու բռնարարքներով, բնակելի տների ու հանրային գույքի կողոպուտով ու հրկիզումներով: Բանախոսը նաև նշեց, որ ԼՂՀ ԳԽ նախագահությունը 1992 թ. ապրիլի 14-ին տարածեց հայտարարություն, որը եզրափակվում էր հետևյալ բազմիմաստ նախադասությամբ. «Մարաղա գյուղի խաղաղ բնակչության բարբարոսական ոչնչացումը, ինչը թելադրված չէր ռազմական անհրաժեշտությամբ, չպետք է անպատիժ մնա և հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության վրա»: Այդ պատիժը ռազմական հանցագործներն ստացան Արցախի ինքնապաշտպանության ուժերի ազատագրական մարտերի և հակառակորդի վտանգավոր ռազմական հենադաշտերի ու խաղաղ բնակավայրերը թիրախավորող կրակակետերի վնասազերծման ընթացքում:

Զինադադարից հետո ադրբեջանական կողմը, օգտվելով միջազգային հանրության երկակի ստանդներից ու Ադրբեջանի Հանրապետության ռազմական հանցագործությունների վրա աչք փակելու պրակտիկայից, մինչև ատամները սպառազինվեց և Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիվ, ահաբեկչական պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու և հայ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նպատակներով: Այդ մասին են վկայում ահաբեկչական ու զավթողական պատերազմի 44-օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ ռազմական հանցագործությունները, սադիզմը, վանդալիզմը, մի խոսքով, այն նույն մեթոդները, որ գործադրվել են ինչպես 1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում, այնպես էլ Արևելյան Անրկովկասի մյուս հայաբնակ շրջաններում,- եզրափակեց Մ. Հարությունյանը:

Քննարկման ժամանակ ուսանողներն իրենց դժգոհությունն արտահատեցին Ադրբեջանի ղեկավարության անմարդկային, սադիստական գործողությունների վերաբերյալ, որոնք չեն դադարել զինադադարի մասին ընդունված եռակողմ հայտարարությունից առ այսօր:

Leave a Reply