ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԱՆԲԱՍԻՐ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Շարունակվում է Արցախի Հանրապետության՝ ժողովրդավարական պետության և նրա բազմաչարչար ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան, որն  ուղեկցվում է հայկական տարածքների բռնազավթմամբ, հայ ազգաբնակչության ցեղասպանությամբ, նրա պատմական հայրենիքում հայկական հոգևոր-մշակութային բազբադարյան ժառանգության ոչնչացմամբ: Մարդու հիմնարար ազատությունների ու տարրական իրավունքների, ժողովուրդների ինքնորոշման, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի անթույլատրելիության հիմնարար սկզբունքների ոտնահարումները 2020 թ. սեպտեմբերի 27-ի  ագրեսիայից առ այսօր Ադրբեջանը չի դադարեցնում՝ խորամանկորեն մանիպուլացնելով տարածաշրջանում  առևտրատնտեսական ու ռազմաքաղաքական շահեր ունեցող երկրների համագործակցության ձգտումները:

Անհավատալի է, որ XXI դարում անպատիժ կերպով շարունակվում են Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն ու ռասիզմը Արցախի Հանրապետության հայ բնակչությանը սպանելու, տեղահանելու, առևանգելու, խոշտանգումներով ու հետապնդումներով ահաբեկելու նպատակներով: Այդ նպատակների իրագործումն ավարտին հասցնելու և իր զավթողական քաղաքականությունն արդարացնելու համար Ադրբեջանը  շարունակում է նենգափոխել հակամարտության իրական կերպարը և միջազգային իրավունքը փորձում է մեկնաբանել իր շահերին հարմարեցնելու եղանակով: Մինչդեռ անառարկելի է այն փաստը, որ Արցախի Հանրապետությունը երբևէ չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի  կազմում:

Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անկախացել է օրինապատշաճ ձևով և այն իրավաքաղաքական հիմքերով, որոնցով Ադրբեջանն է ինքնահռչակվել հանրապետություն:  

Պատմության համար շատ փոքր, բայց նշանակությամբ ու բովանդակությամբ հարուստ գրեթե երեք տասնամյակ է անցել ԼՂՀ-ի հռչակումից, ինչը, հիրավի, դարակազմիկ իրադարձություն էր Արցախի բազմադարյան պատմության համար: Անշուշտ, ժամանակի հարահոս ընթացքը և տեղի ունեցածի միտումնավոր խեղաթյուրումն իրենց հետքն են թողել մեր հիշողության ու պատկերացումների մեջ: Հատկապես նրանք, ովքեր Արցախի հայ բնակչության անկախության գաղափարի ոխերիմ թշնամիներն են և փորձում են օրինաչափորեն ու օրինականորեն ծավալված Արցախյան շարժումը ներկայացնել որպես «անջատականություն», շա¯տ կցանկանային մոռացության տալ այն պատմական  իրադրությունը, որն էլ, փաստորեն, հենց թելադրել է հետագա անելիքները: Թող այն տպավորությունը չստեղծվի, թե մենք ուզում ենք 1991թ. սեպտեմբերի 2-ի իրավաքաղաքական հույժ կարևոր ակտը որակել որպես «հանգամանքների բերումով», ինքնըստինքյան կատարված մի իրադարձություն: Կարող ենք աներկբա նշել, որ այն  ժամանակվա քաղաքական գործիչների զգալի մասը ճիշտ կողմնորոշվեց և հանդես բերեց կամք ու վճռականություն: Պահը հասունացել էր ոչ միայն նախընթաց իրադարձությունների, այլ նաև ընդհանրապես ԽՍՀՄ-ում տեղի ունեցող արմատական փոփոխությունների հետևանքով: Կարծում ենք, որ ԼՂՀ-ի հռչակման 30-րդ տարեդարձը, որը կտոնենք երեք ամիս անց, լավ առիթ է` վերհիշելու մեր ոչ  հեռու անցյալը և վերաիմաստավորելու օրինաչափորեն կատարվածը: Սա հատկապես հրատապ է դառնում 2020 թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանաթուրքական ագրեսիայի պատճառով սանձազերծված զավթողական, ահաբեկչական ու ցեղասպանական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված միանգամայն նոր իրադրության մարտահրավերների իմաստավորման, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու և միջազգայնորեն ճանաչելու տեսակետներից: Միջազգային պրակտիկայում նախադեպային օրինակների համապատկերում մեր ժողովուրդը համոզված է, որ հեռու չէ նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման օրը:

Եվ այսպես. ինչպիսի՞ն էր ռազմաքաղաքական իրադրությունը Արցախում և, ընդհանրապես, երբեմնի Խորհրդային Միությունում:    Արցախում դեռևս շարունակվում էր 1991թ. գարնանը նոր ծավալներ ընդունած ահաբեկչության քաղաքականությունը, որn իրականացվում էր «Կոլցո»  կոդային անվանումը ստացած ռազմական գործողության միջոցով: 1991թ. օգոստոսի 19-21-ը Մոսկվայում իրականացված հեղաշրջումը, ապա և դրան հետևած իրադարձություններն ավելի էին խորացրել քաոսն ու անիշխանությունը խորհրդային կայսրության ամբողջ տարածքում և, հատկապես, այսպես կոչված, «թեժ կետերում»: Նոր թափ ստացավ ԽՍՀՄ-ից անջատվելու համար նրա նախկին  սուբյեկտների՝ միութենական հանրապետությունների ծավալած պայքարը: Այդ ալիքի վրա 1991թ. օգոստոսի 30-ին ԽՍՀՄ-ից անջատվելու և անկախ պետականություն ստեղծելու մասին հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ն: Ակնհայտ դարձավ, որ ԽՍՀՄ-ի փլուզման և նրա ավերակների վրա նախկին սուբյեկտների կողմից իրենց ազգային պետությունները հիմնելու գործընթացը նորանոր վտանգներ էր պարունակում արցախահայության համար:   Ստեղծված պայմաններում հրատապ խնդիրը խորհրդային կայսրության  փլատակների տակ չճզմվելն էր: Թվում էր, թե Արցախյան շարժման  ղեկավարները հայտնվել են անելանելի կացության մեջ, այնինչ՝ 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքով հստակ նշված էր նաև Խորհրդային Միության մյուս սուբյեկտների՝ ինքնավար կազմավորումների  իրավունքը՝ ինքնուրույնաբար որոշելու իրենց կարգավիճակի հարցը: Մասնավորապես, այդ օրենքի 3-րդ հոդվածը սահմանել է. «Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար  օկրուգներ ունեցող հանրապետություններում հանրաքվեն (ԽՍՀՄ կազմից դուրս  գալու միակ օրինական միջոցը, ինչին քամահրանքով է մոտեցել Ադրբեջանը)  անցկացվում է յուրաքանչյուր առանձին ինքնավարությունում: Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշել ԽՍՀՄ-ում կամ Միության կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև՝ դնելու իր պետաիրավական  կարգավիճակի հարցը»:    Դեռևս գործող ԽՍՀՄ օրենքին համապատասխան, 1991 թ. սեպտեմբերի  2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների  համատեղ նիստը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ նախկին  ԼՂԻՄ և ինքնավարությունից հանիրավի պոկված Շահումյանի շրջանի տարածքներում:         Քանի որ հռչակվել է նորաստեղծ հանրապետության տարածքում Խորհրդային Միության օրենքների գերակայությունը, ուստի ԼՂՀ-ի հռչակումը այն ժամանակ նշանակել է ԽՍՀՄ կազմում մնալու՝ արցախահայության ընտրյալների կամքի արտահայտում, ինքնավարության կարգավիճակի բարձրացումով: Դա թելադրված էր ստեղծված իրադրության և քաղաքական զարգացումների մի քանի նուրբ առանձնահատկություններով: Բայց, միաժամանակ, սկսվել է անկախության գործընթացը, որը ամենայն բծախնդրությամբ, համապատասխանեցվել է ժամանակի օրենսդրական դաշտին ու միջազգային իրավունքի տառին ու ոգուն:

 Երկու կարևոր հարց կարոտ են պարզաբանման: Նախ՝ մարզային խորհրդի օրինականության մասին: Ինչպես  հայտնի է, 1989թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության որոշմամբ Հատուկ կառավարման կոմիտեի  ստեղծումով ժամանակավորապես դադարեցվել էին ԼՂԻՄ  մարզխորհրդի և կոմկուսի մարզկոմի լիազորությունները: Դրանք պետք է վերականգնվեին 1989թ. նոյեմբերի 28-ի ԽՍՀՄ ԳԽ որոշմամբ,  կազմկոմիտեի ստեղծմանը զուգընթաց, հավասարության սկզբունքով: Սակայն, ադրբեջանական կողմը, կատարելով այդ որոշման միայն կազմկոմիտեին վերաբերող մասը, անընդհատ ձգձգել է ԼՂԻՄ տեղական իշխանության մարմինների լիազորությունների վերականգնումը՝ քամահրանքով մոտենալով հավասարության սկզբունքի պահպանման` նոյեմբերի 28-ի որոշման պահանջին:           Պատահական զուգադիպությամբ, թե օրինաչափորեն, ուղիղ երկու տարի անց, 1991թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Սահմանադրական  հսկողության կոմիտեն հակասահմանադրական և անօրինական է  ճանաչել 1989թ.  հունվարի 12-ի և նոյեմբերի 28-ի որոշումները հատկապես ԼՂԻՄ  մարզխորհրդի լիազորությունները դադարեցնելու մասով, քանի որ խորհուրդները  ընտրովի մարմիններ էին, հետևաբար՝ ԼՂԻՄ  մարզխորհրդի լիազորությունների դադարեցման որոշումները հակաօրինական ու կամայական էին, ուստի՝  նրա գործունեությունը և, հատկապես, սեպտեմբերի 2-ի նիստը  օրինականության տեսակետից կասկածի ենթակա չեն: Մյուս կողմից, ինչպես հայտնի է, հեղաշրջման ձախողումից հետո, քանի որ կազմկոմիտեն ողջունել ու իր  աջակցությունն էր հայտնել Արտակարգ դրության պետական վարչությանը (ԳԿՉՊ-ին), հեղինակազրկվել ու կորցրել էր իր լիազորությունները Արցախում: ԼՂԻՄ մարզխորհուրդն էլ դուրս է եկել ընդհատակից և կայացրել միանգամայն օրինական ու պատմական որոշում: Մյուս կողմից, ի հեճուկս ԼՂԻՄ օրինական իշխանության մարմինների գործունեության վերականգնմանը խոչընդոտող Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարության, հանգույցը լուծվեց հենց տեղում: Այսպես, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 10-րդ նստաշրջանը 1990թ. մարտի 27-ին ընդունեց որոշում «Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարման խորհրդի և նրա գործադիր կոմիտեի  գործունեության վերսկսման մասին», որով իր տրամաբանական  լուծումը ստացավ արցախահայության ընտրովի իշխանության վերականգնման հարցը: Այս կարևոր ակտը մի տեսակ ստվերում էր մնացել, մինչդեռ դրա մասին խոսելը կարող է ուժեղացնել ԼՂՀ-ի օրինականության փաստարկները:     

Մեր ընդդիմախոսները կարող են կասկածի տակ առնել Շահումյանի շրջանի տարածքը ԼՂՀ-ի կազմում հռչակելու  օրինականությունը: Բայց՝ իզուր:  1990թ. ապրիլի 3-ի վերոնշյալ  օրենքի 3-րդ հոդվածում սահմանված էր. «Միութենական հանրապետությունում, որի տարածքում առկա են տվյալ տեղանքում բնակչության մեծամասնությունը կազմող ազգային խմբերի համահավաք բնակության վայրեր, հանրաքվեի (ԽՍՀՄ կազմից դուրս գալու)  հանրագումարը որոշելու ժամանակ քվեարկության արդյունքները այդ վայրերում հաշվի են առնվում առանձին»: Ուստի, ԽՍՀՄ օրենքով ճանաչվում էր նաև իր բնատարածքում ապրող, բայց իր ազգային պետական միավորներից դուրս մնացած ազգային խմբերի ինքնորոշման իրավունքը: Թեև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին օրենքը, այդպես էլ հանրաքվե չանցկացրեց, այլապես Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ ազգաբնակչությունը միահամուռ կքվեարկեր Ադրբեջանի հետ ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեմ, բայցևայնպես, նշյալ տարածքների հայությունը, օգտվելով գործող օրենքի ընձեռած հնարավորությունից, արտահայտեց մայր տարածքին՝ Արցախին  վերամիավորվելու իր կամքը:  Հիշենք նաև, որ դեռևս 1989թ. հուլիսի 26-ին Շահումյանի շրջանային խորհուրդը, արտահայտելով ընտրողների դիրքորոշումը, որոշում էր ընդունել ԼՂԻՄ-ի հետ վերամիավորվելու մասին:  Ինչպես տեսնում ենք, ԼՂՀ-ի հռչակումը օրինական էր և համապատասխանում էր ժամանակի իրավական նորմերին:     

ԼՂՀ-ի անկախության գործընթացն ունեցավ ևս երկու փուլ.  1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեն և 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ ԳԽ-ի Անկախության հռչակագրի ընդունումը: Դրանով ԼՂՀ-ն ամրապնդեց  իր անկախությունը և, ապա՝ դիմագրավելով Ադրբեջանի ագրեսիային, պաշտպանեց այն արտաքին ոտնձգություններից, ապացուցելով ու հաստատելով արևի տակ տեղ ունենալու՝ իր անկապտելի իրավունքը:

Սեպտեմբերի 2-ը, փաստորեն, սեպտեմբերի 21-ի գլխավոր փորձը եղավ, Հայաստանի Հանրապետության անկախության նախերգանքը, հետևաբար, սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայոց  պետականության վերածնունդը սկսվեց Արցախից:           

Սեպտեմբերի 2-ի պատմական նշանակությունը նաև նրանում է, որ առաջին քայլերից մեկն էր ԼՂՀ-ի օրինական կայացման ճանապարհին՝ նախքան Ադրբեջանի անկախության միջազգային ճանաչումը, այսինքն՝ երբ Ադրբեջանը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ, արդեն  ԼՂՀ-ն կայացել էր որպես անկախ ու ինքնիշխան պետություն:

Այս պատմական էքսկուրսի անհրաժեշտությունը պայմանավորված է ռազմաքաղաքական որոշ գործիչների այն մտահոգիչ հայտարարություններով և հասարակության մի մասի մոտ գեներացվող այն վտանգավոր մտայնությամբ, որ առաջնահերթություն է նախկին ԼՂԻՄ սահմանների վերականգնումը: Այդ անհեռատեսական ձևակերպումը, որը թելադրված է օտարի շահերից, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում Արցախի կարգավիճակի ու տարածքային ամբողջականության վերականգնման պայքարի համար: Ամբասիր օրինականությամբ ստեղծված և կայացած Արցախի Հանրապետությունը կա և լինելու է՝ վերականգնված տարածքային ամբողջականությամբ՝ ի հեճուկս Ադրբեջանի նախագահի, որին թվում է, թե հասել է մեր հանրապետությունը ոչնչացնելու իր վաղեմի ու ցնորամիտ նպատակին:

Քաղաքական փաստարկներում և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման պահանջը պետք է լինի մեր ռազմաքաղաքական ղեկավարության ու հասարակության առաջնահերթությունը: Դա կնշանակի, որ մենք ազգովի չենք հրաժարվել Արցախում անկախ պետականություն կերտելու մեր երեսունամյա ուղուց և լի ենք կորցրածը վերականգնելու վճռականությամբ:  

ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

պ.գ.թ., դոցենտ

Պատասխան թողնել