ԱՐՑԱԽԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՐՎԱԳԻԾ (1874-2021 ԹԹ.)

«Կաճառ» գիտական կենտրոնում հավաքվում էին Արցախում հրատարակված պարբերականների հավաքածուներ, որոնց հիման վրա մտադրություն կար ստեղծել Արցախի պարբերական մամուլի արխիվ և կազմել մատենագիտությունը: Այդ աշխատանքների շրջանակներում 2009 թ. մենք առաջարկեցինք Արցախի ժուռնալիստների միությանը (ԱԺՄ) Արցախում լույս տեսած առաջին հայկական պարբերականի` «Հայկական աշխարհի» հրատարակման 135-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել, որն ընդունվեց սիրահոժար կերպով: Կազմակերպվեց «Կլոր սեղան», որտեղ ներկայացվեց Արցախում պարբերական մամուլի սկզբնավորման պատմությունը, անցած 135-ամյա ուղին և որոշվեց հենց այդ միջոցառման օրը` մայիսի 23-ը, հռչակել Լրագրողի օր: ԼՂՀ կառավարությունը նույնպես հավանություն տվեց այդ որոշմանը, ինչի շնորհիվ մայիսի 23-ը որպես Լրագրողի օր մտավ ԼՂՀ պետական տոնացույց: Բացի այդ` ԱԺՄ-ն որոշեց նաև կյանքի կոչել Արցախի պարբերական մամուլի ամբողջական մատենագիտության ստեղծման գաղափարը: Դրա արտահայտությունը դարձավ մեր հեղինակությամբ «Արցախի պարբերական մամուլի պատմությունից: Արցախի պարբերական մամուլի մատենագիտություն (1874-2009)» գրքի հրատարակումը:

Մեր ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ Արցախի պարբերական մամուլի պատմությունը կարելի է բաժանել 4 փուլի. առաջին` սկզբնավորման ու կայացման շրջան (1874-1920-ի մարտ), երկրորդ` խորհրդային բռնատիրության շրջան (1923-ի ապրիլ-1988-ի մարտ), երրորդ` անցումային շրջան (1988-ի ապրիլ-1991-ի սեպտեմբեր), չորրորդ` անկախության շրջան (1991-ի սեպտեմբերից մինչ մեր օրերը):

1874 թ. գարնանը Շուշիում լույս տեսավ «Հայկական աշխարհ» ամսագիրը, որը, փաստորեն, Արցախի պարբերական մամուլի առաջնեկն է: Այդ կարևոր նախաձեռնության հեղինակը ժամանակի ճանաչված հասարակական գործիչ,  խմբագիր-հրատարակիչ Խորեն Ստեփանեն էր:

Պարբերական մամուլի պատմության ուսումնասիրողների մի մասը (Մ. Մխիթարյան, Գ. Լևոնյան, Ա. Կիրակոսյան և ուրիշներ) «Հայկական աշխարհը» համարում են «Կռունկ Հայոց աշխարհի» պարբերականի շարունակությունը, այնինչ «Հայկական աշխարհը» լույս է տեսել նոր՝ 1-ին և 2-րդ համարակալումներով: Ի դեպ, նախապես ժամանակի լրատվամիջոցներում ծանուցվել է, որ հրատարակվելու է նոր պարբերական՝ ի դեմ «Հայկական աշխարհի»: Այսպես օրինակ «Մշակը» 1874 թ. մարտի 14-ի համարում այդ առթիվ գրել է. «Կառավարությունից թույլատրված նոր ծրագրով այս 1874 թվի ապրիլ ամսից պետք է հրատարակվի նոր օրագիր՝ «Հայկական աշխարհ»…

Անվանի պատմաբան ու հայագետ Լեոն, թեև գրել է, որ   Ստեփանեն Շուշիում շարունակեց իր ամսագրի հրատարակությունը, բայց միաժամանակ ընդգծել է. «… այս առաջին անգամն էր, որ Շուշում լոյս էր տեսնում պարբերական հրատարակութիւն» (Լէօ, Պատմութիւն Ղարաբաղի Թեմական հոգևոր դպրոցի (1838-1913), Թիֆլիզ, 1914, էջ 374):

Հանդեսի նպատակն էր տպագիր խոսքի միջոցով նպաստել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին, մարդկանց մեջ սեր արթնացնել դեպի ուսումն ու գիտությունը:

(1.) «Հայկական աշխարհը» անջնջելի հետք է թողել մեր պարբերական մամուլի պատմության մեջ: Օգտավետ նախաձեռնությունների հետևորդներ դարձան արցախյան մյուս պարբերականները՝ (2.) «Քնար խոսնակը» (1881թ.), (3.)  «Գործը» (1882-1884 թթ.), (4.)  «Կոկոնը» (1895-1896 թթ.), (5.) «Ազգագրական հանդեսը» (1896 թ.,)  և մյուսները, որոնց թիվը, մինչև Շուշիի բարբարոսական հրկիզումը, մեր տվյալներով հասնում էր շուրջ երեք տասնյակի: Դրանցից կարելի է նշել (6.) «Աշակերտական թերթ» (1896-1897 թթ.), (7.) «Կռունկ» (1898-1900 թթ.), (8.)  «Ղարաբաղ» (1911-1912 թթ.), (9.) «Միրաժ» (1913-1917 թթ.), (10.)  «Աշակերտ» (1913 թ.), (11.) «Միություն» (1913 թ.), (12.) «Պայքար» (1914-1917 թթ.), (13.) «Փայլակ» (1915-1917 թթ.), (14.) «Ծիածան» (1916 թ.), (15.) «Ծիծաղ» (1916 թ.), (16.) «Պայքար» (1916),  (17.) «Նեցուկ» (1917 թ.), (18.) «Եռանդ» (1917 թ.), (19.) «Աշխատանք» (1917 թ.), (20.) «Ասպարեզ» (1917 թ.), (21.) «Ապառաժ» (1917-1919 թթ.), (22.) «Սրինգ» (1917 թ.), (23.) «Աշակերտ» (1917 թ.), (24.) «Ղարաբաղի սուրհանդակ» (1918 թ.), (25.) «Արցախ» (1919 թ.), (26.)  «Նոր կյանք» (1919 թ.), (27.) «Ղարաբաղի լրաբեր»[«Ազատ Ղարաբաղ»] (1920թ.) և այլն: Շուշիում հայ մտավորականների ջանքերով լույս են տեսել նաև ռուսերեն երեք թերթ՝ (28.) «Շուշինիսկի լիստոկ» (1911 թ.), (29.) «Շուշիսկայա ժիզն» (1913-1914 թթ.) և (30.) «Գոլոս նարոդա» (1919 թ.):

XIX դ. վերջին քառորդին և XX դ. առաջին քսանամյակում լույս տեսած պարբերականների առանձնահատկություններից կարելի է նշել մտավորականության առաջադեմ շրջանակներին համախմբելու, ազգային հիմնախնդիրների շուրջ օգտավետ քննարկումների հնարավորություն ընձեռնելու նրանց որդեգրած գիծը, հիմնականում մասնավոր նախաձեռնությունների շնորհիվ պարբերականների հրատարակումը, խիստ գրաքննության պայմաններում տպագիր խոսքը ընթերցողին հասցնելու վճռականությունը, նյութական ու տեխնիկական սուղ հնարավորությունների պատճառով ընդամենը մեկ կամ մի քանի համար տպագրելու կամ տպագրության վայրը հաճախակի փոխելու անխուսափելիությունը, հատկապես աշակերտության շրջանում խմորատիպ թերթերի լույս ընծայման արտասովոր աշխուժությունը, ռուսական կայսրությունում հասարակական-քաղաքական շարժման վերելքին ոչ միայն բուռն արձագանքելը համապատասխան հրապարակումներով, այլ նաև նոր պարբերականների հրատարկումով և այլն:

Խորհրդային իշխանության տարիներին լույս տեսած պարբերականներից կարելի է առաձնացնել «Ղարաբաղի գեղջուկը», որը դարձավ Արցախի մայր թերթը, ստանալով տարբեր անվանումներ՝ «Սովետական Ղարաբաղ», «Խորհրդաին Ղարաբաղ», «Արցախ», «ԼՂ Հանրապետություն», «Ազատ Արցախ»: Ինչպես այս, այնպես էլ խորհրդային շրջանի մյուս պարբերականները, ամբողջատիրական  համակարգի կաղապարված գաղափարախոսական մամլիչի տակ անգամ, կարողացել են արցախահայության մեջ արթուն պահել ազգային ինքնագիտակցությունը և պատմական հիշողությունը:

Մեր հաշվարկներով,   1874-1988 թթ.   ընթացքում Արցախում հրատարակվել են ավելի քան չորս տասնյակ  անուն թերթ և ավելի քան մեկ տասնյակ անուն ամսագիր:  Գրեթե այդքան, եթե ոչ ավելի, պարբերականներ են լույս տեսել Արցախում վերջին երեք տասնամյակների  ընթացքում:

 Իրավացի են հայ պարբերական մամուլի պատմության մերօրյա ուսումնասիրողները, երբ ազատ, ժողովրդավարական մամուլի ծնունդը պայմանավորվում են «վերակառուցման» քաղաքականությամբ: Հետևաբար սխալված չենք լինի, եթե հայ մամուլի պատմության նորագույն շրջանի սկզբնավորումը հիրավի պայմանավորենք 1988 թ. համաժողովրդական զարթոնքով:

                  Արցախյան շարժման հատկապես քաղաքական փուլում, երբ գաղափարաքարոզչական աշխատանքներ էին տարվում, զգալիորեն աճել էր տպագիր խոսքի և պարբերականների պահանջարկը: Ուստի պարբերական մամուլը վերածնվեց նաև Լեռնային Ղարաբաղում և բուռն զարգացում ապրեց անկախ հանրապետության հռչակման շնորհիվ: Անցած 30 տարիների ընթացքում լույս են տեսել ու շարունակվում են լույս տեսնել  բազմաբնույթ՝ հասարակական-քաղաքական, գիտական, գրական-գեղարվեստական, հոգևոր, երգիծական, կրթական, ռազմական և այլ պարբերականներ: Խորհրդային բռնատիրության տարիներին անկասկած մեծ վտանգ էր պարունակում «Խորհրդային Ղարաբաղում» ճշմարտությունը գրելը: Բայց 90-ականների սկզբներին արդեն տպագրվում էին իրականությանը մոտ նյութեր: Այս բացը փորձեցին լրացնել ինքնահրատ պարբերականները, ինչպես օրինակ  «Վերածնունդը», «Ավետյաց Երկիրը», որոնք տարածվում էին գաղտնաբար: Այնուհետև հրապարակ իջան «Ամարասը» (1989), «Արցախ» հանդեսը (1989), «Միացումը» (1989), «Պայքարը» (1989), «Արցախյան շաբաթը» (1990), «ԼՂՀ ԳՀ մամլո ծառայության Լրատուն» (1992), «Մարտիկը» (1993), «Նագորնի Կարաբախ» ռուսերեն (1994) և այլ պարբերականներ: «Արցախ» վերանվանված մայր թերթը դարձավ ԼՂՀ պետականության կերտման և արցախահայության ազատագրական պայքարի պատմության տարեգիրը,  ռազմաճակատում մարտնչող հայ ռազմիկների ու թիկունքում աներեր կանգնած մեր ժողովրդի ոգեշնչողն ու հուսադրողը, հարկ եղած դեպքում նաև՝ պայքարի կոչողը:

                  Արցախում տպագրված և պարբերական մամուլի ձևավորված ավանդույթները շարունակած բազմաբնույթ պարբերականներից հատկանշելի են «Ազատ Արցախ» հանրային թերթը, շրջանային «Խաչեն» (այնուհետև՝ «Բերդ»), «Ամարաս», «Ջրաբերդ», «Մարտակերտ», «Շուշի», «Դիզակ», «Ստեփանակերտ», «Նոր Շահումյան», «Մերան» թերթերը, գերատեսչական «Մարտիկ», «Լուսարար», «Ագրարային թերթ», «Քաղաքացիական ծառայություն», բուհական և գիտական «Արցախի համալսարան» (նախկին՝ «ԼՂՊ համալսարան»), «Մեսրոպ Մաշտոց համալսարան», «Հարություն», ապա՝ «Նարեկ», «Դպրատուն», «ԱրՊՀ գիտական տեղեկագիր», «Լրատու Մեսրոպ Մաշտոց համալսարանի», «Գանձասար», «Կրթությունը և գիտությունը Արցախում», «Կաճառ» (տեղեկագիր և տարեգիրք), «Հայագիտական ուսումնասիրություններ», «Գիտական Արցախ» պարբերականները, կուսակցական և ՀԿ-ների մամուլը՝ «Ապառաժ», «Ակունք», «Արցախի կոմունիստ», «Հայրենիք», «Հայրենյաց պաշտպան», «Հայկի սերունդ», «Գործ. Աշխարհ», «Եղիցի լույս», «Պըլը-Պուղի», «ԱրհՄիություններ», «ԳեղԱրմ», «Հավատ», «Մշակույթ», «Արցախի կանայք», «Հույսի ճանապարհ», մանկական «Արևիկ», «Լուսայգ» («Լուսարարի» հավելված) թերթերը, անկախ մամուլի ծիծեռնակները՝ «Տասերորդ նահանգը», «Դեմոն», «Չտո դելատ» (ռուսերեն ու հայերեն), «Անալիտիկոնը» և այլ պարբերականներ ոչ միայն շարունակել են Արցախում ձևավորված լրագրողական ավանդույթները, այլև նոր գույներով ու բովանդակությամբ են այն հարստացնում:

                  Արցախյան պարբերական մամուլի հերթական տարեդարձը, թերևս, լավագույն առիթն է  պարբերական մամուլի պատմությունը համակողմանի ուսումնասիրելու և որպես առաջին քայլ՝ պարբերական մամուլի արխիվ ստեղծելու համար: Այդ ուղղությամբ «Կաճառ» գիտական կենտրոնի գործնական քայլերն ու նախաձեռնությունները բիրտ կերպով ընդհատվեցին հինավուրց Շուշի քաղաքի առեղծվածային անկումից հետո:

Մհեր Հարությունյան

«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար,

պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Պատասխան թողնել