Նորություններ

ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան): Միջազգային առցանց գիտաժողով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին (Շուշի, 2020 թ. հուլիսի 15-16), զեկուցումների ժողովածու, կազ. և խմբ.՝ Մ. Ա. Հարությունյան, Երևան, «Էդիտ պրինտ» հրատ., 2021, 552 + 32 էջ ներդիր:

2021 թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության հռչակման խորհրդանշական օրը,Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան – Գանձասար գիտամշակութային կենտրոնում գրքի շնորհանդեսի կազմակերպումը հայ և օտարերկրյա գիտնականների ներկայացուցչական կազմի մասնակցությամբ նշանակալի իրադարձություն է պատերազմի վերքերը բուժող մեր պետության համար: Ինչպես հայտնի է՝ 2020 թ. հուլիսի 15-16-ին տեղի էր ունեցել առցանց գիտածողով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գիտաժողովի նյութերի ժողովածուն լույս է տեսել ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի ֆինանսավորմամբ:

Գրքի խմբագիր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ  Մհեր Հարությունյանը ողջունեց հայության համար կարևոր մշակութային օջախում՝ հնամյա Գանձասարի հովանու ներքո կազմակերպված միջոցառման մասնակիցների և նշեց, որ հայ գիտնականների հետազոտությունների գիտական արդյունքը ընթերցողներին, թիրախային լսարանին հասցնելու լուրջ խնդիր կա։ Հենց այդ շրջանակներում էլ նա դիտարկեց շնորհանդեսի անցկացման կարևորությունը: «Այսօր մեր գիտության առաջ ծառացած կարևոր խնդիր է այն, որ կարողանանք տեսական նյութը առարկայական դարձնել, որպեսզի այն կիրառվի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ,- մասնավորապես հատկանշեց Մ. Հարությունյանը:- Կարծում եմ՝ բոլորիս առաքելությունն է ըստ ամենայնի նպաստել մեր պետության, հայկական պետականության կայացմանն ու զարգացմանը: Ժողովածուն պարունակում է թեմային առնչվող և դրա ամենատարբեր տեսանկյունները պարզաբանող ու արդիականություն ունեցող երեք տասնյակ աշխատություն՝ անհրաժեշտ եզրահանգումներով, աղբյուրագիտական ու փաստական հարուստ հիմքով ու գաղափարական լայն ընդգրկումով»:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը շնորհավորեց հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ և հույս հայտնեց, որ Արցախը կշտկի իր մեջքը: Բարձր գնահատելով գիտաժովի ժողովածուի հրատարակումը՝ պատմաբանը կարևորեց մեր պատմության ուսանելի դասերը թղթին հանձնելու ու սերունդներին որպես պատգամ թողնելու առաքելությունը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը համալսարանի պատմության ֆակուլտետի կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց նման փայլուն աշխատանքի հրատարակման համար:

«Գիրքը Շուշիի պատմությունն արտացոլող ամբողջական աշխատանք է, որը հակահարված է բոլոր հակագիտական տեսակետներին,- ասաց պատմաբան Է. Մինասյանը,- այստեղ ամփոփված են մեր ամբողջական հիշողություններն ու պատկերացումները Շուշիի մասին: Այս աշխատանքն ապացուցում է, որ ադրբեջանցիների, թուրքերի երազանքն էր այս մշակութային կենտրոնից հայերին զրկելը: Սակայն վաղաժամ է նրանց հրճվանքը, քանզի Շուշին վաղ թե ուշ դարձյալ կշնչի հայերեն: Կարծում եմ՝ այս հատորը շատ օգտակար կլինի և կդառնա սեղանի գիրք մեր ուսանողության համար»:

Ելույթներ ունեցան նաև ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պ.գ.թ., դոցենտ Մելանյա Բալայանը, Սանկտ Պետերբուրգի «Հայկական ընկերակցություն» ՀԿ նախագահ Վահան Բաբախանյանը, Գանձասարի հոգևոր հովիվ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղում, որը տեղակայված է Գանձասարի վանքի հարակից տարածքում, կազմակերպված գրքի շնորհանդեսին ներկա էին ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Հայաստանի Հանրապետությունից և արտասահմանից ժամանած հյուրեր:

Նանե Հարությունյան

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԱՆԲԱՍԻՐ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Շարունակվում է Արցախի Հանրապետության՝ ժողովրդավարական պետության և նրա բազմաչարչար ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան, որն  ուղեկցվում է հայկական տարածքների բռնազավթմամբ, հայ ազգաբնակչության ցեղասպանությամբ, նրա պատմական հայրենիքում հայկական հոգևոր-մշակութային բազբադարյան ժառանգության ոչնչացմամբ: Մարդու հիմնարար ազատությունների ու տարրական իրավունքների, ժողովուրդների ինքնորոշման, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի անթույլատրելիության հիմնարար սկզբունքների ոտնահարումները 2020 թ. սեպտեմբերի 27-ի  ագրեսիայից առ այսօր Ադրբեջանը չի դադարեցնում՝ խորամանկորեն մանիպուլացնելով տարածաշրջանում  առևտրատնտեսական ու ռազմաքաղաքական շահեր ունեցող երկրների համագործակցության ձգտումները:

Անհավատալի է, որ XXI դարում անպատիժ կերպով շարունակվում են Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն ու ռասիզմը Արցախի Հանրապետության հայ բնակչությանը սպանելու, տեղահանելու, առևանգելու, խոշտանգումներով ու հետապնդումներով ահաբեկելու նպատակներով: Այդ նպատակների իրագործումն ավարտին հասցնելու և իր զավթողական քաղաքականությունն արդարացնելու համար Ադրբեջանը  շարունակում է նենգափոխել հակամարտության իրական կերպարը և միջազգային իրավունքը փորձում է մեկնաբանել իր շահերին հարմարեցնելու եղանակով: Մինչդեռ անառարկելի է այն փաստը, որ Արցախի Հանրապետությունը երբևէ չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի  կազմում:

Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անկախացել է օրինապատշաճ ձևով և այն իրավաքաղաքական հիմքերով, որոնցով Ադրբեջանն է ինքնահռչակվել հանրապետություն:  

Պատմության համար շատ փոքր, բայց նշանակությամբ ու բովանդակությամբ հարուստ գրեթե երեք տասնամյակ է անցել ԼՂՀ-ի հռչակումից, ինչը, հիրավի, դարակազմիկ իրադարձություն էր Արցախի բազմադարյան պատմության համար: Անշուշտ, ժամանակի հարահոս ընթացքը և տեղի ունեցածի միտումնավոր խեղաթյուրումն իրենց հետքն են թողել մեր հիշողության ու պատկերացումների մեջ: Հատկապես նրանք, ովքեր Արցախի հայ բնակչության անկախության գաղափարի ոխերիմ թշնամիներն են և փորձում են օրինաչափորեն ու օրինականորեն ծավալված Արցախյան շարժումը ներկայացնել որպես «անջատականություն», շա¯տ կցանկանային մոռացության տալ այն պատմական  իրադրությունը, որն էլ, փաստորեն, հենց թելադրել է հետագա անելիքները: Թող այն տպավորությունը չստեղծվի, թե մենք ուզում ենք 1991թ. սեպտեմբերի 2-ի իրավաքաղաքական հույժ կարևոր ակտը որակել որպես «հանգամանքների բերումով», ինքնըստինքյան կատարված մի իրադարձություն: Կարող ենք աներկբա նշել, որ այն  ժամանակվա քաղաքական գործիչների զգալի մասը ճիշտ կողմնորոշվեց և հանդես բերեց կամք ու վճռականություն: Պահը հասունացել էր ոչ միայն նախընթաց իրադարձությունների, այլ նաև ընդհանրապես ԽՍՀՄ-ում տեղի ունեցող արմատական փոփոխությունների հետևանքով: Կարծում ենք, որ ԼՂՀ-ի հռչակման 30-րդ տարեդարձը, որը կտոնենք երեք ամիս անց, լավ առիթ է` վերհիշելու մեր ոչ  հեռու անցյալը և վերաիմաստավորելու օրինաչափորեն կատարվածը: Սա հատկապես հրատապ է դառնում 2020 թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանաթուրքական ագրեսիայի պատճառով սանձազերծված զավթողական, ահաբեկչական ու ցեղասպանական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված միանգամայն նոր իրադրության մարտահրավերների իմաստավորման, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու և միջազգայնորեն ճանաչելու տեսակետներից: Միջազգային պրակտիկայում նախադեպային օրինակների համապատկերում մեր ժողովուրդը համոզված է, որ հեռու չէ նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման օրը:

Եվ այսպես. ինչպիսի՞ն էր ռազմաքաղաքական իրադրությունը Արցախում և, ընդհանրապես, երբեմնի Խորհրդային Միությունում:    Արցախում դեռևս շարունակվում էր 1991թ. գարնանը նոր ծավալներ ընդունած ահաբեկչության քաղաքականությունը, որn իրականացվում էր «Կոլցո»  կոդային անվանումը ստացած ռազմական գործողության միջոցով: 1991թ. օգոստոսի 19-21-ը Մոսկվայում իրականացված հեղաշրջումը, ապա և դրան հետևած իրադարձություններն ավելի էին խորացրել քաոսն ու անիշխանությունը խորհրդային կայսրության ամբողջ տարածքում և, հատկապես, այսպես կոչված, «թեժ կետերում»: Նոր թափ ստացավ ԽՍՀՄ-ից անջատվելու համար նրա նախկին  սուբյեկտների՝ միութենական հանրապետությունների ծավալած պայքարը: Այդ ալիքի վրա 1991թ. օգոստոսի 30-ին ԽՍՀՄ-ից անջատվելու և անկախ պետականություն ստեղծելու մասին հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ն: Ակնհայտ դարձավ, որ ԽՍՀՄ-ի փլուզման և նրա ավերակների վրա նախկին սուբյեկտների կողմից իրենց ազգային պետությունները հիմնելու գործընթացը նորանոր վտանգներ էր պարունակում արցախահայության համար:   Ստեղծված պայմաններում հրատապ խնդիրը խորհրդային կայսրության  փլատակների տակ չճզմվելն էր: Թվում էր, թե Արցախյան շարժման  ղեկավարները հայտնվել են անելանելի կացության մեջ, այնինչ՝ 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքով հստակ նշված էր նաև Խորհրդային Միության մյուս սուբյեկտների՝ ինքնավար կազմավորումների  իրավունքը՝ ինքնուրույնաբար որոշելու իրենց կարգավիճակի հարցը: Մասնավորապես, այդ օրենքի 3-րդ հոդվածը սահմանել է. «Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար  օկրուգներ ունեցող հանրապետություններում հանրաքվեն (ԽՍՀՄ կազմից դուրս  գալու միակ օրինական միջոցը, ինչին քամահրանքով է մոտեցել Ադրբեջանը)  անցկացվում է յուրաքանչյուր առանձին ինքնավարությունում: Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշել ԽՍՀՄ-ում կամ Միության կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև՝ դնելու իր պետաիրավական  կարգավիճակի հարցը»:    Դեռևս գործող ԽՍՀՄ օրենքին համապատասխան, 1991 թ. սեպտեմբերի  2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների  համատեղ նիստը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ նախկին  ԼՂԻՄ և ինքնավարությունից հանիրավի պոկված Շահումյանի շրջանի տարածքներում:         Քանի որ հռչակվել է նորաստեղծ հանրապետության տարածքում Խորհրդային Միության օրենքների գերակայությունը, ուստի ԼՂՀ-ի հռչակումը այն ժամանակ նշանակել է ԽՍՀՄ կազմում մնալու՝ արցախահայության ընտրյալների կամքի արտահայտում, ինքնավարության կարգավիճակի բարձրացումով: Դա թելադրված էր ստեղծված իրադրության և քաղաքական զարգացումների մի քանի նուրբ առանձնահատկություններով: Բայց, միաժամանակ, սկսվել է անկախության գործընթացը, որը ամենայն բծախնդրությամբ, համապատասխանեցվել է ժամանակի օրենսդրական դաշտին ու միջազգային իրավունքի տառին ու ոգուն:

 Երկու կարևոր հարց կարոտ են պարզաբանման: Նախ՝ մարզային խորհրդի օրինականության մասին: Ինչպես  հայտնի է, 1989թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության որոշմամբ Հատուկ կառավարման կոմիտեի  ստեղծումով ժամանակավորապես դադարեցվել էին ԼՂԻՄ  մարզխորհրդի և կոմկուսի մարզկոմի լիազորությունները: Դրանք պետք է վերականգնվեին 1989թ. նոյեմբերի 28-ի ԽՍՀՄ ԳԽ որոշմամբ,  կազմկոմիտեի ստեղծմանը զուգընթաց, հավասարության սկզբունքով: Սակայն, ադրբեջանական կողմը, կատարելով այդ որոշման միայն կազմկոմիտեին վերաբերող մասը, անընդհատ ձգձգել է ԼՂԻՄ տեղական իշխանության մարմինների լիազորությունների վերականգնումը՝ քամահրանքով մոտենալով հավասարության սկզբունքի պահպանման` նոյեմբերի 28-ի որոշման պահանջին:           Պատահական զուգադիպությամբ, թե օրինաչափորեն, ուղիղ երկու տարի անց, 1991թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Սահմանադրական  հսկողության կոմիտեն հակասահմանադրական և անօրինական է  ճանաչել 1989թ.  հունվարի 12-ի և նոյեմբերի 28-ի որոշումները հատկապես ԼՂԻՄ  մարզխորհրդի լիազորությունները դադարեցնելու մասով, քանի որ խորհուրդները  ընտրովի մարմիններ էին, հետևաբար՝ ԼՂԻՄ  մարզխորհրդի լիազորությունների դադարեցման որոշումները հակաօրինական ու կամայական էին, ուստի՝  նրա գործունեությունը և, հատկապես, սեպտեմբերի 2-ի նիստը  օրինականության տեսակետից կասկածի ենթակա չեն: Մյուս կողմից, ինչպես հայտնի է, հեղաշրջման ձախողումից հետո, քանի որ կազմկոմիտեն ողջունել ու իր  աջակցությունն էր հայտնել Արտակարգ դրության պետական վարչությանը (ԳԿՉՊ-ին), հեղինակազրկվել ու կորցրել էր իր լիազորությունները Արցախում: ԼՂԻՄ մարզխորհուրդն էլ դուրս է եկել ընդհատակից և կայացրել միանգամայն օրինական ու պատմական որոշում: Մյուս կողմից, ի հեճուկս ԼՂԻՄ օրինական իշխանության մարմինների գործունեության վերականգնմանը խոչընդոտող Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարության, հանգույցը լուծվեց հենց տեղում: Այսպես, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 10-րդ նստաշրջանը 1990թ. մարտի 27-ին ընդունեց որոշում «Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարման խորհրդի և նրա գործադիր կոմիտեի  գործունեության վերսկսման մասին», որով իր տրամաբանական  լուծումը ստացավ արցախահայության ընտրովի իշխանության վերականգնման հարցը: Այս կարևոր ակտը մի տեսակ ստվերում էր մնացել, մինչդեռ դրա մասին խոսելը կարող է ուժեղացնել ԼՂՀ-ի օրինականության փաստարկները:     

Մեր ընդդիմախոսները կարող են կասկածի տակ առնել Շահումյանի շրջանի տարածքը ԼՂՀ-ի կազմում հռչակելու  օրինականությունը: Բայց՝ իզուր:  1990թ. ապրիլի 3-ի վերոնշյալ  օրենքի 3-րդ հոդվածում սահմանված էր. «Միութենական հանրապետությունում, որի տարածքում առկա են տվյալ տեղանքում բնակչության մեծամասնությունը կազմող ազգային խմբերի համահավաք բնակության վայրեր, հանրաքվեի (ԽՍՀՄ կազմից դուրս գալու)  հանրագումարը որոշելու ժամանակ քվեարկության արդյունքները այդ վայրերում հաշվի են առնվում առանձին»: Ուստի, ԽՍՀՄ օրենքով ճանաչվում էր նաև իր բնատարածքում ապրող, բայց իր ազգային պետական միավորներից դուրս մնացած ազգային խմբերի ինքնորոշման իրավունքը: Թեև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին օրենքը, այդպես էլ հանրաքվե չանցկացրեց, այլապես Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ ազգաբնակչությունը միահամուռ կքվեարկեր Ադրբեջանի հետ ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեմ, բայցևայնպես, նշյալ տարածքների հայությունը, օգտվելով գործող օրենքի ընձեռած հնարավորությունից, արտահայտեց մայր տարածքին՝ Արցախին  վերամիավորվելու իր կամքը:  Հիշենք նաև, որ դեռևս 1989թ. հուլիսի 26-ին Շահումյանի շրջանային խորհուրդը, արտահայտելով ընտրողների դիրքորոշումը, որոշում էր ընդունել ԼՂԻՄ-ի հետ վերամիավորվելու մասին:  Ինչպես տեսնում ենք, ԼՂՀ-ի հռչակումը օրինական էր և համապատասխանում էր ժամանակի իրավական նորմերին:     

ԼՂՀ-ի անկախության գործընթացն ունեցավ ևս երկու փուլ.  1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեն և 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ ԳԽ-ի Անկախության հռչակագրի ընդունումը: Դրանով ԼՂՀ-ն ամրապնդեց  իր անկախությունը և, ապա՝ դիմագրավելով Ադրբեջանի ագրեսիային, պաշտպանեց այն արտաքին ոտնձգություններից, ապացուցելով ու հաստատելով արևի տակ տեղ ունենալու՝ իր անկապտելի իրավունքը:

Սեպտեմբերի 2-ը, փաստորեն, սեպտեմբերի 21-ի գլխավոր փորձը եղավ, Հայաստանի Հանրապետության անկախության նախերգանքը, հետևաբար, սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայոց  պետականության վերածնունդը սկսվեց Արցախից:           

Սեպտեմբերի 2-ի պատմական նշանակությունը նաև նրանում է, որ առաջին քայլերից մեկն էր ԼՂՀ-ի օրինական կայացման ճանապարհին՝ նախքան Ադրբեջանի անկախության միջազգային ճանաչումը, այսինքն՝ երբ Ադրբեջանը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ, արդեն  ԼՂՀ-ն կայացել էր որպես անկախ ու ինքնիշխան պետություն:

Այս պատմական էքսկուրսի անհրաժեշտությունը պայմանավորված է ռազմաքաղաքական որոշ գործիչների այն մտահոգիչ հայտարարություններով և հասարակության մի մասի մոտ գեներացվող այն վտանգավոր մտայնությամբ, որ առաջնահերթություն է նախկին ԼՂԻՄ սահմանների վերականգնումը: Այդ անհեռատեսական ձևակերպումը, որը թելադրված է օտարի շահերից, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում Արցախի կարգավիճակի ու տարածքային ամբողջականության վերականգնման պայքարի համար: Ամբասիր օրինականությամբ ստեղծված և կայացած Արցախի Հանրապետությունը կա և լինելու է՝ վերականգնված տարածքային ամբողջականությամբ՝ ի հեճուկս Ադրբեջանի նախագահի, որին թվում է, թե հասել է մեր հանրապետությունը ոչնչացնելու իր վաղեմի ու ցնորամիտ նպատակին:

Քաղաքական փաստարկներում և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման պահանջը պետք է լինի մեր ռազմաքաղաքական ղեկավարության ու հասարակության առաջնահերթությունը: Դա կնշանակի, որ մենք ազգովի չենք հրաժարվել Արցախում անկախ պետականություն կերտելու մեր երեսունամյա ուղուց և լի ենք կորցրածը վերականգնելու վճռականությամբ:  

ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

պ.գ.թ., դոցենտ

ԱՐՑԱԽԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՐՎԱԳԻԾ (1874-2021 ԹԹ.)

«Կաճառ» գիտական կենտրոնում հավաքվում էին Արցախում հրատարակված պարբերականների հավաքածուներ, որոնց հիման վրա մտադրություն կար ստեղծել Արցախի պարբերական մամուլի արխիվ և կազմել մատենագիտությունը: Այդ աշխատանքների շրջանակներում 2009 թ. մենք առաջարկեցինք Արցախի ժուռնալիստների միությանը (ԱԺՄ) Արցախում լույս տեսած առաջին հայկական պարբերականի` «Հայկական աշխարհի» հրատարակման 135-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել, որն ընդունվեց սիրահոժար կերպով: Կազմակերպվեց «Կլոր սեղան», որտեղ ներկայացվեց Արցախում պարբերական մամուլի սկզբնավորման պատմությունը, անցած 135-ամյա ուղին և որոշվեց հենց այդ միջոցառման օրը` մայիսի 23-ը, հռչակել Լրագրողի օր: ԼՂՀ կառավարությունը նույնպես հավանություն տվեց այդ որոշմանը, ինչի շնորհիվ մայիսի 23-ը որպես Լրագրողի օր մտավ ԼՂՀ պետական տոնացույց: Բացի այդ` ԱԺՄ-ն որոշեց նաև կյանքի կոչել Արցախի պարբերական մամուլի ամբողջական մատենագիտության ստեղծման գաղափարը: Դրա արտահայտությունը դարձավ մեր հեղինակությամբ «Արցախի պարբերական մամուլի պատմությունից: Արցախի պարբերական մամուլի մատենագիտություն (1874-2009)» գրքի հրատարակումը:

Մեր ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ Արցախի պարբերական մամուլի պատմությունը կարելի է բաժանել 4 փուլի. առաջին` սկզբնավորման ու կայացման շրջան (1874-1920-ի մարտ), երկրորդ` խորհրդային բռնատիրության շրջան (1923-ի ապրիլ-1988-ի մարտ), երրորդ` անցումային շրջան (1988-ի ապրիլ-1991-ի սեպտեմբեր), չորրորդ` անկախության շրջան (1991-ի սեպտեմբերից մինչ մեր օրերը):

1874 թ. գարնանը Շուշիում լույս տեսավ «Հայկական աշխարհ» ամսագիրը, որը, փաստորեն, Արցախի պարբերական մամուլի առաջնեկն է: Այդ կարևոր նախաձեռնության հեղինակը ժամանակի ճանաչված հասարակական գործիչ,  խմբագիր-հրատարակիչ Խորեն Ստեփանեն էր:

Պարբերական մամուլի պատմության ուսումնասիրողների մի մասը (Մ. Մխիթարյան, Գ. Լևոնյան, Ա. Կիրակոսյան և ուրիշներ) «Հայկական աշխարհը» համարում են «Կռունկ Հայոց աշխարհի» պարբերականի շարունակությունը, այնինչ «Հայկական աշխարհը» լույս է տեսել նոր՝ 1-ին և 2-րդ համարակալումներով: Ի դեպ, նախապես ժամանակի լրատվամիջոցներում ծանուցվել է, որ հրատարակվելու է նոր պարբերական՝ ի դեմ «Հայկական աշխարհի»: Այսպես օրինակ «Մշակը» 1874 թ. մարտի 14-ի համարում այդ առթիվ գրել է. «Կառավարությունից թույլատրված նոր ծրագրով այս 1874 թվի ապրիլ ամսից պետք է հրատարակվի նոր օրագիր՝ «Հայկական աշխարհ»…

Անվանի պատմաբան ու հայագետ Լեոն, թեև գրել է, որ   Ստեփանեն Շուշիում շարունակեց իր ամսագրի հրատարակությունը, բայց միաժամանակ ընդգծել է. «… այս առաջին անգամն էր, որ Շուշում լոյս էր տեսնում պարբերական հրատարակութիւն» (Լէօ, Պատմութիւն Ղարաբաղի Թեմական հոգևոր դպրոցի (1838-1913), Թիֆլիզ, 1914, էջ 374):

Հանդեսի նպատակն էր տպագիր խոսքի միջոցով նպաստել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին, մարդկանց մեջ սեր արթնացնել դեպի ուսումն ու գիտությունը:

(1.) «Հայկական աշխարհը» անջնջելի հետք է թողել մեր պարբերական մամուլի պատմության մեջ: Օգտավետ նախաձեռնությունների հետևորդներ դարձան արցախյան մյուս պարբերականները՝ (2.) «Քնար խոսնակը» (1881թ.), (3.)  «Գործը» (1882-1884 թթ.), (4.)  «Կոկոնը» (1895-1896 թթ.), (5.) «Ազգագրական հանդեսը» (1896 թ.,)  և մյուսները, որոնց թիվը, մինչև Շուշիի բարբարոսական հրկիզումը, մեր տվյալներով հասնում էր շուրջ երեք տասնյակի: Դրանցից կարելի է նշել (6.) «Աշակերտական թերթ» (1896-1897 թթ.), (7.) «Կռունկ» (1898-1900 թթ.), (8.)  «Ղարաբաղ» (1911-1912 թթ.), (9.) «Միրաժ» (1913-1917 թթ.), (10.)  «Աշակերտ» (1913 թ.), (11.) «Միություն» (1913 թ.), (12.) «Պայքար» (1914-1917 թթ.), (13.) «Փայլակ» (1915-1917 թթ.), (14.) «Ծիածան» (1916 թ.), (15.) «Ծիծաղ» (1916 թ.), (16.) «Պայքար» (1916),  (17.) «Նեցուկ» (1917 թ.), (18.) «Եռանդ» (1917 թ.), (19.) «Աշխատանք» (1917 թ.), (20.) «Ասպարեզ» (1917 թ.), (21.) «Ապառաժ» (1917-1919 թթ.), (22.) «Սրինգ» (1917 թ.), (23.) «Աշակերտ» (1917 թ.), (24.) «Ղարաբաղի սուրհանդակ» (1918 թ.), (25.) «Արցախ» (1919 թ.), (26.)  «Նոր կյանք» (1919 թ.), (27.) «Ղարաբաղի լրաբեր»[«Ազատ Ղարաբաղ»] (1920թ.) և այլն: Շուշիում հայ մտավորականների ջանքերով լույս են տեսել նաև ռուսերեն երեք թերթ՝ (28.) «Շուշինիսկի լիստոկ» (1911 թ.), (29.) «Շուշիսկայա ժիզն» (1913-1914 թթ.) և (30.) «Գոլոս նարոդա» (1919 թ.):

XIX դ. վերջին քառորդին և XX դ. առաջին քսանամյակում լույս տեսած պարբերականների առանձնահատկություններից կարելի է նշել մտավորականության առաջադեմ շրջանակներին համախմբելու, ազգային հիմնախնդիրների շուրջ օգտավետ քննարկումների հնարավորություն ընձեռնելու նրանց որդեգրած գիծը, հիմնականում մասնավոր նախաձեռնությունների շնորհիվ պարբերականների հրատարակումը, խիստ գրաքննության պայմաններում տպագիր խոսքը ընթերցողին հասցնելու վճռականությունը, նյութական ու տեխնիկական սուղ հնարավորությունների պատճառով ընդամենը մեկ կամ մի քանի համար տպագրելու կամ տպագրության վայրը հաճախակի փոխելու անխուսափելիությունը, հատկապես աշակերտության շրջանում խմորատիպ թերթերի լույս ընծայման արտասովոր աշխուժությունը, ռուսական կայսրությունում հասարակական-քաղաքական շարժման վերելքին ոչ միայն բուռն արձագանքելը համապատասխան հրապարակումներով, այլ նաև նոր պարբերականների հրատարկումով և այլն:

Խորհրդային իշխանության տարիներին լույս տեսած պարբերականներից կարելի է առաձնացնել «Ղարաբաղի գեղջուկը», որը դարձավ Արցախի մայր թերթը, ստանալով տարբեր անվանումներ՝ «Սովետական Ղարաբաղ», «Խորհրդաին Ղարաբաղ», «Արցախ», «ԼՂ Հանրապետություն», «Ազատ Արցախ»: Ինչպես այս, այնպես էլ խորհրդային շրջանի մյուս պարբերականները, ամբողջատիրական  համակարգի կաղապարված գաղափարախոսական մամլիչի տակ անգամ, կարողացել են արցախահայության մեջ արթուն պահել ազգային ինքնագիտակցությունը և պատմական հիշողությունը:

Մեր հաշվարկներով,   1874-1988 թթ.   ընթացքում Արցախում հրատարակվել են ավելի քան չորս տասնյակ  անուն թերթ և ավելի քան մեկ տասնյակ անուն ամսագիր:  Գրեթե այդքան, եթե ոչ ավելի, պարբերականներ են լույս տեսել Արցախում վերջին երեք տասնամյակների  ընթացքում:

 Իրավացի են հայ պարբերական մամուլի պատմության մերօրյա ուսումնասիրողները, երբ ազատ, ժողովրդավարական մամուլի ծնունդը պայմանավորվում են «վերակառուցման» քաղաքականությամբ: Հետևաբար սխալված չենք լինի, եթե հայ մամուլի պատմության նորագույն շրջանի սկզբնավորումը հիրավի պայմանավորենք 1988 թ. համաժողովրդական զարթոնքով:

                  Արցախյան շարժման հատկապես քաղաքական փուլում, երբ գաղափարաքարոզչական աշխատանքներ էին տարվում, զգալիորեն աճել էր տպագիր խոսքի և պարբերականների պահանջարկը: Ուստի պարբերական մամուլը վերածնվեց նաև Լեռնային Ղարաբաղում և բուռն զարգացում ապրեց անկախ հանրապետության հռչակման շնորհիվ: Անցած 30 տարիների ընթացքում լույս են տեսել ու շարունակվում են լույս տեսնել  բազմաբնույթ՝ հասարակական-քաղաքական, գիտական, գրական-գեղարվեստական, հոգևոր, երգիծական, կրթական, ռազմական և այլ պարբերականներ: Խորհրդային բռնատիրության տարիներին անկասկած մեծ վտանգ էր պարունակում «Խորհրդային Ղարաբաղում» ճշմարտությունը գրելը: Բայց 90-ականների սկզբներին արդեն տպագրվում էին իրականությանը մոտ նյութեր: Այս բացը փորձեցին լրացնել ինքնահրատ պարբերականները, ինչպես օրինակ  «Վերածնունդը», «Ավետյաց Երկիրը», որոնք տարածվում էին գաղտնաբար: Այնուհետև հրապարակ իջան «Ամարասը» (1989), «Արցախ» հանդեսը (1989), «Միացումը» (1989), «Պայքարը» (1989), «Արցախյան շաբաթը» (1990), «ԼՂՀ ԳՀ մամլո ծառայության Լրատուն» (1992), «Մարտիկը» (1993), «Նագորնի Կարաբախ» ռուսերեն (1994) և այլ պարբերականներ: «Արցախ» վերանվանված մայր թերթը դարձավ ԼՂՀ պետականության կերտման և արցախահայության ազատագրական պայքարի պատմության տարեգիրը,  ռազմաճակատում մարտնչող հայ ռազմիկների ու թիկունքում աներեր կանգնած մեր ժողովրդի ոգեշնչողն ու հուսադրողը, հարկ եղած դեպքում նաև՝ պայքարի կոչողը:

                  Արցախում տպագրված և պարբերական մամուլի ձևավորված ավանդույթները շարունակած բազմաբնույթ պարբերականներից հատկանշելի են «Ազատ Արցախ» հանրային թերթը, շրջանային «Խաչեն» (այնուհետև՝ «Բերդ»), «Ամարաս», «Ջրաբերդ», «Մարտակերտ», «Շուշի», «Դիզակ», «Ստեփանակերտ», «Նոր Շահումյան», «Մերան» թերթերը, գերատեսչական «Մարտիկ», «Լուսարար», «Ագրարային թերթ», «Քաղաքացիական ծառայություն», բուհական և գիտական «Արցախի համալսարան» (նախկին՝ «ԼՂՊ համալսարան»), «Մեսրոպ Մաշտոց համալսարան», «Հարություն», ապա՝ «Նարեկ», «Դպրատուն», «ԱրՊՀ գիտական տեղեկագիր», «Լրատու Մեսրոպ Մաշտոց համալսարանի», «Գանձասար», «Կրթությունը և գիտությունը Արցախում», «Կաճառ» (տեղեկագիր և տարեգիրք), «Հայագիտական ուսումնասիրություններ», «Գիտական Արցախ» պարբերականները, կուսակցական և ՀԿ-ների մամուլը՝ «Ապառաժ», «Ակունք», «Արցախի կոմունիստ», «Հայրենիք», «Հայրենյաց պաշտպան», «Հայկի սերունդ», «Գործ. Աշխարհ», «Եղիցի լույս», «Պըլը-Պուղի», «ԱրհՄիություններ», «ԳեղԱրմ», «Հավատ», «Մշակույթ», «Արցախի կանայք», «Հույսի ճանապարհ», մանկական «Արևիկ», «Լուսայգ» («Լուսարարի» հավելված) թերթերը, անկախ մամուլի ծիծեռնակները՝ «Տասերորդ նահանգը», «Դեմոն», «Չտո դելատ» (ռուսերեն ու հայերեն), «Անալիտիկոնը» և այլ պարբերականներ ոչ միայն շարունակել են Արցախում ձևավորված լրագրողական ավանդույթները, այլև նոր գույներով ու բովանդակությամբ են այն հարստացնում:

                  Արցախյան պարբերական մամուլի հերթական տարեդարձը, թերևս, լավագույն առիթն է  պարբերական մամուլի պատմությունը համակողմանի ուսումնասիրելու և որպես առաջին քայլ՝ պարբերական մամուլի արխիվ ստեղծելու համար: Այդ ուղղությամբ «Կաճառ» գիտական կենտրոնի գործնական քայլերն ու նախաձեռնությունները բիրտ կերպով ընդհատվեցին հինավուրց Շուշի քաղաքի առեղծվածային անկումից հետո:

Մհեր Հարությունյան

«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար,

պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ 27- ԱՄՅԱ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով ծավալված պատերազմական գործողությունների գոտում  զինադադարի հաստատման ուղղությամբ ջանքերը գործադրվել են տակավին մեր հանրապետության հռչակումից անմիջապես հետո, 1991 թ. սեպտեմբերին, որի արդյունքներն արտացոլվել են Ժելեզնովոդսկի համատեղ հուշագրում:  Սակայն, ինչպես այդ, այնպես էլ հետագա տարիների միջնորդական առաքելությունները, անկախ նրանից, թե դրանք տարածաշրջանային առաձին երկրներ, թե միջազգային կազմակերպություններ  են  նախաձեռնել, հանդիպել են ադրբեջանական կողմի ոչ կառուցողական հակազդեցությանը և, ի վերջո, տապալվել, քանի որ հակառակորդին թվացել է, թե իրեն տրված է ուժի դիրքից խոսելու կամ ուժ գործադրելու մենաշնորհը:

Այդ քաղաքականության պատճառով արդեն չորրորդ տարին թևակոխած զինված հակամարտությունը գնալով մեծ ծավալներ էր ընդունում, անընդհատ աճում էին մարդկային ու նյութական կորուստները, փախստականների ու մարտական գործողությունների գոտուց տեղահանվածների թիվը: Տարածաշրջանում շահեր  հետապնդող տերությունները դիվանագիտական հարթակներում իրենց հարաբերություններն էին պարզում, որոնց արդյունքում էլ ծնվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը` կրակն անհապաղ դադարեցնելու և  գրավված տարածքներից զորքերը հանելու պահանջով: Սակայն, յուրաքանչյուր բանաձևի ընդունումից հետո ադրբեջանական կողմը նոր թափով էր վերսկսում մարտական գործողությունները՝ տորպեդահարելով կրակը դադարեցնելու  պահանջը և հրաժարվելով դուրս բերել   իր զորքերը ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների բռնազավթած տարածքներից, այդպիսով անհնարին դարձնելով ոչ միայն ԱԽ բանաձևերի մյուս  պահանջներին անցնելը, այլ նաև պատճառ դառնալով  Արցախի ԻՊՈՒ-ի`  հակառակորդի վտանգավոր կրակակետերը և ռազմական հենակետերը վնասազերծելու պարտադրված համարժեք գործողությունների համար, որոնց և հետևում էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հերթական և նույնատիպ բանաձևը Սակայն, Ադրբեջանի իսկ մեղքով արժեզրկվող և վերոնշյալ պատճառով անիրականանալի բանաձևերի ընդունումը ՄԱԿ-ի ԱԽ-ն  ստիպված էր, ի վերջո,  դադարեցնել

ՌԴ -ի միջնորդական առաքելությունը շուտով ստիպված էր հրաժարվել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի իրականացման իր պնդումներից, քանի որ, ինչպես 1992-1996 թթ. միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ  լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ Վլադիմիր Կազիմիրովն է խոստովանում, հակամարտության կողմերն արհամարհում էին դրանք: Դիվանագետի հավաստիացմամբ` բոլոր խնդիրներից Ռուսաստանն աներկբա գերապատվությունը տալիս էր կրակի և մարտական գործողությունների դադարեցմանը՝ կարիք ունենալով այնպիսի փաստաթղթի, որը կարող էր հիմք հանդիսանալ  զինադադարի հասնելու համար:   Այդպիսի փաստաթղթի մշակումն ընթանում էր 1994 թ. մարտ և ապրիլ ամիսներին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի (ՊՂԽ) նիստերում: Վերջապես, նույն թվականի ապրիլի 15-ին ընդունվեց ԱՊՀ ՊՂԽ-ի հայտարարությունը, որը նույն Վ. Կազիմիրովը շատ է կարևորում հրադադարի հաստատման գործում: Մասնավորապես, նա նշում է, որ հայտարարությունն ընդունվել է Համագործակցության բարձրագույն համաժողովում նախագահների մակարդակով, Հայաստանի և Ադրբեջանի  ղեկավարներ Լ. Տեր-Պետրոսյանի և Հ. Ալիևի անմիջական մասնակցությամբ: Թեև, ինչ խոսք, այն լիակատար չէր կարող լինել, քանի որ, հասկանալի պատճառներով, ԼՂՀ-ի ներկայացուցիչները համաժողովին հրավիրված չէին:

Ռուսաստանցի դիվանագետը պաշտոնական Մոսկվայի նախաձեռնությամբ Մոսկվայում ԱՊՀ ՊՂԽ-ի ընդունած հայտարարությունը համարում է  հակամարտության կարգավորման համար որպես անհրաժեշտ պայման կրակի դադարեցման հարցի հստակ առաջադրման միակ փաստաթուղթը տվյալ պահին: Թեև այն իրավական փաստաթուղթ չէր, այլ քաղաքական, բայց կարևոր նշանակություն ունեցավ  հրադադարի հաստատման համար: Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում շարունակելով Ալանդական կղզիներում սկսված խորհրդարանականների հանդիպումը՝ փաստորեն լուծվել է ԱՊՀ ՊՂՀ-ի հայտարարությանն աջակցելու խնդիրը: Այդ մասին ուղղակի արձանագրված է նաև Բիշքեկյան արձանագրությունում:  Վերջինս Բաքվում ստորագրվել է մայիսի 8-ին: Որից հետո սկսվել են զինադադարի համաձայնագրի ձևակերպման աշխատանքները: Ըստ այդ համաձայնագրի` կողմերը պարտավորվել են 1994 թ. մայիսի 12-ից դադարեցնել կրակը: Այդ համաձայնագիրը հաստատել են հակամարտության կողմ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մայիսի 16-17-ը Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:     

1994 թ. գարնանային ռազմարշավին յուրահատուկ խոշորամասշտաբ ռազմագործողությունները, երկուստեք մեծաքանակ մարդկային, իսկ Ադրբեջանի համար նաևª դիրքային կորուստներն ի ցույց էին դրել պատերազմի շարունակման անհեռանկարայնությունը: Մանավանդ, Ադրբեջանի ներքաղաքական նոր ճգնաժամիª ռազմական պարտություններին ուղիղ համեմատական կարգով աճող վտանգը ստիպում էր հակառակորդ կողմին հաշտվել ու համակերպվել դառն իրականության հետ:

Ստեղծվել էր նաև մի յուրօրինակ «ստատուս քվո», երբ ադրբեջանական կողմն այլևս չէր կարող իր թվական ու ռազմատեխնիկական գերակշռությամբ հանդերձ, հուսալ վճռական  բեկում մտցնելու, առավել ևսª ռազմական հաղթանակ նվաճելու մասին: Իսկ արցախյան կողմը, իր զինված ուժերի մարտունակությամբ ու շարժունակությամբ, հայ զինվորների բարոյահոգեբանական ու մարտական ոգու բարձր կամային որակներով հանդերձ, մտահոգված էր սուղ մարդկային ու նյութատեխնիկական պաշարների արագ սպառմամբ: Հետևաբար, հասունացել ու անշրջելի էր դարձել զինադադարի  հաստատման  պատմական պահը, ինչից էլ ճիշտ ժամանակին օգտվեց Ռուսաստանը: Հրադադարի շուրջ պայմանավորվածության նախաշեմին ծավալված մարտական գործողությունները սպառնում էին դուրս գալ վերահսկողությունից և ներքաշել տարածաշրջանում ռազմաքաղաքական ու տնտեսական շահեր հետապնդող այլ երկրների ևս: Սակայն, Ռուսաստանը կարծես թե չէր հանդուրժում այլ երկրների միջամտության ու իր «ազդեցության գոտի» ներթափանցման փորձերը, ուստի վճռական քայլեր ձեռնարկեց, առանց նախապայմանների ու քաղաքական  հարցերի արծարծման, հրադադար հաստատելու ուղղությամբ: Մի շարք ռազմաքաղաքական խնդիրների լուծման հետ զուգահեռ, Ռուսաստանը դրանով, ըստ երևույթին, հետամուտ էր լինում իր միջազգային վարկանիշի ու Անդրկովկասում իր ազդեցության վերականգնմանը:

Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո, գործին խառնվեց ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը, որի միջնորդությունը հետապնդում էր զինված հակամարտության դադարեցման նպատակ, մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին: Մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով Հայաստանի պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, ԼՂՀ  ՊԲ  հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ, նա առաջարկեց մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը: Այն մեծ դժվարությամբ ընդունեց նաև Ադրբեջանը: Պարտադրված հրադադարն, Ադրբեջանի տարբեր պարբերականությամբ խախտումներով հանդերձ, պահպանվել է մինչև 2016 թ. ապրիլի 2-ը, երբ թշնամին նախաձեռնել է Արցախի Հանրապետության դեմ զավթողական, ահաբեկչական ու ռազմական հանցագործություններով ու ցեղասպանությամբ ուղեկցվող ագրեսիայի գլխավոր փորձը: Դրա համար միջազգայինիրավական ու ռազմաքաղաքական պատասխանատվություն չկրելով՝ Ադրբեջանը արդեն 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ հանեց ոչ միայն վերջին տասնամյակներում արդիականացրած անհամեմատ մեծ զինված ուժերը և ձեռքբերած ժամանակակից սպառազինություն ու ռազմական տեխնիկան, այլ նաև Սիրիայից և այլ երկրներից հավաքագրված միջազգային ահաբեկիչներին և Թուրքիայի հատուկ նախանշանակման զորամասերին ու հրամանատարական կազմին: Թշնամու անթաքույց ռազմական նախապատրաստություններին և ագրեսիվ հռետորաբանությանը համարժեք միջոցներ չձեռնարկած, պետությունը պատերազմի չնախապատրաստած ու պատերազմի 44 օրերին իրենց գործառութային պարտականությունները կատարելու անընդունակ իշխանությունները գերադասեցին անձնատվությունը և մեր երկիրը կանգնեցրին կործանման վիհի եզրին:

Արցախյան հիմնախնդիրը զենքի ուժով լուծելու Ադրբեջանի պլանները հաջողությամբ ձախողելու շուրջ երեսունամյա ջանքերը ռազմաքաղաքական և այլ հարթություններում փոշիացվեցին: Դժբախտաբար և ի ողբերգություն մեր ժողովրդի՝ շարունակվում է պետական անվտանգության ու պաշտպանականանվտանգային վերջին բաղադրիչների ոչնչացումը ներքաղաքական ճգնաժամի և կեղծ օրակարգերի շուրջ ուշադրություն շեղող խոսույթի ճիրաններում: Ինչպես պատերազմում պարտության, այնպես էլ ներքաղաքական ճգնաժամի համար ամբողջ պատասխանատվությունը հոգեվարք ապրող իշխանությունների վրա է:  

Մեր թշնամու ռազմաքաղաքական ղեկավարությունը նմանատիպ վիճակում էր 1994 թ. մայիսին, որովհետև ծանր պաշտպանական մարտերում նրա հարվածային ուժերի հյուծումը և մարտական գործողությունների կենտրոնական հատվածում՝ Աղդամի ու Մարտակերտի շրջաններում ՊԲ-ի սրընթաց հակահարձակումը, ինչն անմիջական սպառնալիքի տակ էր դրել ԼՂՀ-ին սահմանակից ադրբեջանական վերջին ռազմակայանը՝ Միր-Բաշիրը, որին տիրելը հղի էր Ադրբեջանում նոր իշխանափոխության, քաղաքական ճգնաժամի, հետևաբար՝ ռազմական խորտակիչ պարտության վտանգով: Սակայն, այս և մի շարք այլ գործոնների ճնշման տակ նա թեև ստիպված էր համաձայնել հրադադարի պայմաններին, բայց, ինչքան մեզ է հայտնի, ոչ մի անգամ կապիտուլյանտական, կոլաբորացիոնիստական տրամադրություններ չի արտահայտել և հետևողական միջոցներով կանխել է դրանց տարածումը Ադրբեջանում: Իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է: Մինչդեռ ժամանակն աշխատում է ի վնաս մեզ: Ողջամտություն ու աչալրջություն դրսևորելու և առողջ ուժերի զորահավաքի միջոցով ինքնակործանման խելահեղ մրցավազքն անհապաղ կանգնեցնելու հրամայականն է համահայկական օրակարգում:  

Մհեր Հարությունյան

ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

     

Շուշիում ադրբեջանական կրակակետերի ու ռազ­մական հենակետի ծավալման սպառնալիքի և ագ­րե­սիայի այդ օջախի վնասազերծման անհրաժեշ­տության մասին հրապարակայնորեն արտահայտ­վել ենք տակավին այն ժամանակ, երբ դեռ նոր-նոր էին Արցախում և ԱդրԽՍՀ հայկական բնակավայ­րերում ծավալվել Բաքվի սանձազերծած մարտա­կան գործողությունները[1]: Տեսական ու գաղափա­րական հիմնավորումները հետագայում դարձան կենսական անհրաժեշտություն, որովհետև Շուշիից հրթիռահրետանային ու զորային մշտական հարձա­կումների էին ենթարկվում մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջակա մյուս հայկական բնակավայրերի խաղաղ թաղամասերը: Միայն 1992 թ. սկզբից մայրաքաղաքը ենթարկվել է հրետակոծության 170, իսկ Շուշիից անմիջա­կան հարձակման` 11 անգամ: ԼՂՀ մայրաքաղաքի վրա արձակվել է տարբեր տրամաչափի 4253 արկ ու հրթիռ, այդ թվում` ՄՄ-21 «Գրադ» կայանքի 2437 ռեակտիվ արկ (հիմնականում` բեկորաֆուգասային), «Ալազան» և «Կրիստալ» կայանքների փոխված մարտագլխիկներով 527 հրթիռ, 100 մմ 593 արկ և այլն: Ավերվել է 188 և վնասվել 223 բնակելի շենք կամ մոտ 2000 բնակարան: Հիմնահատակ ավերվել են 54 և վնասվել 147 սոցիալ-մշակութային, կենցաղային և վարչական օբյեկտներ: Զոհվել են Ստեփանակերտի 90 քաղաքացիներ, մեծ մասամբ` կանայք ու երեխաներ, իսկ 268-ն ստացել են բեկորային և այլ վնասվածքներ: Մայրաքաղաքի մոտ 10 հազար  բնակիչ մնացել է անօթևան[2]: ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի մայիսի 1-ին տա­րածած հայտարարությունում, մասնավորապես, ասված էր. «Միայն անցած շաբաթվա ընթացքում ԼՂՀ մայրաքաղաքի վրա հակամարտության գոտում Ադրբեջանի գլխավոր ռազմական հենակետ Շուշիից արձակվել է շուրջ 1000 արկ, այդ թվում` 800-ը` ռեակտիվ: Զոհվել է 20 խաղաղ բնակիչ, փլատակների են վերածվել հարյուրավոր բնակելի տներ, ավերվել կամ հրդեհվել են կենսապահովման բոլոր ձեռնարկությունները: Հազարավոր կանայք ու երեխաներ մնացել են առանց տանիքի ու ապրուստի միջոցի: Հատկապես տագնապահարույց է այն հանգամանքը, որ շարունակ զենք ու զինամթերք է բերվում Շուշի (ի դեպ` որտեղից դուրս է բերվել ողջ բնակ­չությունը): Նկատվում են զինված կազմավորումների, զրահատեխնիկայի նորանոր կուտակումներ»[3]: Արցախի ինքնապաշտպանության ուժերի հա­տուկ ծառայություններն ամենօրյա աշխատակարգով արձանագրում էին Ստեփանակերտի վրա գրոհելու նպատակով Շուշիում և Արցախում գտնվող մյուս ադրբեջանական հենակետեր առբերվող սպառազինության և ռազմա­կան տեխնիկայի թվաքանակի  ահագնացող աճումը*: Դա ադրբեջանական հրամանատարությանը թվում էր հեռանկարային, քանի որ նրա հաշվարկ­ներով շուրջ քառամյա պաշարման ու մշտական հրթիռահրետակո­ծութ­յուն­ների հետևանքով մայրաքաղաքի դիմադրողականությունը պետք է իսպառ  հյուծված լիներ:

Շուշիի ազատագրման պատմական պահը, անհրաժեշտությունը, նա­խա­պատրաստման ու պլանավորման, չորս հիմնական ուղղություններով ծավալված մարտական գործողությունները և առանձին զորատեսակների ներգրավման հանգամանքները հնարավորինս մանրամասնորեն ներկայաց­ված են զանազան ուսումնասիրություններում[4], ուստի նպատակահարմար է այստեղ քննարկել զուտ այդ օպերացիայի արդյունքները և փորձել վերա­իմաստավորել դրա պատմական նշանակությունը: Ընդսմին նոր ուսումնա­սի­րությունների շնորհիվ հայտնաբերվել են նոր տվյալներ,  կատարվել են ճշգրտումներ, որոնց արդյունքները տեղ են գտել սույն հոդվածում:

Շուշիի ազատագրման արդյունքների մասին մեզ հայտնի ամենավաղ ռազմագիտական գնահատականը այդ նշանակալի իրադարձության տարե­լիցի առթիվ Ինքնապաշտպանության կոմիտեի անունից հրապարակվել է ԻՊԿ պաշտոնաթերթում, որտեղ շեշտվել են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի մեծածավալ նախապատրաստական աշխատանքը և հմուտ ղեկավարումը, բոլոր աստիճանների հրամանատարների լավ կազմակերպ­ված համագործակցությունը, ազատամարտիկների անձնվիրությունը և վճռա­­կան գործողությունները, ինչի շնորհիվ հաջողվել է երկու օրում կոտրել կեն­դանի ուժի և միջոցների, ինչպես նաև աշխարհագրական դիրքի էական առա­վելություն ունեցող հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազ­մական տեսանկյունից հույժ կարևոր Շուշի բերդաքաղաքը[5]:

Շուշիի ազատագրման ամենատեսանելի արդյունքն ստեղծված ռազմա­քաղաքական նպաստավոր պայմանների օգտագործմամբ քառամյա շրջա­փակ­ման ճեղքումն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բացումն էին, ինչի շնորհիվ Արցախը փրկարար կապ հաստատեց Մայր Հայրենիքի հետ:

Ռազմավարության տեսանկյունից բարդագույն խնդիրը հնարավոր եղավ լուծել, այնուհետև Շուշիի հաղթանակն ամրապնդել նաև Ասկերանի, Մարտակերտի, Հադրութի շրջանների պաշտպանական բնագծերի առան­ձին հատվածներում հակառակորդի հարձակումները պատեհաժամորեն հետ մղելու շնորհիվ:

Շուշիի ազատագրման և Ստեփանակերտին հարակից ադրբեջանական հենակետերի վնասազերծման օպերացիային մաս­նակցած ազատա­մար­տիկ­ների թիվը, կողմերի կորուստները տարբեր կերպ են գնահատվում, և դրանց ճշգրտման աշխատանքը դեռ շարունակվում է[6]:

Օպերացիայում կողմերի ներգրաված ընդհանուր ուժերի և միջոցների հարաբերակցության, մարդկային, տեխնիկայի ու սպառազինության կո­րուստ­­ների մասին ճշգրտված տվյալներ կան ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության  (նաև մեր մասնակցությամբ) կազմած ու հրապա­րակած աշխատության մեջ[7]:

Շուշիի ազատագրման փայլուն օպերացիայի շնորհիվ վերացվեցին Ստե­փանակերտի շրջակա թշնամական կրակակետերը և ռազմական հենա­կետերը: Հակառակորդին պատճառվեցին կենդանի ուժի ու տեխնիկայի նշա­նակալի կորուստներ, նրանից առգրավվեցին մոտ 10 միավոր զրահա­տեխնիկա, տարաբնույթ փոխադրամիջոցներ, հարյուրավոր հրթիռներ ու արկեր, մի քանի միավոր հրետանի և այլ զենք ու զինամթերք: Գերվեց 13 ադրբեջանցի[8], որոնք հետագայում փոխանակվեցին հայ ռազմագերիների կամ պատանդառված խաղաղ բնակիչների հետ:

Շուշիի ազատագրման խորհրդանիշներից Տակ-հուշարձանը

Շուշիի ազատագրման պատմական նշանակության մասին խոսելիս պետք է այն դիտարկել ոչ միայն արցախյան, նույնիսկ ոչ միայն հայաս­տանյան, այլև համահայկական տիրույթում: Այդ փայլուն հաղթանակը հայ ժողովրդին վերադարձրեց իր հոգևոր-մշակութային փառավոր անցյալի հի­շա­տակները պահպանած պատմական բերդաքաղաքը, որտեղ վերջնա­կան ոչնչացումից փրկվեցին մահաբեր հրթիռների ու արկերի պահեստների վերածված Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սբ. Հովհաննես Մկրտիչ եկե­ղեցիները, կարևոր արձանագրություններով հայտնի` 18-19-րդ դարերի տա­պա­նաքարերը, հայկական պատմաճարտարապետական այլ հուշար­ձան­­ներ: Շուշիի ազատագրման շնորհիվ կասեցվեց այլ ժողո­վուրդների, այդ թվում նաև պարսիկների, պաշտամունքային կառույցները յուրացնելու տաս­նամ­յակներ շարունակվող ադրբեջանական քաղաքականությունը և նպաս­տավոր պայմաններ ստեղծվեցին դրանք վերանորոգելու, ապա այցելուների համար մատչելի դարձնելու համար, ինչի վկայությունն է 2019 թվականին պարսկական մզկիթի վերաբացումը[9]:

Շուշիի ազատագրման նշանակության քաղաքական բաղադրիչն շեշտ­ված է նախորդած և հաջորդած զարգացումներով: Արտաքին քաղաքական ասպարեզում որոշ ժամանակով լիցքաթափվեցին տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող պետությունների միջև առկա հակասությունները, ան­հրա­­ժեշտություն առաջացավ վերագործարկելու կողմերի ուժերի հա­րաբե­րակցության ու քաղաքական ուղեգծերի վրա ազդեցության  լծակները և այլն: Գաղտնիք չէ, որ այս հաղթանակը  էապես փոխել է տարածաշրջանի ռազմաքաղաքական հաշվեկշիռը՝ հօգուտ հայկական կողմի: Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի միասնությունն ակներև է դարձրել հայ ժողովրդի ռազմական ներուժը, ինչպես նաև հակառակորդի ագրեսի­վությունը զսպելու և պաշտպանական-անվտանգային ռազմավարական օրա­­խնդիր իրավիճակ ձևավորելու կարողությունը: Ընդսմին այդ եռա­միաս­նությունը այսօր էլ շարունակում է մնալ որպես պատերազմը վեր­սկսելու և ռևանշի հասնելու Ադրբեջանի վերնախավի չհիմնավորված ձգտում­­­ների ռազ­մաքաղաքական զսպման ազդու միջոց:

Շուշիի և Ջանհասան-Քյոսալարի ենթաշրջանի գյուղերի ազատագրման օպերացիայի իրագործումը նշանավորել է հայ ժողովրդին հատուկ ռազ­մական մտքի փայլուն հաղթանակը, որը լրջագույն մարտական մկրտություն էր ընդհանրապես Արցախի ինքնապաշտպանության ուժերի և մասնավո­րա­պես նրա առանձին զորատեսակների ու միավորների համար: Առաջա­դրված խնդրի համեմատությամբ նվազագույն ուժերի ու միջոցների ներ­գրավ­մամբ, ինչպես նաև  առադրելի ու համաչափ կորուստներով հայ­կական ուժերի նվաճած փայլուն հաղթանակը ցույց է տվել օպերա­ցիաներ մշակելու, նախապատրաստելու և իրականացնելու գործում ԻՊՈՒ-ի հրամա­նատա­րութ­յան ունեցած անվիճելի առավելությունն ադրբեջանական հրա­մա­նա­տա­րության նկատմամբ, ինչպես նաև հայ ազատամարտիկի բարոյա­հոգե­բանական անհերքելի գերազանցությունը հակառակորդի զինվորի նկատ­մամբ: Շուշիի ազատագրումը ցուցադրել է հայ ռազմիկին յուրահա­տուկ որակական բարոյամարտական հատկանիշները, անհնարինը հնարա­վոր դարձնելու նրա հրաշագործ ունակությունը:

Շուշիի հաղթանակը դարձել է ազգային իղձերի իրականացման, ինքնա­գիտակցության ու մարտական ոգու բարձրացման, ազգային ինքնության հաստատման խորհրդանիշ: 

Ներքաղաքական ասպարեզում ակներև է դարձել մեկ գաղափարի (տվյալ պարագայում Շուշիի ազատագրման) շուրջ համայն հայության  համախմբման հնարավորությունը, որի մասնակի իրականացումը, թերևս, հաղթանակի գրավականներից մեկն էր: Այդ գաղափարի կենսագործումը կարելի է համարել մեկնակետ Արցախի Հանրապետության անկախության ամրապնդման և պետականության կերտման համար:  Անկասկած, Շուշիի ազատագրումից հետո ավելի ամբողջական ու լիարժեք դարձավ Արցախի Հանրապետության անկախությունը:

Ռազմական անվտանգության, հակառակորդի վտանգավոր կրակակե­տերի ու ռազմահենադաշտերի վնասազերծման անհրաժեշտությունից բխող իրադարձությունների պատճառահետևանքային կապի համատեքստում մեծ է Շուշիի ազատագրման նշանակությունը ոչ միայն Արցախի հայ ազգա­բնակչության ֆիզիկական գոյության ապահովման, այլև երկու հայկական հանրապետություններին պարտադրված պատերազմում ռազմական նա­խա­ձեռնությանը տիրելու գործում:

Շուշիի ու մայրաքաղաքին հարակից ադրբեջանական կրակակետերի ճնշումից և վտանգավոր հենակետերի վնասազերծումից հետո պատե­րազմի բնույթը փոխվել է: Եթե մինչ այդ Արցախի Հանրապետության ներսում մղվել  է հայրենական պատերազմ, որը նպատակաուղղված էր ներքին թշնա­մուց ձերբազատմանը, ապա Շուշիից հետո պատերազմն ընդունեց ԽՍՀՄ փլուզման հետևանքով միութենական նախկին հանրապե­տություն­ներից մեկի` ԱդրԽՍՀ վարչական տարածքում օրինաչափորեն ձևավորված երկու պետությունների` Ադրբեջանի Հանրապետության և Արցախի Հան­րապետության միջև ռազմական հակամարտության բնույթ, և մարտական գործողությունները տեղափոխվեցին սահմանային բնագծեր[10]:

Փայլուն ռազմական հաջողությունը հնարավորություն ընձեռեց կանխե­լու մարդասիրական աղետը: Շուշիում հակառակորդի ծավալած կրակակե­տերից ու ռազմահենադաշտից Արցախի մայրաքաղաքի և շրջակա խաղաղ հայկական բնակավայրերի մշտական հրթիռահրետակոծումները  այդպիսի աղետի էին հասցրել տասնյակ հազարավոր մարդկանց, հիմնականում` ծերերի, կանանց ու երեխաների…

Արցախի Հանրապետության գրեթե քառամյա շրջափակումը և Ստեփա­նակերտի պաշարումը տասնյակ հազարավոր բնակիչների դատապարտել էին սովի, համաճարակների, հարկադրված նկուղային կյանքի: Տնտե­սութ­յունը և ընդհանրապես կյանքը կաթվածահար էին եղել ջրի, էլեկտրա­կա­նության և գազի մատակարարման չարանենգ խափանման պատճառով: Դրանք հետևանք էին Ստեփանակերտի ոչնչացման անսքող նպատակով ձեռնարկված կանոնավոր հրթիռա-հրետանային կետային հարվածների ու հետևազորային հարձակումների: Որպես անհերքելի վկայություններ կարող եք հիշատակվել Ստեփանակերտի դաժան հրթիռահրետակոծությունների գերխիտ ժամանակագրությունը և Շուշիի ազատագրումից հետո տեղի եկե­ղե­ցիներում և շենքերի նկուղներում հայտնաբերված հազարավոր հրթիռ­ներն ու արկերը:

Այս առումով ինչպես Արցախի հայ ազգաբնակչության, այնպես էլ հա­մայն հայության համար Շուշիի ազատագրման օպերացիայի արդյունքների կենսական նշանակությունն անհնար է գերագնահատել: Վերացավ Արցախի բնակչության գլխին դամոկլյան սրի պես կախված բնաջնջման իրական սպառ­նալիքը և ստեղծվեցին բարենպաստ պայմաններ գոյատևման ու կեն­սապահովման միջոցների հայթայթման համար: Շուշիում հակառակորդի կենտ­րոնացած մեծ ուժերի ու միջոցների հետագա ծավալումը անմիջական սպառնալիք կստեղծեր Հայաստանի Հանրապետությանը, որը համայն հա­յութ­յան պետականություն ունենալու դարավոր երազանքի մարմնացումն է:

Շուշիի հաղթանակի հաղորդած համընդհանուր լիցքը, այդ կարևոր իրա­դարձության բարենպաստ հետևանքներից զրկվելու  տագնապն օգնեցին արցախահայությանը դիմանալու, տոկալու 1992 թ. հունիսի 12-ին հակառա­կորդի` նախաձեռնած լայնածավալ ագրեսիային, Շահումյանի ու Մարտա­կերտի անկմանը, մայրաքաղաքի ու մյուս խաղաղ բնակավայրերի վերսկսված անմարդկային ռմբահարումներով ու հրթիռահրետակո­ծություն­նե­րով պատճառվող աներևակայելի տառապանքներին ու զրկանքներին:

Շուշիի օպերացիայում ձեռք բերված հաղթանակը համաշխարհային հա­սարակայնությանը ցույց տվեց ինքնորոշման իրավունքի իրացման համար ծավալված պայքարի ամբողջ լրջությունը: Շուշիի ազատագրումը նաև նշանավորեց իրարից անջատ գործող ինքնապաշտպանական ջոկատներից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի` նոր հաստիքակազմակերպական կա­ռուցվածքի անցման և արագ զարգացման փուլի սկիզբը[11]:

Իր իսկական տերերին վերադարձված քաղաքը վերջին 28 տարիների ընթացքում վերակառուցվել և նոր տեսք է ստացել: Հիմնովին նորոգվել կամ կառուցվել են բազմաթիվ շենքեր, պատմաճարտարապետական հուշար­ձան­ներ, վերաբացվել են միջնակարգ ու բարձրագույն ուսումնական հաս­տա­­տութ­յուններ, մանկապարտեզներ, մշակութային ու մարզական օջախ­ներ, զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հաղորդակցության ուղիներ, կեն­ցա­ղային ու սոցիալական ապահովության օբյեկտներ: Շուշին օրեցօր շենա­նում էր, մշտական բնակչության և զբոսաշրջիկների քանակական աճը դինամիկ էր:

Տարեցտարի Շուշիի ազատագրումն ավելի ու ավելի է իմաստավոր­վում` տարիների հեռավորությունից պատկերանալով նոր կողմերով ու նշանակությամբ: Շուշիի ազատագրման օրը դարձել է եռակի տոն` միա­վորվելով Արցախի Պաշտպանության բանակի օրվա և գերմանական ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի հետ: Պատահական չէ, որ Երկրապահ կամավորականներն իրենց նոյեմբերյան համագումարում մա­յիսի 8-ը հռչակել են որպես Երկրապահի օր, քանի որ 1992 թ. մայիսի 8-ի երեկոյան Շուշիի ազատագրումն արդեն իրական էր, և այդ գործում ոչ քիչ ջանք ու ներդրում ունեցան կամավորական-ազատամարտիկները[12]:

Երախտապարտ քաղաքացիներն ամեն տարի մեծարում են իրենց քաջորդիներին, գնահատում նրանց սխրանքը, գլուխ խոնարհում բոլոր նահատակների անմար հիշատակի առջև և գարնանային թարմ ծաղիկներ դնում Շուշիի տանկ-հուշարձանի, Շուշիի ազատարարներին նվիրված խաչ­քարերի պատվանդաններին:

ԼՂՀ ԳԽ Նախագահությունը 1993 թ. մայիսի 7-ի որոշմամբ ընդունել է «Շուշիի ազատագրման համար» մեդալ հիմնելու որոշման նախագիծը[13]: «Շուշիի ազատագրման համար» մեդալի ուրվանկարի հեղինակը գծանկա­րիչ Ռաֆայել Ազիզյանն է[14]:

Ըստ ԱՀ Նախագահի աշխատակազմի քարտուղարության պարգևների և կոչումների բաժնի տրամադրած տվյալների` «Շուշիի ազատագրման հա­մար» մեդալով մինչև 2020 թ. ապրիլի 30-ը ներառյալ պարգևատրվել է 1679 մարդ, իսկ 1994 թ.` ևս 67 մարդ ԼՂՀ ԳԽ նախագահության երեք հրա­մանա­գրերով[15]:

Ներկա ու գալիք սերունդներն այլևս երբեք չպետք է կորցնեին իր հա­յա­շունչ ոգին ու կերպարանքը վերստացած Շուշին և պարտավոր էին այն պա­հել անառիկ, քանի որ առանց հայոց Շուշիի կխաթարվի Արցախի պատ­մա­քաղաքական ու վարչա-իրավական զարգացման, հոգևոր, մշակութային, ռազմաքաղա­քա­կան, սո­ցիալ-տնտեսական և կյանքի մյուս ոլորտների բնականոն ընթացքը:


[1] Տես Մ. Ա. Հարությունյան, Ո՞րն է Արցախի անկախությունը նվաճելու ուղին: «Ավետ­յաց Երկիր» «Հայ երիտասարդության ճակատ»-ի պաշտոնաթերթ, 1990 թ. դեկ­տեմբերի 15, հմ. 6:

[2] Տես ԼՂՀ ԱԳՆ մամուլի կենտրոնի արխիվ, գ. 29, թ. 52:

[3] Տես «Երկիր» ՀՅԴ Հայաստանի կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ, 1992 թ., հմ. 82:

* Ըստ հետախուզական տվյալների` 1992 թ. ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում կենտ­րո­նացված էր 11 միավոր տանկ, 9 ՀՄՄ, 10 ԶՓԴ, 2 ԶՀԴՄ, 100 մմ-ոց 3 թնդանոթ, 2 ՄՄ-21 «Գրադ» համազարկային կայանք, «ՈԻԱԶ»-ներում տեղակայված 3  ԿՊՎԴ գնդացիր, մոտ 1500 գրոհային (ԼՂՀ ՊԲ արխիվ, ռադիոկայանի ապարատային մատյան, հաղորդում ժամը 16.00 առ 27.04.92 թ.), իսկ մայիսի 6-ին Լաչինից Շուշի են տեղափոխվել 15-20 միավոր մեքենա, 4 ՀՄՄ, 4 ԶՓԴ (ն. տ., հաղորդում ժամը 11.35 առ 06.05.92 թ.): Ըստ երևույթին, այս տեխնիկայի ու սպառազինության մի մասը տեղաբաշխվել է Ջանհասան-Քյոսալար, Քիրս և Նաբիլար ուղղություններում: Ադրբեջանական աղբյուրներն ընդունում են, որ Շուշիում մայիսի 7-ի դրությամբ կային 3 Տ-72 և  1 Տ-55  տանկեր, 9 ՀՄՄ (ՀՄՄ-1՝ 5 միավոր, ՀՄՄ-2` 4 միավոր),  2  ԶՓԴ, 2 ԶՀԴՄ: 1 միավոր ՀՄՄ-2-ից բացի ամբողջ զրահա­տեխնիկան սարքին վիճակում էր (տես Бабаев Р., «При обороне Шуши мы использовали все боеприпасы…», «Зеркало», 4.09.2002 г., հմմտ.՝ М. А. Арутюнян, О некоторых вопросах историографии освобождения города Шуши и становления Армии Обороны. «Салют, Победа!», Сборник научных трудов  IV Всероссийской научно-практической военно-исторической конференции с международным участием. Т., 2014, с. 268); И. Самедов. Шуша: ожидание с надеждами…. «Наш Век», 03.05.2002 (http://www.nashvek.media.com/18/bol.html)):

[4] Տես, օրինակ, Ա. Մ. Դավթյան, Ս. Ա. Ավանեսյան, Շուշիի ազատագրումը և դրա պատ­­մական նշանակությունը: «ՀԲ», 2012, հմ. 12 (էլեկտրոնային տարբերակը` https:// razmavaraget.files.wordpress.com/2012/06/hb-n1-2_2012.pdf), Մ. Ա. Հարությունյան, Ար­ցախ­յան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը: Ե., 2000, էջ 75-123, նույնի՝ Արցախ­յան պատերազմը և պաշտպանության բանակի մարտական ուղին. 1991-1994 թթ.: «Կաճառ» (ԿԳԿ-ի տարեգիրք): Շուշի, 2015, գիրք 5 (59-70), էջ 6584, նույնի` Ոգու և զենքի փառավոր հաղթանակը: «ՀԲ», 2002, հմ. 12:

[5] Տես «Շուշիի ազատագրման ռազմաքաղաքական արդյունքները»: «Մարտիկ», 1993 թ., հմ. 7:

[6] Տես, օրինակ, Մ. Ա. Հարությունյան, Արցախյան պատերազմի կարևոր օպերա­ցիա­ների պատմագրական լուսաբանման որոշ վիճահարույց հարցերի մասին: «ՀԲ», 2019, հմ. 4 (էլեկտրոնային տարբերակը` https://razmavaraget.files.wordpress.com/2019/12/hb-4-2019.pdf):

[7] Տես «Շուշիի ազատագրման օպերացիան ռազմական արվեստի տեսանկյունից» (առանց հրատ. տվյալների), էջ 12, 23-24:

[8] Տես ԼՂՀ ՊԲ արխիվ, ռադիոկայանի ապարատային մատյան, հաղորդում ժամը 21.40 առ 10.05.1992 թ.:

[9] Տես «В городе Шуши состоялось торжественное открытие реконструи­ро­ван­ной Верхней мечети». «NEWS.am», 14.10.2019 (https://news.am/rus/news/538808.html):

[10] Տես Հ. Ս. Քոթանջյան, Ղարաբաղյան հակամարտության լուծման առանձնահատ­կութ­յունները (քաղաքագիտական փորձաքննություն): «Ղարաբաղ. հակամարտութ­յուն-համաձայնություն» (պատ­մա­քա­ղաքագիտական ժողովածու): Հրատարակիչ` ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագի­տական հանդես: Ե., 1997, էջ 5-11:

[11] Տես «Մարտիկ», 1993 թ., հմ. 7:

[12] Տես «Հայաստանի Հանրապետություն», 1998 թ., հմ. 90:

[13] Տես ԼՂՀ ԱԺ ընթացիկ արխիվ, ԼՂՀ ԳԽ նախագահության 1993 թ. մայիսի 7-ի նիստի հմ. 97 արձանագրություն:

[14] Տես նույն տեղում, ԼՂՀ ԳԽ նախագահության 1994 թ. հուլիսի 19-ի նիստի հմ. 156 արձանագրություն (մեդալի էսքիզի հեղինակին պարգևատրելու մասին):

[15] Տես Մ. Ա. Հարությունյան, Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատա­գրու­մը, էջ 145-146: Մոտ 1000 մարդու այդ մեդալով պարգևատրելու ԼՂՀ ԳԽ նախագա­հութ­յան հե­տագա հրամա­նագրերը, վերհանված անճշտությունների պատճառով, կասեցվել են:

Մ. Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, պահեստազորի մայոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար