Ծնվել է 1978 թ. Ստեփանակերտում: 1995 թ. ավարտել է Ա. Դ. Սախարովի անվան համար 8 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1999 թ. ավարտելով այն կարմիր դիպլոմով՝ ստացել է ընդհանուր տնտեսագիտության բակալավրի որակավորում և աշխատանքի ընդունվել ԼՂՀ հարկային պետական վարչության մեթոդաբանության և իրազեկման բաժնում` որպես հարկային տեսուչ: 1999–2001թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայում, որը գերազանց ավարտելով՝ ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան` «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ: 2000 թ. տեղափոխվել է ԼՂՀ ՀՊՎ Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչության ձեռնարկությունների և կազմակերպությունների հարկման բաժին և նշանակվել հարկերի հաշվառման գծով ավագ հարկային տեսուչ: 2001-2004 թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 2003 թ. աշխատանքի է ընդունվել ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամում` որպես տեսչության առաջատար մասնագետ: 2004 թ. նշանակվել է նույն բաժնի գլխավոր մասանագետ: 2005 թ. տեղափոխվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանձումների բաժին` որպես հարկային տեսուչ, ապա աշխատանքի ընդունվել ԼՂՀ կառավարության աշխատակազմի վարչատարածքային կառավարման բաժնում` որպես գլխավոր մասնագետ:
Գերազանց հանձնելով ԵՊՀ-ում «Տնտեսություն, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավառում» մասնագիտական որակավորման քննությունը և ստանալով «ԼՂՀ ձեռնարկատիրության զարգացման հիմնախնդիրները» ատենախոսության նախնական դրական գնահատականը` 2005 թ. դեկտեմբերի 23-ին ԵՊՀ ՀՀ ԲՈՀ-ի 015 մասնագիտական խորհրդի նիստում պաշտպանել է ատենախոսություն և գաղտնի քվեարկության արդյունքում (նիստին ներկա էր տնտեսագիտության 11 դոկտորներ և տեխնիկական գիտությունների 1 դոկտոր)` միաձայն նրան շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2006 թ. աշխատանքի է անցել «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում` որպես դասախոս: 2008 թ., ելնելով ԼՂՀ կառավարության աշխատակազմում իրականացված կառուցվածքային փոփոխություններից, տեղափոխվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության տարածքային կառավարման բաժին` նշանակվելով բաժնի գլխավոր մասնագետ: 2012թ. աշխատանքի է անցել ԼՂՀ վարչապետի վերահսկողան ծառայության հանձնարարականների վերահսկողության բաժին՝ որպես գլխավոր մասնագետ: 2017թ. հոկտեմբերից առ այսօր աշխատում է Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողան ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ:
Համաձայն ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 2009թ. ապրիլի 1-ի N40¢1 հրամանի` Դավիթ Աղաջանյանին շնորհվել է իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար նախատեսված առավելագույն քաղաքացիական ծառայության դասային աստիճանը (1-ին դասի խորհրդականի դասային աստիճան): 2009 թ. ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կազմակերպված քաղծառայողների վերապատրաստման դասընթացներին:
2009թ. մայիսի 18-ին, ՀՀ ԲՈՀ-ի N14 արձանագրության համաձայն, Դավիթ Աղաջանյանին տրվել է դոցենտի գիտական կոչումը հաստատող N01872 դիպլոմը:
Դավիթ Աղաջանյանը ներկայումս դասավանդում է ԱրՊՀ և «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում: Արցախում գործող Ամերիկյան համալսարանի ԹԳՀԶԾ Ստեփանակերտի մասնաճյուղի դասընթացավար է: 2009 թ.սկսած դասընթացներ է անցկացրել ԼՂՀ քաղաքացիական ծառայության համակարգի բարձրագույն և արաջատար պաշտոններում ընդգրկված աշխատողների համար` կառավարչական հմտություններ, միջանձնային հարաբերություններ, որոշումների ընդունում և կայացում և մի շարք այլ թեմաներով: Վերջին տարիներին մասնակցել է նաև Արցախում կազմակերպվող երիտֆորումներին, որտեղ հանդես է եկել տարբեր զեկույցներով: Հեղինակ է մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների, որոնք հրապարակվել են ինչպես ՀՀ-ում և ԼՂՀ-ում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում: Հրապարակել է նաև տնտեսագիտական ուսումնա-մեթոդական երկու ձեռնարկ:
2019 թ. ընտրվել է Ստեփանակերտի համայնքի ավագանու անդամ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: