
Շուշիում ադրբեջանական կրակակետերի ու ռազմական հենակետի ծավալման սպառնալիքի և ագրեսիայի այդ օջախի վնասազերծման անհրաժեշտության մասին հրապարակայնորեն արտահայտվել ենք տակավին այն ժամանակ, երբ դեռ նոր-նոր էին Արցախում և ԱդրԽՍՀ հայկական բնակավայրերում ծավալվել Բաքվի սանձազերծած մարտական գործողությունները[1]: Տեսական ու գաղափարական հիմնավորումները հետագայում դարձան կենսական անհրաժեշտություն, որովհետև Շուշիից հրթիռահրետանային ու զորային մշտական հարձակումների էին ենթարկվում մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջակա մյուս հայկական բնակավայրերի խաղաղ թաղամասերը: Միայն 1992 թ. սկզբից մայրաքաղաքը ենթարկվել է հրետակոծության 170, իսկ Շուշիից անմիջական հարձակման` 11 անգամ: ԼՂՀ մայրաքաղաքի վրա արձակվել է տարբեր տրամաչափի 4253 արկ ու հրթիռ, այդ թվում` ՄՄ-21 «Գրադ» կայանքի 2437 ռեակտիվ արկ (հիմնականում` բեկորաֆուգասային), «Ալազան» և «Կրիստալ» կայանքների փոխված մարտագլխիկներով 527 հրթիռ, 100 մմ 593 արկ և այլն: Ավերվել է 188 և վնասվել 223 բնակելի շենք կամ մոտ 2000 բնակարան: Հիմնահատակ ավերվել են 54 և վնասվել 147 սոցիալ-մշակութային, կենցաղային և վարչական օբյեկտներ: Զոհվել են Ստեփանակերտի 90 քաղաքացիներ, մեծ մասամբ` կանայք ու երեխաներ, իսկ 268-ն ստացել են բեկորային և այլ վնասվածքներ: Մայրաքաղաքի մոտ 10 հազար բնակիչ մնացել է անօթևան[2]: ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի մայիսի 1-ին տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված էր. «Միայն անցած շաբաթվա ընթացքում ԼՂՀ մայրաքաղաքի վրա հակամարտության գոտում Ադրբեջանի գլխավոր ռազմական հենակետ Շուշիից արձակվել է շուրջ 1000 արկ, այդ թվում` 800-ը` ռեակտիվ: Զոհվել է 20 խաղաղ բնակիչ, փլատակների են վերածվել հարյուրավոր բնակելի տներ, ավերվել կամ հրդեհվել են կենսապահովման բոլոր ձեռնարկությունները: Հազարավոր կանայք ու երեխաներ մնացել են առանց տանիքի ու ապրուստի միջոցի: Հատկապես տագնապահարույց է այն հանգամանքը, որ շարունակ զենք ու զինամթերք է բերվում Շուշի (ի դեպ` որտեղից դուրս է բերվել ողջ բնակչությունը): Նկատվում են զինված կազմավորումների, զրահատեխնիկայի նորանոր կուտակումներ»[3]: Արցախի ինքնապաշտպանության ուժերի հատուկ ծառայություններն ամենօրյա աշխատակարգով արձանագրում էին Ստեփանակերտի վրա գրոհելու նպատակով Շուշիում և Արցախում գտնվող մյուս ադրբեջանական հենակետեր առբերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի թվաքանակի ահագնացող աճումը*: Դա ադրբեջանական հրամանատարությանը թվում էր հեռանկարային, քանի որ նրա հաշվարկներով շուրջ քառամյա պաշարման ու մշտական հրթիռահրետակոծությունների հետևանքով մայրաքաղաքի դիմադրողականությունը պետք է իսպառ հյուծված լիներ:

Շուշիի ազատագրման պատմական պահը, անհրաժեշտությունը, նախապատրաստման ու պլանավորման, չորս հիմնական ուղղություններով ծավալված մարտական գործողությունները և առանձին զորատեսակների ներգրավման հանգամանքները հնարավորինս մանրամասնորեն ներկայացված են զանազան ուսումնասիրություններում[4], ուստի նպատակահարմար է այստեղ քննարկել զուտ այդ օպերացիայի արդյունքները և փորձել վերաիմաստավորել դրա պատմական նշանակությունը: Ընդսմին նոր ուսումնասիրությունների շնորհիվ հայտնաբերվել են նոր տվյալներ, կատարվել են ճշգրտումներ, որոնց արդյունքները տեղ են գտել սույն հոդվածում:

Շուշիի ազատագրման արդյունքների մասին մեզ հայտնի ամենավաղ ռազմագիտական գնահատականը այդ նշանակալի իրադարձության տարելիցի առթիվ Ինքնապաշտպանության կոմիտեի անունից հրապարակվել է ԻՊԿ պաշտոնաթերթում, որտեղ շեշտվել են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի մեծածավալ նախապատրաստական աշխատանքը և հմուտ ղեկավարումը, բոլոր աստիճանների հրամանատարների լավ կազմակերպված համագործակցությունը, ազատամարտիկների անձնվիրությունը և վճռական գործողությունները, ինչի շնորհիվ հաջողվել է երկու օրում կոտրել կենդանի ուժի և միջոցների, ինչպես նաև աշխարհագրական դիրքի էական առավելություն ունեցող հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմական տեսանկյունից հույժ կարևոր Շուշի բերդաքաղաքը[5]:

Շուշիի ազատագրման ամենատեսանելի արդյունքն ստեղծված ռազմաքաղաքական նպաստավոր պայմանների օգտագործմամբ քառամյա շրջափակման ճեղքումն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բացումն էին, ինչի շնորհիվ Արցախը փրկարար կապ հաստատեց Մայր Հայրենիքի հետ:


Ռազմավարության տեսանկյունից բարդագույն խնդիրը հնարավոր եղավ լուծել, այնուհետև Շուշիի հաղթանակն ամրապնդել նաև Ասկերանի, Մարտակերտի, Հադրութի շրջանների պաշտպանական բնագծերի առանձին հատվածներում հակառակորդի հարձակումները պատեհաժամորեն հետ մղելու շնորհիվ:
Շուշիի ազատագրման և Ստեփանակերտին հարակից ադրբեջանական հենակետերի վնասազերծման օպերացիային մասնակցած ազատամարտիկների թիվը, կողմերի կորուստները տարբեր կերպ են գնահատվում, և դրանց ճշգրտման աշխատանքը դեռ շարունակվում է[6]:

Օպերացիայում կողմերի ներգրաված ընդհանուր ուժերի և միջոցների հարաբերակցության, մարդկային, տեխնիկայի ու սպառազինության կորուստների մասին ճշգրտված տվյալներ կան ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության (նաև մեր մասնակցությամբ) կազմած ու հրապարակած աշխատության մեջ[7]:


Շուշիի ազատագրման փայլուն օպերացիայի շնորհիվ վերացվեցին Ստեփանակերտի շրջակա թշնամական կրակակետերը և ռազմական հենակետերը: Հակառակորդին պատճառվեցին կենդանի ուժի ու տեխնիկայի նշանակալի կորուստներ, նրանից առգրավվեցին մոտ 10 միավոր զրահատեխնիկա, տարաբնույթ փոխադրամիջոցներ, հարյուրավոր հրթիռներ ու արկեր, մի քանի միավոր հրետանի և այլ զենք ու զինամթերք: Գերվեց 13 ադրբեջանցի[8], որոնք հետագայում փոխանակվեցին հայ ռազմագերիների կամ պատանդառված խաղաղ բնակիչների հետ:


Շուշիի ազատագրման պատմական նշանակության մասին խոսելիս պետք է այն դիտարկել ոչ միայն արցախյան, նույնիսկ ոչ միայն հայաստանյան, այլև համահայկական տիրույթում: Այդ փայլուն հաղթանակը հայ ժողովրդին վերադարձրեց իր հոգևոր-մշակութային փառավոր անցյալի հիշատակները պահպանած պատմական բերդաքաղաքը, որտեղ վերջնական ոչնչացումից փրկվեցին մահաբեր հրթիռների ու արկերի պահեստների վերածված Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները, կարևոր արձանագրություններով հայտնի` 18-19-րդ դարերի տապանաքարերը, հայկական պատմաճարտարապետական այլ հուշարձաններ: Շուշիի ազատագրման շնորհիվ կասեցվեց այլ ժողովուրդների, այդ թվում նաև պարսիկների, պաշտամունքային կառույցները յուրացնելու տասնամյակներ շարունակվող ադրբեջանական քաղաքականությունը և նպաստավոր պայմաններ ստեղծվեցին դրանք վերանորոգելու, ապա այցելուների համար մատչելի դարձնելու համար, ինչի վկայությունն է 2019 թվականին պարսկական մզկիթի վերաբացումը[9]:


Շուշիի ազատագրման նշանակության քաղաքական բաղադրիչն շեշտված է նախորդած և հաջորդած զարգացումներով: Արտաքին քաղաքական ասպարեզում որոշ ժամանակով լիցքաթափվեցին տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող պետությունների միջև առկա հակասությունները, անհրաժեշտություն առաջացավ վերագործարկելու կողմերի ուժերի հարաբերակցության ու քաղաքական ուղեգծերի վրա ազդեցության լծակները և այլն: Գաղտնիք չէ, որ այս հաղթանակը էապես փոխել է տարածաշրջանի ռազմաքաղաքական հաշվեկշիռը՝ հօգուտ հայկական կողմի: Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի միասնությունն ակներև է դարձրել հայ ժողովրդի ռազմական ներուժը, ինչպես նաև հակառակորդի ագրեսիվությունը զսպելու և պաշտպանական-անվտանգային ռազմավարական օրախնդիր իրավիճակ ձևավորելու կարողությունը: Ընդսմին այդ եռամիասնությունը այսօր էլ շարունակում է մնալ որպես պատերազմը վերսկսելու և ռևանշի հասնելու Ադրբեջանի վերնախավի չհիմնավորված ձգտումների ռազմաքաղաքական զսպման ազդու միջոց:

Շուշիի և Ջանհասան-Քյոսալարի ենթաշրջանի գյուղերի ազատագրման օպերացիայի իրագործումը նշանավորել է հայ ժողովրդին հատուկ ռազմական մտքի փայլուն հաղթանակը, որը լրջագույն մարտական մկրտություն էր ընդհանրապես Արցախի ինքնապաշտպանության ուժերի և մասնավորապես նրա առանձին զորատեսակների ու միավորների համար: Առաջադրված խնդրի համեմատությամբ նվազագույն ուժերի ու միջոցների ներգրավմամբ, ինչպես նաև առադրելի ու համաչափ կորուստներով հայկական ուժերի նվաճած փայլուն հաղթանակը ցույց է տվել օպերացիաներ մշակելու, նախապատրաստելու և իրականացնելու գործում ԻՊՈՒ-ի հրամանատարության ունեցած անվիճելի առավելությունն ադրբեջանական հրամանատարության նկատմամբ, ինչպես նաև հայ ազատամարտիկի բարոյահոգեբանական անհերքելի գերազանցությունը հակառակորդի զինվորի նկատմամբ: Շուշիի ազատագրումը ցուցադրել է հայ ռազմիկին յուրահատուկ որակական բարոյամարտական հատկանիշները, անհնարինը հնարավոր դարձնելու նրա հրաշագործ ունակությունը:

Շուշիի հաղթանակը դարձել է ազգային իղձերի իրականացման, ինքնագիտակցության ու մարտական ոգու բարձրացման, ազգային ինքնության հաստատման խորհրդանիշ:
Ներքաղաքական ասպարեզում ակներև է դարձել մեկ գաղափարի (տվյալ պարագայում Շուշիի ազատագրման) շուրջ համայն հայության համախմբման հնարավորությունը, որի մասնակի իրականացումը, թերևս, հաղթանակի գրավականներից մեկն էր: Այդ գաղափարի կենսագործումը կարելի է համարել մեկնակետ Արցախի Հանրապետության անկախության ամրապնդման և պետականության կերտման համար: Անկասկած, Շուշիի ազատագրումից հետո ավելի ամբողջական ու լիարժեք դարձավ Արցախի Հանրապետության անկախությունը:

Ռազմական անվտանգության, հակառակորդի վտանգավոր կրակակետերի ու ռազմահենադաշտերի վնասազերծման անհրաժեշտությունից բխող իրադարձությունների պատճառահետևանքային կապի համատեքստում մեծ է Շուշիի ազատագրման նշանակությունը ոչ միայն Արցախի հայ ազգաբնակչության ֆիզիկական գոյության ապահովման, այլև երկու հայկական հանրապետություններին պարտադրված պատերազմում ռազմական նախաձեռնությանը տիրելու գործում:

Շուշիի ու մայրաքաղաքին հարակից ադրբեջանական կրակակետերի ճնշումից և վտանգավոր հենակետերի վնասազերծումից հետո պատերազմի բնույթը փոխվել է: Եթե մինչ այդ Արցախի Հանրապետության ներսում մղվել է հայրենական պատերազմ, որը նպատակաուղղված էր ներքին թշնամուց ձերբազատմանը, ապա Շուշիից հետո պատերազմն ընդունեց ԽՍՀՄ փլուզման հետևանքով միութենական նախկին հանրապետություններից մեկի` ԱդրԽՍՀ վարչական տարածքում օրինաչափորեն ձևավորված երկու պետությունների` Ադրբեջանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև ռազմական հակամարտության բնույթ, և մարտական գործողությունները տեղափոխվեցին սահմանային բնագծեր[10]:

Փայլուն ռազմական հաջողությունը հնարավորություն ընձեռեց կանխելու մարդասիրական աղետը: Շուշիում հակառակորդի ծավալած կրակակետերից ու ռազմահենադաշտից Արցախի մայրաքաղաքի և շրջակա խաղաղ հայկական բնակավայրերի մշտական հրթիռահրետակոծումները այդպիսի աղետի էին հասցրել տասնյակ հազարավոր մարդկանց, հիմնականում` ծերերի, կանանց ու երեխաների…

Արցախի Հանրապետության գրեթե քառամյա շրջափակումը և Ստեփանակերտի պաշարումը տասնյակ հազարավոր բնակիչների դատապարտել էին սովի, համաճարակների, հարկադրված նկուղային կյանքի: Տնտեսությունը և ընդհանրապես կյանքը կաթվածահար էին եղել ջրի, էլեկտրականության և գազի մատակարարման չարանենգ խափանման պատճառով: Դրանք հետևանք էին Ստեփանակերտի ոչնչացման անսքող նպատակով ձեռնարկված կանոնավոր հրթիռա-հրետանային կետային հարվածների ու հետևազորային հարձակումների: Որպես անհերքելի վկայություններ կարող եք հիշատակվել Ստեփանակերտի դաժան հրթիռահրետակոծությունների գերխիտ ժամանակագրությունը և Շուշիի ազատագրումից հետո տեղի եկեղեցիներում և շենքերի նկուղներում հայտնաբերված հազարավոր հրթիռներն ու արկերը:
Այս առումով ինչպես Արցախի հայ ազգաբնակչության, այնպես էլ համայն հայության համար Շուշիի ազատագրման օպերացիայի արդյունքների կենսական նշանակությունն անհնար է գերագնահատել: Վերացավ Արցախի բնակչության գլխին դամոկլյան սրի պես կախված բնաջնջման իրական սպառնալիքը և ստեղծվեցին բարենպաստ պայմաններ գոյատևման ու կենսապահովման միջոցների հայթայթման համար: Շուշիում հակառակորդի կենտրոնացած մեծ ուժերի ու միջոցների հետագա ծավալումը անմիջական սպառնալիք կստեղծեր Հայաստանի Հանրապետությանը, որը համայն հայության պետականություն ունենալու դարավոր երազանքի մարմնացումն է:
Շուշիի հաղթանակի հաղորդած համընդհանուր լիցքը, այդ կարևոր իրադարձության բարենպաստ հետևանքներից զրկվելու տագնապն օգնեցին արցախահայությանը դիմանալու, տոկալու 1992 թ. հունիսի 12-ին հակառակորդի` նախաձեռնած լայնածավալ ագրեսիային, Շահումյանի ու Մարտակերտի անկմանը, մայրաքաղաքի ու մյուս խաղաղ բնակավայրերի վերսկսված անմարդկային ռմբահարումներով ու հրթիռահրետակոծություններով պատճառվող աներևակայելի տառապանքներին ու զրկանքներին:
Շուշիի օպերացիայում ձեռք բերված հաղթանակը համաշխարհային հասարակայնությանը ցույց տվեց ինքնորոշման իրավունքի իրացման համար ծավալված պայքարի ամբողջ լրջությունը: Շուշիի ազատագրումը նաև նշանավորեց իրարից անջատ գործող ինքնապաշտպանական ջոկատներից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի` նոր հաստիքակազմակերպական կառուցվածքի անցման և արագ զարգացման փուլի սկիզբը[11]:
Իր իսկական տերերին վերադարձված քաղաքը վերջին 28 տարիների ընթացքում վերակառուցվել և նոր տեսք է ստացել: Հիմնովին նորոգվել կամ կառուցվել են բազմաթիվ շենքեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, վերաբացվել են միջնակարգ ու բարձրագույն ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, մշակութային ու մարզական օջախներ, զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հաղորդակցության ուղիներ, կենցաղային ու սոցիալական ապահովության օբյեկտներ: Շուշին օրեցօր շենանում էր, մշտական բնակչության և զբոսաշրջիկների քանակական աճը դինամիկ էր:
Տարեցտարի Շուշիի ազատագրումն ավելի ու ավելի է իմաստավորվում` տարիների հեռավորությունից պատկերանալով նոր կողմերով ու նշանակությամբ: Շուշիի ազատագրման օրը դարձել է եռակի տոն` միավորվելով Արցախի Պաշտպանության բանակի օրվա և գերմանական ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի հետ: Պատահական չէ, որ Երկրապահ կամավորականներն իրենց նոյեմբերյան համագումարում մայիսի 8-ը հռչակել են որպես Երկրապահի օր, քանի որ 1992 թ. մայիսի 8-ի երեկոյան Շուշիի ազատագրումն արդեն իրական էր, և այդ գործում ոչ քիչ ջանք ու ներդրում ունեցան կամավորական-ազատամարտիկները[12]:
Երախտապարտ քաղաքացիներն ամեն տարի մեծարում են իրենց քաջորդիներին, գնահատում նրանց սխրանքը, գլուխ խոնարհում բոլոր նահատակների անմար հիշատակի առջև և գարնանային թարմ ծաղիկներ դնում Շուշիի տանկ-հուշարձանի, Շուշիի ազատարարներին նվիրված խաչքարերի պատվանդաններին:

ԼՂՀ ԳԽ Նախագահությունը 1993 թ. մայիսի 7-ի որոշմամբ ընդունել է «Շուշիի ազատագրման համար» մեդալ հիմնելու որոշման նախագիծը[13]: «Շուշիի ազատագրման համար» մեդալի ուրվանկարի հեղինակը գծանկարիչ Ռաֆայել Ազիզյանն է[14]:

Ըստ ԱՀ Նախագահի աշխատակազմի քարտուղարության պարգևների և կոչումների բաժնի տրամադրած տվյալների` «Շուշիի ազատագրման համար» մեդալով մինչև 2020 թ. ապրիլի 30-ը ներառյալ պարգևատրվել է 1679 մարդ, իսկ 1994 թ.` ևս 67 մարդ ԼՂՀ ԳԽ նախագահության երեք հրամանագրերով[15]:
Ներկա ու գալիք սերունդներն այլևս երբեք չպետք է կորցնեին իր հայաշունչ ոգին ու կերպարանքը վերստացած Շուշին և պարտավոր էին այն պահել անառիկ, քանի որ առանց հայոց Շուշիի կխաթարվի Արցախի պատմաքաղաքական ու վարչա-իրավական զարգացման, հոգևոր, մշակութային, ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և կյանքի մյուս ոլորտների բնականոն ընթացքը:
[1] Տես Մ. Ա. Հարությունյան, Ո՞րն է Արցախի անկախությունը նվաճելու ուղին: «Ավետյաց Երկիր» «Հայ երիտասարդության ճակատ»-ի պաշտոնաթերթ, 1990 թ. դեկտեմբերի 15, հմ. 6:
[2] Տես ԼՂՀ ԱԳՆ մամուլի կենտրոնի արխիվ, գ. 29, թ. 52:
[3] Տես «Երկիր» ՀՅԴ Հայաստանի կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ, 1992 թ., հմ. 82:
* Ըստ հետախուզական տվյալների` 1992 թ. ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում կենտրոնացված էր 11 միավոր տանկ, 9 ՀՄՄ, 10 ԶՓԴ, 2 ԶՀԴՄ, 100 մմ-ոց 3 թնդանոթ, 2 ՄՄ-21 «Գրադ» համազարկային կայանք, «ՈԻԱԶ»-ներում տեղակայված 3 ԿՊՎԴ գնդացիր, մոտ 1500 գրոհային (ԼՂՀ ՊԲ արխիվ, ռադիոկայանի ապարատային մատյան, հաղորդում ժամը 16.00 առ 27.04.92 թ.), իսկ մայիսի 6-ին Լաչինից Շուշի են տեղափոխվել 15-20 միավոր մեքենա, 4 ՀՄՄ, 4 ԶՓԴ (ն. տ., հաղորդում ժամը 11.35 առ 06.05.92 թ.): Ըստ երևույթին, այս տեխնիկայի ու սպառազինության մի մասը տեղաբաշխվել է Ջանհասան-Քյոսալար, Քիրս և Նաբիլար ուղղություններում: Ադրբեջանական աղբյուրներն ընդունում են, որ Շուշիում մայիսի 7-ի դրությամբ կային 3 Տ-72 և 1 Տ-55 տանկեր, 9 ՀՄՄ (ՀՄՄ-1՝ 5 միավոր, ՀՄՄ-2` 4 միավոր), 2 ԶՓԴ, 2 ԶՀԴՄ: 1 միավոր ՀՄՄ-2-ից բացի ամբողջ զրահատեխնիկան սարքին վիճակում էր (տես Бабаев Р., «При обороне Шуши мы использовали все боеприпасы…», «Зеркало», 4.09.2002 г., հմմտ.՝ М. А. Арутюнян, О некоторых вопросах историографии освобождения города Шуши и становления Армии Обороны. «Салют, Победа!», Сборник научных трудов IV Всероссийской научно-практической военно-исторической конференции с международным участием. Т., 2014, с. 268); И. Самедов. Шуша: ожидание с надеждами…. «Наш Век», 03.05.2002 (http://www.nashvek.media.com/18/bol.html)):
[4] Տես, օրինակ, Ա. Մ. Դավթյան, Ս. Ա. Ավանեսյան, Շուշիի ազատագրումը և դրա պատմական նշանակությունը: «ՀԲ», 2012, հմ. 12 (էլեկտրոնային տարբերակը` https:// razmavaraget.files.wordpress.com/2012/06/hb-n1-2_2012.pdf), Մ. Ա. Հարությունյան, Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը: Ե., 2000, էջ 75-123, նույնի՝ Արցախյան պատերազմը և պաշտպանության բանակի մարտական ուղին. 1991-1994 թթ.: «Կաճառ» (ԿԳԿ-ի տարեգիրք): Շուշի, 2015, գիրք 5 (59-70), էջ 6584, նույնի` Ոգու և զենքի փառավոր հաղթանակը: «ՀԲ», 2002, հմ. 12:
[5] Տես «Շուշիի ազատագրման ռազմաքաղաքական արդյունքները»: «Մարտիկ», 1993 թ., հմ. 7:
[6] Տես, օրինակ, Մ. Ա. Հարությունյան, Արցախյան պատերազմի կարևոր օպերացիաների պատմագրական լուսաբանման որոշ վիճահարույց հարցերի մասին: «ՀԲ», 2019, հմ. 4 (էլեկտրոնային տարբերակը` https://razmavaraget.files.wordpress.com/2019/12/hb-4-2019.pdf):
[7] Տես «Շուշիի ազատագրման օպերացիան ռազմական արվեստի տեսանկյունից» (առանց հրատ. տվյալների), էջ 12, 23-24:
[8] Տես ԼՂՀ ՊԲ արխիվ, ռադիոկայանի ապարատային մատյան, հաղորդում ժամը 21.40 առ 10.05.1992 թ.:
[9] Տես «В городе Шуши состоялось торжественное открытие реконструированной Верхней мечети». «NEWS.am», 14.10.2019 (https://news.am/rus/news/538808.html):
[10] Տես Հ. Ս. Քոթանջյան, Ղարաբաղյան հակամարտության լուծման առանձնահատկությունները (քաղաքագիտական փորձաքննություն): «Ղարաբաղ. հակամարտություն-համաձայնություն» (պատմաքաղաքագիտական ժողովածու): Հրատարակիչ` ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես: Ե., 1997, էջ 5-11:
[11] Տես «Մարտիկ», 1993 թ., հմ. 7:
[12] Տես «Հայաստանի Հանրապետություն», 1998 թ., հմ. 90:
[13] Տես ԼՂՀ ԱԺ ընթացիկ արխիվ, ԼՂՀ ԳԽ նախագահության 1993 թ. մայիսի 7-ի նիստի հմ. 97 արձանագրություն:
[14] Տես նույն տեղում, ԼՂՀ ԳԽ նախագահության 1994 թ. հուլիսի 19-ի նիստի հմ. 156 արձանագրություն (մեդալի էսքիզի հեղինակին պարգևատրելու մասին):
[15] Տես Մ. Ա. Հարությունյան, Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը, էջ 145-146: Մոտ 1000 մարդու այդ մեդալով պարգևատրելու ԼՂՀ ԳԽ նախագահության հետագա հրամանագրերը, վերհանված անճշտությունների պատճառով, կասեցվել են:
Մ. Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, պահեստազորի մայոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար