ՔԱՐԻՆՏԱԿԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայրենիքի պաշտպանների հուշահամալիրը

Արցախյան պատերազմի նշանավոր օպերացիաներից մեկի՝ Քարինտակի հերոսական պաշտպանության ռազմագիտական վերաիմաստավորմանը նվիրել ենք առանձին ուսումնասիրություն[1]: Նորահայտ փաստաթղթերի, ժամանակի պարբերական մամուլի և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քննության ենք առել այդ կարևոր իրադարձության ռազմավարական, ռազմաքաղաքական և այլ տեսանկյունները, ներկայացրել  դրա պատմական նշանակությունը, ինչպես նաև կարևորությունն Արցախում ռազմական արվեստի զարգացման առումով:

Քարինտակի հերոսամարտի եզակիությունը, որն արտահատվում է ժամանակի ու տարածության մեջ, անհրաժեշտ էր դարձնում զուտ ռազմական տեսանկյունից այն քննության առնելը, որպեսզի, նախ, վերաիմաստավորվեր Արցախյան պատերազմի հաղթական ընթացքի վաղ դրսևորումներից մեկը, ապա նաև bացահայտվեին քաղաքականացված ու պատեհապաշտորեն արտահայտված տեսակետների անհամատեղելիությունը և հակասությունները իրականության հետ: Մենք ցույց ենք տվել, որ խնդրո առարկա իրադարձությանը բազմիցս անդրադարձել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական աղբյուրները: Հայ հեղինակները հատկանշել են գյուղի պաշտպանների հերոսական կերպարը, հաղթելու կամքն ու վճռականությունը: Իսկ հակառակորդի ճամբարում ձգտում են վերհանել Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջին կանոնավոր ստորաբաժանումների առաջին օպերացիայի ձախողման պատճառները, սակայն ապարդյուն, որովհետև ընթանում են ակնհայտ սխալ ճանապարհով` ըստ ամենայնի փորձելով մեղավորներ փնտրել և մտացածին պատճառաբանություններ գտնել սխալների ու անհաջողությունների համար: Մեր աշխատանքում ըստ անհրաժեշտության փորձել ենք համադրել հակամարտող կողմերի տեսակետները և հնարավորինս վերականգնել դեպքերի իրական պատկերը:

Պատճառահետևանքային կապի մեջ դիտարկելով հայկական կողմի հաջողության և հակառակորդի կատարյալ ձախողման խորքային պատճառները՝ հատկանշելի ենք համարում Ադրբեջանում 1992 թ. հունվարին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Խորհրդային Միության փլուզումից հետո միութենական հանրապետություններից մեկի` Ադր.ԽՍՀ նախկին տարածքում առաջացել էին երկու պետական կազմավորումներ` Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը: Ադրբեջանցի քաղաքական ու ռազմական գործիչները պահը հարմար էին համարում պատմական Արցախի վերջին հայկական շրջանները բռնազավթելու համար: Այդ նպատակով Ադրբեջանում կանոնավոր զինված ուժեր ստեղծելու գործընթացում փորձեր արվեցին ներգրավելու դեռևս անորոշ կարգավիճակում գտնվող նախկին ԽՍՀՄ ԶՈՒ՝ այդ հանրապետությունում տեղակայված զորամասերի անձնակազմին, նախևառաջ` ռազմական մասնագետներին ու սպառազինությունը: Բարեբախտաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրենց բաժին սպառազինությունը ստանալու շուրջ բանակցությունները նախկին ԽՍՀՄ իրենց պաշտոնակիցների հետ այդ ժամանակ դրական արդյունք չունեցան: Սակայն, դեռևս մինչև այդ բանակցություններն էլ Ադրբեջանում ուղղակի բռնագրավվում էին նախկին ԽՍՀՄ զորքերի սպառազինությունն ու տեխնիկան:

1992 թ. հունվարն, ադրբեջանական իսկ աղբյուրների գնահատմամբ, առանձնանում էր ներքաղաքական պայքարի սրացմամբ: Իշխանության մնացած նախկին կոմունիստական վարչակարգի և ընդդիմության, հատկապես Ադրբեջանի ժողովրդական ճակատի արմատական գործիչների միջև կատաղի պայքարն իշխանության համար անդրադառնում էր նաև ռազմական ոլորտին: Հենց այդ պայքարի հետևանք է համարվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի փոփոխությունը: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված կազմավորումների և ՆԳՆ ՄՀՆՋ-ի անհաջողությունների համար ընդդիմությունից մեղադրանքների արժանացած նախագահ Մութալիբովն անհատապես էր հետաքրքրված Արցախում տպավորիչ ռազմական հաջողության ձեռքբերմամբ և այդպիսի խնդիր անձամբ էր դրել նորանշանակ պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Թաջեդդին Մեհդիևի առաջ: Ադրբեջանական աղբյուրները լռում են, թե հատկապես ինչու է այդ նպատակի համար ընտրվել Քարինտակ փոքրիկ գյուղը: Ոմանք մոգոնում են Շուշիի և Լաչին-Շուշի ճանապարհի համար այդ փոքրիկ գյուղի իբր ներկայացրած մեծ վտանգի մասին չափազանցված պատճառաբանությունը, մինչդեռ իրական փաստերը միանգամայն հակառակն են ապացուցում:

Քարինտակի վրա հարձակվելու որոշումը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր կայացնել հետևյալ նկատառումներով.

ա) աշխարհագրական դիրքի գործոնը: Այս տեսակետից ուղղակի անհամադրելի են փոքրիկ գյուղի աշխարհագրական անբարենպաստ և, ընդհակառակը, Շուշիի գերիշխող դիրքերը: Այս ակնհայտ առավելությունը հակառակորդին հեշտությամբ հաղթանակի հասնելու հույսեր էր ներշնչում:

բ) կենդանի ուժի և սպառազինության անհամաչափ տարբերությունը:

Ադրբեջանական աղբյուրները չեն թաքցնում, որ իրենց հետախուզության տվյալներով` Քարինտակը պաշտպանում էր մոտավորապես հինգ տասնյակ աշխարհազորային: Գյուղի ոչ բոլոր պաշտպաններն էին զինված ինքնաձիգներով և այլ մարտական հրազենով: Մեկ ձեռքի մատների վրա կարելի էր հաշվել գնդացիրները, նռնականետը և դիպուկազարկ հրացանը: Մեծամասնությունն առաջվա պես որսորդական հրացաններով էր դիրքերում հերթապահություն կատարում: Իսկ հրետանային և հակատանկային միջոցների մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող: Ադրբեջանական հրամանատարությունը Քարինտակի դեմ կենտրոնացրել էր առնվազն երկու ուժեղացված գումարտակ, աֆղանական պատերազմում մարտական պարգևների արժանացած ու հայկական բնակավայրերի դեմ մարտական գործողություններում փորձ ձեռք բերած առնվազն 10 գրոհայիններից բաղկացած խումբ, ՆԳՆ հատուկ նախանշանակման և ՄՀՆՋ երկու դասակ, ընդհանուր առմամբ` մոտ 400 զինվոր ու սպա: Գրոհին ներգրավված էր 4 միավոր զրահատեխնիկա, որոնցից երկուսը տեխնիկական անսարքության կամ այլ պատճառներով նշանակված ժամին տեղ չի հասել, իսկ ադրբեջանցիների ԲՐԴՄ-ը մեկ այլ զրահամեքենայի կրակային աջակցությամբ հասել է գյուղի մատույցներին և պայթել ականի վրա: «Զաստավ» տեղամասից հրետանային ապահովում էր իրականացնում ԿՍ-19 թնդանոթ, Շուշիի պարսպաժայռից գործել են բազմաթիվ գնդացրային ու դիպուկազարկային կրակակետեր: Գյուղն անմիջապես գրոհած ադրբեջանական կանոնավոր ստորաբաժանումների մարտիկները զինված էին ինքնաձիգներով, գնդացիրներով, դիպուկազարկ հրացաններով և մեծ քանակությամբ զինամթերքով: Հակառակորդի հատուկ նախանշանակման ստորաբաժանումների գրոհայինները մինչ այդ Քարինտակում «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով պատժիչ և 1991 թ. դեկտեմբերի 19-ին ու 28-ին հարձակողական գործողությունների մասնակից էին, ուստի քաջածանոթ էին տեղանքին: Քարինտակցիների վկայությամբ` շրջակա ադրբեջանական բնակավայրերից հարյուրներով խաժամուժ էր հավաքվել, որպեսզի գյուղ ներխուժի կողոպուտի համար: Ինչպես տեսնում ենք` ուժերի ու միջոցների ծայրահեղ անհամաչափ հարաբերակցությունը հակառակորդին անվերապահ հաղթանակի հասնելու հույս էր ներշնչում:

գ) նախկին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ԶՈՒ կարգախմբերի հետևում թաքնված Ադր.ԽՍՀ ուժայինների ահաբեկչական գործողություններն ադրբեջանական կողմը հաջողություն էր համարում և թյուրիմացաբար կարծում էր, թե կարող էր կատարել նաև սեփական ուժերով: Այս հարցը կարևորվում է նաև այն առումով, որ որոշ բարձրաստիճան ուժայիններ այսօր էլ Ադրբեջանում հոխորտում են, որ իրենք ավելի փոքրաթիվ ուժերով հաջող  «օպերացիաներ» են անցկացրել Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում և հենց իսկ Քարինտակում: Իսկ իրականությունը միանգամայն այլ էր: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում աներևակայելի հեղինակություն էին ձեռք բերել ՆԳՆ, նրա շրջանային, քաղաքային բաժինները, ՄՀՆՋ-ն (ՕՄՕՆ-ը): Իրականում այդ հեղինակությունը կեղծ էր, որովհետև ձեռք էր բերվել ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի և խորհրդային բանակի կարգախմբերի հետ միասին իրականացված ռեպրեսիվ միջոցառումների կամ օպերացիաների (անձնագրային ռեժիմի ստուգում, զենքի ու զինամթերքի որոնում, «գրոհայինների» հետապնդում, ռեյդեր ևն) շնորհիվ: Կարելի է ասել, որ ադրբեջանական ուժայիններն իրենց լավ էին զգում, երբ թաքնված էին միութենական կառույցների իրենց գործընկերների (իմա՝ հանցակիցների) թիկունքում: Իսկ հայ աշխարհազորայինը բացի այլ խոչընդոտներից, ուներ նաև «կարմիր բանակայինի» անձեռնմխելիության բարդույթ: Իսկ երբ 1991 թ. դեկտեմբերի 25-ին սկսեցին Արցախի տարածքից դուրս բերել ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերը, հատկապես «ԴՕՆ» դիվիզիայի գնդերը, ադրբեջանցի «իգիթները» մեն-մենակ մնացին հայ ազատամարտիկի դեմ և մեկեն զգացին, որ հողը փախչում է ոտքերի տակից: Արցախի նոր կազմավորվող ինքնապաշտպանության ուժերի աշնան վերջերին ու ձմեռվա սկզբներին իրականացրած ազատագրական մարտերը ցույց տվեցին, թե որ կողմն է ավելի մարտունակ և ի վիճակի մարտական խնդիրներ լուծելու: Ադրբեջանի ԶՈՒ առաջին կանոնավոր ստորաբաժանումը, որին վիճակվեց ուժերը չափել հայերի հետ, Շիխովյան դեսանտագրոհային գումարտական էր, որն ուժեղացված այլ ստորաμաժանումների ու օժանդակ ուժերի հետ հարձակվեց Քարինտակի վրա: Ադրբեջանցիներին թվում էր, թե այդ փոքրիկ գյուղի գրավումն մի առանձին դժվարություն չի ներկայացնում, ուստի ներգրավված բոլոր ուժերն ու հրամանատարները ուզում էին րոպե առաջ փառքի դափնիների արժանանալ և, մինչև անգամ, այդ հողի վրա իրար հետ մրցակցում ու հակադրվում էին: Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ հենց այդ անհիմն փառասիրությունը և հայկական ուժերի թերագնահատումը ճակատագրական եղան օպերացիան նախաձեռնած ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների և Ադրμեջանի ԶՈՒ 1-ին դեսանտագրոհային գումարտակի համար, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ Քարինտակում:

դ) Քարինտակը 1988 թ. սեպտեմբերից, փաստորեն, պաշարված էր: Գրեթե ամենօրյա գնդակոծությունները, հարձակումները, մարդորսությունը, հանրային ունեցվածքի վնասարարությունը և այլ խափանարար գործողություններ, ըստ ադրբեջանական կողմի, ընկճած պետք է լինեին Քարինտակի պաշտպաններին ու բնակչությանը, կաթվածահար արած լինեին գյուղատնտեսական աշխատանքները, առաջին անհրաժեշտության սննդամթերքի ու դեղորայքի մատակարարումները, ծանրացրած լինեին սովահար աշխարհազորայինների մարտական ու բարոյահոգեբանական վիճակը: Դա տեսականորեն հնարավոր էր: Իսկ գործնականում քարինտակցին, արհամարհելով գնդակոծություններն ու ամեն տեսակ վտանգները, շարունակել է հող մշակել, խոտ հարել և անասունն արտովայր տանել, դպրոց հաճախել ու հարսանիք անել կամ ծնունդ նշել, իսկ ամենակարևորը` թև ու թիկունք կանգնել հայրենի գյուղի պաշտպաններին, որոնք գիտակցում էին, որ իրենց թիկունքում ընտանիքն է, հետևաբար նահանջելու տեղ չկա, ընդհակառակը, հարկ եղած դեպքում կյանքի գնով պետք է պաշտպանել սեփական օջախը, հարազատներին: Յուրաքանչյուր ընտանիք հոգացել է իր անվտանգությունը երաշխավորող տղամարդու պաշտպանական գործառույթներից հարուցված բոլոր կարիքները: Իսկ տղամարդն էլ հերթափոխից հետո զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, որպեսզի հացի խնդիր չունենան: Հետևաբար, ադրբեջանական հրամանատարության հաշվարկները պաշարված գյուղը սովի մատնելու, ահաբեկելու և դիմադրական ոգին ընկճելու վերաբերյալ նույնպես սխալ դուրս եկան:

ե) ադրբեջանցիները գրեթե համոզված էին, որ Շուշիի բանտում բազմաթիվ քարինտակցիների տանջահարումները և տևական ահաբեկումը պետք է որ սարսափ տարածած լինեին գյուղում, ուստի բավական էր ադրբեջանական ՕՄՕՆ-ը հայտնվեր գյուղում, բնակիչները լեղաճաք եղած փախչելու էին: Բայց, ընդհակառակը, քարինտակցին ավելի է ամրապնդվել իր համոզմունքներում և խոր ատելությամբ լցվել թշնամու հանդեպ, ապա և բազմապատկված եռանդով ու վրեժխնդրությամբ դիմագրավել հայրենի գյուղի վրա հարձակված ոսոխի մեծաքանակ ուժերին: Մարտին Ամիրջանյանի սխրագործությունն ասվածի լավագույն վկայությունն է:

Բազմաքանակ թշնամու դեմ կենաց մահու մարտն ընդունած Քարինտակը դարձավ Հայաստանի ռազմական պատմության նորագույն շրջանի մարտական փառքի գյուղերից մեկը: Բնակավայրի հերոսական պաշտպանությունն առայսօր հարուցում է ռազմարվեստի տեսաբանների ու դաշտային հրամանատարների կամ արհեստավարժ զինվորական մասնագետների զարմանքը: Կարծում ենք, որ ճակատամարտի արդյունքները դեռ երկար կհետաքրքրեն նրանց և կշարժեն այլևայլ հեղինակների վառ երևակայությունը:

1992 թ. հունվարի 26-ը բեկումնային եղավ ադրբեջանա-արցախյան պատերազմի ընթացքում. Քարինտակի հերոսամարտը վճռեց պայքարի ելքը` հող նախապատրաստելով առաջին հերթին Շուշիի ազատագրման, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և նրա հետագա հաղթական առաջխաղացման համար:

1992 թ. հունվարի երկրորդ կեսը բնութագրվում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ծանր իրավիճակով: Ստեփանակերտի և շրջակա հայկական գյուղերի մշտական հրետակոծությունները, սահմանամերձ գյուղերի վրա հարձակումները բնակչությանը լարված վիճակում էին պահում, իսկ ոմանց, հատկապես ուժերի հարաբերակցությունը մաթեմատիկորեն հաշվարկողներին հասցրել էին հուսահատության եզրին: Եվ շատերը շունչները պահած սպասում էին Քարինտակի հերոսամարտի ելքին: Ուստի, երբ այն ունեցավ հաղթական ավարտ, հույս ներշնչեց հազարավոր մարդկանց, որոնց համար հասկանալի դարձավ, որ դիրքային առավելությունը, կենդանի ուժի և տեխնիկայի գերակշռությունն ամենևին էլ վճռորոշ չեն հաղթանակի համար, իսկ մարտական ոգին և կամային այլ որակները, հայրենի հողն ու օջախը պաշտպանելու վճռականությունը, մարտական ավանդույթները և պատմականորեն ձևավորված խոր ատելությունը թշնամու նկատմամբ դառնում են ինքնապաշտպանության դիմած ազատամարտիկների անխորտակ զենքերը:

Քարինտակի հերոսամարտը, փաստորեն, ձախողեց 1992-ի սկզբներին ռազմական նախաձեռնությունը հայկական ուժերից խլելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձը: Հայտնի է, որ այդ հերոսամարտից հետո Ադրբեջանում ավելի սրվեց իշխող վերնախավի տարբեր թևերի միջև հակադրությունը: Քարինտակի ճակատամարտում Ադրբեջանի ամենաընտիր ստորաբաժանումների ջախջախիչ պարտության մեղավոր ճանաչվեց ռազմագործողության մտահղացման հեղինակ և անմիջական հրամանատար, այդ ժամանակ պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Թ. Մեհդիևը:

Քավության նոխազ գտնելուց հետո անգամ հակառակորդի ճամբարում կրքերը չհանգստացան. պարտության հիմնական պատճառներից հայտարարվեցին հունվարյան սառնամանիքը, տեղացած ձյունը (փաստորեն թշնամու քարոզչական մեքենան, ակամա, ընդունում է բնության հարուցած խոչընդոտները հաղթահարած հայ զինվորների տոկունությունը, քանի որ այդ նույն եղանակային պայմաններում են կռվել նաև նրանք), սխալ պլանավորման ու դրա անհաջող կազմակերպման, կապի բացակայության և այլ մտացածին հանգամանքների վրա: Սակայն, հակառակորդի ուղեղում որևէ կերպ չեն տեղավորվում այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են իր տունն ու օջախը, ընտանիքն ու հայրենիքը պաշտպանող հայ ազատամարտիկի բարոյակամային անհամեմատելի առավելությունը, հայ զինվորի մարտական ոգին և պապերից ժառանգած մարտական ավանդույթները: Այդ գործոնները կարող են վճռորոշ լինել նաև ժամանակակից համազորային մարտում, մինչև անգամ 6-րդ սերնդի պատերազմներում, երբ, թվում է, ամեն ինչ որոշում են գերճշգրիտ զենքերն ու զինատեսակները: Սակայն, ինչպես ցույց տվեցին 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուքիայի սանձազերծած ու միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ 44 օրյա ագրեսիվ պատերազմի արդյունքները, հակառակորդը բարեյահոգեբանական դիսբալանսը կարող է հաղթահարել հատուկ դեղամիջոցների (հոգեմետ հաբեր և թմրանյութեր) միջոցով: Այսուհետ չենք կարող միայն ապավինել բարոյահոգեբանական պատրաստությանը՝ երկրորդական պլան մղելով գերճշգրիտ զինատեսակներով սպառազինումը, 6-րդ սերնդի պատերազմներին յուրահատուկ մարտավարության յուրացումը և կիրառման հմտությունների ձեռքբերումը:


[1] Հարությունյան Մ., Հարությունյան Ա., Քարինտակի հերոսական պաշտպանությունը (ռազմական տեսանկյուն), Շ., «Կաճառ» գիտական կենտրոնի  հրատարակչություն, 2020, 96 էջ:

Պատասխան թողնել